HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծայրահեղությունից ծայրահեղություն

3 տարի առաջ

- Hello, do you speak English?

- Yes, - ասացի՝ շրջվելով։ Տեսա լայն ժպիտ՝ փոքր-ինչ ուռած այտերի արանքում, եւ արեւից կկոցված աչքեր։ Հետո' կարճ կիսատաբատ եւ «Մանչեսթեր Յունայթեդ» գրությամբ սպորտային շապիկ։

Անգլիացի էր։ Ասաց, որ երեկ առավոտյան է ժամանել Հայաստան: Արդյո՞ք դեմ չեմ, որ մի փոքր քայլի ինձ հետ:

-Դուք առաջին մարդն եք այսօր, ով ասաց, որ անգլերեն գիտի,-կարծես պատճառած անհանգստության համար ներողություն խնդրելով՝ ասաց նա։

Ես դեմ չեմ, եւ Աբովյան փողոցով բարձրանում ենք դեպի Երիտասարդական մետրո:

Անգլիացու անունը Դանքան է։ Նրա ձեռքին կա Երեւանի քարտեզը եւ երկու գիրք Հայաստանի տեսարժան վայրերի մասին։

Նա հիացած նայում է շուրջը, ժպտում անցորդներին, որոնք պատասխանում են ժպիտով. հո հա՞յ չէ, որ թարս-թարս վրան նայեն:

-Գիտե՞ք,-ասում է Դանքանը,-ողջ կյանքիս երազանքն է եղել այցելել Հայաստան: Քսան տարի անընդմեջ փող եմ կուտակել, որ գամ, ուզածիս չափով ապրեմ այստեղ, ամեն ինչ տեսնեմ Հայաստանում:

-Իսկապե՞ս,-անկեղծորեն զարմանում եմ ես: Եվրոպան ինձ համար շատ հեռու է ու անհասանելի, իսկ Անգլիան Եվրոպայի թերեւս ամենաանհասանելի երկիրն է: Մենք երազում ենք գնալ Եվրոպա, եւ դա շատ բնական է, բայց այ, որ ինչ-որ մեկը Եվրոպայից երազի գալ այստեղ...

Դանքանը պատմում է, որ Հայաստանի մասին իմացել է պատահաբար, Ինտերնետից՝ հանդիպելով Եղեռնի մասին էջին։

Տրիվիալ է։ Եղեռն։ Երկրաշարժ։ Ղարաբաղի հարց։ Օտարերկրացիների հիմնական պատասխաններն են, երբ հարցնում ես, թե ինչ գիտեին Հայաստանի մասին նախքան այստեղ գալը:

-Դուք եք մեղավոր,-հնարավորինս մեղմ կշտամբում է նա,-անգլալեզու տեղեկատվությունը Հայաստանի մասին շատ սակավ է։

Միգուցե: Իսկ ի՞նչ կուզենար տեսնել Հայաստանում:

-Այս գրքում մի տաճար կա, որ նման է Ակրոպոլիսին, անպայման ուզում եմ տեսնել այն:

-Ահա, Գառնիի տաճարն է, Երեւանից շատ հեռու չէ։

-Մի խնդրանք էլ,-ասում է Դանքանը,-որտե՞ղ կարող եմ հանդիպել հայերին' շփվելու համար:

Զարմացած պարզաբանում եմ, որ ինքը Հայաստանում է, այստեղ ամենուր հայեր են:

- Ի՞նչ է, հյուրանոցում հայեր բոլորովին չկա՞ն,-հարցնում եմ:

Դանքանն ապրում է «Արմենիա» հյուրանոցում։

-Դե կան, բայց նրանք բոլորը զբաղված մարդիկ են, անընդհատ շտապող, կանհանգստացնեմ իրենց:

Պատրաստվում եմ ասել, որ անգլիական փափկանկատությամբ Հայաստանում հեռու չես գնա, բայց չեմ հասցնում:

-Հացի փոոոող տվեք...,-հանկարծ լսվում է կողքիս։ Պատառոտած հագուստով, հարյուրավոր կնճիռներով մի տատիկ է։

Միանգամից այնպես վատ եմ զգում ինձ, կարծես իմ տատիկն է կամ ես եմ նրան այդ վիճակին հասցրել: Այն ժամանակ ես մուրացկաններին փող չէի տալիս. չէի ուզում Հայաստանը դառնար մուրացկանների երկիր: Այն ժամանակ ավելի երիտասարդ էի։ Հիմա հաճախ դավաճանում եմ այդ սկզբունքին։

-Խնդրում եմ, գնացեք,-շշնջում եմ տատիկին:

Ծեր կինն ինձ վրա ուշադրություն չդարձնելով՝ աղերսում է Դանքանին.

-Մի քիչ փոոոող...

Անգլիացին վախեցած ինձ է նայում։

-Սա ո՞վ է, ի՞նչ է ուզում։

-Գնացեք, խնդրում եմ, նա չի հասկանում հայերեն, մի խայտառակեք ձեզ,-ասում եմ կնոջը։

Նա, ատելությամբ նայելով ինձ, ետ է քաշվում եւ, երբ անցնում ենք փողոցը, բղավում է ետեւներիցս։ Այնքան բարձր է բղավում, որ մարդաշատ փողոցում այդ պահին գտնվող բոլոր անցորդները կանգ են առնում եւ ինձ են նայում։ Նա բղավում է.

-Վայելի, վայելի, նախանձ, մենակ վայելի արտասահմանցուդ։

Ես զգում եմ, թե ինչպես եմ միանգամից կարմրում։ Ու ցավ եմ զգում։ Չեմ ուզում այս տատիկն այդպես մտածի իմ մասին։ Չեմ ուզում, որ այդպես մտածի հայ աղջիկների մասին։

-Դա ո՞վ էր,-հարցնում է Դանքանը։

-Մուրացկան էր,-ասում եմ ես փոքր-ինչ կտրուկ։-Մուրացկան։ Ի՞նչ է, Անգլիայում չկա՞ն։

-Չէ,-ասում է նա։

-Իրո՞ք։

-Հա։

Հետաքրքիր է։ Չգիտեի, որ նման երկրներ էլ կան։

Երբ հասնում ենք մետրո, պայմանավորվում ենք էլի հանդիպել: Ես նրան ուղարկում եմ Օպերայի տարածքի սրճարաններ' հայերի հետ շփվելու, եւ գնում եմ աշխատանքի։

Երկու շաբաթից նորից ենք հանդիպում: Դանքանը հասցրել է բավականին բան իմանալ Հայաստանի մասին ու շտապում է հետս կիսել իր դիտարկումները: Նա մի փոքր ընկճված է, թեեւ ջանում է ցույց չտալ:

-Ի՞նչ է, գրքերում Հայաստանն ավելի՞ լավն էր, քան իրականում,-ծիծաղում եմ ես:

-Դե չէ... Պարզապես անսովոր է: Անգլիայում կյանքը շատ հանգիստ է, անշտապ, իսկ այստեղ մարդիկ անընդհատ վազվզում են, նույնիսկ եթե ոչ մի կարեւոր տեղ չեն շտապում: Նյարդային են, քիչ են ժպտում միմյանց:

-Դժվար կյանքից է,-ուսերս թոթվում եմ ես:

- Ահա, բոլորն անընդհատ բողոքում են իրենց կյանքից էլ, երկրի վիճակից էլ... Ամեն ինչից, բայց ոչինչ չեն անում այն բարելավելու համար:

Առաջարկում եմ նրան անցնել հաջորդ թեմային. այս մեկը շատ բարդ է ու երկար:

-Հայերը շատ սիրալիր են, բարյացակամ: Բայց չափից դուրս ընտանեվարի են,- թեման համաձայնում է փոխել նա:

Դանքանը բողոքում է, որ իր հետ խոսելիս մարդիկ ձեռքը դնում են ոտքին կամ խփում ուսին ծանոթության պահից դեռ 5 րոպե էլ չանցած, շնչում են ուղիղ դեմքին եւ ծիծաղում չափից դուրս բարձրաձայն:

Այս օրերի ընթացքում Դանքանը հասցրել է ծանոթանալ մի մարդու հետ, ով 42 տարեկան է եւ իր կնոջ ու երեխաների հետ ապրում է ծնողների տանը, երկու սենյականոց բնակարանում:

-Պատկերացնու՞մ ես, ես այս տարիքումս (50) ապրեի ծնողներիս հետ,- սարսափում է նա:

Մի անգամ էլ մի մարդ ավտոբուսի կանգառում ցավոտ տրորել է ոտքը: Դանքանը շրջվել է լայն ժպիտը դեմքին' ներողության ակնկալիքով, այնինչ տղամարդը նույնիսկ չի նայել իր կողմը:

Հետո ծանոթացել է Օտար լեզուների ինստիտուտում ուսանող մի երիտասարդ աղջկա հետ:

-Ձեր աղջիկներն այնքան բաց ու կարճ են հագնում եւ շատ համարձակ են իրենց պահում, բայց այդ ամենը լոկ արտաքին է,-ասում է Դանքանը:-Իրականում դուք շատ կաշկանդված եք, հատկապես սեռական հարցերում:

Աղջկա հետ զրույցի ընթացքում Դանքանը հարցրել է նրան, թե հայ աղջիկները ի՞նչ տարիքում են նախընտրում սեռական հարաբերություններ սկսել:

-Երբ ամուսնանանք,-կտրուկ պատասխանել է աղջիկը եւ խնդրել նրան թեման փոխել...

Դանքանը Հայաստանում անցկացրեց կես տարի: Այդ ընթացքում հասցրեց քննարկել եւ քննադատել Հայաստանում կյանքի բոլոր ոլորտները, սիրահարվել եւ հայկական ավանդույթներով ամուսնանալ «բարդույթավորված հայուհիներից» մեկի հետ: Հետո կնոջ հետ վերադարձավ Միացյալ թագավորություն:
3 տարի անց

Ես գնում եմ Անգլիա: Այս երկրի մասին պատկերացում կազմել եմ միայն մինչ այժմ ինձ հանդիպած միակ անգլիացու' Դանքանի հետ շփումից:

Համոզված եմ, որ Վիկտորյա թագուհու ժամանակներից այստեղ ոչինչ չի փոխվել. Անգլիայում ապրում են միմիայն քաղաքավարի լեդիներ եւ ջենթլմեններ: Երկիրն այնքան բարգավաճ է, որ մուրացկաններ չկան:

«Իսթ Միդլանդս» օդակայանում ձմեռային սառը քամու ներքո սպասում ենք մեր անգլիացի ինտերնետային ընկերներին, որ մեքենայով գան, մեզ տանեն:

Մեզ մոտենում է մի երիտասարդ' վշտացած դեմքով։ Հագին լավ որակի ջինսե տաբատ է եւ կաշվե բաճկոն:

-Հասկանու՞մ եք,-դեռ հեռվից բղավում է նա,-ընկերներս պիտի հանդիպեին ինձ այստեղ, բայց չկան, ու ես ստիպված եմ տաքսիով գնալ տուն։ Ինձ ընդամենը 2 ֆունտ է պակասում։ Խնդրում եմ, ներեցեք, որ անհանգստացնում եմ ձեզ, ես այնքան եմ ամաչում, բայց կարո՞ղ է երկու ֆունտ ունենաք։

Ես' կանգնած քիչ հեռվում, նայում եմ, թե ինչպես է ամուսինս մխիթարում նրան ու գրպանից հանում մոտ 2000 դրամին համարժեք 2 ֆունտանոցը, եւ հասկանում եմ, որ առաջին մարդը, որ մեզ դիմավորեց Անգլիայում, մուրացկանն է։

Հայ մուրացկանները գոնե ընդամենը 50 դրամ են ուզում:

Հետո նրանց դեռ շատ կհանդիպենք: Անգլիայի մուրացկանները նման չեն մեր մուրացկաններին։ Ցնցոտիներ, խեղճ հայացք, աղերսագին աչքեր... Չէ, այստեղ ուրիշ մեթոդներով են փող մուրում:

Ես ամբողջ օրը բան չունեմ անելու, զբոսնում եմ փողոցներով, մտնում եմ խանութներ: Դուրս եմ գալիս փողոց եւ ինձ զգում եմ կոլիբրիների երամն ընկած ագռավի պես։ Ընդ որում' կիսամերկ կոլիբրիների։ Ձմեռ է, դրսում 2-3 աստիճան ցուրտ, սակայն աղջիկները փողոցում քայլում են գոտկատեղից հազիվ 4-5 սմ երկարությամբ կիսաշրջազգեստներով ու կարճ շապիկներով: Մեծ մասը բավականին գեր է, շորի խայտաբղետ կտորտանքները սպառնում են պատռվել մարմնի վրա, եւ պետք է տեսնել հպարտությունը, որով նրանք կրում են իրենց գեր մարմինը:

Ի տարբերություն հայուհիների, անգլուհիները ամենեւին կաշկանդված չեն, հատկապես սեռական հարցերում: Այնպիսի տպավորություն է, որ աղջիկների ամենակարեւոր զբաղմունքն այստեղ արական սեռի ներկայացուցիչների որսն է: Ու հաջող որսի համար նրանք պատրաստ են նույնիսկ սառչել ու հիվանդանալ:

Սեռական հարաբերությունների թեման նրանց խոսակցություններում զբաղեցնում է երկրորդ տեղը' եղանակից հետո:

Միջին անգլիացիների, հատկապես երիտասարդության ամենասիրելի շոուն «Մեծ եղբայրն» է: Կարող են անսխալ թվել բոլոր մասնակիցների անունները, ասենք, 2001 թվականի խաղից: Դա «Դոմ-2»-ի պես հեռուստաշոու է, միայն շատ ավելի բացահայտ եւ կենտրոնացած սեռական հարաբերությունների տեսարանի վրա:

Քաղաքում, որտեղ մենք ապրում ենք, բարերը փակվում են 10-11-ին: Փակվելուց մի 10 րոպե առաջ սկսվում է ալկոհոլի' կայծակնային արագությամբ «պահուստային» կլանումը, բաժակ բաժակի ետեւից: Հետո գինովցած տղաներն ու աղջիկները դուրս են գալիս փողոց' աղաղակելով, հռհռալով եւ կռվելով, ու տարեց մարդիկ նրանց նայում են նույն կշտամբանքով, որով Հայաստանում նայում են կարճ կիսաշրջազգեստով աղջիկներին:

Անգլիայում կյանքն, իրոք, շատ հանգիստ է, առանց ավելորդ սթրեսների: «Առողջություն եւ անվտանգություն» սկզբունքն ամեն ինչի հիմքում է:

Սակայն անգլիացիներն էլ են ամբողջ օրը բողոքում: Լուրջ խնդիրներ չունենալով' բողոքում են, ասենք, անընդհատ անձրեւներից, կարճ արձակուրդներից:

Ու երբ Դանքանի եւ անգլիացի այլ ընկերներիս հետ երեկոները գնում եմ գարեջուր խմելու, ես էլ բողոքում եմ Անգլիայում տիրող վարքուբարքից: Բողոքում եմ ոչ թե որովհետեւ սա սխալ է, իսկ մերը' ճիշտ. պարզապես ես էլ մերին եմ սովորել:

Կշտամբում եմ բրիտանական կառավարությանը, որ հոգ է տանում անչափահաս միայնակ մայրերի մասին. ապահովում է բնակարանով, մեքենայով, ապագա երեխային անհրաժեշտ ամեն ինչով: Եվ նրանց պակասն այստեղ չի զգացվում. ոմանք, ովքեր, ասենք, հոգնել են ծնողների հետ ապրելուց, նույնիսկ պայմանագրեր են կնքում տղաների հետ' հղիանալու համար:

Բողոքում եմ այստեղի կյանքից, որ այնքան հանգիստ է, որ մտածելու ու անհանգստանալու պակասից ուղեղդ ժանգոտում է:

Բողոքում եմ չափից դուրս քաղաքավարությունից: Պաշտոնական քաղաքավարությունից նույնիսկ ընտանիքի անդամների հանդեպ, ծնող-զավակ հարաբերությունում:

«Շնորհակալություն», «ներողություն» բառերն այստեղ ասվում են րոպեում 100 անգամ: Յուրաքանչյուր ուղեւոր ավտոբուսից իջնելիս պարտադիր շնորհակալություն է հայտնում, եւ խեղճ վարորդը բոլորին պետք է պարտադիր պատասխանի, հետն էլ ժպտա:

Ու ամենազավեշտալին այն է, որ անգլիացիներն էլ են տառապում նույն համատարած դեպրեսիայից, ինչ որ մենք: Միգուցե իրենց մոտ էլ դա անընդհատ ժպտալու՞ց է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter