HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ազատ է․ դատարանը մերժեց նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Որոշման մասին դատարանում գտնվող լրագրողներին ասաց հենց ինքը՝ Գևորգյանը, ով ներկայացել էր նիստին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Արմեն Գևորգյանին երեք նոր մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ և սահմանադրական կարգը տապալելուն օժանդակել: Ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև արդարադատության կայացմանը խոչընդոտելու վերաբերյալ: Գևորգյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ գործի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:

Ըստ ՀՔԾ-ի՝ նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:

Մինչև դեկտեմբերի 11-ը Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն մեղադրանքը լրացնելուց հետո քննչական մարմինը գտել էր, որ Գևորգյանին կալանավորելու անհրաժեշտություն կա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter