
Գազի սակագնի իջեցման շուրջ բանակցությունները շարունակվում են
Գազի սակագնի իջեցման շուրջ ռուսական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
Դիտարկմանը, որ քարոզարշավի շրջանակներում որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հայտարարում են, թե գազի սակագինը հնարավոր է 30 տոկսով իջեցնել, նախարարի պաշտոնակատարն ասաց․
«Գազի սակագինը կախված է նրանից, թե ինչ ներմուծման գին այն կունենա: Երբ հայտարարում են առանց իմանալու ներմուծման գինը, մի քիչ ոչ պրոֆեսիոնալ եմ համարում: Երբ գինն ունենան, այդ ժամանակ էլ կարող ենք կողմնորոշվել»։
Ճշտող հարցին՝ որքանո՞վ է առաջիկայում հնարավոր իջեցնել գազի սակագինը, Գարեգին Բաղրամյանն ասաց. «Բանակցությունների արդյունքում կտեսնենք»։
Նախարարի պաշտոնակատարը խոսեց նաև «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասին՝ ընդգծելով, որ նախատեսվում է շուրջ 150-160 աշխատակցի կրճատում։
«Այս պահին ամենաակտիվ աշխատանքները «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում են տեղի ունենում: Երկու օր է արդեն՝ նոր տնօրեն է ընտրվել, շուտով նաև կհաստատենք հաստիքացուցակը, որտեղ նախատեսվում է շուրջ 150-160 աշխատակցի կրճատում, որոնք, կարելի է ասել, այդքան էլ զբաղված չէին ԲԷՑ–ի հիմնական գործունեությամբ»,- ասաց նա։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ազատ հաստիքացուցակով 163 ազատ հաստիքներին զուգահեռ կա նաև արտահաստիքային 90 պայմանագրային աշխատող.
«Ուղղակի անհասկանալի է, եթե կան հաստիքային աշխատակիցներ, ինչո՞ւ ենք արտահաստիքային 90 աշխատող պահում»,- ասաց Բաղրամյանը։
Մեկնաբանել