HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Միջազգային դիտորդական առաքելությունները դրական են գնահատել ընտրությունները, սակայն մտահոգ են քարոզարշավի ֆինանսավորմամբ

Երեկվա ընտրություններից ստացված հիմնական եզրակացությունն այն է, որ գործընթացը տեղի է ունեցել ազատ պայմաններում և արժանացել է ժողովրդի լայն վստահությանը: Այս մասին միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող եւ առաջնորդ Պետեր Օսուսկին:

Օսուսկին նշեց, որ մտահոգություններ է առաջացրել ընտրությունների ֆինանսավորման կարգը, որն ըստ նրա՝ ստեղծել է որոշակի անհավասար պայմաններ: Օսուսկին ասաց, որ խախտումներ, ճնշումներ կամ ընտրակաշառքի դեպքեր իրենց դիտորդական առաքելությունը չի արձանագրել:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը, խոսելով «Իմ քայլը» դաշինքի հավաքած բարձր տոկոսների մասին, ասաց, որ իրենք չեն կարող դատել մարդկանց ընտրությունը, սակայն այսպիսի առավելությամբ հաղթած քաղաքական ուժի վրա է հենց դրվելու ամբողջ պատասխանատվությունը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար Նահիմա Լանժրին ընդգծել է, որ կանանց ներկայացվածությունը կուսակցությունների ցուցակում պահպանվել է՝ ըստ Ընտրական օրենսգրքի և նույնիսկ գերազանցել է պարտադիր անհրաժեշտ չափը՝ կազմելով 32 տոկոս, սակայն նա ցանկություն հայտնեց տեսնել այնպիսի բարեփոխումներ, որոնք էլ ավելի մեծ չափով կխրախուսեն կանանց ներգրավվումը քաղաքականությունում, հատկապես խորհրդարանում և կառավարությունում՝ պահպանելով գենդերային հավասարությունը: Լանժրին նույնպես մտահոգություն է հայտնել քարոզարշավի ֆինանսավորման վերաբերյալ: Նրա խոսքով՝ թափանցիկությունը ժողովրդավարության գլխավոր ցուցիչներից է, և անհրաժեշտ են համապատասխան ֆինանսական կանոնակարգեր այդ թափանցիկությունը պահելու համար: Լանժրին ասաց, որ ընտրարշավի ֆինանսավորման վերաբերյալ իրենց ներկայացրած նախորդ առաջարկներն ու հանձնարարակնները չեն կատարվել: Բոլոր քաղաքական ուժերը, Լանժրի կարծիքով, պետք է ճշգրիտ հաշվետվությոններ ներկայացնեն իրենց ծախսերի մասին, և որ ավելի կարևոր է՝ հաշվետվություններում ներկայացված թվերը և իրական ծախսերը պետք է համապատասխանեն իրար:

Եվրախորհրդարանի դիտորդական պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութալան ընդգծել է, որ կուսակցություններն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) քիչ ժամանակ են ունեցել պատրաստվելու ընտրություններին, և այս պայմաններում, ըստ Հաութալայի, ԿԸՀ-ն շատ բարձր մակարդակի է կազմակերպել դժվարին միջոցառումը: Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարի խոսքով՝ իրենք շարունակելու են աջակցել Հայաստանին ընտրական գործընթացներում, ինչպես նաև ջանքեր են գործադրելու ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորացնելու համար:

Բանախոսներից վերջինը ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտրոդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գաչեկն էր, որը վերահաստատեց իր գործընկերների հնչեցրած գնահատականները: Գաչեկը հիշեցրեց, որ իրենց դիտորդները սկսել են աշխատանքը դեռևս նախընտրական պրոցեսում և դիտարկել են թեկնածուների գրանցումը, քարոզարշավի ընթացքը, հետևել են ԶԼՄ-ների գործունեությանը, որոնց վերաբերյալ Գաչեկը նշեց, որ հիմնականում պահպանվել է ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերին տրամադրված եթերաժամերի հավասարությունը:

Ըստ Ուրշուլա Գաչեկի գնահատականի՝ ընտրությունների ընթացքում պահպանվել և պաշտպանվել են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ընտրական գործընթացներում առկա թերությունները վերացնելու հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter