HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Մուկուչյանը պարտավոր է ներողություն խնդրել թեկնածուներից և «Հետք»-ից՝ խեղաթյուրված տեղեկություն տարածելու համար

Երեկ հրապարակել էինք ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները գլխավորող թեկնածուների հայտարարագրերը։ Նշել էինք, որ թեկնածուներից Լուսինե Հարոյանը, Լևոն Շիրինյանը, Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Սահակյանը չեն ներկայացրել հայտարարագրեր։ Հրապարակման հիմք էր հանդիսացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տրամադրած տեղեկատվությունը` լազերային կրիչի վրա։

Տեղեկատվությունը ստանալուց հետո «Հետք»-ը ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանին հայտնել էր, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հայտարարագիրը բացակայում է, ինչին վերջինս պատասխանել էր, որ եթե բացակայում է, ուրեմն չի ներկայացվել ԿԸՀ, քանի որ իրենց ձեռքի տակ եղած բոլոր հայտարարագրերը նույնությամբ փոխանցել են մեզ։ Բացակայում էին եւս երեք թեկնածուների հայտարարագրերը: Հիմք ընդունելով ընտրությունների հետ կապված փաստաթղթավորումը վարող պետական մարմնի մամուլի պատասխանատուի ասածը՝ «Հետք»-ը գրել էր, որ վերոնշյալ 4 թեկնածուները հայտարարագիր չեն ներկայացրել։

Նյութի հրապարակումից հետո վերը նշված թեկնածուներն ու նրանց աջակիցները հայտարարեցին, որ իրենք, օրենքով սահմանված ժամկետներում, հայտարարագրերը ներկայացրել են ԿԸՀ։ Կեսգիշերն անց ԿԸՀ-ից զանգահարեցին և ասացին, որ թյուրիմացություն է եղել, և շուտով պարզաբանում կտարածեն։ Մամուլի խոսնակը տարածեց հաղորդագրություն, որ նշված 4 թեկնածուները սահմանված ժամկետներում ներկայացրել են հայտարարագրերը: «Հետագա ցանկացած թյուրիմացությունից խուսափելու նպատակով, չնայած օրենսդրական պահանջի բացակայությանը, կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը զետեղվել են ԿԸՀ կայքում»,- նշված էր պարզաբանման մեջ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ այսօր իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր հրապարակմանը՝ գրելով․ «Երեկ մամուլում հրապարակումներ տեսա, թե իբր ես ԿԸՀ հայտարարագիր չեմ ներկայացրել։ Իհարկե, նման պնդումը իրականության հետ որեւէ կապ չունի։ Օրենքով սահմանված կարգով՝ թղթային կրիչի վրա հայտարարագիրը ներկայացվել է սահմանված ժամկետում։ Իսկ եթե լրատվամիջոցի ստացած թվային տեղեկատվությունը իրենց համակարգչի վրա չի բացվել, դա կներեք, իմ մեղքը չէ»։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել՝ մեղադրելով լրատվամիջոցին և կասկածի տակ չդնելով ԿԸՀ-ի անփութությունը։ Փաշինյանը դժգոհություն արտահայտող միակ թեկնածուն չէր։ «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համարի թեկնածու Լուսինե Հարոյանը կրկին ֆեյսբուքում սպառնացել էր դատի տալ խմբագրությանը՝ անվանելով հրապարակումը «սուտ» և «հերյուրանք»։ Լուսինե Հարոյանին առաջարկել էինք այսօր կեսօրին միասին գնալ ԿԸՀ, որտեղ ցույց կտայինք, որ լազերային կրիչում իր հայտարարագիրը չկա։ Վերջինս երեկվա դրությամբ համաձայնել էր, բայց այսօր պայմանավորված ժամին չզանգեց, ավելի ուշ գրեց հետևյալը․ «ԿԸՀ-ից ասացին, որ կտրամադրեն նոր, ճիշտ տեղեկատվություն, և մենք մեր կողմից նույնպես, մեր մամլո խոսնակը կտրամադրի հայտարարագրի սքրին շոթը՝ ամսաթվով, որտեղ կերևա նաև թե երբ է տրամադրվել»։

«Հետք»-ի երեկվա հոդվածի հեղինակներն այսօր այցելեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պարզելու, թե ինչու է լրատվամիջոցներին տրամադրվել խեղաթյուրված տեղեկատվություն։ Մեզ հետ տարել էինք նաև իրենց տրամադրած կրիչը։ ԿԸՀ աշխատակիցները ևս համոզվեցին, որ վերոնշյալ 4 թեկնածուների հայտարարագրերը բացակայում են կրիչից։ Նրանք, սակայն, իսպառ բացառեցին իրենց սխալվելու հավանականությունը, սակայն ենթադրեցին, որ մեր խմբագրության համակարգչում առկա է վիրուս, որն էլ փոխել է Լուսինե Բադալյանի հայտարարագրի ֆայլը՝ այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի անունով, ինչպես նաև փոխել է Սուրեն Սահակյանի անունը՝ դարձնելով Սարգիս Առակյան։ Պարզվում է, որ ըստ ԿԸՀ-ի՝ վիրուսը կարողացել է նաև ջնջել Լուսինե Հարոյանի հայտարարագիրը լազերային կրիչից, որը read-only ֆորմատով է. դրանից հնարավոր չէ ոչինչ ջնջել կամ փոխել։

ԿԸՀ մեր այցելության մանրամասները՝ տեսանյութում։

Խեղաթյուրված ինֆորմացիայով կրիչներ ԿԸՀ-ն տրամադրել էր ոչ միայն «Հետք»-ին, այլ նաև «Սիվիլնեթ»-ի լրագրող Գևորգ Թոսունյանին։ Նա նույնպես հաստատեց, որ ստացել է բացառապես նույն կրիչից, որտեղ առկա են նույն սխալները։ ԿԸՀ-ի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզը, որ այս խեղաթյուրված տեղեկատվության «մեղավորը» մեր խմբագրության համակարգիչներն են, «իրականության հետ որևէ կապ չունի», քանի որ երկու տարբեր, միմյանցից անկախ լրատվամիջոցներում չէր կարող համակարգչային նույն «վիրուսը» նույն գործողությունները կատարել։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պարտավոր է ներողություն խնդրել թեկնածուներից և «Հետք»-ից՝ խեղաթյուրված տեղեկատվություն տարածելու համար։ Անկախ այն հանգամանքից, որ բացթողումը «Հետք»-ինը չէ, խմբագրությունը ներողություն է խնդրում ընթերցողներից և թեկնածուներից՝ ոչ ճիշտ տեղեկություն հրապարակելու համար։ Առաջիկայում կհրապարակենք նաև մնացած 4 թեկնածուների (Լուսինե Հարոյան, Լևոն Շիրինյան, Նիկոլ Փաշինյան և Սուրեն Սահակյան) հայտարարագրերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter