HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԶՈՒ-ն՝ նախընտրական ծրագրերում. ՔԺՎԿ, «Ազգային առաջընթաց», «Մենք», ՕԵԿ, «Սասնա ծռեր», ԲՀԿ

Հոդվածի առաջին մասում անդրադարձել էինք քաղաքական ուժերի մի մասի նախընտրական ծրագրերում տեղ գտած զինված ուժերին վերաբերող հատվածներին, այժմ ներկայացնենք մյուս քաղաքական ուժերի ծրագրերը՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում:

6. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն

Այս քաղաքական ուժն անվտանգության ոլորտ բաժնում ընդգծում է, որ ՀՀ և ԱՀ անվտանգության խնդիրները կապված են տվյալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության միջավայրից: «Հետևապես, մեծ է նաև Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը հատկապես տարածաշրջանային անվտանգության ապահովման և դրան ուղղված քայլերի գործում: Տարածաշրջանում ժողովրդավարական արժեհամակարգի և ժողովրդավարական քաղաքական կյանքի կազմակերպումը անպայմանորեն կհանգեցնի տարածաշրջանում անվտանգության շեմի բարձրացմանը և ամրապնդմանը»,- ասված է ծրագրում:

Այլ անդրադարձ չկա ԶՈՒ-ի և պաշտպանության ոլորտի վերաբերյալ:

 

7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն

Այս կուսակցությունն առաջարկում է 27 տարին լրացած քաղաքացիներին, ովքեր չունեն հոգեկան առողջական խնդիրներ և որևէ դատվածություն, տրամադրել ոչ ավտոմատիկ զենք կրելու իրավունք, որը կենթադրի նաև այդ անձանց կողմից տարին առնվազն երկու անգամ պարբերական զինպատրաստության դասընթացներին ու զորավարժանքներին պարտադիր մասնակցություն։ Կուսակցությունն ակնկալում է, որ նման փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի ունենալ մի քանի հարյուր հազարանոց քաղաքացիական պահեստազոր, որն ի վիճակի է մոբիլիզացվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում։

 

8.«Մենք» դաշինք

«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների դաշինքն առաջարկում է աստիճանական անցում պրոֆեսիոնալ բանակի:

«Բանակի արդիականացման հայեցակարգի կարևորագույն տարր պետք է լինի աստիճանական անցումը պրոֆեսիոնալ բանակին՝ հաշվի առնելով առանձնահատկություններով ու միջավայրով Հայաստանին նման պետությունների փորձը»,- ասված է «Մենք» դաշինքի նախընտրական ծրագրում:

Դաշինքն առաջարկում է զինված ուժերի համապատասխանեցում ՆԱՏՕ-ի չափանիշներին՝ շեշտակի բարձրացնելով նրա կարողություններն ու մարտունակությունը, այդ թվում՝ միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցության ճանապարհով: «Մենք» դաշինքն առաջնահերթ է համարում սպայական և ենթասպայական կազմի 25 %-ով աշխատավարձերի ավելացումն ու Արցախյան ազատամարտի մասնակիցներն սոցիալական արտոնություններ հատկացնելը:

Դաշինքի առաջարկվող ամենակտրուկ առաջարկներից մեկը բարձրագույն ուսումնական հաստատություններում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի վերականգնումն է: Հաջորդ նախընտրական խոստումը զինված ուժերում տեղի ունեցած հանցագործությունների լիարժեք բացահայտումն է, այդ թվում՝ ոչ մարտական պայմաններում զինվորների և սպաների մահվան հանգամանքները, ինչպես նաև 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ տեղ գտած բացթողումների ու սխալների բազմակողմանի, համալիր և թափանցիկ հետաքննության իրականացումը:

«Մենք» դաշինքն առաջարկում է նաև վերանայել սպառազինությունների ձեռքբերումը՝ շեշտը դնելով ռազմավարական զինատեսակների ձեռքբերման կամ Հայաստանում համատեղ արտադրության վրա, այդ թվում՝ ոչ ՀԱՊԿ անդամ երկրներից ու նրանց հետ:

«ՀԱՊԿ շրջանակներում ընդունված մի շարք բազմակողմ պայմանագրերի վերանայում, որոնք վավերացվել են առանց Հայաստանի համար կենսական ու անվտանգության զգայուն խնդիրներով փոխադարձ շահերը բազմակողմանիորեն հարգելու ու վտանգները չեզոքացնելու մասին վավերապայմանների: Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն ու ինքնիշխանությունը արգելափակող խոչընդոտների վերանայում՝ անվտանգության ոլորտում Հայաստանի և այլ՝ ոչ ՀԱՊԿ անդամ երկրների հետ: Ռազմաարդունաբերական համալիրի ստեղծում՝ այդ թվում առաջատար երկրների հետ համատեղ նախագծեր կյանքի կոչելով»,- ասված է ծրագրում:

 

9. «Օրինաց երկիր» կուսակցություն

ՕԵԿ-ը, ինչպես և «Մենք» դաշինքն առաջարկում է աստիճանական անցում պրոֆեսիոնալ և վարձատրվող բանակի: «Պետական սահմանը պաշտպանող 18 տարեկան երիտասարդների փոխարինում վարձատրվող պրոֆեսիոնալ զինծառայողներով և ժամանակակից ռոբոտատեխնիկայով»,- ասված է ծրագրում:

ՕԵԿ-ը կարևորում է նաև պետական սահմանի պահպանության արդիականացում` ներառյալ հայրենական արտադրության զենքով և զինտեխնիկայով: 

 

10. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն

Այս կուսակցությունն առաջարկում է արդյունավետ կիրառել «Ազգ-բանակ» կազմակերպվածքի ստեղծման ծրագիրը և դրա ձևավորման տրամաբանությամբ առաջին շրջանում անհապաղ կերպով իրականացնել պաշտպանության ամրապնդման կազմակերպական, տնտեսական, իրավական, սոցիալական և այլ միջոցառումներ: Քաղաքական ուժը կարևորում է սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռք բերումն ու պաշտպանական արդյունաբերության անհրաժեշտ ծրագրերի իրականացումը: «Սասնա ծռեր»-ը ևս, ինչպես մի քանի այլ ուժեր, առաջարկում են «արմատապես վերանայել հակառակորդի հետ շփման գծի պաշտպանության ներկայիս համակարգը» և զորակոչիկների փոխարեն ներգրավել արհեստավարժ անձնակազմ, ինչպես նաև կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ և տեխնիկա:

 

11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Ըստ ԲՀԿ-ի՝ առաջիկա երկու տարիներին անհրաժեշտ է կտրուկ ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը՝ կառավարության կողմից հաստատված հատուկ կարգով: «Առաջնագծում զինվորական ծառայության առաջնահերթությունը պետք է վերապահել պայմանագրային զինծառայողներին»,- ասված է ԲՀԿ ծրագրում:

Եւ այսպես, ամփոփելով կարող ենք արձանագրել, որ առաջադրված գրեթե բոլոր ուժերն առաջնահերթ են համարում ժամանակակից սպառազինության ձեռքբերումը:

11 ուժերից 4-ը՝ «Մենք» դաշինքը, ՕԵԿ-ը, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը և ԲՀԿ-ն առաջարկում են անցում կատարել պրոֆեսիոնալ բանակին՝ առաջնագծի պաշտպանությունը թողնելով պայմանագրային զինծառայողներին: Իշխող «Իմ քայլը» դաշինքը հայտնում է, որ կառավարությունը մշակելու է նոր պաշտպանական ռազմավարություն և ռազմավարական պլանավորման փաստաթղթեր: Արդի մարտահրավերներին համահունչ հայեցակարգի և ռազմավարական դոկտրինի մշակման հարց առկա է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրում: ՀՅԴ-ն հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումն է կարևորում: ՔՈ-ն ի թիվս այլ հարցերի առաջարկում է սահմանապահ գյուղերում յուրաքանչյուր ընտանիքի համար ուսումնասիրել և սկզբնական ներդնել ակոսավոր հրացաններ տրամադրելու հնարավորությունը: Նախկին իշխող ուժը՝ ՀՀԿ-ն, սպառազինության արդիականացման և համալրման 7-ամյա ծրագրի անշեղ կատարման գաղափարն է ամրագրել:

Լուսանկարը՝ անկախության 25-ամյակի զորահանդեսից, հեղինակ՝ Նարեկ Ալեքսանյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter