HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեսլուրջ գրառումներ նախընտրական-հետընտրական թեմաներով

Սովետում ասում էին՝ ընտրությունները տոն են: Թվում է՝ չկար աշխարհում ավելի անիմաստ արտահայտություն: Բայց սովետական ընտրություններին դա սազում էր, որովհետև պաշտոնական՝ ընտրությունները տոն են կարգախոսն ակամայից, բայց և նրբորեն շեշտում էր սովետական ընտրությունների անլուրջ, կառնավալային բնույթը, որոնց միակ մասնակից ուժը՝ «կոմունիստների և անկուսակցականների» անհաղթ դաշինքն էր, որը հաղթում էր «էպիկական» և հիրավի տոնական՝ 95-98 տոկոս հավաքելով: Ինձ միշտ հետաքրքրող, բայց այդպես էլ անպատասխան մնացած հարցն այն է, թե այն մնացած 3-5 տոկոսն ովքե՞ր էին՝ իրոք դեմ քվեարկողներ էին լինում, թե՞ պարզապես ըստ նախապես գծված սցենարի՝ պետք է ներկայացվեր այդ մի քանի տոկոս դեմը: Երևի թե ժամանակին ընկեր Ստալինը մտածել է, որ այդպես ճիշտ չի լինի և բոլոր սովետական ընտրությունների համար այդ մի քանի տոկոս դեմը սահմանել է:
Մեր սերնդի տեսած ընտրություններն իհարկե, այդպիսին չեն: Ահագին բան է ավելացել: Տոկոսներն են փոխվել, կոմունիստներն ու անկուսակցականները բաժանվել են մի քանի խմբերի և այլն: Բայց միևնույն է «ընտրությունը տոն է» արտահայտության մեջ, ինչ ուզում ես ասա, կա հատուկ շարմ, հատուկ «երկիմաստ իմաստ», հատուկ երանգ: Որովհետև, այո, որքան էլ լուրջ քաղաքական միջոցառում է ընտրությունը, կառնավալային տարրը կա, ու դա ոչ վատ է, ոչ լավ, այլ անհրաժեշտ աղ ու բիբար, առանց որի ճաշը ճաշ չէ:
Որքան էլ բոլորս ձևացնենք, որ մեր ուզածը բովանդակային վեճ է ծրագրերի շուրջ, բայց ծրագրերը ոչ ոք չի կարդում (ու լավ է անում, որովհետև վաղուց անցել են ժամանակները, երբ մարդիկ վիճում էին իրոք սկզբունքային բաների շուրջ, մնացել է միայն դրա ձևը), իսկ բովանդակային վեճ 11 ուժերի մասնակցությամբ երկու շաբաթում ու արագ տեմպի մեջ չի կարող լինել ըստ ժանրի կանոնների: Իսկ ընտրարշավի «ֆինալից»՝ առաջին դեմքերի բանավեճից բոլորիս հիշողության մեջ մնում է նախևառաջ բանահյուսականը՝ «քու կլասիկ ցավը տանեմ»-ն ու «ԼԳԲՏ ակտիվիստ»-ը: Ու պետք չէ հոնքերը կիտած բողոքել, այլ պետք է թուլանալ ու ստանալ առավելագույն հաճույք, որովհետև ընտրությունը տոն է, և նույնիսկ հոնքերը կիտած ջղայն ձաձան, ըստ կառնավալի դասական սցենարի՝ նրա հերոսներից մեկն է ընդամենը:

Ընտրությունների արդյունքում կունենանք այն, ինչ առանց այդ էլ ունենք՝ հին-նոր, կլասիկ-իմպրեսիոնիստ, կուբիստ-սյուրռեալիստ, կիսատ, անցումային քաղաքական դաշտ. այն, ինչ տեսանք հեռուստաբանավեճում: Շատ բան է փոխվել Հայաստանում անցնող տարում, բայց և շատ քիչ բան է փոխվել: Հեռուստաբանավեճն այս ամենի, բոլոր հակասությունների սիրուն մանրապատկերն էր՝ ուրախ և նյարդայնացնող, լուրջ և կառնավալային:

Ամենահեշտը «Հանրապետական»-ի դիրքն ու գործն է, որքան էլ դա զարմանալի թվա առաջին հայացքից, և որքան էլ շատերիս դուր չգա:
Նրանք ընտրել են դասականի ասած՝ «կլասիկ» արմատական ընդդիմադիր դիրքը, որի դեպքում կարևոր է ոչ այնքան քննադատության համարժեքությունն իրականությանը, այլ քննադատության առավել սրությունը, չափազանցությունը և վախճանաբանական բնույթը: Սա, այսպես ասած, քննադատություն է ավանսով՝ որևէ իշխանություն, ցանկության դեպքում անգամ, չի կարող նման վախճանաբանական քննադատության արժանի քաղաքականություն վարել ընդամենը մի քանի ասմվա ընթացքում, բայց քանի որ ցանկացած իշխանություն էլ սխալական է, ինչ-որ մի իքս պահից ապագայում, վախճանաբանական քննադատության որոշ դրույթներ կարող են ավելի համարժեք դառնալ իրականությանը, իսկ առավել ևս հանրային այլևայլ շերտերի տրամադրությանը: Այդ դեպքում շահում է նա, ով առաջինն է ասել՝ «երկիրը կործանվում է», իսկ «ռեժիմը խուճապի մեջ է»: Իհարկե այսօր դեռ շատ էկզոտիկ է ՀՀԿ-ն՝ ընդդիմադիր, առավել ևս վախճանաբանական երանգով ընդդիմադիր քննադատի դերում, բայց մենք այս ամենն արդեն մի քանի անգամ անցել ենք անկախ Հայաստանի պատմության ընթացքում՝ չափից ավելի զարմանալու կամ զայրանալու համար: ՀՀԿ-ն այսօր խոսում է ճիշտ այն նույն ոճով, որով խոսել են Հայաստանի բոլոր ընդդիմությունները՝ Արշակ Սադոյանից սկսած:
Արշակ Սադոյանը մեղադրում էր ՀՀ իշխանությանը բոլոր հնարավոր մեղքերում, նախևառաջ, իհարկե, Ղարաբաղը ծախելու ցանկության մեջ ոչ թե, ասենք, 1994 կամ 1996, այլ հենց 1992 թվականից՝ նույն «ավանսի» սկզբունքով: Իսկ օրինակ 1998-ին ինձ նման միամիտ երիտասարդի համար բավականին զարմանալի էր, որ դեռ երեկ իշխանություն եղած գործիչները, դեռ չհասցրած էլ մի քանի օր հանգստանալ պաշտանավարումից հետո, անմիջապես հայտարարում էին, որ երկիրը կործանման եզրին է (չնայած իրենք էին դա կառավարում, եթե ոչ բառացի մի քանի օր, ապա մի քանի ամիս առաջ): Հիմա՝ 20 տարի անց, երբ արդեն միամիտ երիտասարդությունս անցյալում է, զարմանալու առիթ այլևս չեմ տեսնում: Մի անարդարություն կա միայն՝ Արշակ Սադոյանին հեղինակային իրավունքների համար տոկոս չի վճարվում: Իհարկե, համաշխարհային մասշտաբով Սադոյանը չէ գյուտարարն ընդդիմադիր այդ ոճի, բայց «ի Մեծ Հայս» նա է առավել հիշարժան հիմնադիր հայրը:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ ՀՀԿ-ի սադոյանականացումը անհեռանկարային, ոչ ձեռնտու ոճ է: Իրականում, նախ նախկին իշխող ուժը պարզապես չունի էլ այլ տարբերակ՝ ցանկացած այլ դիրքերից խոսելը, ասենք, իրենց իսկ ժամանակին գովաբանված «կառուցողականից» գոնե նախընտրական շրջանում ընդհանրապես նրանց ապագայի վրա խաչ կքաշեր, իսկ «արմատականը» հնարավորություն է տալիս փորձելու մոբիլիզացնել նոր իշխանությունից դժգոհ շերտի առավելագույնը: ՀՀԿ-ին այս փուլում շատ բան պետք էլ չէ՝ մի 5 պատգամավորը լիովին հերիք է: Քանի որ նրանք ունեն ֆինանսական, կազմակերպչական և տեղեկատվական ռեսուրս, ապա, այդ 5 պատգամավորը կարող են դառնալ այլ՝ նման ռեսուրսների չտիրապետող ոչ իշխանական ուժերի մի քանի անգամ շատ պատգամավորաքանակի համարժեք ուժ:

Մյուս կողմից, այս ընտրությունները վերջինն էին մինչև հաջորդ իշխանափոխություն, որոնց ընթացքում նախկին իշխանության քննադատության, այդ քննադատությունը քարոզչության գլխավոր թեմա դարձնելը կարող էր լուրջ հաջողություն ապահովել: Այս «վերջին հնարավորությունից» էլ լիուլի օգտվեց «Իմ քայլը» դաշինքը: Որքան էլ բողոքենք քարոզարշավի անբովանդակությունից, բայց ինքնին պարզ է, որ իշխանական դիրքերից, երբ պետք է շեշտը դնես քո արած-չարածի վրա շատ ավելի բարդ է կառուցել հաջողակ քարոզչություն, քան ընդդիմադիր քննադատողականից: Ու քանի որ Նիկոլի թիմն դեռ հնարավորություն ուներ իր նախկին ընդդիմադիր դիրքերից օգտվելու, նա լիուլի օգտագործեց դա: Այսպես թե այնպես հաջորդ անգամ նրանք այդ հնարավորությունը չեն ունենալու կամ, համենայն դեպս, դա այլևս արդյունավետ մարտավարություն չի լինելու: Իսկ թե արդյոք իշխանության ընդդիմադիր քննադատությունն ավելի ու ավելի ժողովրդականություն կվայելի, կախված է ոչ այնքան կիսամիֆական էյֆորիայի անկումից, այլ նրանից, թե նոր իշխանությունն ի վերջո բացի զուտ բացասող՝ «չենք գողանալու, չենք կեղծելու, գողերին ու կեղծողներին պատժելու ենք» ինքնին ողջունելի, բայց չեմ կարծում, որ հանրության լայն շերտերի համար բավարար ծրագրից, կկարողանա նաև հանրության մեջ զարգացման, առաջընթացի, կյանքի իրական բարելավման զգացողություն ստեղծել և իր ձևակերպումները թռիչքի, առաքելության և այլնի մասին համակարգի վերածել:

Մենք նաև հրաժեշտ տվեցինք քաղաքական նախկին դաշտի գրեթե վիպական հերոսներին՝ այսպես կոչված «կոալիցիոն գործընկերներին»: Կարևոր չէ նույնիսկ, որ դրանցից մեկը՝ ԲՀԿ-ն, դեռ հնարավորություն ունի ներկայացված լինելու նոր ԱԺ-ում: Հարցը ներկայացված լինելը չէ, այլ այն, որ եթե քաղաքական նախկին համակարգում ԲՀԿ-ն և մյուս «գործընկերները» իրենց տրամաբանված տեղն ու դերն ունեին, յուրահատուկ բուֆերային գոտում էին իշխանության և ընդդիմության միջև, և ժամանակ առ ժամանակ ծառայություններ էին մատուցում թե՛ մեկին, թե՛ մյուսին՝ նաև ստանալով սեփական քաղաքական «եկամուտը» այդ մանևրներից, ապա այժմ նույնիսկ ԱԺ-ում ներկայացված լինելու դեպքում, հասկանալի չէ նրանց ընդհանուր տեղը դաշտում: Միգուցե նրանք դեռ գտնեն դա, բայց առայժմ, իրավիճակն ավելի նման է վերջին համերգի: Ի դեպ, խոստովանենք, որ վերջին համերգի համար նույն Ծառուկյանն ահագին էլ լավ տպավորություն թողեց, և նույնիսկ Բաղդասարյան Արթուրը մի երկու անգամ զարմացրեց:

Առայժմ առանձնապես չեն տպավորում նոր հայտ ներկայացնող ուժերը, բայց կարծում եմ, որ եկող մեկ-երկու տարվա մեջ, նոր քաղաքական իրավիճակում ի հայտ կգան իրապես թարմ մոտեցումներով քաղաքական միավորներ, որոնք էլ կկազմեն նոր քաղաքական դաշտը, իսկ այս պահին դեռ նման գործընթացների փորձնական քայլեր են արվում միայն:

08.12.2018

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter