HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հաշվետու և ոչ հաշվետու թեկնածուները․ ի՞նչ ունեցվածք ունեն նրանք

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագրեր: Սակայն, պարզվում է, որ քաղաքական ուժերի առաջնորդներից ոմանք չեն ներկայացրել հայտարարագրեր: Հայտարարագիր չի ներկայացրել «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: ԿԸՀ-ն հայտարարագրերը տրամադրել է լազերային կրիչով: Նիկոլ Փաշինյանի անվամբ  ֆայլ կա, սակայն բացելուց հետո պարզվում է, որ այլ թեկնածուի հայտարարագիր է: Նույնը նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակի առաջնորդ Սուրեն Սահակյանի դեպքում է:

Հայտարարագրեր չեն ներկայացրել նաև «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Լուսինե Հարոյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացրին, որ տրամադրել են այն, ինչ փոխանցել են թեկնածուները. նրանց վրա ազդելու լծակներ չկան:

Ստորև ներկայացնում ենք մյուս քաղաքական ուժերի առաջնորդների ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերից տեղեկություններ:

declarations_candidates_final.png (767 KB)

Ինֆոգրաֆիկան՝ Անի Հովհաննիսյանի

Մեթոդաբանություն․ պատկերում դասավորել ենք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդներին՝ ըստ ունեցվածքի մեծության։ Նշված  հերթականությունն է ստացվում նրանց թե ֆինանսական միջոցները և թե գույքը հաշվարկելիս։ Պատկերում, սակայն, ներկայացրել ենք միայն ֆինանսական միջոցները։ Արտարժույթով լրացված գումարը վերածվել է ՀՀ դրամի՝ 30․11․2018-ի փոխարժեքով և գումարվել։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Նա վերը նշված թեկնածուներից ամենահարուստն է:

Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի, Գագիկ Ծառուկյանն ունի 13 միավոր ավտոմեքենա, որոնցից ամենահինը 2002թ. արտադրության BMW X5 4.4 մակնիշի ավտոմեքենան է: 13 ավտոմեքենաներն էլ թեկնածուին պատկանում են համատեղ սեփականության իրավունքով:

Համատեղ սեփականության իրավունքով ունի նաև 5 շենք-շինություն, 6 միավոր հողամաս, 2 հողամաս էլ տնօրինում է վարձակալական հիմունքներով:

Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է նաև 22 միավոր թանկարժեք գույք, որոնց արժեքը գերազանցում է 8 մլն դրամը: Մասնավորապես, ունի 8 միավոր ննջասենյակի կահույք, ընդհանուր 641 հազար 130 եվրո արժեքով, 2 ճաշասենյակի կահույք՝ 170 հազար 620 եվրո, այլ կահույք 118 հազար 485 եվրո: Միայն մետաքսե վարագույրների արժեքը 251 հազար 799 եվրո է:

Նշված 22 միավոր թանկարժեք գույքից ու իրերից 10-ը ոսկյա զարդեր են, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 6 մլն 660  հազար դոլար: Օրինակ, միայն ադամանդե քարերով տղամարդու մատանու արժեքը կազմում է 3 մլն դոլար, նմանատիպ մեկ այլ մատանունը՝ 1 մլն դոլար, ոսկե շղթայով և ադամանդե քարերով ձեռքի ժամացույցի արժեքը 500 հազար դոլար է և այլն:

Եթե Կենտրոնական բանկի սահմանած այսօրվա փոխարժեքով հաշվենք միայն Գագիկ Ծառուկյանի թանկարժեք գույքի արժեքը, ապա այն կկազմի 3 մլրդ 883 մլն 831 հազար դրամ:

Նշենք, որ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքի բյուջեն կազմում է մոտ 15 մլն դրամ՝ 259 անգամ պակաս պատգամավորության թեկնածուի թանկարժեք իրերի ընդհանուր արժեքից: Բագարանում մարդիկ խմելու ջուր չունեն: Տեղացիները լողանում, ամանները լվանում և լվացք են անում առվի ջրով: Համայնքը նաև գազիֆիկացված չէ: Իսկ դպրոցի աշակերտները երազում են վերանորոգված դպրոց ունենալու մասին:

Գագիկ Ծառուկյանը 45 ընկերություններում ունի բաժնեմասեր՝ 20-100 տոկոսի չափով:

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա, ըստ հայտարարագրի կազմում է մոտ 4 մլրդ 208 մլն դրամ, 333 դոլար և 1 մլն 800 հազար 166 եվրո: Իսկ դրամական միջոցները կազմում են 678 մլն 509 հազար դրամ, 161 մլն 321 հազար դոլար և 29 մլն 73 հազար եվրո:

Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Նա հայտարարագրել է 4 միավոր անշարժ գույք՝ 2 բնակարան Երևանի Հյուսիսային պողոտայում և Աբովյան փողոցում, ինչպես նաև 2 ավտոտնակ նշված հասցեներում: Վիգեն Սարգսյանն ունի 2017թ. արտադրության Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա:

Որպես եկամուտ Վիգեն Սարգսյանը հայտարարագրել է մոտ 9 մլն 425 հազար դրամ և 85.000 դոլար: Դոլարային եկամուտը նվիրատվություն է ստացել մի քաղաքացուց: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Վիգեն Սարգսյանը հայտարարագրել է մոտ 6 մլն դրամ, 45,000 դոլար և 6123 եվրո:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը պատգամավոր Արմեն Ռուստամյանն է: Ըստ հայտարարագրի՝ ունի մեկ բնակարան Երևան քաղաքում, շարժական գույք չունի:

Եկամուտները կազմում են 9 մլն 908 հազար դրամ, որից 6 մլն 796 հազար դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, մնացածը՝ տարբեր բանկերին տված փոխառությունների դիմաց ստացված տոկոսները:

Արմեն Ռուստամյանը հայտարարագրել է նաև դրամական միջոցներ՝ 35 մլն դրամ, 16,000 դոլար և 10,000 եվրո:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գլխավորում է կուսակցության ընտրական ցուցակը: Թեկնածուի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ ունի մեկ բնակարան Վանաձոր քաղաքում, 2012թ. արտադրության Toyota Camry մակնիշի ավտոմեքենա:

Էդմոն Մարուքյանի եկամուտները գոյացել են բացառապես Ազգային ժողովից ստացած աշխատավարձից և գործուղման, բնակվարձի հատուցման և պատգամավորական գործունեության հետ կապված վճարներից, ընդհանուրը՝ 11 մլն 155 հազար դրամ: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա թեկնածուն ունի 2 մլն 509 հազար դրամ, 1331 դոլար և 440 եվրո:

«Մենք» դաշինքի ցուցակի առաջին համարը ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանն է: Որպես անշարժ գույք նա հայտարարագրել է Արարատ գյուղում համասեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տուն և տնամերձ հողամաս: Քաղաքական ուժի առաջնորդը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ 1994թ. արտադրության Mercedes Benz G350 և 2017թ. արտադրության Hyundai Tuscani 2.0:

Արամ Սարգսյանի եկամուտները կազմում են 113 մլն 520 հազար դրամ, որից 108 մլն դրամը «Գալիք» ՍՊԸ-ից ստացած շահաբաժինն է, իսկ մնացածը՝ պատգամավորական աշխատավարձը: Թեկնածուն հայտարարագրել է նաև դրամական միջոցներ՝ 30 մլն դրամ, 30 հազար դոլար և 10 հազար եվրո:

Հայտարարագրից պարզվում է, որ Արամ Սարգսյանն ունի նաև 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք իրեր: Մասնավորապես՝ ժամացույց CARTIER, որի արժեքը տատանվում է 25-35 հազար դոլարի միջակայքում, գրիչների հավաքածու՝ 100-150 հազար դոլար, ինչպես նաև 16-րդ դարի ասեղնագործված սրբապատկեր, որի վերաբերյալ պատգամավորության թեկնածուն կատարել է «անգին» նշագրումը:

Արամ Սարգսյանն ընկերություններում նաև բաժնետեր է: «Գալիք» ՍՊԸ-ում ունի 50 % բաժնետոմս, «Հատուկ ցեմենտ»-ում՝ 45 %:

«Օրինաց Երկիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նա հայտարարագրել է մեկ բնակարան և մեկ ավտոտնակ Երևան քաղաքում և ուրիշ ոչ մի շարժական ու անշարժ գույք:

Թեկնածուն ունեցել է 10 մլն դրամ եկամուտ, որը ստացել է Եվրոպական և Ֆրանսիական համալսարաններից՝ որպես փոխհատուցում: Դրամական միջոցներ ևս հայտարարագրել է՝ 30 մլն դրամ և 50 հազար դոլար:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը Վարուժան Ավետիսյանն է: Նա մեկ բնակարան ունի Երևան քաղաքում, ինչպես նաև 2 միավոր հողատարածք Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Համատեղ սեփականության իրավունքով թեկնածուին է պատկանում 2004թ. արտադրության Nissan Teana մակնիշի ավտոմեքենա:

Վարուժան Ավետիսյանը դրամական միջոց և եկամուտ չի հայտարարագրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter