HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային միացյալ կուսակցություն – 1974. Նորիկ Մարտիրոսյան, Սամվել Մարտիրոսյան, Լեւոն Բադալյան

Վարդան Հարությունյան

սկիզբը

Առաջին դատապարտումից եւ պատժաչափը կրելուց հետո կալանավայրից Հայաստան վերադարձած Ազգային միացյալ կուսակցության անդամները ոչ միայն սկսում են ակտիվացնել արդեն իսկ առկա ԱՄԿ կառույցները, այլեւ նախաձեռնում են նոր կառույցների, խմբերի ու խմբակների ձեւավորման գործը: Աշոտ Նավասարդյանը նման մի խմբակ է կազմակերպում Կոնդ թաղամասում: Խմբակի անդամներից ակտիվությամբ հատկապես աչքի են ընկնում Նորիկ ու Սամվել Մարտիրոսյան եղբայրները եւ Լեւոն Բադալյանը: Խմբակը ղեկավարում է Նորիկ Մարտիրոսյանը: Նրանց հաջողվում է թռուցիկներ տարածել Երեւանում, գրել անկախության կոչ պարունակող գրառումներ շենքերի պատերին: Պատրաստի թռուցիկների հաջորդ խմբաքանակը, որ պետք է տարածվեր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման նախօրյակին` նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը, չեն հասցնում տարածել: Նոյեմբերի 25-ին Սամվել Մարտիրոսյանը եւ Լեւոն Բադալյանը ձերբակալվում են: Ժամանակ անց ձերբակալվում է նաեւ Նորիկ Մարտիրոսյանը: Նրանց նկատմամբ դատավճիռը հրապարակվել է 1974-ի հուլիսի 10-ին: Մեղադրվել են ՀԽՍՀ քր. օր․ի 69 (ազգային եւ ռասայական իրավահավասարությունը խախտելը) եւ 206-1 (սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելը) հոդվածներով:
Երեքն էլ դատավարության ժամանակ հայտարարում են, որ իրենց գործողությունները համարում են օրինաչափ ու չեն զղջում: Դատավճռում, մասնավորապես, ասված է.
«Պետք է շեշտել, որ երեք ամբաստանյալները դատական նիստին տված ցուցմունքներում, իրենց պաշտպանական ճառերում եւ վերջին խոսքում համառ կերպով պնդեցին, որ իրենց ազգայնական հայացքներով եւ համոզմունքներով մնում են որպես Ազգային միացյալ կուսակցության անդամներ»:

Նորիկ Համբարձումի Մարտիրոսյանը ծնվել է 1948 թ., Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Մինչեւ կալանավորվելը Նաիրիի շրջանի Արագյուղի միջնակարգ դպրոցում մաթեմատիկայի ուսուցիչ է աշխատել: 1972-ին ծանոթացել է կալանավայրից նոր ազատ արձակված Աշոտ Նավասարդյանի հետ: Նրա միջոցով անդամագրվել է Ազգային միացյալ կուսակցությանը: Կազմակերպել է ԱՄԿ մասնաճյուղ հանդիսացող առանձին խմբակ: Մասնակցել է թռուցիկների տպագրման ու տարածման աշխատանքներին: Գրել է իրենց խմբակի բազմացրած ու տարածած թռուցիկների տեքստերը: Կալանավորվել է 1974 թ. մայիսին: Դատապարտվել է 3 տարի ազատազրկման, որը պետք է կրեր ընդհանուր ռեժիմի կալանավայրում: Սկզբնական շրջանում պատիժը կրում է Երեւանից ոչ հեռու գտնվող Շահումյանի կալանավայրում: Կարճ ժամանակ անց տեղափոխում են Ռուսաստան` Պերմի մարզի քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայր: Մի քանի շաբաթ այնտեղ մնալուց հետո պատժաչափի մնացած երկու տարին փոխարինում են աքսորով, որը պետք է կրեր նույն մարզում: Ազատ արձակվելուց հետո վերադառնում է Հայաստան: Աշխատում է Երեւանի մեխանիկայի ինստիտուտում: Այնուհետեւ տեղափոխվում է Ղազախստան: Այժմ ապրում եւ աշխատում է Երեւանում:

Լեւոն Պատվականի Բադալյանը ծնվել է 1951 թ., Երեւանում: Մինչեւ կալանավորվելը սովորել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի 5-րդ կուրսում: Նորիկ եւ Սամվել Մարտիրոսյանների հետ միասին կազմակերպել է ԱՄԿ մասնաճյուղ հանդիսացող խմբակ: Մասնակցել է թռուցիկների տպագրման, բազմացման ու տարածման աշխատանքներին: Կալանավորվել է 1973 թ. նոյեմբերին: Դատապարտվել է 2 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, որը պետք է կրեր ընդհանուր ռեժիմի կալանավայրում: Սկզբնական շրջանում պատիժը կրում է Երեւանից ոչ հեռու գտնվող Շահումյանի կալանավայրում, բայց որոշ ժամանակ անց տեղափոխում են Ռուսաստան` Կույբիշեւի քրեական հանցագործների համար նախատեսված կալանավայր, որտեղից էլ` ողջ պատժաչափը կրելուց հետո ազատ է արձակվում եւ վերադառնում Հայաստան: Վերականգնվում է համալսարանում եւ ավարտում: Իր մասնագիտությամբ աշխատել է երեւանյան տարբեր գործարաններում: Հանկարծամահ է եղել Երեւանում, 2013 թ. դեկտեմբերի 14-ին:

Սամվել Համբարձումի Մարտիրոսյանը ծնվել է 1950 թ., Երեւանում: Ավարտել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի գունավոր մետաղների մշակման ֆակուլտետը:
Ավարտելուց հետո աշխատել է նույն ինստիտուտում: Իր եղբոր` Նորիկ Մարտիրոսյանի եւ Լեւոն Բադալյանի հետ միասին կազմակերպել է Ազգային միացյալ կուսակցության մասնաճյուղ հանդիսացող խմբակ: Մասնակցել է թռուցիկների տպագրման, բազմացման ու տարածման աշխատանքներին: Կալանավորվել է 1973-ի նոյեմբերին:
Դատապարտվել է ազատազրկման 2 տարի վեց ամիս ժամանակով, որը պետք է կրեր ընդհանուր ռեժիմի կալանավայրում: Սկզբնական շրջանում պատիժը կրել է Երեւանից ոչ հեռու գտնվող Շահումյանի կալանավայրում, բայց հետո` իր գործակիցների հետ միասին տեղափոխել են Ռուսաստանի Պերմի մարզ: Այնտեղ էլ` կարճ ժամանակ անց մնացած պատժաչափը փոխարինել են աքսորով: Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան: Աշխատել է տարբեր գործարաններում, այնուհետեւ մեկնել է Ղազախստան: Այժմ ապրում եւ աշխատում է Երեւանում:

Պատմում է Նորիկ Մարտիրոսյանը

(Ինչպես գրքում առկա մյուս հուշ-պատմությունները, այնպես էլ այս մեկը ձայնագրվել, ապա՝ վերծանվել ու վերջնական տեսքի է բերվել մեր կողմից։ Այն առաջին դեմքով է ներկայացվում անհատական զգացմունքները հնարավորինս լավ տեղ հասցնելու նպատակով)

Դեռ շատ վաղ տարիքից, այնուհետեւ ուսանողական տարիներին, միշտ էլ` ինչքան ինձ հիշում եմ, մտածել եմ, թե ինչու Հայաստանը անկախ չէ, ինչու մենք չպետք է մեր
ճակատագիրը տնօրինելու իրավունք ունենանք: 1972 թվականին, արդեն չեմ հիշում, թե ինչպես եւ ում միջոցով, Կոնդ էր եկել Աշոտ Նավասարդյանը: Ընդհանուր ծանոթների տանն էլ ծանոթացանք ու սկսեցինք շփվել: Մինչ այդ Աշոտն արդեն ընդհատակյա գործունեության համար դատապարտվել ու ազատ էր արձակվել: Աշոտը մեզ ասաց, որ գոյություն ունի կազմակերպություն, որը պայքարում է Հայաստանի անկախության համար, եւ այդ պայքարն օրինական է, Հայաստանը պետք է անկախանա հանրաքվեի ճանապարհով, եւ դրա համար լուրջ աշխատանք պետք է տանել: Մենք ցանկություն հայտնեցինք միանալ այդ պայքարին ու միացանք: Սկզբի համար Աշոտն առաջարկեց ինձ մի թռուցիկ գրել, ինչը եւ արեցի: Տեքստը հավանության արժանացավ: Թռուցիկը բազմացրինք ու տարածեցինք: Հաջորդ թռուցիկը, որ նույնպես պատրաստ էր տարածման համար, պահել էինք Կայարանի պահարաններից մեկում: Երբ եղբայրս` Սամվել Մարտիրոսյանը, եւ Լեւոն Բադալյանը գնացել էին վերցնելու` նրանց բռնել էին: Մի քանի ամիս տեւեց, մինչեւ որ քննությունը կարողացավ հաստատել նաեւ իմ կապն այդ թռուցիկների հետ, եւ ինձ էլ կալանավորեցին: Մեզ դատապարտելուց հետո ուղարկեցին Հայաստանի Շահումյանի գաղութ: Այնտեղ, մեզանից բացի, կային նաեւ այլ քաղաքական բանտարկյալներ: Այնտեղ էին Առաքելյան Գագիկը, Կարապետյան Կոստանը, Սահակյան Քաջիկը: Մի առիթով, երբ անհիմն պատժախուց նստեցրին Սամվելին, մենք` քաղբանտարկյալներս, գործադուլ հայտարարեցինք: Եկան պետանվտանգության ներկայացուցիչները, զրուցեցին մեզ հետ: Թվում էր, թե ամեն ինչ հարթվեց, բայց
փոխարենը, բոլորիս համար անակնկալ, մեզ էտապով տեղափոխեցին Ռուսաստան: Ինձ տարան Պերմի մարզ` 35-րդ գաղութ: Հայերից այնտեղ էին գտնվում Զոհրաբյան Ռազմիկը եւ Շահվերդյան Բագրատը: Իրենց նախաձեռնությամբ, առանց իմ կողմից գրված դիմումի կամ խնդրագրի, մնացած պատժաչափս փոխել են աքսորով, որը կրել եմ նույն Պերմի մարզի Չուսավոյ քաղաքում: Նույն կերպ վարվեցին նաեւ եղբորս` Սամվելի հետ: Նա իր աքսորը կրում էր նույն մարզի Բերեզնիկի քաղաքում: Իսկ Լեւոն Բադալյանին տարան քրեականների համար նախատեսված կալանավայր, որտեղ էլ նա մնաց մինչեւ պատժաչափի ավարտը:
Ազատ արձակվելուց հետո հետապնդումներն ավելի շատ էին: Աշխատում էի Մեխանիկայի ինստիտուտում: Այնտեղ պետանվտանգությունն ուներ իր հատուկ` առաջին բաժինը: Ինձ հետ աշխատողներին, մտերմություն անողներին, շփվողներին կանչում ու զրուցում էին: Մարդիկ վախենում էին, իսկ առիթը, փաստորեն, ես էի: Այսպես ապրելը դժվար էր: Հետագայում ամուսնացա եւ մեկնեցի Ղազախստան: Հայաստան եմ վերադարձել 1989 թվականին: Հանդիպեցի Աշոտ Նավասարդյանին, առաջարկեց մտնել Հանրապետական կուսակցություն եւ դառնալ այդ կուսակցության խորհրդի անդամ: Հրաժարվեցի: Հանրապետականում տիրող մթնոլորտն անընդունելի էր ինձ համար: Ուշ-ուշ էի Աշոտին հանդիպում, իսկ նրա մահից հետո ընդհանրապես դադարեցի այնտեղ գնալ: Աշխատում էի էլեկտրացանցում. դժվար էր, մուծումները չանելու պատճառով ստիպված պետք է մարդկանց հոսանքը անջատեի, պետք է ստիպեի, որ մուծումները չուշացնեն, միաժամանակ հասկանում էի, որ մարդիկ ի վիճակի չեն: Նման տեղում ու նման մթնոլորտում աշխատել այլեւս չէի կարող: Դուրս եկա ու սկսեցի տաքսու վարորդ աշխատել: Շատ ավելի հանգիստ ու լավ եմ զգում ինձ:

Խմբակի անդամների գործով կայացված դատավճիռը

(Այս դատավճիռը նույնպես ԱԱԾ-ից ստացել ենք վկաների եւ գործով անցնող այլ անձանց անունները ջնջված: Համադրելով մեր ձեռքի տակ եղած այլ փաստաթղթեր, ինչպես նաեւ գործին առնչված մարդկանց հուշերը` որոշ անուններ կարողացել ենք վերականգնել, իսկ վկաների մի մասի անունները այդպես էլ մնացել են չվերականգնված:
Դատարանը թափթփվածության հետեւանքով Լեւոն Բադալյանին առաջադրված 206-1 հոդվածին վճիռ կայացնելիս ընդհանրապես չի անդրադարձել: Այդ հոդվածով ոչ պատիժ է սահմանվել, ոչ էլ այն հանվել է):

ԴԱՏԱՎՃԻՌ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ
1974թ. հուլիսի 10-ին

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ`​ Հ. ՍԻՄՈՆՅԱՆԻ
ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ`​1. Ա. ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ
2. Ռ. ՊԱՊԻԿՅԱՆԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Ն. ԳԱԼՍՏՅԱՆԻ
Մասնակցությամբ պետական մեղադրող
Դատախազ`​ Պ. ԹՈԽՅԱՆԻ
Դատապաշտպան`​ ----

Քննության առնելով դատական դռնբաց նիստում քրեական գործը ըստ մեղադրանքի`

1․ ՆՈՐԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ծնված 1948թ. Երեւան քաղաքում, ազ գությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի. ՀԱՄԼԿԵՄ անդամ, նախկինում չդատված, բարձրագույն կրթությամբ, ամուրի, խնամքին ոչ-ոք, մինչեւ կալանավորվելն աշխատել է ՀՍՍՀ Նաիրիի շրջանի Արագյուղի միջնակարգ դպրոցում, որպես մաթեմաթիկայի ուսուցիչ, ֆիզիկապես առողջ, զինապարտ, պարգեւատրումներ չունի, բնակվում է Երեւան 29 Ռուսթավելու փողոց նո. 22, սույն գործով կալանքի տակ է 5/5-74թ.:
Մեղադրվում է ՀՍՍՀ քր. օրի 69, 2061 հոդվածներով:

2․ ԼԵՎՈՆ ՊԱՏՎԱԿԱՆԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ, ծնված 1951թ. Երեւան քաղաքում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ՀԱՄԼԿԵՄ անդամ, նախկինում չդատված, թերի բարձրագույն կրթությամբ, ֆիզիկապես առողջ, խնամքին ոչ ոք, ամուրի, մինչեւ կալանավորվելը սովորելիս է եղել Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտի 5- րդ կուրսում, բնակվում է Երեւան, Կոնդ տուն նո. 104, սույն գործով արգելանքի տակ է վերցվել 1973թ. նոյեմբերի 22-ին, իսկ կալանքի սանկցիան տրվել է 25/11-1973թ. մեղադրվում է ՀՍՍՀ քր. օրի 69, 2061 հոդվածներով:

3․ ՍԱՄՎԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ծնված 1950թ. Երեւան քաղաքում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ՀԱՄԼԿԵՄ անդամ, նախկինում չդատված, բարձրագույն կրթությամբ, ամուրի, խնամքին ոչ ոք, զինապարտ, մինչեւ կալանավորվելը աշխատել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսումնական մասի----, բնակվում է Երեւանի, Ռուսթավելու փող. նո. 22, սույն գործով արգելանքի տակ է 1973թ. նոյեմբերի 22-ից, իսկ կալանքի սանկցիան տրվել է նույն թվականի նոյեմբերի 25-ին, մեղադրվում է ՀՍՍՀ քր. օրի 69, 2061 հոդվածներով:

Դատաքննությամբ, ամբաստանյալների բացատրություններով, վկաների ցուցմունքներով, գործին կցված իրեղեն ապացույցների առկայությամբ, եւ գործի մյուս տվյալներով ապացուցվեց հետեւյալը:

Ամբաստանյալ Նորիկ Մարտիրոսյանը 1972թ. հանցավոր կապի մեջ է մտել նախկինում հակասովետական գործունեության համար դատապարտված եւ կալանավայրից վերադարձած Աշոտ Նավասարդյանի հետ եւ վերջինիս ցուցումով որոշել է սովետական կարգերը արատավորող ազգային գաղտնի խմբակ ստեղծել, ներգրավելով նրա մեջ իր եղբայր Սամվել Մարտիրոսյանին եւ ամբաստանյալ Լեւոն Բադալյանին:

Այդ մտահղացումը իրականացնելու համար Նորիկ Մարտիրոսյանը իրենց տանը կազմակերպել է հավաքույթներ 10-12 հոգուց բաղկացած, որտեղ հակասովետական ազգային հայացքներով ելույթներ են ունեցել Աշոտ Նավասարդյանը եւ ուրիշները, հավաքույթի մասնակիցներին ծանոթացրել են ազգային բովանդակությամբ նյութեր, խմբակի անդամներից յուրաքանչյուր ամիս հավաքել են չորսական ռուբլի անդամավճար:

Սովետական ժողովրդի մեջ ռասայական եւ ազգային թշնամություն սերմանելու նպատակով Երեւան քաղաքի տարբեր թաղամասերում, կինո-թատրոններում, կուլտուրական վայրերում, շենքերի վրա գրառումներ կատարելու, փոստարկղերի մեջ թերթիկներ քցելու եւ թռուցիկների տարածման միջոցով զրպարտչական հերհուրանքներ են կատարել սովետական իրականության մասին: Այսպես օրինակ ամբաստանյալ Նորիկ Մարտիրոսյանը 1973թ. պատրաստել է «ի հարություն» վեռնագրով թռուցիկի տեքստը այն մասին, որ իբր ռուսները բռնանում են հայ ժողովրդի սուրբ իրավունքները եւ կոչ անում ստեղծել «անկախ հայաստան» եւ այն ամբաստանյալ Լեւոն Բադալյանի հետ միասին լուսանկարչությամբ բազմացնելով-400 օրինակից տարածել են
Երեւան քաղաքի Աջափնյակում, Կանազում, Մոսկվա կինոթատրոնում եւ այլ տեղեր: Հիշյալ ամբաստանյալները 1973թ. օգոստոսին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի պատին, պոլիտեխնիկական ինստիտուտի կորպուսների միջեւ ասֆալտին, Լենինի պողոտայի վրա գտնվող ծածակած շուկայի պատին եւ այլ տեղեր յուղաներկով կատարել են հակասովետական բովանդակությամբ գրառումներ, որոնց մեջ կոչ է արվում կորչեն ռուսները, եւ ստեղծել «անկախ հայաստան», ընդորում Բադալյանը կատարել է գրառումները, իսկ Ն. Մարտիրոսյանը հսկել է:

1973թ. նոյեմբերի 21-ին ամբաստանյալներ Լեւոն Բադալյանը եւ Սամվել Մարտիրոսյանը Երեւանի երկաթուղային կայարանի ավտոմատ պահարանից իրենց պահ տված պայուսակները ստանալիս կասկածանքի տակ բռնվել են ՀՍՍՀ մինիստրների սովետին առընթեր պետ. անվտանգության կոմիտեի աշխատողների կողմից:

Ընթերականների մասնակցությամբ ստուգման ենթարկելով նրանց պայուսակները ամբաստանյալ Լեւոն Բադալյանի մոտ հայտնաբերվել է 5 կապոց քանակով 889 օրինակ այսպես կոչված «Ազգային Միացյալ Կուսակցության» անունից «անկախ հայաստան» ստեղծելու կոչով «հին թշնամի, նոր մորթի» վերնատառով ազգայնական բովանդակությամբ ֆոտոթռուցիկներ, մեծ քանակությամբ ռեզինե մատնոցներ, ծոցատետր, «կրկին ոտքի հայորդիներ» վեռնագրով եւ այլ իրեր, իսկ ամբաստանյալ Սամվել Մարտիրոսյանի մոտ եղած պայուսակում հայտնաբերվել է «Մոսկվիչ» մակնիշի հայերեն տառերով եւ ժապավենով գրամեքենա:

Քննությամբ պարզվել է, որ «հին թշնամի, նոր մորթի» հակասովետական ազգայնական թռուցիկների տեքստը կազմվել է Նորիկ Մարտիրոսյանի կողմից եւ վերջինիս բնակարանում այն լուսանկարչությամբ բազմացվել եւ Նորիկ Մարտիրոսյանի, Լեւոն Բադալյանի եւ Սամվել Մարտիրոսյանի կողմից, այնուհետեւ որպես ապահով տեղ նշված թռուցիկները Լեւոն Բադալյանի եւ Սամվել Մարտիրոսյանի կողմից պահվել են երկաթգծի ավտոմատ պահարանում այն նպատակով, որպիսի 1973թ. նոյեմբերի 29-ին, այսինքն հայաստանում սովետական իշխանության հաստատման օրը Երեւան քաղաքում տարածելու համար:

Պարզվեց նաեւ այն, որ ամբաստանյալ Նորիկ Մարտիրոսյանի հանձնարարությամբ Սամվել Մարտիրոսյանը 1973թ. հոկտեմբերին հավաքած անդամավճարների գումարով նո. 257 խանութից գնել է վերը հիշատակված «Մոսկվիչ» մակնիշի ռուսերեն գրատառով գրամեքենան եւ Երեւանի կենցաղսպասարկման կոմբինատի արհեստանոցում փոխել հայկական տառերով օգտագործելու նպատակով, սակայն բռնվել է:

Ամբաստանյալ Նորիկ Մարտիրոսյանը դատական նիստում ցուցմունք տվեց այն մասին, որ նա 1972թ. ծանոթանալով կալանավայրից վերադարձած Աշոտ Նավասարդյանի հետ խոսել է անկախ հայաստան ստեղծելու անհրաժեշտության մասին եւ որոշել են կազմակերպել գաղտնի խումբ: Այդ նպատակով իրենց բանակարանում կազմակերպել է հավաքույթներ, որտեղ ելույթներ են ունեցել ազգայնական հարցերի եւ այլ թեմաների շուրջը: Գաղտնի խմբի մեջ է ներգրավել Լեւոն Բադալյանին եւ Սամվել Մարտիրոսյանին: Խմբի անդամներից հավաքել է անդամավճար եւ գաղտնի աշխատանքում օգտագործելու համար անդամավճարի գումարով Սամվել Մարտիրոսյանի միոցով ձեռք է բերել գրամեքենա:

Հայաստանի անկախության գաղափարը տարածելու համար գրել է «ի հարություն» վեռնագրով թռուցիկի տեքստ եւ ամբաստանյալ Լեւոն Բադալյանի մասնակցությամբ բազմացրել 400 –օրինակից բնակչության մեջ տարածել են փոստարկղերի միջոցով, «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսականների մեջ ցրելով եւ տարբեր եղանակով քաղաքի մեջ:

1973թ. օգոստոսին Բադալյանի հետ Երեւան քաղաքում պատերի վրա գրառումներ են կատարել հետեւյալ բովանդակությամբ` կորչենռուսները, որոնք բռնանում
են հայ ժողովրդի սրբազան իրավունքներին, կեցցե ազատ հաաստանը եւ տակին գրել
«Ազգային միացյալ կուսակցություն»:

1973թ. հոկտեմբերին գրել է ազգային բովանդակությամբ «հին թշնամի, նոր մորթի» վերնագրով թռուցիկների տեքստը, այն Բադալյանի եւ Սամվելի մասնակցությամբ բազմացրել են մոտ 900 օրինակից եւ իր հանձնարարությամբ Բադալյանը եւ Սամվել Մարտիրոսյանը այն թաքցրել են Երեւանի երկաթուղային կայարանի ավտոմատ պահարանում 1973թ նոյեմբերի 29-ին հայաստանում սովետական իշխանության հաստատման օրը քաղաքում տարածելու նպատակով: Ամբաստանյալ Նորիկ Մարտիրոսյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչելով հանդերձ միաժամանակ հայտարարեց, որ ինքը մնում է իր համոզմունքներին եւ չի զղջում իր արարքը:

Ամբաստանյալ Լեւոն Բադալյանը բացատրեց, որ ինքը մասնակցել է Նորիկ Մարտիրոսյանի բնակարանում հրավիրված հավաքույթին, որտեղ ազգայնական գաղափարներով ելույթներ են ունեցել Աշոտ Նավասարդյանը եւ ուրիշներ: Նորիկ Մարտիրոսյանի առաջարկով մտել է գաղտնի խմբի մեջ, հանդիսացել է «Ազգային միացյալ կուսակցության» անդամ, որի նպատակն է եղել ստեղծել անկախ հայաստան, մուծել է անդամավճար:

Վերեւ նշված հավաքույթներին մասնակցել եւ գաղտնի խմբի մեջ է հավաքագրվել նաեւ Սամվել Մարտիրոսյանը: Նորիկ Մարտիրոսյանի հետ կատարելով մտքերի փոխանակություն համաձայնվել են ազգային գաղափարները պրոպագանդելու համար դիմել գործնական քայլի: Այդ նպատակով 1973թ. Նորիկ Մարտիրոսյանը գրեց «ի հարություն» վերնագրով թռուցիկի տեքստը այն բազմացրել են ֆոտոապարատով ու տարածել` կանազում, կայարանի շենքում, կինոթատրոնում եւ ուրիշ տեղեր:

1973թ. օգոստոսին Նորիկ Մարտիրոսյանի առաջարկով եւ հսկողությամբ պոլիտեխնիկ ինստիտուտի մոտ, Հակոբ Հակոբյանի անվան դպրոցի եւ ծածակած շուկայի պատերին յուղաներկով կատարել է գրառումներ «կեցցե ազատ հայաստանը, կորչեն ռուսները»:

1973թ. հոկտեմբերին Նորիկ Մարտիրոսյանը գրել է «հին թշնամի, նոր մորթի» վերնագրով թռուցիկը, որը ինքը Սամվել Մարտիրոսյանի հետ բազմացրել են 200 օրինակ, իսկ մնացածը բազմացրել են Նորիկ Մարտիրոսյանի հետ եւ վերջինիս հանձնարարությամբ այդ թռուցիկները Սամվել Մարտիրոսյանի հետ տարել պահել են Երեւանի երկաթուղային կայարանի ավտոմատ պահարանում, որպիսի քաղաքում տարածեն 1973թ. նոյեմբերի 29-ին, սակայն նույն ամսի 21-ին բռնվել են, նույն օրը իրենց մոտ բռնվել է նաեւ «Մոսկվա» մակնիշի գրամեքենան:

Ամբաստանյալը միաժամանակ հայատարարեց, որ իր գործողությունների մեջ ինքը հանցանք չի դիտում, իրեն մեղավոր չի ճանաչում եւ մնում է իր համոզմունքներին:
Ամբաստանյալ Սամվել Մարտիրոսյանը դատական նիստում ցուցմունք տվեց այն մասին, որ 1973թ. իրենց տանը ծանոթացել է հակասովետական գործունեության համար դատապարտված եւ կալանքը կրելուց հետո ազատված Նավասարդյան Աշոտի հետ, իրեն ուրախություն է պատճառել ազգայնական հայացքներով մարդու հետ հանդիպում ունենալը եւ այդ հարցերի շուրջ նրա ելույթը: Նույն թվականին իրենց տանը մասնակցել է կազմակերպված հավաքույթին, որտեղ խոսվել է կրոնի, հայոց լեզվի, հայ ազգի նկատմամբ ռուսական ազդեցության եւ այլ թեմաների մասին:

Իր եղբայր Նորիկ Մարտիրոսյանը իրեն հավաքագրել է գաղտնի ազգայնական խմբի մեջ, 1973թ. հանդիսանում է «ազգային միացյալ կուսակցության» անդամ, վճարել է անդամավճար,
գաղտնի աշխատանքի օգտագործման համար Նորիկ Մարտիրոսյանի հանձնարարութամբ անդամավճարների գումարով խանութից գնել է «Մոսկվա» մակնիշի ռուսական տառերով գրամեքենա եւ կենցաղսպասարկման կոմբինատում նրա տառերը փոխել է տվել հայերենով:

1973թ. նոյեմբերի սկիզբներին Նորիկ Մարտիրոսյանի հանձնարարությամբ Լեւոն
Բադալյանի հետ բազմացրել են «հին թշնամի, նոր մորթի» վերնագրով ֆոտոթռուցիկներ 200-օրինակից, որի մնացած մասը հաջորդ օրը բազմացրել են Լեւոն Բադալյանը եւ Մարտիրոսյանը եւ վերջինիս առաջարկով այդ թռուցիկները եւ գրամեքենան Լեւոն Բադալյանի հետ տարել թաքցրել են Երեւանի երկաթուղային կայարանի ավտոմատ պահարանում 1973թ. նոյեմբերի 29-ին Երեւան քաղաքում տարածելու նպատակով, սակայն բռնվել են նույն ամսի 21-ին:

Հավաքույթների կազմակերպման եւ գաղտնի խմբակի ստեղծելու նախատեսողը եղել է իր եղբայր Նորիկ Մարիրոսյանը եւ Լեւոն Բադալյանը: Իրենց կուսակցության ծրագիրն է եղել հայաստանի անկախության հարցը: Բացի դրանից Սամվել Մարտիրոսյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում մեղավոր իրեն չի ճանաչում, իր գուծունեությունը գտնում է օրինաչափ եւ ճիշտ, մնում է «Ազգային միացյալ կուսակցության» նվիրված անդամ:

Պետք է շեշտել, որ երեք ամբաստանյալները դատական նիստին տված ցուցմունքներում, իրենց պաշտպանական ճառերում եւ վերջին խոսքում համառ կերպով պնդեցին, որ իրենց ազգայնական հայացքներով եւ համոզմունքներով մնում են որպես
«ազգային միացյալ կուսակցության անդամներ»:

Բացի իրենց խոստովանական բացատրություններից ամբաստանյալների հակասովետական արարքը հաստատված է նաեւ հետեւյալ ապացույցներով:

Գործով վկաներ Ռ-ն Զ-ն Է-ն Գ-ն Ե-ն Խ-ն իրենց ցուցմունքներում հաստատել են ամբաստանյալներ Նորիկ եւ Սամվել Մարտիրոսյանների բնակարանում տեղի ունեցած հավաքույթի մասին, որին մասնակցել է նաեւ ամբաստանյալ Լեւոն Բադալյանը եւ ուրիշներ որտեղ ազգային հարցի շուրջ ակտիվ ելույթ է ունեցել Աշոտ Նավասարդյանը, որը կոչ է
արել հայակական հողերի միավորման եւ անկախ հայաստան ստեղծելու մասին: Նավասարդյանի վերաբերյալ քրեական գործը անջատվել է առանձին վարույթ եւ կատարվում է քննություն:

Վկաներ Բ-ն Ծ-ն Դ-ն Թ-ն Լ-ն եւ ուրիշներ ցուցմունք են տվել այն մասին, որ իրենց տան փոստարկղերում հայտնաբերել են թռուցիկներ «ի հարություն» վերնագրով, տակը գրած «Ազգային միացյալ կուսակցություն» եւ այն հանձնել են քննչական օրգաններին, իսկ վկա Ը-ն հաստատեց այն փաստը, որ 1973թ. հուլիսին «Մոսկվա» կինոթատրունում մի երիտասարդ քանակով 50 հատ «ի հարություն» թռուցիկներ է շպրտել հանդիսատեսներին եւ ինքը դիմել փախուստի (հ. 2 գթ. 69-62, 63-64, 120-130) եւ այս դատական նիստի արձանագրությունը:

Վկաներ Ի-ն Ժ-ն հաստատել են որ 1973թ. նոյեմբերի 21-ին ժամը 20-ի սահմաններում Երեւան քաղաքի երկթուղային կայարանի մոտ ամբաստանյալներ Լեւոն Բադալյանի եւ Սամվել Մարտիրոսյանի ձեռքերին եղած պայուսակներում հայտնաբերել են մեծ քանակությամբ հակասովետական թռուցիկներ եւ գրամեքենա (հ. 2 գթ. 14-16, 17- 18) եւ տես. դատական նիստի արձանագրությունը:

Պետք է նշել, որ ամբաստանյալները հաստատել են վերը հիշատակված վկների ցուցմունքները; Բացի դրանից նրանք ցույց են տվել այն վայրերը որտեղ պահել են թռուցիկները եւ կատարել են պատերին գրառումներ (հ․-- գթ․63-42, 49-50)։

Ամբաստանյալների արարքը հաստատված է նաեւ զննման արձանագրությամբ եւ իրեղեն ապացույցներով:

Այսպիսով ամբաստանյալներ Նորիկ Համբարձումի Մարտիրոսյանը, Լեւոն Պատվականի Բադալյանը եւ Սամվել Համբարձումի Մարտիրոսյանը տոգորված լինելով հակասովետական ազգային հայացքներով սովետական ժողովուրդների միջեւ թշնամություն առաջ բերելու, անկախ հայաստան ստեղծելու կոչերով Նորիկ Մարտիրոսյանի ղեկավարությամբ կազմակերպել են հավաքույթներ եւ գաղտնի խմբակ: Երեւան քաղաքի տարբեր տեղամասերում շենքերի պատերի վրա գրառումներ կատարելու, կինոթատրոնի եւ փոստարկղերի միջոցով հակասովետական ազգային բովանդակությամբ թռուցիկներ տարածելով զրպարտչական հերհուրանքներ են կատարել Սովետական իրականության մասին, այսինքն կատարել են հանցանք, որը նախատեսված է ՀՍՍՀ քր. օրի 69 եւ 2061 հոդվածներով:
Վերոգրյալների հիման վրա եւ ղեկավարվելով ՀՍՍՀ քր. դատ. օրի 203-29 հոդ. ՀՍՍՀ
Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան

Վ Ճ Ռ Ե Ց
Ամբաստանյալներ՝ Նորիկ Համբարձումի Մարտիրոսյանին, Լեւոն Պատվականի Բադալյանին եւ Սամվել Համբարձումի Մարտիրոսյանին ճանաչել մեղավոր ՀՍՍՀ քր.օրի 69 եւ 2061 հոդվածներով:

Նորիկ Մարտիրոսյանին դատապարտել ազատազրկման ՀՍՍՀ քր.օրի 69 հդ. երեք
(3) տարի ժամանակով, քր. օրի 2061 հոդ. երեք (3) տարի ժամանակով քր. օրի 37 հոդ համակցությամբ թողնել երեք (3) տարի ազատազրկումը, որը պետք է կրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում, կալանքի սկիզբը հաշվելով 1973թ. մայիսի 6-ից:

Լեւոն Բադալյանին դատապարտել ազատազրկման ՀՍՍՀ քր. օրի 69 հոդ.երկու տարի 6 ամիս (2տ, 6 ամիս) ժամանակով, քր օրի 37 հոդ. համակցությամբ վերջին հաշվով թողնել երկու տարի վեց ամիս ժամանակով ազատազրկում, որը պետք է կրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում, կալանքի սկիզբը հաշվելով 1973թ. նոյեմբերի 22-ից:

Սամվել Մարտիրոսյանին դատապարտել ազատազրկման ՀՍՍՀ քր. օրի 69 հոդ. երկու տարի վեց ամիս (2տ, 6 ամիս) ժամանակով քր օրի 2061 հոդվածով երկու տարի վեց ամիս (2տ 6 ամիս) ժամանակով քր. օրի 37 հոդ. համակցությամբ վերջին հաշվով թողնել կրելու երկու տարի 6 ամիս ժամանակ ազատազրկումը, որը պետք է կրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում, կալանքի սկիզբը հաշվել 1973թ. նոյեմբերի 22-ից:

Գործին կցված երկուական օրինակ ֆոտոթռուցիկներ «ի հարություն» եւ «հին թշնամի, նոր մորթի» վերնագրով իրեղեն ապացույցները թողնել գործում, իսկ մնացած օրինակները ոչնչացնել:

«ՖԵԴ - 2» մակնիշի նո. 56040881 ֆոտոապարատը իր պարագաներով եւ «Մոսկվա» մակնիշի նո. 96171 գրամեքենան իր օժանդակ սարքերով պետականացնել:
Առգրավված պայուսակները, թղթյա պարկը, մեկ զույգ ռեզինե ձեռնոցները, 60 հատ ռեզինից մատնոցները եւ մեկ մետաղյա պինցետը ոչնչացնել:

Դատավճիռը վերջնական է եւ վճռաբեկության կարգով գանգատարկման ենթակա չէ:

Նախագահ`​Հ. ՍԻՄՈՆՅԱՆ
ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ`​ստորագրություններ
Իսկականի հետ ճիշտ է
ՆԱԽԱԳԱՀՈՂ`​Հ. ՍԻՄՈՆՅԱՆ

10/7-74թ. Հ.Ս.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter