HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային միացյալ կուսակցություն – 1974. Քաջիկ Սահակյան

սկիզբ

Քաջիկ Վարազդատի Սահակյանը ծնվել է 1952 թ., Աբովյանի շրջանի Նուռնուս գյուղում: Վաղ տարիքից` Բագրատ Շահվերդյանի միջոցով, որի հետ ուներ նաեւ ազգակցական կապ, ներգրավվել է պատանեկան խմբակի մեջ: Հետագայում Շահվերդյանի եւ Ռուբեն Խաչատրյանի ազդեցությամբ ձեւավորվել է որպես անկախական գործիչ: Խաչատրյանի միջոցով կապվել է Ազգային միացյալ կուսակցության հետ: Բագրատ Շահվերդյանի դատավարությունից հետո նրանց ողջ խմբակը անդամագրվել է ԱՄԿ- ին: Սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Ձերբակալվել է 1973-ի նոյեմբերին: Մեղադրվել է ՀԽՍՀ քր. օր.-ի 69 (ազգային եւ ռասայական իրավահավասարությունը խախտելը), 206-1 (սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելը) եւ 231 (անչափահասներին հանցավոր գործունեության, հարբեցողության, մոլախաղերի մեջ ներգրավելը) հոդվածներով: Դատարանում 69 հոդվածը վերաորակվել է 17-69-ի, այն է` ազգային եւ ռասայական իրավահավասարությունը խախտելուն դրդելը: Դատապարտվել է 3 տարի վեց ամիս ազատազրկման, որը պետք է կրեր ընդhանուր ռեժիմի կալանավայրում, ինչից հետեւում էր, որ կարող էր մնալ Հայաստանում: Սակայն, շատ շուտով նրան` ընդհանուր ռեժիմի դատապարտված այլ քաղբանտարկյալների հետ միասին տեղափոխում են Ռուսաստան: Քաջիկ Սահակյանն իր պատիժը կրել է Կազանի կալանավայրում: Կալանավայրում  աչքի  է  ընկնում  իր  ըմբոստ  վարքով,  ինչի  պատճառով  հաճախ  է հայտնվում պատժախցերում: Հայաստան վերադառնալուց հետո անմիջապես վերցվում է ոստիկանական հսկողության տակ, բայց չի կտրում կապերը համախոհների հետ: Կարճ ժամանակ անց հիվանդանում եւ 29 տարեկան հասակում` 1980 թվականին վախճանվում է:

                              Պատմում է Քաջիկ Սահակյանի կինը` Սվետան

Ես  8-րդ  դասարանի  աշակերտուհի էի: Այդ շրջանում տարբեր դպրոցներում գործում էին հայրենասիրական խմբակներ: Նման մի խմբակ էլ գործում էր մեր դպրոցում: Ես մասնակցում  էի  այդ  խմբակի  աշխատանքներին: Հիմնական թեմաներն  էին` Հայաստան,  հայրենիք, Եղեռն, հայրենասիրական բանաստեղծություններ, Շիրազ, այցեր Ծիծեռնակաբերդ եւ նման այլ բաներ: Նման մի խմբակ էլ կար Քաջիկենց դպրոցում: Քաջիկն էլ դրան էր անդամակցում: Մեր խմբակներն ինչ-որ մի պահի միացան իրար: Դա էլ մեր ծանոթության պատճառը դարձավ: Ավելի ուշ` արշավներին, հայրենասիրական բանաստեղծություններին, պատմության ուսումնասիրմանն ավելացավ ապրիլի 24-ին` Եղեռնի օրը սեւ դրոշակներ պատրաստելը եւ քաղաքի տարբեր մասերում կախելը, պատի թերթեր ու պլակատներ գրելը:

Քաջիկ Սահակյան .jpg (367 KB)

Բայց մեր հիմնական գործը մնում էր շրջապատում հայրենասիրության քարոզը: Այս խնդիրը մեր առաջ դնում էր Շահվերդյան Բագրատը: Մենք Բագրատ Շահվերդյանին եւ Ռուբեն Խաչատրյանին էինք ճանաչում որպես մեր ղեկավարներ: Բագրատին դիմում էինք Մաեստրո, իսկ Ռուբենին` Պապ անուններով: Շատ եմ ափսոսում, որ Ռուբենի հետ հետագայում ամեն ինչ այնպես չեղավ, ինչպես որ պետք է լիներ: Այդպես էլ շատ բան անհայտ մնաց: Ոչ ոք իրավունք չունի դատելու: Բոլորը չէ, որ կարող են դիմանալ իրենց բաժին ընկած փորձություններին: Այսօր Ռուբենը ժառանգներ ունի, եւ ես նրա մասին խոսելիս` առաջին հերթին նրանց մասին եմ մտածում: Նա դեռ նախաքննության փուլում էր փորձել ինքնասպան լինել: Հետագայում ինքնասպանությամբ էլ հեռացավ կյանքից: Մինչեւ ձերբակալվելը մենք բոլորս շատ հարգում էինք նրան: Նրա տանն էինք միջոցառումներ անցկացնում: Օրինակ` Վարդանանց օրը նրա տանն ենք նշել: Հետագայում այդ միջոցառումը մի քանի քրեական գործերով անցավ եւ շատերի մեղադրական եզրակացություններում ընդգրկվեց որպես առանձին դրվագ:

1973 թ. կալանավորեցին Բագրատ Շահվերդյանին: Նրա դատավարության ժամանակ ծանոթացանք Պարույր Հայրիկյանի հետ: Պարույրը նոր էր վերադարձել կալանավայրից:  Այդ  ծանոթությունը  առիթ  հանդիսացավ,  որ  դառնանք  Ազգային  միացյալ կուսակցության անդամներ: Անցումը դեպի Ազգային միացյալ կուսակցություն` շատ արագ կատարվեց: Մենք արդեն պատրաստ էինք դրան: Անկախության գաղափարը նոր չէր մեզ համար: Բագրատ Շահվերդյանն էլ, Ռուբեն Խաչատրյանն էլ անկախականներ էին ու մեզ այդ անցմանը, փաստորեն, պատրաստել էին: ԱՄԿ-ն բոլորովին նոր հարթություն էր: Մեր գործունեության բնույթն ու որակը կտրուկ փոխվեցին: Տարիներ տեւած տեսական քննարկումներից ու զրույցներից անցանք վտանգավոր ու գործնական քայլերի. թռուցիկներ, անկախության պահանջով կարգախոսներ դպրոցների ու շենքերի պատերին, ԱՄԿ օրգան «Փարոս-2»-ի հրատարակում եւ նման այլ բաներ:

Մեր կազմակերպությունը մարդաշատ էր, սակայն բոլորը չէ, որ ճանաչում էին իրար: Բաժանված էինք տասնյակների, եւ յուրաքանչյուր տասնապետ ճանաչում էր մյուս տասնյակի տասնապետին եւ այսպես շարունակ:

Քաջիկն իր գործունեության մեջ չափազանց ակտիվ էր: Նա մասնակցում էր ե՛ւ թռուցիկների տպագրման աշխատանքներին, ե՛ւ լոզունգներ գրելուն, ե՛ւ լուսանկարչական եղանակով թռուցիկների բազմացմանը: Սովորում էր պոլիտեխնիկ ինստիտուտում: Դասի էր, երբ Պետանվտանգության կոմիտեի աշխատակիցները եկան մեր տուն: Կոնդում մի փոքրիկ սենյակում էինք ապրում: Ես հղի էի: Տանն այդ պահին միայն ես էի ու մեր փոքրիկը: Քաջիկի դատից հետո ծնվեց մեր երկրորդ երեխան: Խուզարկեցին ու գտան «Փարոսի» մեկ օրինակ, Անդրանիկի, Գեւորգ Չաուշի լուսանկարները եւ տուն վերադարձած Քաջիկին իրենց հետ վերցնելով` հեռացան: Թռուցիկների տպագրության համար օգտագործված գրամեքենաներից երկուսը մեր տանն էին: Երբ կալանավորման վտանգն արդեն ռեալ էր, մեկը շտապ տեղափոխեցինք Քաջիկենց գյուղ` Նուռնուս, որը, սակայն, հետագայում հայտնաբերվեց ու դուրս բերվեց գյուղի հասարակական զուգարանահորից, իսկ մյուսը, որ մնացել էր մեզ մոտ, այդպես էլ չգտան: Նրանք երկրորդ գրամեքենայի գոյության մասին տեղյակ էին, գիտեին, որ մենք ենք թաքցրել, ամեն ինչ անում էին հայտնաբերելու համար, բայց չկարողացան: Նախաքննության ընթացքում մեկ անգամ են մեզ տեսակցություն տվել: Տեսակցության նպատակը երկուսիս համար էլ պարզ էր` ցանկանում են մեր զրույցից պարզել, թե որտեղ է գտնվում երկրորդ գրամեքենան: Բայց դա լավ հասկանալով, մեր զրույցում այդ թեմային ընդհանրապես չանդրադարձանք: Դատարանում Քաջիկն իրեն պահում էր ընդգծված համարձակ: Ինձ ներս չթողեցին, քանի որ գործով որպես վկա էի անցնում: Միայն իմ ցուցմունքները լսելուց հետո թույլատրեցին, որ նստեմ դահլիճում: Տեղ-տեղ գործը զավեշտի էր վերածվում: Օրինակ` Քաջիկն իր վրա էր վերցնում թռուցիկների տեքստը գրելու գործը, հայտարարում էր, որ ինքն է գրել, իսկ Անահիտ Կարապետյանն այդ նույն դրվագով ցուցմունք էր տալիս, որ ինքն է գրել: Ճիշտ այսպես` նաեւ այլ դրվագների հետ կապված:

Դատի օրերին ծանոթուհիս ինձանից աղացած սուրճ էր խնդրել, իսկ ծանոթուհուս ամուսինը ոստիկան էր ու Քաջիկի դատի օրերին հերթապահում էր Գերագույն դատարանի շենքում: Որպեսզի շատ ժամանակ չկորցնեմ եւ հղի վիճակում չհասնեմ նրանց տուն, որոշեցի սուրճը ծանոթուհուս փոխանցել ամուսնու միջոցով, եւ դատարանի շենքում սուրճի փաթեթը տվեցի նրան: Հետագայում այդ ոստիկանին աշխատանքից հեռացրին   միայն   այն   պատճառով,   որ   ինձանից   փաթեթ   էր   վերցրել:   Այսպիսի ժամանակներում էինք ապրում: Դատից հետո Քաջիկին տեղափոխեցին Երեւանից ոչ հեռու գտնվող Շահումյանի գաղութ: Մոտ էր ու հարմար, բայց, չգիտես ինչու, շատ չանցած` տարան Ռուսաստան: Նստած էր Կազանում: Ես ողջ ընթացքում այդպես էլ տեսակցություն  չունեցա  նրա  հետ:  Եվ  իմ  գնալն  էր  մեծ  խնդիր`  երկու  մանկահասակ երեխաների առկայության պայմաններում, ե՛ւ Քաջիկն էր, որպես կանոն, իր ըմբոստ վարքի  պատճառով  հայտնվում  պատժախցերում  ու  տեսակցության  իրավունքից զրկված լինում: Անգամ ազատ արձակվելուց, երբ հայրը գնաց կալանավայրից դիմավորելու ու Հայաստան բերելու, ազատ արձակվեց պատժախցից:

Վերադարձից հետո Քաջիկը վերցվեց հսկողության տակ: Բայց շարունակում էր հանդիպել դրսում գտնվող տղաներին: Ազատվելուց դեռ մեկ տարի էլ չէր անցել, երբ հիվանդացավ: Հիվանդությունը վճռորոշ եղավ մեր ընտանիքի համար: Նրա օրգանիզմը` կալանավայրում անցկացրած տարիների պատճառով իսպառ կորցրել էր դիմադրողականությունը:  Այդպես  էլ  չապաքինվեց  եւ  մեկ  տարի  անց`  29  տարեկանում մահացավ:


                 
  Քաջիկ Սահակյանի գործով կայացված դատավճիռը

(Այս դատավճիռը նույնպես տպագրում ենք այնպես, ինչպես ստացել ենք ԱԱԾ-ից`

գործով անցնող վկաների ջնջված անուններով, որոնց փոխարեն կամայական տառեր

են նշված):

                                                               ԴԱՏԱՎՃԻՌ

               ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                      ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ

1974թ հունիսի 10-ին

Նախագահությամբ`       Ա. Եղիազարյանի

Ատենակալներ`         1. Ա. Աղաբաբյանի

  1. Գ. Սահակայնի

Քարտուղարությամբ`    Հ. Եղոյանի

Մասնակցությամբ          պետական մեղադրող

Դատախազ`                  Գ. Ղամբարյանի

Դատապաշտպան`             ----

              Քննության առնելով դատական դռնաբաց նիստում քրեական գործը ըստ մեղադրանքի`

ՔԱՋԻԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ, ծնված 1952թ. ՀՍՍՀ Աբովյանի շրջանի նառնուս գյուղում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, Համլկեմ անդամ, նախկինում չդատված, թերի բարձրագույն կրթությամբ, մինչեւ կալանավորվելը սովորել է պոլիտեխնիկական   ինստիտուտի   շինֆակի   երկրորդ   կուրսի   երեկոյան   բաժնում, միաժամանակ աշխատել է Երեւանի վիտամինների գործարանում որպես բանվոր, ամուսնացած, խնամքին հղի կինը եւ մեկ երեխա, 1969-1971թթ. ծառայել է սովետական բանակում, ֆիզիկապես առողջ, գրանցված է եղել Երեւանի Կոմիտաս փողոցի 11 շենքի 29 բն., սակայն փաստորեն բնակվել է Երեւանի Ռուսթավելի փողոցի 19 շենքում, կառավարական պարգեւներ չունի, սույն գործով արգելանքի է վերցվել 1973թ. նոյեմբերի 20-ին, իսկ կալանքի սանկցիան տրվել է նույն թվականի նոյեմբերի 29-ին: Մեղադրվում է ՀՍՍՀ քր. օրի 69, 2061 եւ 231 հոդվածներով:

Դատաքննությամբ, վկաների եւ ամբաստանյալի ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ  եւ  գործին  կցված  իրեղեն  ապացույցներով  Գերագույն  դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան ապացուցված է համարում հետեւյալը`

1973թ. ՀՍՍՀ Պետական անվտանգության օրգանների կողմից հակասովետական

ագիտացիա եւ պրոպագանդա տանելու համար կալանավորվել եւ դատի է տրվել ամբաստանյալ  Քաջիկ  Սահակյանի  ազգական  Շահվերդյան  Բագրատը,  որի  հետ  նա գտնվել է մոտիկ փոխհարաբերությունների մեջ:

Քաջիկ լուս․ քր գործից.jpg (470 KB)

Քաջիկ Սահակյանը տոգորված լինելով միայն ձեւով ազգային, սակայն բովանդակությամբ ոչ սոցիալիստական տրամադրություններով, առանց հաստատապես իմանալու Շահվերդյան Բագրատի կալանավորման բուն պատճառների մասին, որոշել է իր նման նեղ հայացքների տեր, սահմանափակ ու քչաքանակ մարդկանց օժանդակությամբ սովետական պետական ու հասարակական կարգը արատավորող ակնհայտ հերուրանքներ պարունակող թռուցիկներ պատրաստել եւ օգտվելով Շահվերդյանի կալանավորման առիթից այդպիսիք լուսանկարչական ապարատի միջոցով բազմացնել եւ տարածել Երեւան քաղաքում:

Բացի այդ, ամբաստանյալ Քաջիկ Սահակյանը արդեն իսկ նշված պատճառաբանությամբ որոշել է ազգային թշնամություն առաջ բերելու նպատակով, դարձյալ այլ մարդկանց միջոցով Երեւան քաղաքի շենքերի պատերին լոզունգներ գրել, ուղղված ռուս ժողովրդի դեմ:

Իր այդ հանցավոր մտահղացումները իրագործելու նպատակով ամբաստանյալ Քաջիկ Սահակյանը, իր կնոջ` Սվետլանա Հովհաննիսյանի եւ մեկ այլ գործով պետական անվտանգության օրգանների կողմից նույնանման արարքի համար կալանավորված գործով  վկա  Խաչատրյանի  միջոցով  ծանոթանալով  Անահիտ  Կարապետյանի  հետ, 1973թ.  հոկտեմբեր  ամսին  առաջարկել  է  նրան  ազգային  թշնամանք  առաջ  բերելու նպատակով շենքերի պատերին լոզունգներ գրել:

Անահիտ Կարապետյանը համաձայնելով Սահակյանի առաջարկին, իր հերթին հանցագործության մեջ ներգրավելով 1955թ ծնված Ֆիրդուս Մուրադյանին եւ Գարեգին

Դավթյանին հանձնարարել է նրանց Երեւան քաղաքի շենքերի պատերին ռուս ժողովրդի դեմ ուղղված լոզունգներ գրել, նախապես հայտնելով այդ լոզունգների տեքստը: Ֆիրդուս Մուրադյանը եւ Գարեգին Դավթյանը առանց խորամուխ լինելու եւ գիտակցելու  1973թ  հոկտեմբերի  23-ի  լույս  24-ի  գիշերը  Երեւանի  Ֆուրմանով  փողոցի  նո. 38բնակելի շենքի, Կոմիտաս փողոցի 54բ տան եւ նո.77 ռուսական դպրոցի պատերին սպիտակ յուղաներկով գրել են այդ բովանդակությամբ լոզունգներ, որի համար 1974թ, մարտի 28-ին Անահիտ Կարապետյանի հետ միասին դատապարտվել են ազատազրկման  (հատ. 3 գթ.50-56):

Նույն 1973թ. հոկտեմբեր ամսին ամբաստանյալ Ռուբեն Խաչատրյանի ցուցումով, որը կատարելիս է եղել հակասովետական ագիտացիա ու պրոպագանդա տանելու համար դատապարտված Հայրիկյան Պարույրի հանձնարարությունը, առաջարկել է Անահիտ  Կարապետյանին  թռուցիկի  երկու  տեքստեր  գրել,  որոնք  իրենց  մեջ  պետք  է պարունակեն մեր իրականությունը արատավորող ակնհայտ հերուրանքներ այն մասին, որ մեզ մոտ իբր չկա խոսքի ազատություն, որ խորհրդային Հայաստանում բնակվող հայ ժողովուրդը կանգնած է «Ճերմակ եղեռնի առջեւ» եւ այդ բովանդակությամբ այլ հերուրանքներ:

Անահիտ Կարապետյանը արդեն երկրորդ անգամ կատարելով Քաջիկ Սահակյանի հանձնարարությունը նշված բովանդակությամբ 2 թռուցիկների տեքստ է գրել ու հանձնել Սահակյանին: Սահակյանը թռուցիկների բնորինակը տվել է Ռ. Խաչատրյանին, որը իր հերթին բովանդակությունը ծանոթացնելով Պարույր Հայրիկյանին եւ ստանալով նրա հավանությունը բազմացնելու համար վերադարձրել է Քաջիկ Սահակյանին:

Ամբաստանյալ Քաջիկ Սահակյանը նախապես ծանոթ լինելով Երեւանի --- դպրոցի աշխարհագրություն առարկայի ուսուցիչ, գործով վկա Վ-ի հետ եւ օգտվելով այն առիթից, որ Վ-ն 9-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպված աշխարհագրության խմբակի պարապմունքներին առանց իրավունքի մասնակից է դարձրել նաեւ իրեն` Սահակյանին տրամադրելով ամբիոնը, սկսել է 1958թ. ծնված աշակերտներին պատմել 1915թ արեւմտյան Հայաստանում բնակվող հայ ազգաբնակչության հետ տեղի ունեցած դեպքերի մասին եւ առանց հետագա պատմական իրադարձությունները հաշվի առնելու կոչ է արել ներկայացնել տերիտորյալ պահանջներ եւ ապա հանցավոր գործունեության մեջ ներգրավելով անչափահաս Մ-ին նրան է տվել Անահիտ Կարապետյանի կողմից գրված սովետական կարգերը արատավորող 2 թռուցիկների տեքստերը ու պահանջել այդպիսիք բազմացնել 2000 օրինակով եւ հանձնել իրեն:

Քանի որ թռուցիկները պետք է բազմացվեին լուսանկարչական ապարատով, ամբաստանյալ Քաջիկ Սահակյանը 9-րդ դասարանի աշակերտ Մ-ին է տվել 70 ռ. դրամ, որը նա ձեռք էր բերել իր անձնական գրամեքենան վաճառելուց:

Ստանալով թռուցիկների բնորինակները գրված Անահիտ Կարապետյանի կողմից Մ-ն առանց գիտակցելու իր գործողությունների հասարակայնորեն վտանգավորությունը ուսուցիչ Վ-ի գիտությամբ, նույն դպրոցի 9-րդ դաս աշակերտ Խ-ի անմիջական մասնակցությամբ, թռուցիկները բազմացնելու համար գնել է 2000 հատ թուղթ, անհրաժեշտ քանակի քիմիական լուծույթներ եւ 1973թ. նոյեմբերի 15-ին, Քաջիկ Սահակյանի պահանջով գնալով վկա Ի- ի բնակարանը սկսել է թռուցիկները բազմացնել, սակայն 137 օրինակ պատճենահանելուց հետո, հենց հանցագործության վայրում բռնվել են պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցների կողմից, իսկ թռուցիկները եւ լուսանկարչական բոլոր հարամարանքները առգրավվել են (հատ. 1 գթ.7-10):

Զբաղվելով անչափահասներին հանցագործության մեջ ներգրավելով, իսկ Կարապետյան Անահիտին ազգային թշնամանք առաջացնող լոզունգներ գրելուն դրդելով, ամբաստանյալ Քաջիկ Սահակյանը 1973թ. նոյեմբերի 13-ին, դարձյալ մեկ այլ գործով կալանավոր Ռուբեն Խաչատրյանի հանձնարարությամբ, վկա Հրաչյա Գրիգորյանից ստացել է սովետական պետական կարգը արատավորող ու ակնհայտ հերուրանքներ պարունակող «Փարոս-2 լրացուցիչ» թռուցիկը, որից երկու օրինակ հանձնել է Ռուբեն Խաչատրյանին, իսկ մեկ օրինակ պահել է իր տանը, որպիսիք հայտնաբերվել են խուզարկության ժամանակ եւ կցվել գործին որպես իրեղեն ապացույց (հատ. 3 գթ.6):

Քաջիկ Սահակյանը առաջարկել է աշակերտ Մ-ին նաեւ ռուս ժողովրդի դեմ ուղղված լոզունգներ գրել շենքերի պատերին, սակայն նա հրաժարվել է այդ կատարելուց:

Այսպիսով ամբաստանյալ Քաջիկ Սահակյանին մեղսագրվող արարքը ՀՍՍՀ քր. օ- րի 2061 եւ 231 հոդվածներով կոլեգիան հիմնավորված է համարում, ինչ վրաբերում է քր. օրի 69 հոդ. առաջադրված մեղադրանքին կոլեգիան գտնում է, որ պատերի վրա ազգային թշնամանք առաջացնող լոզունգներ գրելուն Սահակյանը անմիջական մասնակցություն չի ունեցել, այլ դրդել է Կարապետյան Անահիտին այդ հանձնարարությունը  կատարելու,  որի համար   Սահակյանի արարքը քր. օրի 69  հոդ. պետք է վերաորոկել 17-69 հոդվածով:

Նախաքննական օրգանի կողմից մեղադրանք առաջադրելիս, Քաջիկ Սահակյանը քր. օր 69, 2061 եւ 231 հոդվածներով իրեն լիովին մեղավոր ճանաչել է, սակայն դատաքննությանը ըստ էության չժխտելով կատարված արարքը մեղավոր չի ճանաչել, չբերելով որեւ պատճառաբանություն:

Քաջիկ Սահակյանի մեղադրանքը հիմնավորված է ոչ միայն իր ցուցմունքներով, այլ հետեւյալ ապացույցներով`

Գործով վկա Անահիտ Կարապետյանի ցուցմունքով այն մասին, որ ինքը հանձնարարել է Ֆիրդուս Մուրադյանին եւ Գարեգին Դավթյանին ազգային թշնամանք առաջբերող լոզունգ, ուղղված ռուս ժողովրդի դեմ, շենքի պատերին գրել Քաջիկ Սահակյանի դրդմամբ:

Քրեական գործերի դատական կոլեգիայի 1974թ. մարտի 28-ի դատավճռով, որով այդ արարքի համար դատապարտվել են ինչպես Անահիտ Կարապետյանը, այնպես էլ Ֆիրդուս Մուրադյանը եւ Գարեգին Դավթյանը:

Բացի այդ Անահիտ Կարապետյանին այդպիսի առաջարկ անելը չժխտեց նաեւ ինքը` Սահակյանը:

Գործով վկաներ Մ-ն եւ Վ-ն կոլեգիային ցուցմունք տվեցին, որ Սահակյանը առաջարկել է աշակերտներին, բնակելի շենքերի պատերին լոզունգներ գրել, սակայն նրանք չեն համաձայնել, որպիսինը դատաքննությամբ ընդունեց նաեւ ինքը` Քաջիկ Սահակյանը:

 Քաջիկ Սահակյանը դատաքննությամբ ընդունեց, որ սովետական կարգը արատավորող երկու թռուցիկները գրելու համար Անահիտ Կարապետյանին հանձնարարություն է տվել ինքը: Նա չժխտեց, որ իր առաջարկով է, որ դպրոցականներ Մ-ն եւ Խ-ն սկսել են մեծ քանակությամբ թռուցիկներ բազմացնել: Այդ հանգամանքը հաստատեցին ոչ միայն Մ-ն եւ Խ-ն, այլեւ վկանր Վ-ն Ի-ն Ս-ն եւ Տ-ն:

 Վկա Ի-ն կոլեգիային ցուցմունք տվեց, որ թռուցիկները բազմացնելու համար ինքը իրեն  բնակարանը  տվել  է  աշակերտներին  Քաջիկ  Սահակյանի  առաջարկով:  Այդ չժխտեց նաեւ ամբաստանյալը, որպիսինը հաստատաված է նաեւ Ի-ի բնակարանում խուզարկությամբ հայտնաբերված 107 օրինակ բազմացված թռուցիկներով (հատ. 1 գթ.6-10):

 Գործով վկա Լ-ն ցուցմունք տվեց, որ ամբաստանյալ Սահակյանին պատկանող գրամեքենան 100 ռուբլով ինքն է վաճառել, որից 60 ռուբլին հանձնել է Սահակյանին, Սահակյանը իր հերթին դատաքննությամբ ընդունեց, որ գրամեքենայի վաճառքից իրեն հանձնած 60 ռուբլուն ավելացրել է եւս 10 ռուբլի եւ բոլոր գումարը տվել է Մ- ին լուսանկարչական թուղթ եւ այլ հարմարանքներ գնելու համար, որի նպատակը եղել է թռուցիկների բազմացումը:

 Մ-ն եւ Խ-ն դատաքննությամբ հաստատեցին, որ 2000 օրինակ լուսանկարչական թուղթ եւ այլ օժանդակ նյութեր են գնել ամբաստանյալ Սահակյանի կողմից տված 70 ռուբլի գումարով, որից չիրացաված 11 ռուբլին Մ-ն հանձնել է պետ. անվտանգության կոմիտեին: Այս թվարկված ապացույցները լիովին ընդունեց նաեւ Քաջիկ Սահակյանը:

 Վկա Ծ-ն դատաքննությամբ հաստատեց, որ 1970թ. նոյեմբերի 13-ին Խ-ն ժամանակավոր օգտագործման համար վերցրել է իրեն պատկանող «Լենինգրադ» մակնիշի ֆոտոմեծուցիչը, կարմիր լուսամփոփը եւ այլ հարմարանքներ:

 Խ-ն ցուցմունք տվեց, որ թռուցիկները ֆոտոժապովենի վրա արտանկարել է ինքը` իր «Զենիթ» մակնիշի ֆոտոապարատով, որպիսինը առգրավել է քննչական օրգանի կողմից եւ խնդրեցին հետ վերադարձնել իրենց պատկանող գույքը:

 Վկա, մեկ այլ գործով կալանավոր Աշոտ Նավասարդյանը ցուցմունք տվեց, որ «Փարոս-2 լրացուցիչ», թռուցիկը իր խնդրանքով Խաչատրյանին է հանձնել Հրաչյա Գրիգորյանը:  Ընդ  որում,  այդ  ծրարված  թռուցիկը  հանձնվել  է  նախապես  մշակված անցարանով:

 Ռուբեն Խաչատրյանը ցուցմունք տվեց, որ «Փարոս-2 լրացուցիչ» թռուցիկի մեկ օրինակը իրոք ինքը հանձնել է ամբաստանյալ Քաջիկ Սահակյանին, որպիսինը չժխտեց նաեւ Սահակյանը: Վկա Գարեգին Դավթյանը պնդեց, որ թռուցիկով ծրարը անցուրանով հանձնելու համար ինքը նույնպես գնացել է պայմանավորված վայրը, այսինքն Միկոյանի պողոտայի 65 շենքի մուտքի մոտ:

 Բացի թվարկված ապացույցներից, ամբաստանայալ Սահակյանին մեղսագրված արարքը հիմնավորված է նաեւ գործին կցված իրեղեն ապացույցներով, փորձագետի եզրակացությամբ եւ գործի մնացած բոլոր փաստական տվյալներով:

 Ամբաստանյալ Քաջիկ Սահակյանը պաշտպանական ճառում հայտարարեց, որ ինքը չի հրաժարվում իր հետագա հանցավոր մտադրություններից, չի զղջում կատարած արարքի համար, այլ ցավում է, որ ժամանակից շուտ կալանավորվեց եւ հնարավորություն չունեցավ նո. 145 դպրոցի աշակերտներին լրիվ ներգրավել հանցագործության մեջ եւ «դարձնել իր  գաղափարակիցը»:

 Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով քր. դատ. օրի 293-294 հոդվածներով քրեական գործերի դատական կոլեգիան

                                                    Վ Ճ Ռ Ե Ց

 Ամբաստանյալ Քաջի Վարազդատի Սահկյանին, հանցավոր ճանաչել ՀՍՍՀ քր. օրի 206 պրիմ, 17-69 հոդվածներով եւ 206 պրիմ հոդվածով դատապարտել երեք տարի, 17-69 հոդ. երկու տարի ազատազրկման, իսկ 231 հոդվածով ազատազրկել երեք (3) տարի վեց ամիս ժամանակով: Քր. օր 37 հոդվածի համակցությամբ դատապարտյալ Քաջիկ Սահակյանին վերջին հաշվով թողնել պատիժը կրելու ազատազրկում երեք տարի վեց ամիս ժամանակով, ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում առանց  հետագա  աքսորի:  Սահակյանի  կալանքի  սկիզբը  հաշվել  1973թ.  նոյեմբերի 20-ից:

 Իրեղեն ապացույց թռուցիկները եւ ֆոտոժոպավենը, որոնք կցված են գործին թողնել գործում: Թռուցիկների մնացած օրինակները ոչնչացնել:

 4 պլաստմասայից փոքրիկ վաննաները, «Լենինգրադ-2» ֆոտոմեծացուցիչը, մետաղյա պինցետը եւ «Զենիթ-3» լուսանկարչական ապարատը վերադարձնել Խ-ին եւ Թ-ին:

 Պակի ֆինբաժին ի պահ հանձնված տասնմեկ ռուբլին պետականացնել: Մնացած բոլոր լուսանկարչական չօգտագործված թղթերը, ծրարները եւ քիմիական լուծույթները ոչնչացնել:

 Դատավճիռը վերջնական է եւ վճռաբեկության կարգով գանգատարկման ենթակա չէ:

ՆԱԽԱԳԱՀ ` Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ ` ստորագրություն

14/06-74թ

Հ․Ս․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter