HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքագետ. «Մամուլին ու հասարակությանն ավելի շատ հետաքրքրում են ընտրարշավի «բոցերը», քան ծրագրերը»

Հարցազրույց քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ

-Տիկին Սեդրակյան, եթե նախկին ընտրություններին գոնե որոշակի քաղաքական պայքար կար, այս անգամ, կարծես, զուտ լեզվակռիվ է, այդ թվում՝ վիրավորանքներ, սպառնալիքներ: Ինչի՞ մասին է սա խոսում:

-Նախկին ընտրություններին բառիս բուն իմաստով քաղաքական պայքար չկար, կար ընդդիմություն-իշխանություն հակամարտություն, և հասարակությունը միաժամանակ և միահամուռ ընդդիմության կողմն էր: Հանրությունը բաժանվել էր, այսպես ասած, գաղափարական ոչ կաշառակեր և ոչ գաղափարական կաշառակեր հանրության: Եվ ըստ այդմ պայքարն էր գնում ի բնե ազնիվ և ի բնե անազնիվ մարդկանց միջև:

Հիմա, երբ հեղափոխությունը հաղթանակել է, առավելագույնն սկսում են երևալ ոչ թե մարդկանց անհատական, այլ հասարակական որակները, պարզվում է հասարակության ընդհանուր համայնապատկերը: Եվ ի՞նչ է ստացվում արդյունքում: Եթե հետևենք սոցիալական ցանցերին և, ինչու չէ, մամուլին, ապա ստացվում է, որ թե՛ մամուլին, թե՛ հասարակության նույնիսկ կարկառուն ներկայացուցիչներին ավելի շատ հետաքրքրում են ընտրարշավի «բոցերը», քան ծրագրերը, ասենք, Մենուա Հարությունյանն իր տխրահռչակ Ռոսինանտով (չեմ էլ ուզում ասել Բուցեֆալով) ավելի շատ հանրային ուշադրություն է գրավում, քան որևէ կուսակցության ծրագիր, քան Արցախի հարցը, որը շատ մտահոգիչ է ինձ համար, քան այն, թե ինչով է հասարակությունն ապրելու ձմռանը, ինչպիսին է լինելու մեր բյուջեի ընդհանուր վիճակը: Հին Հռոմից որսացել են, սիրում են տեսարաններ, բայց դա դեռ բավարար չէ պետություն ունենալու համար: Տեսարանը պետք է համընթաց լինի, այսինքն՝ մինչ ոմանք տեսարան են սարքում և դիտում, մնացածները պետք է կառուցեն պետություն: Դա դեռ զգալի չէ:

Քարոզարշավի մյուս մտահոգիչ փաստն այն է, որ ընտրակաշառքը, փաստորեն, արգելված է, բայց իրականում արգելված չէ: Ընտրակաշառքի բազմաթիվ քողարկված ձևեր ունենք, որոնք ժամացույցի պես աշխատում են:

-Օրինա՞կ:

-Օրինակ՝ աշխատանքային տեղեր խոստանալը, ուսման վարձեր փակելը, պաշտոնի ընդունելը, ո՞րն ասեմ և ո՞րը թողնեմ:

-Ո՞ր ուժի կողմից է:

-ԲՀԿ-ն է, չեմ էլ վախենում անունը տալ, բայց բոլոր ուժերն են այս կամ այն չափով ներգրավված այդտեղ, մեղքը չի կարելի գցել միայն ԲՀԿ-ի վրա: Եթե ինչ-որ մեկին աշխատանքի ես ընդունում քվեարկության համար, դա չի նշանակում, որ ընտրակաշառք չես տալիս, դա քողարկված ընտրակաշառք է:

-Նախկին ընտրությունների համեմատ քարոզչական ի՞նչ գործիքներ կամ հնարքներ են կիրառվում:

-Նախորդ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի քարոզչական մեքենան շատ լավ աշխատում էր, ուրիշ բան էր, որ հասարակությունը շատ թերահավատ էր: Եվ հիմա ՀՀԿ-ն ապացուցում է, որ անզուգական է քարոզչության մեջ, ուրիշ բան է, որ հանրության հակազդեցությունն այնքան մեծ է, որ այդ քարոզչությունը դառնում է նույնիսկ ծիծաղի առարկա:

-Քարոզչության ընթացքում կայի՞ն հայտարարություններ, որոնք Ձեզ զայրացրեցին:

-Այո, հայտարարություններ կային: Ով ինչ ուզում է ասել, ինձ շատ դուր չեկավ Սասուն Միքայելյանի հայտարարությունն Արցախի մասին: Ցանկացած մարդ կարող էր ասել և այդպիսի ազդեցություն չէր կարող ունենալ ինձ վրա, բայց Սասուն Միքայելյանը՝ ազատամարտիկ, Արցախի հարցում թրծված, լավ համարում ունեցող, իրավունք չուներ այդ հարցն այդպես ձևակերպելու: Գուցե դա նկատի չուներ, բայց քաղաքական հայտարարությունը մեկնաբանություններով պետք է չլինի, այն կա՛մ լինում է, կա՛մ չի լինում:

-Տիկին Սեդրակյան, ո՞նց կբնորոշեք նախընտրական այս փուլը:

-Ռուսերեն է լավ հնչում. «Все это было бы смешно, если бы не было так грустно»: Ծիծաղելի է, միևնույն ժամանակ մտածում ես, որ անցնելու ենք խառը-խշտիկ փուլով, որ խորհրդարանն այդքան դերակատարում չի ունենա Հայաստանի ներկայիս անմիջական կերտման գործում, ավելի շատ վարչապետը պետք է աշխատի: Կարծում եմ՝ այդ ծանրությունն ընկավ նրա վրա:

-Կանխավարկած կամ կանխատեսում ունե՞ք, թե որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում:

-«Իմ քայլը» բնական է, որ կլինի, վստահ եմ՝ ԲՀԿ-ն երկրորդը կլինի, երրորդ տեղում չէի ուզենա տեսնել, բայց, այնուամենայնիվ, տեսնում եմ ՀՀԿ-ին, որովհետև նոր հակազդեցության ձայներն առանց քարոզչության թաքուն գնալու են ՀՀԿ-ին: Եթե «Իմ քայլի» համակիրները գնում են համաժողովների և այլն, ՀՀԿ-ի պոտենցիալ ընտրազանգվածը նստած է տանը, ոչ մի տեղ չի գնում, ոչ մի կերպ իրեն չի բացահայտում, բայց իրականում քվեարկելու է նրանց օգտին:

Եկեք չմոռանանք, որ ՀՀԿ-ի ձեռքին կան բազմաթիվ ֆինանսական լծակներ, և նոր իշխանություններից ոչ բոլորն են գոհ, շատ-շատերը կորցրել են կապերը (չեմ ուզում ասել փողերը) և հիմա ատամները սրած սպասում են: Դրա համար ՀՀԿ-ն լինելու է ընդդիմություն, բայց, իհարկե, ոչ քաղաքական նկատառումներով: Դա ուղղակի լինելու է իշխանությունների դեմ ընդդիմություն, բայց մեզ մոտ ընդդիմությունները միշտ այդպես են ձևավորվել, և, ցավոք, հիմա էլ դա չի փոխվում:

-Նոր ձևավորվելիք խորհրդարանից ի՞նչ սպասելիքներ պիտի ունենա հանրությունը:

-Ես վարչապետից սպասելիք ունեմ, սպասում եմ, որ քայլ-քայլ կլուծի հարցերը, ոչ թե ավտորիտար, այլ միանձնյա որոշումներով: Թող գոնե վերափոխի Ընտրական օրենսգիրը հաջորդ ընտրությունների համար, սահուն ընտրություն լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter