
Պատգամավորության թեկնածու. «Եթե բարձր թոշակ լինի, ես ինչի պիտի այս սիրուն երկիրը թողնեմ գնամ Ռուսաստան»
Երկրով մեկ տարածված քարոզչաթերթիկների մեջ բացակայում է պատգամավորության թեկնածու Սվետլանա Մելքոնյանին վերաբերող որևէ քարոզչական նյութ: Նա գեթ մեկ պաստառ չի տպել ու չի փակցրել: «Ինչի գովազդ անեմ ինձ, Էջմիածնում ամեն երկրորդ մարդն ինձ ճանաչում է: Բնակիչներն իմ աշակերտներն են: Բացի այդ, ինձ որտեղի՞ց գումար, որ բուկլետներ տպեմ: Ես թոշակառու եմ»,- ասում է թեկնածուն:
Սվետլանա Մելքոնյանը «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ մասում տեղ գտած ազգային փոքրամասնության միակ ներկայացուցիչն է, ազգությամբ ռուս է:
Հիշեցնենք, որ «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ կուսակցությունների կամ դաշինքների համապետական ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որում կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: 2011թ. մարդահամարի տվյալներով` Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունները եզդիներն են, ռուսները, ասորիներն ու քրդերը: Որպես ազգային փոքրամասնություն ռուսները Հայաստանում երկրորդ տեղում են՝ 11.911 մարդ: Առաջին տեղում եզդիներն են՝ 35.308 մարդ:
Սվետլանա Մելքոնյանն ասում է, որ Հայաստանում ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, այդ թվում՝ ռուսները, որևէ խտրական վերաբերմունքի չեն արժանանում, ապրում են հավասար պայմաններում, ինչ ազգությամբ հայերը: Սակայն որոշել է պատգամավոր ընտրվել սոցիալական հարցեր առաջ քաշելու համար:
«Հետք»-ի հետ զրույցում Սվետլանա Մելքոնյանը պատմեց, որ 40 տարի է՝ ապրում է Հայաստանում: Ամուսնանալուց հետո 30 տարուց ավելի զբաղվում է մանկավարժությամբ: Նա Էջմիածնի դպրոցներից մեկում ռուսաց լեզվի ուսուցչուհի է: Ասում է, որ 45 հազար դրամ թոշակ է ստանում և քիչ է համարում իր 30-ամյա աշխատանքային տարիների դիմաց:
«Այս հարցն անհանգստացնում է ոչ միայն ռուսներին, այլև բոլոր տեղացիներին, այդ թվում՝ հայերին: Եթե երեխա չունենամ, օգնող չունենամ, կոմունալ վճարումները կատարելուց հետո ես պիտի սոված մնամ: Տեսեք ինչքան միայնակ մարդիկ կան, ովքեր հարազատ չունեն: Ընդունենք հայերը ազգականներ, բարեկամներ ունեն, իրենց օգնում են, իսկ ինչ անեն ազգային փոքրամասնության այն ներկայացուցիչները, ովքեր այստեղ ոչ մի բարեկամ չունեն և ապրում են այդքան քիչ թոշակով»,- ասում է 64-ամյա Սվետլանա Մելքոնյանը:
Պատգամավորության թեկնածուն ասում է, որ իր ծնողները Ռուսաստանում ևս ուսուցիչներ են եղել: Իսկ ինքը խորհրդային կարգերի ժամանակ է սկսել աշխատել: Այդ ժամանակ մանկավարժների և թոշակառուների համար կային սոցիալական երաշխիքներ: Ձմռանը տրամադրվում էր վառելանյութ, էլեկտրաէներգիայի, գազի համար տրվում էին զեղչեր, ինչը շատ մեծ օգնություն էր: Այժմ նման երաշխիքներ չկան: Տարեցները դժվարությամբ են ապրում:
«Մեր խնդիրը սոցիալական է, քաղաքական խնդիրներ չունենք: Այս հարցերի պատճառով է, որ առաջադրվեցի որպես պատգամավորության թեկնածու: Ես գոնե լավ գիտեմ, թե ինչ ցավոտ խնդիրներ ունեն ուսուցիչները ու կապ չունի, թե ինչ ազգի ներկայացուցիչ են նրանք: Իհարկե, եզակի խնդիրներ առաջանում են, բայց դա կապ չունի ազգային պատկանելիության հետ»,- ասում է պատգամավորության ազգությամբ ռուս թեկնածուն:
Նրա խոսքերով՝ «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակով է գնում ընտրության, քանի որ հավանել է կուսակցության ծրագիրը: Առանձնացնում է գյուղատնտեսությանը վերաբերող մասը, մասնավորապես՝ ոռոգման ջրերի հարցը: Նշում է, որ իր ամուսնու ազգականներն ապրում են գյուղերում և դժվարություններ ունեն ոռոգման ջրի հարցում: Նրանց երեխաներն արդեն հեռացել են երկրից, քանի որ վարկային բեռի տակ են և դժվարանում են պարտավորությունները կատարել: Հող մշակել չի լինում, իսկ աշխատանք դժվար է գտնել: Սվետլանա Մելքոնյանը ցավով արձանագրում է, որ այսօր մարդիկ ընտրություն են կատարում ոչ քաղաքական ուժերի ծրագրերի հիման վրա: Խոստովանում է, որ տարիներ առաջ իր նախընտրած կուսակցությունը սխալվել է, սակայն զղջացել է, և վստահ է, որ նույն սխալն այլևս չի կրկնվի:
«Եթե երկրում սոցիալական հարցերը կարգավորվեն ոչ մի երիտասարդ երկրից չի գնա: Իսկ ինչ է կատարվում հիմա, յուրաքանչյուր երկրորդ երիտասարդը գնում է Ռուսաստան: Տվեք նորմալ աշխատանք, աշխատավարձ, և նրանք չեն գնա: Իմ երեխաները նույնպես Ռուսաստանում են: Հարսս գնաց և հետ եկավ թոռներիս հետ: Եթե բարձր թոշակ լինի, ես ինչի պիտի այս սիրուն երկիրը թողնեմ, գնամ Ռուսաստան: Ճիշտ է, Ռուսաստանն իմ հայրենիքն է, բայց իմ կյանքի կեսը Հայաստանում եմ անցկացրել, սա դարձել է իմ հայրենիքը»,- ասում է Սվետլանա Մելքոնյանը:
Նա պատմեց, որ Հայաստանը հարուստ երկիր է: Ինքը չի գնում Ռուսաստան, քանի որ արդեն չի կարողանում Հայաստանից դուրս ապրել: Այնտեղ ունի քույր, եղբայր, ազգականներ, սակայն Ռուսաստանում միայն հյուրի կարգավիճակով է իրեն պատկերացնում: Սվետլանա Մելքոնյանը նշում է, որ Ռուսաստանում ևս հեշտ չէ աշխատանք գտնելը, սակայն չի հասկանում, թե ինչու են մարդիկ գնում: Օրինակ, մարզերում ռուսներն ավելի բարձր են վարձատրվում, քան ոչ քաղաքացիները: Իր ընտանիքի օրինակով ներկայացրեց, որ որդին աշխատել է ճանապարհաշինական ծրագրերում, խաբել, աշխատավարձը չեն տվել, և եղել են դեպքեր, որ դատարկ է վերադարձել տուն: Բայց միևնույն է, ձգտում է գնալ:
Սվետլանա Մելքոնյանն ասում է, որ Հայաստանը ներուժ ունեցող երկիր է, պարզապես լավ ղեկավարներ են պետք երկիրը ոտքի կանգնեցնելու համար: Շեշտում է հատկապես մարդկային ռեսուրսը, որ այստեղ ջերմ են, հյուրընկալ: Բնությունը ևս հօգուտ մեզ է, սակայն դրանից չենք օգտվում: Ասում է, որ բոլոր նախադրյալները կան տուրիզմը զարգացնելու համար, իր ռուս ազգականները ևս հավանել են երկիրը: Այստեղի բանջարեղենի, մրգերի համը ոչ մի երկրում չկա: Սակայն դարձյալ ամբողջությամբ չենք օգտվում բնության պարգևից:
Հարցի լուծումը պատկերացնում է միայն տնտեսության զարգացման մեջ: Օրինակը, նշում է, որ ժամանակին Էջմիածնի մի քանի գործարաններ են աշխատել: Այսօր գրեթե աշխատող գործարան չկա: Եթե այդ ամենը նորից գործարկվի, աշխուժություն կառաջանա և քաղաքներում, և երկրում:
«Էջմիածնում երիտասարդների կեսը վարձով է ապրում: Առաջվա նման չի, որ վատ ապրեն, բայց սկեսուր-սկեսրայրի հետ ապրեն: Հիմա ձգտում են առանձնանալ, բայց տուն չունեն, մարզերում ծրագրեր չկան: Մի նայեք, որ ես ռուս եմ, ճիշտ եմ ասում, սրտացավ եմ ասում»,- հավելում է պատգամավորության թեկնածուն:
Մեկնաբանել