
ՀՀԿ. «Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ»
ՀՀԿ Կենտրոնական շտաբը հայտարարություն է տարածել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Ավարտվեցին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքներով պետք է կազմավորվի 7-րդ գումարման խորհրդարանը։ Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների,ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ: Կառավարման խորհրդարանական համակարգի անցման հիմնական նպատակներից մեկը հենց տարբեր, անգամ հակադիր կարծիքների համադրման հնարավորության ստեղծումն է: Հետևաբար, ցավալի է, որ ընտրարշավն այդքան խորը բաժանարար գծեր ստեղծեց:
Մենք հաջողություն ենք մաղթում խորհրդարան անցած ուժերին և նրանց ձևավորելիք կառավարությանը, քանի որ դրանից է կախված մեր երկրի և ժողովրդի անվտանգությունն ու զարգացման հեռանկարը: Ընտրապայքարի ընթացքում մեր հնչեցրած մտահոգությունները չէին կրում քարոզչական բնույթ, այլ արտահայտում էին մեր խորին անհամաձայնությունն արտաքին, անվտանգային և պաշտպանական քաղաքականության, սոցիալ-տնտեսական միտումների, ազգային արժեքների խաթարման և, ամենակարևորը, Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հնչեցվածմոտեցումների և առաջին տեսանելի քայլերի առումով: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքն այս ուղղություններով որպես արտախորհրդարանական ուժ:
Ներքին քաղաքական այս թեժ մրցակցությունը չպետք է ոգեւորի Հայաստանի և Արցախի թշնամիներին։ Անկախ միջկուսակցական պայքարում բոլոր տարաձայնություններից` Հանրապետականը հանձնառու է մնում մաս լինելու մեր ժողովրդի խնդիրների լուծմանը և շարունակելու է ամուր կանգնել մեր փառապանծ Զինված ուժերի կողքին։
Եվ վերջապես, շնորհակալություն ենք հայտնում մեր բոլորաջակիցներին։ Դուք վստահեցիք և քվե տեվեցիք մեզ բարդ իրավիճակում: Անշուշտ, ընտրություններն ամփոփող պաշտոնական տվյալները չեն արտահայտում այն արդյունքը, որի համար պայքարում էինք։ Վստահ եղեք, որ անելու ենք մեզանից կախված ամեն բան, որ պոպուլիզմի աղմուկը չխլացնի ձեր ձայնը և ձեզ մտահոգող հարցերը շարունակեն ներառված մնալ երկրի քաղաքական օրակարգում:
Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»։
Լուսանկարը` «Եթե մտահոգ ես» ֆեյսբուք էջից
Մեկնաբանել