HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի պետական պարտքը հոկտեմբերի վերջի դրությամբ 6 մլրդ 724 մլն դոլար է

Այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 724 միլիոն դոլար։ Սեպտեմբերի համեմատ՝ այն նվազել է 16.5 մլն դոլարով կամ 0.2 %-ով։ Տվյալները հրապարակել է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։

Իսկ տարեսկզբի համեմատ պետական պարտքը նվազել է 50.3 մլն դոլարով կամ 0.7 %-ով։

Արտաքին պետական պարտքը փոքր-ինչ նվազել է, իսկ ներքին պարտքն այս ընթացքում շարունակել է աճել։ Մասնավորապես, հոկտեմբերի վերջի դրությամբ արտաքին պարտքը կազմել է 5 մլրդ 387 մլն դոլար, որը սեպտեմբերի համեմատ կրճատվել է 23.7 մլն դոլարով կամ 0.4 %-ով։

Իսկ ներքին պարտքը կազմել է մոտ 1 մլրդ 337 մլն դոլար, որը մեկ ամսում աճել է 7.2 մլն դոլարով կամ 0.5 %-ով։

Դրամով հաշվարկած՝ Հայաստանի պետական պարտքը կազմում է շուրջ 3 տրիլիոն 268 միլիարդ դրամ, որից 2.618 տրլն դրամը արտաքին պարտքն է, մոտ 650 մլրդ դրամն էլ՝ ներքին։

Արտաքին պարտքի հիմնական մասը կառավարության պարտքն է։

Հայաստանի արտաքին պարտքի կազմում, ըստ վարկառուների, ամենամեծ տեսակարար կշիռը Համաշխարհային բանկինն (ՀԲ) է` ի դեմս Զարգացման միջազգային ընկերակցության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի։ Այս տարվա երրորդ եռամսյակի վերջի դրությամբ (սեպտեմբերի 30, տվյալները ներկայացվում են եռամսյակային կտրվածքով)՝ ՀԲ-ին է բաժին ընկնում արտաքին պարտքի 33.1 %-ը, որը կազմում է շուրջ 1 մլրդ 790 մլն դոլար։

Հաջորդ խոշոր վարկատուներն են Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ, կշիռը արտաքին պարտքում՝ 12.1 %), Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ, 6.6 %) ու Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ, 5.7 %)։

Երկկողմանի վարկային ծրագրերի շրջանակներում Հայաստանի առավել խոշոր վարկատուներն են Գերմանիան, Ռուսաստանն ու Ճապոնիան։

Եվ իհարկե, արտաքին պետական պարտքի կազմում մեծ կշիռ ունեն եվրապարտատոմսերը՝ ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը՝  844.6 մլն դոլար, որը կազմում է արտաքին պարտքի 15.6 %-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter