
Պատգամավորի «ամենառեյտինգային» թեկնածուները
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում առաջադրված թեկնածուներից «ամենառեյտինգային»-ը Սասուն Միքայելյանն է: Նա առաջադրվել էր «Իմ քայլը» դաշինքից Կոտայքի մարզում՝ 10-րդ ընտրական տարածքում և հավաքել է 31739 ձայն:
«Ամենառեյտինգային» թեկնածուների եռյակում են նաև «Իմ քայլը» դաշինքի այլ պատգամավորներ՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ու Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը:
Բոլոր ընտրական տարածքներում պատգամավորի ամենառեյտինգային թեկնածուները «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն են: Ընդ որում՝ յուրաքանչյուր ընտրական տեղամասում նրանք առաջին եռյակն են զբաղեցնում: Բացառություն է կազմում միայն Կոտայքի մարզը, որտեղ երրորդ հորիզոնականում հայտնվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետը՝ Էդուարդ Բաբայանը:
(Թերթեք գրաֆիկը, որպեսզի տեսնեք բոլոր ընտրատարածքներում «ամենառեյտինգային» 3 պատգամավորների հավաքած քվեների թիվը):
«Իմ քայլը» դաշինքից Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական միավորներով կազմված 1-ին ընտրատարածքում «ամենառեյտինգային» պատգամավորը Հայկ Կոնջորյանն է, որ հավաքել է 12784 ձայն: Նրան հաջորդում է են Երջանիկ Հակոբյանը և Տաթևիկ Հայրապետյանը:
Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանները միավորող 2-րդ ընտրատարածքում Տիգրան Ավինյանն է առաջատարը՝ 14314 ձայն, հաջորդում են Լենա Նազարյանը և Նիկոլայ Բաղդասարյանը:
Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքները միավորող 3-րդ ընտրատարածքում Արարատ Միրզոյանն է՝ 25550 ձայնով: Հաջորդում են ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ու Հրաչյա Հակոբյանը:
Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն համայնքներն ընդգրկող 4-րդ ընտրական տարածքում Ալեն Սիմոնյանն է ձայների գերակշիռ մասը ստացել՝ 21812: Հաջորդում են Վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Դավիթ Սանասարյանն ու Էդուարդ Աղաջանյանը:
Արարատի մարզում, որը 5-րդ ընտրատարածքն է, «ամենառեյտինգային» պատգամավորի թեկնածուն Գարիկ Սարգսյանն է, հավաքել է 22604 ձայն:
Արմավիրի մարզում, որը 6-րդ ընտրատեղամասն է, Արգիշտի Մեխակյանն է առաջատարը՝ 13122 ձայնով: Նրան հետևում են Վիկտոր Ենգիբարյանն ու Նարեկ Մկրտչյանը:
7-րդ ընտրական տարածքում, այսինքն՝ Արագածոտնի մարզում, 16508 ձայն հավաքել է Դավիթ Գևորգյանը: Նրան հաջորդում են Մաթևոս Ասատրյանն ու Սերգեյ Մովսիսյանը:
Գեղարքունիքի մարզում՝ 8-րդ ընտրական տարածքում, առաջատարը Վարազդատ Կարապետյանն է՝ 14616 ձայնով, հաջորդում են Գնել Սանոսյանն ու Հայկ Սարգսյանը:
Լոռիում՝ 9-րդ ընտրատարածքում, հաղթողը Արամ Խաչատրյանն է՝ 15038 ձայնով: Ետ չի մնում Սուրեն Պապիկյանը, այնուհետև՝ Արեն Մկրտչյանը:
Կոտայքի մարզում, որը 10-րդ ընտրատարածքն է, պատկերը մի փոքր տարբերվում է մնացածներից, քանի որ այստեղ ամենառեյտինգային եռյակում հայտնվել է ԲՀԿ-ական թեկնածու Էդուարդ Բաբայանը: Նա երրորդն է և հավաքել է 7472 ձայն: Առաջատարը մնում են «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ Սասուն Միքայելյանը և Ռոմանոս Պետրոսյանը:
11-րդ ընտրական տարածքում` Շիրակի մարզում, առաջին տեղում Ֆելիքս Ցոլակյանն է՝ հավաքել է 24172 քվե, հաջորդում են Կարեն Սարուխանյանն ու Սոֆիա Հովսեփյանը:
Սյունիքի և Վայոց ձորի մարզերում՝ 12-րդ ընտրական տարածքում, «ամենառեյտինգային» թեկնածուն Տրդատ Սարգսյանն է՝ հավաքել է 10042 ձայն: Նրան քիչ տարբերությամբ և գրեթե նույնաչափ ձայներով հաջորդում են Տիգրան Կարապետյանն ու Նարեկ Բաբայանը:
Եվ վերջապես Տավուշի մարզի՝ 13-րդ ընտրատարածքի առաջատարը Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին է՝ Սիփան Փաշինյանը: Նա հավաքել է 17155 ձայն: Հաջորդում են Վահե Ղալումյանն ու Հայկ Չոբանյանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններին, համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների, ռեյտինգային ցուցակներով պատգամավորի 3 թեկնածուներ 40 հազարից ավելի ձայներ էին ստացել: Ընդ որում՝ 3-ն էլ Հանրապետական կուսակցությունից: Արայիկ Գրիգորյանը հավաքել էր ավելի քան 45 հազար ձայն, Կարեն Կարապետյանը՝ ավելի քան 44 հազար ձայն, Սամվել Ալեքսանյանը՝ ավելի քան 42 հազար ձայն:
Կուսակցությունների և դաշինքների ռեյտինգային թեկնածուները
Արդեն իսկ պարզ է, որ խորհրդարանում, բացի «Իմ քայլը» դաշինքից, հայտնվել են նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:
ԲՀԿ-ից «ամենառեյտինգային» թեկնածուների եռյակը հետևյալ կերպ է դասավորվել. Էդուարդ Բաբայանը մեծ թվով ձայներ է հավաքել և գլխավորում է ԲՀԿ-ական թեկնածուների եռյակը: Նրան հաջորդում են Նահապետ Գևորգյանի որդին՝ Քաջիկ Գևորգյանն ու Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության «ամենառեյտինգային» թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, հավաքել է 4450 ձայն: Հաջորդում են Մանե Թանդիլյանը՝ 3636 ու Վահրամ Ավագյանը՝ 2146 ձայն:
(Թերթեք գրաֆիկը, որպեսզի տեսնեք թեկնածուների հնգյակն ու նրանց հավաքած քվեների թիվը՝ յուրաքանչյուր կուսակցությունից կամ դաշինքից):
ՀՀԿ-ից ամենաշատ ձայներ հավաքել է 2-րդ ընտրատարածքում առաջադրված Վիգեն Սարգսյանը՝ 4087: Նրան հաջորդում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը:
2396 ձայն հավաքել է Արմեն Աշոտյանը:
«Մենք» դաշինքում առաջին եռյակը կազմել են Մանվել Ղազարյանը, Արմեն Մկրտչյանն ու Կառլեն Մինասյանը:
Ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը, ով առաջադրվել էր 1-ին ընտրատարածքում, հավաքել է ընդամենը 485 ձայն, իսկ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ 661 ձայն:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից ամենաշատ ձայներ հավաքել է 3-րդ ընտրատեղամասում առաջադրված Արթուր Ավագյանը՝ 500 ձայն: Երկրորդ տեղում կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանն է:
ՀՅԴ-ի առաջին եռյակը գլխավորում է 8-րդ ընտրատարածքում առաջադրված, Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Նրան հաջորդում է Աշոտ Սիմոնյանը:
Արծվիկ Մինասյանը, առաջադրված 6-րդ ընտրատարածքում հավաքել է 1499 ձայն:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունից առավելագույն ձայներ են հավաքել 11-րդ ընտրատարածքում առաջադրված Վարդան Սրտաշյանը՝ 374 և 10-րդ ընտրատարածքում առաջադրված Հայկ Սուքիասյանը՝ 238:
«Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուներից առաջատարը Հայկ Փայտյանն է, նրան հավասար ձայներով հաջորդում են Սամվել Ստեփանյանն ու Արտավազդ Իսկանդարյանը:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության առաջին երկու տեղերում եղբայրներ Արեգ և Սերգեյ Կյուրեղյաններն են: Հաջորդում է Գարուշ Ավագյանը:
«Օրինաց երկիր» կուսակցության եռյակում են համապատասխանաբար՝ Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը և Հայկ Հովհաննիսյանը:
Մեկնաբանել