HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ջրօգտագործողների ընկերությունները պայմանագրերը թաքցնում են գրասենյակների դարակներում

Առատաշեն գյուղի բնակիչ Գարիկ Նազարյանն այս տարի 3 հեկտար ձմերուկ էր աճեցրել, որն ամռան սկզբին չորացել է անկանոն ջրամատարակարման հետեւանքով։ Խորքային հորից տրվող ջուրը, որը մատակարարվում է մեխանիկական եղանակով, մի քանի անգամ ընդհատվել է էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով: Ժամեր անց ջրամատակարարումը վերսկսել է եւ ստացվել է այնպես, որ նույն տեղը մի քանի անգամ է ոռոգել, որի հետեւանքով ձմերուկի թաղարները վնասվել են: Գարիկը 3 հա ձմերուկից մինչեւ 6 մլն դրամի եկամուտ ստանալու ակնկալիք է ունեցել, սակայն այն կորցրել է անկանոն ոռոգելու պատճառով:

Պատճառված վնասը ակտավորելու համար նա դիմել է Առատաշեն համայնքի ղեկավարին, Արմավիրի մարզպետարան, սակայն աջակցություն չի ստացել: Գարիկը ցանկանում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին, սակայն ոչ պայմանագիր ունի, ոչ էլ հայտի օրինակը: Ասում է, որ ջրի պահանջարկի տարեկան հայտը կազմվել է ՋՕԸ-ի հետ, սակայն օրինակն իրեն չեն տվել:

Առատաշեն գյուղը գտնվում է «Էջմիածին» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում: ՋՕԸ-ի տնօրեն Սուրեն Սեդրակյանի ասելով՝ բոլոր ջրօգտագործողների հետ 3 տարով պայմանագիր են կնքել, առանց պայմանագրի ջուր չեն տալիս: Մեր դիտարկմանը, որ հարցվողները պայմանագրեր չունեն, նա պատասխանեց. «Իրականությունն ասեմ՝ ինձ մոտ բոլորն ունեն պայմանագիր: Ես պայմանագիրը ստորագրում, կնքում եւ տալիս եմ ջրբաշխին, եթե պայմանագրի 100 օրինակ վերցնում է, 50 օրինակը բերում է ինձ, 50-ը՝ գյուղացիներին է հանձնում։ Չեմ կարող 100%-ով պնդել, որ օրինակը տալիս են կողմին, բայց գոնե 90%-ը տալիս են: Նույնը վերաբերում է հայտ-հավելվածին, որն ամեն տարի վերակնքվում է՝ ճշտվում է, թե ով որքան տարածք է մշակում, ինչ մշակաբույս ունի եւ որքան ջուր է անհրաժեշտ»,- ասաց տնօրենը։

Պրն Սեդրակյանն իր ասածն ավելի համոզիչ դարձնելու լրացուցիչ փաստարկ ներկայացրեց այն, որ ամեն տարի ջրի վարձը չվճարելու համար 70-80 հոգու դեմ դատական հայց են ներկայացնում, եւ հայցադիմումները չեն վերադարձվում: «Նշանակում է՝ նրանք օրինակներն ունեն»,- շեշտեց տնօրենը։

Մեր հարցին, թե գյուղացիները վնասներ կրո՞ւմ են ջրի ոչ բավարար քանակի, ոռոգման ժամանակացույցը խախտելու եւ այլ պատճառներով, պրն Սեդրակյանը մեկ դեպք նշեց․ «Էջմիածնում մեկի 3 հա սոխը չորացավ, բայց պատճառը չհասկացանք»։

«Էջմիածին» ՋՕԸ-ի տնօրենն ասում է, որ այս ամռանը գրեթե ամբողջովին ստորին Հրազդանի ջրանցքից են «կախված» եղել՝ Սեւանա լճի ջրից, եւ պատահել է, որ 3-5 օրով ջուր չի եղել։ «Ջրամատակարարման ժամանակացույցը կազմում ենք, բայց հնարավոր չէ այն չխախտել։ Ջուրը կարող է քիչ լինել, բայց կարեւոր է, որ այն հաստատուն լինի։ Նրանք իրենց հէկերն աշխատեցնելու համար ջուրը պակասեցնում են, օրինակ, եթե 1 խմ-ով ջուրը պակասում է, դա 12-24 ժամով փոփոխում է մեր ժամանակացույցը»,- հայտնեց պրն Սեդրակյանը։

Նրա ասելով՝ խորքային հորերի հետ կապված այդպիսի խնդիր չի լինում։ Մինչդեռ, Գարիկ Նազարյանը ոռոգումը կատարում է խորքային հորից մղվող ջրով, որը պարբերաբար ընդհատվել է էներգամատակարարումը դադարեցնելու պատճառով։ Այս դեպքի մասին ՋՕԸ-ի տնօրենը ոչինչ չհայտնեց։

Մեր կարծիքով՝ հենց նման դեպքերից իրենց ապահովագրելու համար ջրօգտագործողներին պայմանագրի եւ հավելվածների օրինակները չեն տրամադրվում։ Այս հարցը որպեսզի ի վերջո կարգավորվի, պետք է իրավունքը գործի՝ սպառողն ընդդեմ մատակարար ՋՕԸ-ի, վերջինս ընդդեմ էլեկտրացանցի կամ Ախուրյանի ջրառի, որը պահանջվածից քիչ ջուր է տրամադրում:

Մեր ուսումնասիրության տարածքում գտնվող Արմավիրի մարզի երկու գյուղերում՝ Առատաշենում, որի ջրամատակարարը «Էջմիածին» ՋՕԸ-ն է, եւ Եղեգնուտում, որի ջրամատակարարը «Արմավիր» ՋՕԸ-ն է, մեկական հոգի հայտնեցին, որ իրենք ունեն ՋՕԸ-ի հետ կնքված պայմանագրի օրինակը, սակայն դրանց կցված չէր տարեկան հայտի հավելվածը: Մյուսները նշում էին, որ պայմանագրի օրինակն իրենց չի տրվել, իրենք էլ չեն պահանջել:

«Արմավիր» ՋՕԸ-ում ասում են, որ գյուղացիները ոռոգման ջրի պայմանագրի նկատմամբ շատ անտարբեր են, որովհետեւ դա նրանց պարտավորեցնում է գումար վճարել: Պայմանագիրը կնքում են 3 տարով, վերջին շրջանում՝ 5 տարով։ Պայմանագրում գրված է, որ եթե կողմերից մեկը չի պահանջում, մյուս կողմը չի անդրադառնում պայմանագրի բովանդակությանը։ Այսինքն՝ դառնում է անորոշ ժամկետով կնքված պայմանագիր։

«Արմավիր» ՋՕԸ-ում պայմանագրին մեծ կարեւորություն չեն տալիս եւ ասում են, որ ՋՕԸ-ի աշխատանքային փաստաթուղթը հայտն է, որն ամեն տարի թարմացնում են ջրօգտագործողի հետ: Մինչդեռ, հայտը պայմանագրի հավելված է, որն առանց պայմանագրի իրավական ուժ չունի։

«Արմավիր» ՋՕԸ-ի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը ներկայացնում է հայտը լրացնելու ընթացակարգը. ջրօգտագործողները ջրբաշխի հետ տարեսկզբին լրացնում են հայտը՝ ճշտում են մշակաբույսի տեսակը, մշակվող հողի չափը, պահանջվող ջրի քանակը, որի հիման վրա պլանավորում են տարեկան ջրաքանակը։ Հավելվածի մեկ օրինակը, որում հաշվարկված է նաեւ վճարվելիք գումարը, տրվում է նրանց: Սակայն այն դեռեւս օրինական փաստաթուղթ չէ:

«Ջրօգտագործողը պետք է գա այստեղ՝ մեկ անգամ էլ նրա հետ ճշտվի տեղամասի պետի հետ լրացված հայտ-հավելվածը: Հավելվածի օրինակին իմ ստորագրությունը լինում է այն դեպքում, երբ մեր ձեւավորած հանձնաժողովը տարածքում քարտեզով ստուգում է՝  նրանք հողը մշակո՞ւմ են եւ որքա՞ն տարածք են մշակում: Ճշտված տվյալները մուտք է արվում համակարգիչ, որից հետո հավելվածի կնքված ու ստորագրված օրինակը տրվում է նրան»,- ասում է Հ. Պետրոսյանը:

ՋՕԸ-ի ղեկավարը դժվարացավ ասել, թե իր սպասարկման տարածքում ընդգրկված 38 համայնքներից քանի՞ բնակիչ է այցելել ՋՕԸ՝ հայտի իր տարբերակը ստանալու համար:

Եղեգնուտ գյուղում բնակիչներն ասում էին, որ հեկտարներով սմբուկ են աճեցրել, բայց օգոստոս ամսից բանջարանոց չեն գնում, որովհետեւ ջուր չկա, սմբուկն էլ, բնականաբար, չորացել է: Տարեսկզբին իրենք հայտ են լրացրել ՋՕԸ-ի հետ, որում հաշվարկվել է պահանջվող ջրաքանակը, բայց շատ քիչ ջուր են ստացել։

«Արմավիր» ՋՕԸ-ի փոխտնօրեն Արշավիր Հայրապետյանն ասում է, որ Արմավիրում հիմնականում Արաքս գետից են ինքնահոս ջուրը վերցնում՝ Ախուրյան-Արաքս ջրատարից, իսկ Սեւջուր գետից 6 գյուղ է օգտվում։ Եղեգնուտը Սեւջրի ակունքն է, բայց գետը լրիվ ցամաքել է, իսկ գյուղացիների ջրի հարցը չի լուծվել: «Մենք լուծումներ ենք փնտրում, չոռոգվող 3000 հա-ի հարցը փաստի առաջ է կանգնեցրել մեզ, այդ հարցը ոչ ոք չի լուծում: Մասնավոր անձանց լճերն անգամ՝ Արեւիկի, Զարթոնքի, որոնք հանգստի գոտի են, քանդել ենք ու միացրել կոլեկտորին, որպեսզի կարողանանք երկարաձգել ոռոգման ժամանակահատվածը»,- ասում է ոլորտի երկարամյա մասնագետ Ա․ Հայրապետյանը:

camaqac-jrancq.jpg (126 KB) water-records.jpg (53 KB)

Պրն Հայրապետյանը նշեց, որ դրենաժներում 20-30 տարի է ջուր չկա, 3500 հա-ից 1000 հա-ը ոռոգման ջուրը ստանում է Զարթոնքի պոմպակայանից: Նախկինում եղած մակերեսային հոսքերն այլեւս չկան: Արաքս գետի ազատ հոսքերը նախկինում անարգել տնօրինել են, բայց հիմա դրանք էլ չկան: «Մեր հույսը Արաքսն է, բայց Թուրքիան էլ ջրամբար է կառուցում եւ արդեն զգուշացված ենք, որ մեզ հասանելիք ջուրը նորից է կիսվելու: Այս անապատում մարդիկ ապրելու են, թե՞ ոչ, ոչ ոք չի մտածում այդ մասին»,- հարցնում է ՋՕԸ-ի փոխտնօրենը:

Վերջինս նշում է, որ

  • Ախուրյանի ջրամբարը վերջին 3 տարին չի լցվում, որի հետեւանքով ջրի դեֆիցիտ է առաջանում, հունիսից ջուրը սկսում է նվազել:
  • Ջրակորուստը մեծ է, որովհետեւ ոռոգումը բաց խողովակներով է կատարվում:
  • Ոռոգման ժամանակացույցը խախտվում է՝ հոսանքի հաճախակի անջատումների, ջրաքանակի նվազելու եւ այլ պատճառներով:

Եղեգնուտում ջրամատակարարումը բարելավելու ի՞նչ ճանապարհ եք տեսնում հարցին, Ա․ Հայրապետյանը պատասխանում է․ «Նշված 6 համայնքներում խորքային հորեր պետք է լինեն, որից 18-ը վերականգնվող են, իսկ 14-ը՝ նոր հորատվող հորեր են: Հասանք նրան, որ նոր խորքային հորեր բացեն, նախագիծը հաստատվեց, բայց գումար չկա, որ իրականացնեն: Գյուղացին պահանջում է Սեւջրի ջուրը, նա չի ցանկանում խորքային հորեր բացել»:

Պրն Հայրապետյանը նշում է, որ Եղեգնուտում նախկինում 1 մ-ից շատրվանելով ջուր էր դուրս գալիս, իսկ հիմա 5-6 մ-ից է դուրս գալիս: Այստեղ ավազահողեր են, ավելի շատ ջուր են օգտագործում, բայց նորմալ չի ոռոգվում:

Երկու ջրօգտագործող ըկերությունների ղեկավարներն էլ նշում են, որ.

  • ոռոգման համակարգի կորուստները, ինքնահոսի դեպքում, լիովին չեն կարողանում որոշել՝ 20-30 %-ն են որոշում։ Մեխանիկական ջրամատակարարման դեպքում կորուստը հեշտ է հաշվարկել, քանի որ ջուրը հաստատուն ջուր է, 10 % կորուստը հանում են եւ հեկտարի ծախսը հաշվարկում են։
  • Մեծ տարածքներում, եթե փոքր չափով եւ իրարից հեռու ընկած հողակտորներ են, դրանց ոռոգելու համար սահմանված չափից շատ ջուր են տալիս եւ շատ կորուստ են ունենում։
  • Բոլորը չէ, որ կարողանում են ճիշտ ոռոգել հողակտորները՝ նախատեսվածից շատ ջուր են օգտագործում եւ ավել են վճարում։

Ֆերմերները թվարկվածներին հավելում են եւս մեկը՝ համայնքներում գյուղատնտեսներ չկան, որ մարդկանց ուղղորդեն մշակության հարցում: Համայնքապետարանները ոչ նպատակային ծախսումներ են կատարում, իսկ նման կարեւոր հաստիքների մասին չեն հիշում։

Այս բոլոր չլուծված հարցերի՝ սակավաջրության, ջրակորուստները նվազեցնելու եւ այլնի հետեւանքներից խուսափելու համար ՋՕԸ-երը իրավական կարգավորումները շրջանցելու ելքեր են որոնում, որոնցից հիմնականն առայժմ պայմանագրերը գրասենյակների դարակներում թաքցնելն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter