
Քարոզարշավի խոչընդոտում, քաղաքական սատիրա, ոզնիանման խոտ. քարոզարշավի իններորդ օրը
«Հետք»-ն ամփոփել է նախընտրական քարոզարշավի իններորդ օրը:
Խոչընդոտվել է ՔՈ-ի քարոզարշավը
«Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն և տեսանյութ է տեղադրել՝ հայտնելով, որ Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի հարակից տարածքում խոչընդոտվել է կուսակցության քարոզարշավը, որն իրականացնում էին կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային թեկնածուներ Մարիամ Չախոյանը և Ռոբերտ Դավթյանը։
«Անհայտ անձինք հորդորել են հեռանալ տարածքից, խփել հեռախոսին նկարելու ընթացքում, խլել այն։ Տարածքում եղել է նաև ոստիկան, որը չի միջամտել»,- ասվում է հայտարարությունում:
Նշենք նաև, որ «Քաղաքացու որոշում» կուսակցության համապետական ցուցակի 9-րդ համար Գրիգոր Պետրոսյանն այսօր հյուրընկալվել էր «Հետք»-ում: Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ:
«Հողագործությունը աշխատանքային ստաժ համարել»
«Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ այսօր քարոզարշավ է իրականացրել Տավուշի մարզում: ՕԵԿ նախագահը նշել է, որ ապրիլյան հեղափոխությունը լավ հնարավորություն է տվել ազատվել 20 տարվա պրոբլեմներից և պետությունը զարգացման և առաջընթացի ճանապարհով տանել:
Արթուր Բաղդասարյանը ընգծել է, որ սահմանամերձ շրջանները պետության կողմից պետք է հատուկ հոգածության արժանանան, ինչն էլ պետք է դրսևորվի պետական սուբսիդիաների հատկացմամբ:
ՕԵԿ համապետական ցուցակի առաջին համարը հայտարարել է նաև, որ հողի հետ աշխատող մարդկանց աշխատանքը նույնպես պետք է աշխատանքային ստաժ համարել, և եթե պետությունը այդ մարդկանց չի կարողանում աշխատանքով ապահովել, ապա պետք է հողագործությունը ստաժ համարի և նրանց արժանապատիվ ծերություն ապահովի:
Քարոզարշավ ազգային երգուպարով
Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածուները այսօր ազգային երաժշտության, երգուպարի ներքո քարոզարշավ են իրականացրել մայրաքաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում: Նրանք ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրը, զրուցել քաղաքացիների հետ և բաժանել թռուցիկներ:
ՀՅԴ-ն այսօր ներկայացրել է նաև նախընտրական հերթական հոլովակը՝ ընդգծելով, որ Դաշնակցության սկզբունքներն անփոփոխ են՝ հավատարիմ ազգային արժեքներին և հայոց հողին:
«Երիտասարդ Հայաստան՝ երիտասարդ կուսակցություններով»
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը (ՔԺՎԿ) Լևոն Շիրինյանի գլխավորությամբ այսօր քարոզարշավ է իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Շիրինյանը հայտարարել է, որ իրենց կուսակցությունը առաջարկում է արդյունաբերությամբ և գիտությամբ վերականգնված Հայաստան: Ըստ նրա՝ խորհրդարանում պետք է լինեն քաղաքագետներ, իրավաբաններ, քրիստոնեական արժեհամակարգով մարդիկ, այլ ոչ թե «բլեֆչիներ և գույնը փոխած քաղաքագետ դարձածներ»:
Խոսելով կրթական համակարգի մասին՝ Լևոն Շիրինյանը նշել է, որ իր համար անհասկանալի է դպրոցական կրթության 12-ամյա լինելը: Ըստ ՔԺՎԿ նախագահի՝ դրա պատճառը այն է, որ պետությունը այդ հարցում հստակ տեսլական չունի: Շիրինյանն ասում է՝ եթե ժողովուրդն ուզում է երիտասարդ Հայաստան, ապա պետք է ընտրի երիտասարդ կուսակցություններին: «Խռռացող կուսակցությունների բարիքները տեսել և վայելել ենք, այդպես նոր Հայաստան չենք ունենա»,- ասել է նա:
«Բանկային համակարգը՝ լոմբարդային համակարգ»
Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր եղել է Գեղարքունիքի մարզում: Ինչպես իր նախորդ ելույթներում, ԲՀԿ առաջնորդը այսօր կրկին խոսել է բնակարանաշինության մասին՝ շեշտելով, որ մարդ պետք է կարողանա «ամսական 65 հազար դրամ վճարելով՝ բնակարանի տեր դառնա»:
Ժողովրդի համար կարևորագույն խնդիրը Ծառուկյանը համարում է բանկային համակարգը, ժողովրդի մեծաթիվ վարկերը: Ըստ նրա՝ պետք է առողջացման ծրագիր ներկայացնել մարդկանց: Ծառուկյանն ասում է, որ Հայաստանի բանկային համակարգը լոմբարդային համակարգ է:
«Պետք է հնարավորություն տալ մարդկանց իրենց մեջքը ուղղելու»,- ասել է ԲՀԿ նախագահը:
«Պետք է վերականգնել ռազմական բալանսը»
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ԼՀԿ) այսօր քարոզարշավ է իրականացրել Կոտայքի մարզի Եղվարդ և Նոր Հաճն քաղաքներում: Կուսակցության առաջնորդ և համապետական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը Նոր Հաճնում հայտարարել է, որ զինված ուժերում պետք է ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը, որոնք պետք է հատուկ պատրաստություն անցնեն, արդյունքում, ըստ Մարուքյանի, Հայաստանը կունենա պրոֆեսիոնալ բանակ, և 18 տարեկան երիտասարդները ստիպված չեն լինի առաջնագծում ծառայել:
Խոսելով Արցախյան հարցի մասին՝ ԼՀԿ նախագահն ասել է, որ առաջին հերթին պետք է վերականգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը, հետո նոր խոսել փոխզիջումների մասին: Ըստ Մարուքյանի՝ եթե ռազմական բալանսը չվերականգնվի, ապա այն կհանգեցնի միակողմանի զիջումների, ինչին «Լուսավոր Հայաստան»-ը դեմ է:
«Թիթեռն ու ոզնիանման խոտը»
«Մենք» դաշինքը, համապետական ցուցակի առաջին դեմքերի գլխավորությամբ, այսօր շրջել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում: Դաշինքի համապետական ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը գործազրկությունն է, երկրորդը՝ անվտանգությունը, իսկ երրորդը՝ առողջապահությունը:
Գործազրկության մասին խոսելիս Արամ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը պետք է հենվի իր բնական և մարդկային ռեսուրսների վրա՝ այդ կերպ իրական աշխատատեղեր ստեղծելով և բյուջեի մուտքերն ավելացնելով: Բնական պաշարների օգտագործման վերաբերյալ պատգամավորի թեկնածուն ասաց, որ բնապաhպանների զգուշացումները չափազանցված են, և չկա մի երկիր, որն իր պաշարները չօգտագործի:
«Ադրբեջանը, որ նավթ է արտահանում, այդտեղ էլ վտանգ կա ջրային ռեսուրսները աղտոտելու, բայց ինքը էդ նավթը հանում է, Բելառուսից «Պոլոնեզ» (զինատեսակ, հեղ.) է գնում, իսկ մենք այստեղ թիթեռ ենք պահում ու ոզնիանման խոտ (նկատի ունի Ամուլսարի թեման, հեղ.)»,- նշել է Սարգսյանը:
Բանակի մասով՝ Արամ Սարգսյանն ասաց, որ «Մենք» դաշինքը առաջարկելու է լրացուցիչ 20 հազար պայմանագրային զինծառայող ներգրավվել, իսկ ռազմական բյուջեն ավելացնել հավելյալ 240 միլիոն դոլարով, որպեսզի այդ զինծառայողներն ամսական մոտ 1000 դոլար աշխատավարձ ստանան: Այդ կերպ, ըստ Արամ Սարգսյանի, պարտադիր ժամկետային զինծառայողները այլևս առաջնագծում չեն ծառայի:
«Մեզ ԱԱԾ-ով չվախեցնե՛ք»
Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) նախընտրական քարոզարշավի շրջանակներում հաղորդում է պատրաստել, որի առաջին թողարկումը եղել է երեկ երեկոյան: «Մեզ ԱԱԾ-ով չվախեցնե՛ք» խորագրով հաղորդումը վարել է ՀՀԿ համապետական ցուցակի հինգերորդ համար Արմեն Աշոտյանը և սուր քննադատության է ենթարկել վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:
ՀՀԿ ցուցակի վեցերորդ համար, Լոռու մարզում առաջադրված տարածքային թեկնածու Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է Թումանյանի բնակիչներին: Ֆեյսբուքյան իր էջում տեղադրած տեսանյութը ՀՀԿ-ական թեկնածուն մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ասում են՝ գնացեք, մտեք ժողովրդի մեջ: Տղերք, էկել եմ, ժողովրդի մեջ եմ, տեսեք՝ ոնց են ընդունում: Ամոթ է, վերջացրեք էդ ատելության, մարդկանց իրար դեմ հանելու, հայրենակցին թաղելու տոտալ քարոզը: Շփվեք պարզ, հասարակ մարդկանց հետ, տեսեք՝ ինչ են մտածում, ինչու են էսքան մտահոգ»:
«Թույլ չենք տալու զիջումների գնալ՝ սակարկելով հայ ժողովրդի տարածքները»
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր քարոզարշավը սկսել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից, ապա ուղևորվել Տավուշի մարզ: Ծովագյուղում կուսակցության համապետական ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը նշել է, որ իրենք խորհրդարան են գնում երկու տարվա ծրագիր ներդնելու համար՝ մինչև հաջորդ արտահերթ ընտրություններ, և կոնկրետ խնդիրների լուծման համար նրանք առաջարկում են վերականգնել արհմիությունները: Ավետիսյանն ասել է, որ իրենք առաջարկում են նաև վարչական-տնտեսական գոտի ստեղծել փորձառու զինյալների ներգրավմամբ՝ այդ գոտիների պաշտպանությունը կազմակերպելու համար:
«Սասնա ծռեր»-ի ցուցակի երկրորդ համար Ստեփան Գրիգորյանն էլ հայտարարել է, որ իրենք խորհրդարան են գնում երիտասարդ և անփորձ կառավարությանն օժանդակելու նպատակով: Գրիգորյանն ընդգծել է, որ իրենք հարգում են Նիկոլ Փաշինյանին, սակայն որոշ հարցերում համաձայն չեն նրա հետ:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, խոսելով Արցախի թեմայից, ընդգծել է, որ այդ հարցում իրենք որևէ մեկին թույլ չեն տալու զիջումների գնալ՝ «սակարկելով հայ ժողովրդի տարածքները»:
«Քաղաքական սատիրա»
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը (ԱԱԿ) այսօր իր ֆեյսբուքյան էջում հումորային 4 հոլովակ է ներկայացրել՝ կոչ անելով դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում չընտրել ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին և «Լուսավոր Հայաստան»-ին:
Հոլովակների սկզբում ԱԱԿ ներկայացուցիչը քաղաքական սատիրայի ոճով խոսում է նշված կուսակցություններից, ապա հայտնվում է ԱԱԿ մեկ այլ ներկայացուցիչ, և խոսում իրենց կուսակցության նախընտրական դրույթներից:
«Չինովնիկը իր լափածը, գողացածը չի մարսելու»
«Իմ քայլը» դաշինքը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր եղել է Արագածոտնի և Արմավիրի մարզերում: Այսպիսով, «Իմ քայլը» դաշինքը արդեն իսկ եղել է հանրապետության բոլոր 10 մարզերում:
Փաշինյանը, այսօր խոսելով դատական համակարգի մասին, ասել է հետևյալը. «Ազգային ժողովը քաղաքական բարձրագույն մարմին է, և կառավարությունը ունի բոլոր լծակները դատական համակարգում ի վերջո հեղափոխություն անելու, որովհետև Հայաստանի դատական համակարգում մեծ թիվ են կազմում կոռումպացված, թալանչի դատավորները: Եվ այդ դատավորներին հատ-հատ բերելու ենք պատասխանատվության… որևէ մեկը՝ Հայաստանի Հանրապետությունում ներկա, նախկին, թե ապագա չինովնիկ, իր լափածը, գողացածը չի մարսելու»:
Էջմիածնում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զգում է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր բոլորովին այլ տրամադրություն ունի, սակայն դա չի նշանակում, որ կառավարման 7 ամիսների ընթացքում բոլոր խնդիրները լուծվել են կամ հաջորդ 7 ամիսներին լուծվելու են, բայց դա նշանակում է, որ իրենք գտել են «պրոբլեմների լուծման բանաձևը»:
«Մարդիկ կան՝ ասում են՝ 7 ամիսների ընթացքում ի՞նչ է փոխվել… փոխվել է հետևյալը, որ օրինակ՝ Էջմիածնում փողոցներ կային, որ երկու ծայրից շլագբաումներով փակած էին, իսկ հիմա չկա այդ փողոցը: Ահա թե ինչ է փոխվել, և եթե դա այդքան հեշտ գործ էր, ապա 20 տարի անեիք»,- նշել է կառավարության ղեկավարը:
Մեկնաբանել