
Արմավիրի մարզպետ. «Եթե որևէ ճնշում լինի, առաջին մարդը, որ աշխատանքից կհեռանա, կլինեմ ես»
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Հետք»-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է «Վաղարշապատի հիվանդանոց» պետական ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում նշանակել նույն հիվանդանոցի վնասվածքաբան Գոռ Ասատրյանին: Ասում է, որ աննախադեպ թվով թեկնածուներ էին առաջադրվել տնօրենի պաշտոնի համար: Բոլոր թեկնածուների հետ հանդիպել է մրցույթի ժամանակ, որևէ մեկին չի ճանաչել:
«Ես հստակ չեմ կարող ասել, թե 3 թեկնածուներից որ մեկն է ավելի լավ կառավարիչ կամ բժիշկ, բայց բոլորն էլ լավ հասկանում են, որ նշանակվելու էր միայն մեկը: Եթե օբյեկտիվ որոշում կայացվեր, ուրեմն պետք է 3 թեկնածուներին էլ նշանակեի տնօրենի պաշտոնում, ինչը հասկանում ենք, հնարավոր չէր: Հայեցողական կարգով որոշում եմ կայացրել և 3 թեկնածուներից տնօրենի պաշտոնում նշանակել եմ Գոռ Ասատրյանին: Հաշվի եմ առել մի շարք փաստեր: Բայց իմ որոշումը չի թերագնահատում մյուսների կարողությունները թե՛ կառավարչական, թե՛ բժշկական հարցերում»,- ասում է մարզպետ Մաթևոսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Արմավիրի մարզպետարանում կայացել է մարզպետարանի ենթակայության տակ գտնվող «Վաղարշապատի հիվանդանոց» պետական ՓԲԸ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հաղթողներից Գոռ Ասատրյանի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, ինչը լարվածություն է առաջացրել հիվանդանոցում: Թեկնածուներից Արտակ Իսախանյանը պարզաբանում էր պահանջում մարզպետից՝ կասկածի տակ դնելով օբյեկտիվությունը:
Հիվանդանոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար դիմել էր 16 անձ: Նրանցից 5-ը եղել են նույն հիվանդանոցի աշխատակիցներ: Մրցույթին ներկայացել են դիմումատուներից 11-ը, որոնցից միայն 10-ն է ստացել մրցույթին մասնակցելու իրավունք: Մրցույթն իրականացվել է երեք փուլով` թեստավորում, հարցազրույց և կազմակերպության զարգացման ծրագրի ներկայացում: Հարցազրույցի փուլը հաղթահարել է 9 դիմումատու՝ ճիշտ պատասխանելով թեստավորման առաջադրանքների առնվազն 90%-ին: Մասնակիցներից հաջորդ` ծրագրի ներկայացման փուլ էին անցել միայն 3-ը` նույն հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Իսախանյանը, հիվանդանոցի վնասվածքաբան Գոռ Ասատրյանը և Օլգա Մարգարյանը:
Արմավիրի մարզպետն ասում է, որ Գոռ Ասատրյանի հեռանկարային ծրագրի վրա է ուշադրություն դարձվել, բացի այդ, թե՛ կրթությամբ, թե՛ փորձով համապատասխանում էր պաշտոնին, ծանոթ էր հիվանդանոցին: Հավելում է, որ որոշ չափով նույնը կարող է ասել նաև մյուս թեկնածուների մասին, սակայն իրենց տեսլականը համընկել է Գ. Ասատրյանի տեսլականի հետ, և վստահ է, որ վերջինս կհաջողի իրագործել առաջ քաշած ծրագրերը:
«Անկախ ամեն ինչից, ես չեմ բացառում, որ թերացումներ կլինեն, եթե լինեն մենք կաշկանդված չենք նոր որոշում կայացնելու համար»,-ասում է Համբարձում Մաթևոսյանը: Անդրադառնալով թեկնածուներից մեկի այն պնդմանը, որ մարզպետը ճնշման ազդեցության տակ է պայմանագիր կնքել Գոռ Ասատրյանի հետ՝ Հ. Մաթևոսյանը բացասական պատասխան տվեց: Նշեց, որ ինքը համաձայնել է աշխատել մարզպետի պաշտոնում՝ պայմանով, որ իր նկատմամբ որևէ ճնշում չի լինելու ոչ մեկի կողմից: Քանի որ այդ պաշտոնում արդեն աշխատում է, ասում է, որ որևէ ճնշում լինել չի կարող:
«Եթե որևէ ճնշում լինի առաջին մարդը, որ աշխատանքից կհեռանա, կլինեմ ես: Ավելի լավ է նման նշանակում չանեմ ու չաշխատեմ, քան թե անեմ ու իմ մոտեցումներին դավաճանեմ: Աշխատում ենք անաչառ»,- ասում է Արմավիրի մարզպետը:
Մեկնաբանել