HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք ոչ միայն ՀՀԿ-ի նավը չենք լքել, այլև վերանորոգել ենք և առագաստ պարզած դուրս եկել բաց, ալեկոծված քաղաքական ծով»

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀԿ պատգամավորոթյան թեկնածու Արմեն Աշոտյանը

-Պարոն Աշոտյան, ՀՀԿ-ի թե՛ նախընտրական ծրագրի, թե՛ դրանից առաջ արված քաղաքական հայտարարության մեջ խոսել եք ձեր իշխանության արած սխալների մասին: Ո՞րն էր գլխավոր սխալը:

-Այս 6-7 ամիսներին շատ ենք խոսել դրա մասին, այդ հարցի պատասխանը տվել ենք, քարոզարշավը և կուսակցությունների ասելիքը, այդ թվում՝ նաև Հանրապետականի, ապագայի մասին է՝ այո, անցյալի սխալները վերանայելով, մարտահրավերներն ու մտահոգությունները հաշվի առնելով: Հետևաբար, ընդամենը մի նախադասությամբ կասեմ և այս հարցին չեմ անդրադառնա այս օրերի ընթացքում:

Հանրապետականի ամենամեծ սխալն այն էր, որ հեռացանք, կտրվեցինք այն մարդկանցից, ում համար աշխատում էինք, դարձանք չափից ավելի տեխնոկրատ, օրուգիշեր բացառապես մտածում էինք գործի, աշխատանքի, դրա արդյունավետության, ոլորտային հաջողությունների, ռեֆորմների մասին և մոռացանք, որ մարդկանց հետ պետք է խոսել, զրուցել, ավելի հետևողական բացատրել, իսկ մնացած ամեն ինչը երկրորդական է:

-Այս 8 ամիսներին շարունակ քննադատում եք Փաշինյանի իշխանությանը, եթե խորհրդարանում ընտրություններով ընդդիմություն դառնաք, այսինքն՝ քաղաքական փոքրամասնություն, դա ենթադրո՞ւմ է, որ շարունակելու եք վճարել սխալների համար:

-Դուք նորից ուզում եք կենտրոնացնել սխալների վրա: Հանրապետականը վճարել է իր սխալների գինը՝ զրկվելով իշխանությունից, մնացած ամեն ինչը մեր գործն է, և հասարակությունն այսօր տեսնում է, որ մենք, մեր սխալների գինը վճարելով, մեր գործը շատ լավ անում ենք այսօր և անելու ենք վաղը, որովհետև խորհրդարանում ընդդիմություն լինելով՝ թույլ չենք տալու, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անցնի կարմիր գծեր:

Նա արդեն անցել է կարմիր գծեր այս 6 ամիսներին, քարոզարշավի ժամանակ ոտնահարել է բազմաթիվ տաբուներ Հայաստանում՝ համեմատելով արցախյան ազատամարտն իր իշխանափոխություն շոուի հետ, վարկաբելելով բանակն ու գեներալիտետը, մատ թափ տալով Արցախի իշխանությունների վրա, տարածելով աննախադեպ ատելության մակարդակ, լինելով արձակուրդում՝ հանձնարարականներ տվել ԱԱԾ-ին, երեկ էլ մատ էր թափ տալիս դատավորների վրա: Ակնհայտ անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքական գործիչը չարիք է դառնում երկրի համար, հատկապես այս ժամանակահատվածում նաև հավելենք սոցիալ-տնտեսական լճացումը, իր տված բազմաթիվ ճռճռան խոստումների չկատարումը, դրան գումարեք անվտանգության այն միջավայրը, որը սրվել է Հայաստանի շուրջ և տարածաշրջանում, ու կհասկանաք, որ այսօրվա վարչապետը, ցավոք սրտի, վաղվա վարչապետն ադեկվատ չէ Հայաստանին սպառնացող և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերների նկատմամբ:

-Քաղաքական հայտարարության մեջ նշել էիք, թե չնայած որոշ հաջողություններին՝ հնարավոր չեղավ արմատախիլ անել կոռուպցիան: Ձեր նախընտրական ծրագրում կոռուպցիայի մասին որևէ կետ չկա, կարծես: Սա նշանակո՞ւմ է, որ Փաշինյանի իշխանությունն անում է ձեր չարածը:

-Փաշինյանի իշխանությունն իրականում կոռուպցիոն պայքար չի անում, նա մատուցում է այդ պայքարը որպես հակակոռուպցիոն արշավ՝ իրականության մեջ խախտելով անմեղության կանխավարկածը: Ոչ մի աղմուկ հանած գործով դատավճիռ չկա: Վարչապետն իրավունք չունի բարձրաձայնել այն տեղեկությունները, որ շռնդալից բարձրաձայնում է, իրավական պետության մեջ դա պարզապես հնարավոր չէր լինի:

Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն իրական մեխանիզմներին, իրականում հակակոռուպցիոն պայքարն ինստիտուտների և գործընթացների մասին է, ոչ թե մասկի-շոուների:

Այս վերջին 3-4 օրերի ընթացքում գիտակցելով, որ Նիկոլ Փաշինյանը տանուլ է տվել ընտրարշավի քաղաքական պայքարը, խաղադաշտ է հանում ուժայիններին. ոստիկանությունը, այլ մարմիններ այս օրերին Հանրապետականի առաջատար, երևացող և չերևացող, այդ թվում՝ առաջին տասնյակի դեմքերին համառորեն սկսել են հրավիրել տարբեր հարցաքննությունների՝ խոչընդոտելով առանց այդ էլ կարճ քարոզարշավը և քաղաքական ճնշում բանեցնելով ամենավճռական և ամենասկզբունքային քննադատների հանդեպ:

Երբ մնացած ուժերը հավակնում են լինել ընդդիմություն, այս 10 օրերի ընթացքում ոչ մեկի շուրթերից այդպես էլ չլսեցինք, որ քննադատեին այն երևացող, աղաղակող երևույթները՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ շաղկապելով: Փաշինյանի հետ համատեղ քաղաքական կյանքի փորձ ունեցող քաղաքական ուժերը չեն կարող լինել սկզբունքային և արժեհամակարգային ընդդիմություն:

-Պարոն Աշոտյան, ինչո՞ւ Ձեր իշխանության օրոք երբեք չտեսանք բարձրաստիճան պաշտոնյայի կոռուպցիոն գործարքի բացահայտում:

-Արդար չեք, բազմաթիվ դեպքեր կարող եմ նշել, որ նաև Ձեզ հայտնի է: Վազգեն Խաչիկյանի դեպքը, դատավորներ, գեներալներ են նստել և այլն, խնդիրն այն է, որ մեր ժողովրդին այս ընթացքում սովորեցրել են, որ հակակոռուպցիոն պայքարը պետք է նմանվի հանրային մահապատժի, այսինքն՝ եթե այդ մարդու մարմինը կախված չի լինում Հանրապետության հրապարակում՝ գլխատված կամ կախաղան հանված, մարդիկ չեն հավատա: Նիկոլ Փաշինյանը չի կարող մարդկանց հաց տալ իր ապիկար սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ, հետևաբար, մարդկանց սկսել է ապահովել տեսարաններով: Սա հին ու չար ճշմարտություն է դեռևս հռոմեական կայսրությունից եկած, բայց միաժամանակ պետք է շեշտեմ, որ այս ընթացքում հազարավոր մարդկանց աչքեր են բացվել նախևառաջ մեր սկզբունքայնության շնորհիվ:

Մենք ոչ միայն Հանրապետականի նավը չենք լքել, այլև վերանորոգել ենք և առագաստ պարզած դուրս ենք եկել բաց, ալեկոծված քաղաքական ծով, այն դեպքում, երբ մեզ բոլոր կողմերից գնդակոծում են, փորձում են լռեցնել, վախեցնել, բայց դրանք անիմաստ գործողություններ են, Հանրապետականի ակունքներն այնպիսին են, որ մենք սովետական ԳՈւԼԱԳ-ներից, ՆԿՎԴ-ներից ու ԿԳԲ-ներից չենք վախեցել: Եվ նայելով այն մարդկանց աչքերի մեջ, որոնց լուսանկարները տեսնում եք իմ աշխատասենյակում, իրավունք չունենք թողնելու երկիրն առանց ազգային դիմադրողականություն և արժեքներ ունեցող ուժի:

-Պարոն Աշոտյան, ՀՀԿ-ի իշխանության օրոք ինչո՞ւ մարտի 1-ի դեպքերը չբացահայտվեցին, որևէ բարձրաստիճան պաշտոնյայի չտեսանք մեղադրյալի աթոռին: Դա ձեր սխալների՞ց եք համարում:

-Մարտի 1-ի դեպքերը բացահայտվեցին այնքանով, որքանով այդ ժամանակահատվածում բացահայտելի էին, և մարդիկ նստեցին դրա համար: Պարոն Փաշինյանը 7 ամիս է՝ իշխանություն է, երեք անգամ տարբեր տեղերից հայտարարել է, որ «մարտի 1»-ը բացահայտված է, բայց երբ իշխանության հաշվետվություն էր տալիս իր ասուլիսին կամ քայլարշավին և իրեն վերագրում էր կառավարության խոստումների 100-տոկոսանոց կատարում, նկատեցի՞ք, որ նա չխոսեց «մարտի 1»-ի բացահայտման մասին: Չէ՞ որ դա էլ էր իր խոստումներից մեկը: Նա գիտի, որ դա չի իրականացրել և լեզուն չի պտտվում իր բազմաթիվ ստերի կողքը մի հատ էլ այս սուտն ասել, թե բացահայտել է, խոստումը կատարել է: Իսկ «մարտի 1»-ի քաղաքական հետևանքները վաղուց են վերացված երկրում, վերացված են այն քաղաքական երկխոսությամբ, որ 2010 թ.-ին սկսվեց, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Սերժ Սարգսյանին ցուցաբերած կրկնակի աջակցությամբ Սասնա ծռերի և ապրիլյան պատերազմի ժամանակ հայտարարություններով, «մարտի 1»-ի գործով անցնող տարբեր մարդկանց քաղաքական ռեաբիլիտացիայով և պետական պաշտոնյաների նշանակումով, օրինակ՝ Ալեքսանդր Արզումանյանի դեսպան նշանակվելը և այլն:

-Եթե խորհրդարանում չլինեք, ի՞նչ եք անելու, ինչո՞վ եք զբաղվելու:

-Ես չեմ գնում խորհրդարան աշխատանքի տեղավորման համար, իմ ընկերները՝ նույնպես: Մենք բարձր կարգի պրոֆեսիոնալներ ենք՝ կյանքի փորձով, գիտելիքով օժտված: Անգամ մինչև այս ընտրարշավը երկու առաջարկություն ունեի արտերկրում աշխատելու՝ ավելի բարձր աշխատավարձով և ավելի հանգիստ միջավայրով: Ես չեմ կարող լքել իմ երկիրն այս նորագույն պատմության մեջ մեր երկրի համար ամենաճակատագրական պահերից մեկին, իմ ընկերները՝ նույնպես:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի