HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հետբանավեճային մտքեր և այն մասին, թե ինչպես է գովազդը դառնում «հակաքարոզչություն». քարոզարշավի նախավերջին օրը

Նախընտրական քարոզարշավն աստիճանաբար մոտենում է եզրագծին: «Հետք»-ն ամփոփել է քարոզարշավի նախավերջին՝ 11-րդ օրը: Այսօր հիմնականում քննարկվել է Հանրայինի եթերում նախօրեին կայացած բանավեճը՝ ընտրապայքարին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների մակարդակով:

2012-ին մի շարք քաղաքական ուժեր Մարուքյանին պաշտպանություն են առաջարկել

Երևանում քարոզարշավ իրականացնող «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) նախագահ Էդմոն Մարուքյանը այսօր որոշակի պարզաբանումներ է արել բանավեճի ընթացքում իր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսակցությունից: Վերջինիս երեկ հիշատակեց ոմն Գևորգի անունը, ով ըստ Ծառուկյանի՝ 2012 թ. խորհրդարանական ընտրություններին Մարուքյանի քարոզարշավն էր իրականացնում: Ծառուկյանը նշել էր, որ Մարուքյանը պետք է «գար իր մոտ», և վերջինիս «թղթերի պակասության» պատճառով չէին ընդունել:

Էդմոն Մարուքյանը այսօր հայտարարել է, որ Գևորգը «սպորտսմեն տղա» է եղել, իր հետ է ծառայել և իրեն ԱԺ 2012թ. ընտրություններից առաջ և հետո առաջարկել է հանդիպել Գագիկ Ծառուկյանին, սակայն Մարուքյանը մերժել է Գևորգի առաջարկը: ԼՀԿ նախագահը հիշեց, որ 2012-ին Վանաձորում իր հետ մեծամասնականով առաջադրված Վիկտոր Դալլաքյանը վիճարկում էր իր գրանցումը և ընտրությունների արդյունքները, և մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում ՀՀԿ-ն, առաջարկել են Մարուքյանին համալրել իրենց կուսակցություններ շարքերը, ԼՀԿ նախագահի ձևակերպմամբ՝ իրեն պաշտպանելու համար:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, իր համապետական ցուցակի առաջին դեմքերի գլխավորությամբ, այսօր երեկոյան հանրահավաք և երթ է կազմակերպել Երևանում:

«Բանավեճը Ծառուկյանի սրտով չի անցել»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քարոզարշավ է իրականացրել հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում: ԲՀԿ առաջնորդն ասել է, որ «բանավեճն իր սրտով չի անցել», քանի որ ինքը ցանկանում էր, որ բանավեճը ծավալվեր սոցիալ-տնտեսական ուղղվածությամբ, սակայն, ըստ Ծառուկյանի, երեկ «ամեն մեկը մյուսի հաշվին փորձել է դիվիդենտներ» շահել:

Հիշեցնենք, որ երեկվա բանավեճի ժամանակ ԲՀԿ նախագահը վրդովվեց, երբ Էդմոն Մարուքյանը, դիմելով նրան, ասաց, որ քաղաքականությունն ու բիզնեսը պետք է միմյանցից տարանջատված լինեն, և գործարարը չպետք է քաղաքականությամբ զբաղվի:

Գյումրիում իր ելույթի ժամանակ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է ԲՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, ինչպես նաև անդրադարձել է աղետի գոտու թեմային: ԲՀԿ առաջնորդն ասել է, որ երկրաշարժից 30 տարի անց մարդիկ շարունակում են տնակներում ապրել, և պետության համար նրանց բնակարաններով ապահովելը պետք է առաջնային խնդիր լինի:

Չուգասզյանի պատասխանը՝ Մարուքյանին

Երեկվա բանավեճին ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը «Սասնա ծռեր»-ին մեղադրեց 2016-ին ՊՊԾ գնդում ոստիկանների սպանության մեջ: Այս առնչությամբ այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Սասնա ծռեր»-ի համապետական ցուցակի երրորդ համար Գարեգին Չուգասզյանը նշեց, որ Մարուքյանը, ունենալով իրավական կրթություն, խախտում է անմեղության կանխավարկածը և տարրական իրավական գիտակցություն չունի:

Կուսակցության մյուս անդամները, համապետական ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանի գլխավորությամբ, եղել է հանրապետության երրորդ քաղաքում՝ Վանաձորում:


ՔՈ-ն Շիրակում էր

«Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն այսօր քարոզարշավ են իրականացրել Շիրակի մարզում: Նրանք շրջել են փողոցներով, թռուցիկներ և կուսակցության նախընտրական խորհրդանիշ հանդիսացող մանդարիններ բաժանել քաղաքացիներին: ՔՈ-ի անդամները ներկայացրել են նաև իրենց նորաստեղծ կուսակցության գաղափարախոսությունը, նախընտրական ծրագրի դրույթները:

Քոքոբելյանը ՀՀԿ-ի գովազդային պաստառը հակաքարոզչություն է համարում «Մենք»-ի դեմ

«Մենք» դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում: Մինչ մեկնելը դաշինիքի համապետական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը Երևանում Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ կոչով դիմել է քաղաքացիներին՝ հայտնելով, որ այսօր գնում են Վազգեն Սարգսյանի հայրենի Արարատի մարզ և ակնկալում են արարատցիների քվեն: «Դուք այդ քվեն տալիս եք թե՛ ինձ, թե՛ Վազգենին: Հաղթանա՛կ մեզ»,- ասել է Սարգսյանը:

Արարատի մարզում «Մենք» դաշինքի երկրորդ համար Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել է, թե Հայաստանի հանրապետական կուսակցությունը հակաքարոզչություն է անում իրենց դեմ: Որպես ապացույց՝ թեկնածուն իր հեռախոսով ցույց է տվել լրատվական կայքերից մեկում տեղադրված իր ելույթներից մեկը, որի ներքևում եղել է ՀՀԿ կարգախոսը: Ի դեպ, դատելով Քոքոբելյանի ցուցադրածից՝ երևում է, որ դա պարզապես այդ կայքում ՀՀԿ-ի պատվիրած գովազդային պաստառն է, որոնց կարող ենք հանդիպել բազմաթիվ լրատվականների էջերում: Սքրինշոթը՝ ստորև (Ազատություն ռ/կ-ի տեսանյութից).

Screenshot_1.png (499 KB)


«Փող առնել-տալու գործողության բեմադրում»

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ երեկվա բանավեճի ժամանակ ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը «շատ արագ մերկացրել է Փաշինյանի գիտելիքի, փորձի եւ տեսլականի բացակայությունը»։ Աշոտյանը վտանգավոր է համարում այն հանգամանքը, որ ընտրություններից հետո Փաշինյանը, հստակ տեսլական չունենալով, Հայաստանը ներկայացնելու է արտերկրում և արցախյան բանակցություններում:

ՀՀԿ ցուցակի վեցերորդ համար Էդուարդ Շարմազանովն էլ առավոտյան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ահազանգ է ստացել Վանաձորից, թե երեկ իր նախընտրական շտաբի մոտ երկու հոգի «փող առնել-տալու» գործողություն են բեմադրել: «Երբ շտաբից դուրս են եկել՝ իմանալու, թե ինչ է կատարվում, ՛՛դուխով՛՛ փախել են»,- գրել է Շարմազանովը՝ միևնույն ժամանակ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը:

«Մրցունակ սոցիալ-տնտեսական ծրագիր»

«Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), ինչպես ԲՀԿ-ն և ՔՈ-ն, այսօր քարոզարշավ է իրականացրել Շիրակի մարզում: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշել է՝ պետության համար ամոթ է, որ երկրաշարժից 30 տարի անց մարդիկ ապրում են տնակներում: Բաղդասարյանը այդ փաստն անընդունելի է համարել՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է պետության հատուկ հոգածությունը:

ՕԵԿ առաջնորդը հայտարարեց, որ իրենք մրցունակ սոցիալ-տնտեսական ծրագիր են ներկայացրել և իրենց նպատակն է Հայաստանը դարձնել բարեկեցիկ երկիր:

«Քվեարկելով «Օրինաց երկիր» կուսակցության օգտին՝ ժողովուրդը պետք է գիտակցի, որ քվեարկելու է ավանդների վերադարձի օգտին»,- հայտարարել է Արթուր Բաղդասարյանը:

«Առաջին անգամ գնահատվում են ազգային արժեքները»

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության (ՔԺՎԿ) ներկայացուցիչները՝ համապեական ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանի գլխավորությամբ «այսօր այցելել են Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան:

Իրենց այցը տուն-թանգարան Լևոն Շիրինյանը բացատրել է նրանով, որ վերադառնում են քրիստոնեական արմատներին և ավանդում են, որ ակունքում Գրիգոր Լուսավորիչն է, իսկ Խաչատուր Աբովյանը, ըստ Շիրինյանի, հայ ժողովրդի երկրորդ լուսավորիչն է:

ՔԺՎԿ նախագահի կարծիքով՝ առաջին անգամն է, որ ընտրություններում կարևորվում են ազգային արժեքները, և իրենք հավատարիմ են մնալու այդ արժեքներին՝ եկեղեցու դավանանքի փիլիսոփայությանը, նրա պահպանած արժեքներին:

Հավաքներ Վանաձորում և Արաբկիրում

«Սասնա ծռեր»-ի պես այսօր Լոռու մարզկենտրոն Վանաձորում քարոզարշավ է իրականացրել նաև «Հայ հեղափոխական դաշնակցությունը»: ՀՅԴ-ն հանրահավաք է կազմակերպել քաղաքի Հայք հրապարակում: Դաշնակցական թեկնածուները խոսել են ծրագրերից և ներկայացրել իրենց քաղաքական հայացքները: Երևանի Արաբկիր վարչական շրջանում էլ դաշնակցականները կազմակերպել էին քարոզարշավի եզրափակիչ համերգ:

«Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչները շրջել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում և թռուցիկներ բաժանել քաղաքացիներին:

Քարոզարշավն առանց առաջնորդի

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի «լոկոմոտիվը» հանդիսացող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր գիշերը մեկնել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին:

Այնուամենայնիվ, ընթացքում կառավարության ղեկավարը գրառում է արել իր ՖԲ էջում և անդրադառնալով երեկվա բանավեճին՝ այն համարել է կայացած:

«Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով:

Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ: Սա Նոր Հայաստան է: Դուխով:)»,- գրել է Փաշինյանը:

«Իմ քայլը» դաշինիքի տարածքային թեկնածուների քարոզարշավը շարունակվել է բնականոն հունով:

Հիշեցնենք, որ վաղը՝ դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը, նախընտրական քարոզարշավի վերջին օրն է: Դեկտեմբերի 8-ը հայտարարված է լռության օր, իսկ դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կընտրեն 7-րդ գումարման Ազգային ժողով:

Լուսանկարները՝ կուսակցություների ՖԲ էջերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter