HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանի համար շտապօգնություն է հրավիրվել. դատարանը քննում է նրա կալանքի ժամկետը երկարացնելու հարցը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը: Նիստի ընթացքում Գրիգորյանի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, և նրա համար շտապօգնություն է հրավիրվել: Այս պահին դատական նիստն ընդմիջվել է: Նշենք, որ նիստը դռնփակ է, նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը չմանրամասնեց, թե ինչից է գանգատվել Գրիգորյանը: Ըստ Մկրտչյանի՝ բժիշկները Գրիգորյանին հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չեն տեսնում: Պաշտպանը կարծիք հայտնեց, որ Գրիգորյանին պատշաճ բժշկական օգնություն չի տրամադրվել:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Ըստ Դատախազության տարածած հաղորդագրության՝ հունիսի 16-ին օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկություններով Գրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող առանձնատներում, ավտոմեքենաներում, շենքերում, շինություններում կատարվել են 6 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են մեծ քանակությամբ նռնակներ, հակատանկային ականանետներ, տրոիլային պայթաղյուսներ, ավելի քան 17 000 տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու հրազեն:

Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 71 760 000 դրամ, 80 000 ԱՄՆ դոլար, 67 350 եվրո, 246 500 ուկրաինական արժույթ: Բացի այդ, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի և Էջմիածին քաղաքի համապատասխան հասցեներում գտնվող շինություններում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 33 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ «Ռոյս Ռոլս», «Տոյոտա Լանդ Կրաուզեր», «Մերսեդես», «Համմեռ», «Ռենջ ռովեռ սուպերչարջ», ինչպես նաև խորհրդային արտադրության՝ նաև կոլեկցիոն ավտոմեքենաներ, այդ թվում՝ զինվորական նշանակության տրանսպորտային միջոցներ:

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի համապատասխան հասցեում կատարված խուզարկությամբ՝ կենդանիներ պահելու համար առանձնացված հատվածում հայտնաբերվել են Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Երևանի մի քանի և Էջմիածնի դպրոցների աշակերտների և ուսուցիչների կողմից հավաքագրված գումարներով ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված մեծ քանակությամբ պարկերով և արկղերով սննդամթերք, բժշկական և հիգիենայի պարագաներ, դեղորայք, զինվորական նախշերով պայուսակներ, տուփերով ներքնաշոր:

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա հունիսի 19-ին Ազգային ժողովի պատգամավորների քվերակությամբ զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:

Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին, հայտարարել, որ վերջինիս առողջական վիճակն անհամատեղելի է կալանք կրելու հետ, սակայն դատարանը, փաստորեն, ևս երկու ամսով երկարացրել է կալանքի ժամկետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter