HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքցիները նոր կառավարությունից պարզաբանումներ են պահանջում. նրանք մի քանի ժամով փակել էին հայ-վրացական միջպետական ճանապարհը

Այսօր Ջավախքի մի խումբ երիտասարդներ վրաց-հայկական սահմանի Բավրայի անցակետի մոտ մի քանի ժամով փակել էին հայ-վրացական սահմանը: Նրանք պահանջում էին հանդիպում ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ:

Ակցիայի մասնակիցներից Անդրանիկ Կարսլյանը պատմեց, որ խնդիրն առաջացել է նոյեմբերի 25-ից, երբ երկքաղաքացիություն կամ ՀՀ քաղաքացիություն ունեցող ջավախքցիներն արտագնա աշխատանքից վերադառնալիս Ռուսաստան-Հայաստան չվերթից հետո ՀՀ սահմանին բերման են ենթարկվել (կամ ջավախքցիները բերման են ենթարկվում հայ-վրացական սահմանին): Նրանց հետ քննչական գործողություններ են կատարվում բանակում ծառայած լինել-չլինելու հարցով, և ժամանակավոր ազատ են արձակվում: Սակայն սպառնում են 5 տարով ազատազրկել, եթե տվյալ քաղաքացին չծառայի ՀՀ բանակում:

«Ասում են, որ մարդիկ կամ պետք է 2 տարի ծառայեն, կամ 5 տարի ազատազրկվեն: Այս խնդիրը գլոբալ է, որովհետև վերաբերում է Ջավախքում բնակվող և ՀՀ քաղաքացիություն ստացած 70-80 տոկոս քաղաքացիներին: Եվ այդ հարցում մենք խնդրում ենք կառավարության աջակցությանը, որովհետև կան մարդիկ, որ ՌԴ արտագնա աշխատանքի են գնացել և հիմա վախենում են վերադառնալ, որովհետև կարող են նույն բախտին արժանանալ, ինչին արժանացել են 15 հոգի»,- պատմեց Անդրանիկ Կարսլյանը:

Կոնկրետ 4 անձի մասին Անդրանիկ Կարսլյանն անձամբ տեղեկություն ունի, սակայն սահմանին բերման ենթարկվողներն ավելի շատ են:

Սա զանգվածային բնույթ է ստացել վերջին օրերին, և ջավախքցի երիտասարդները որոշել են հարցը նոր կառավարության հետ քննարկել:

«Մենք չենք մեղադրում կառավարությանը, մենք էլ ենք ուզում հասկանալ, թե ինչն է խնդիրը, և ինչպես կարելի է դա լուծել»,- նշեց Ա. Կարսլյանը:

Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից փորձեցինք ճշտել, թե երկքաղաքացիների հետ ինչու է այս խնդիրն առաջացել: Վերջինս ասաց, որ եթե զինծառայության հարց է, ապա Պաշտպանության նախարարությունը պետք է ասի՝ ինչ խնդիր է:

Ոստիկանությունից էլ փորձեցինք ճշտել, թե ինչու են սահմանին ջավախքահայերը բերման ենթարկվում: Մամուլի հետ կապերի բաժնից պատասխանեցին, որ քննչական ծառայությունը կարող է պատասխանել, թե ինչ քրեական գործերով են նրանք անցնում, իսկ ոստիկանությունը միայն բերման ենթարկող օղակն է:

Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց, որ սահմանին բերման են ենթարկվում այն քաղաքացիները, որոնք հետախուզվում են Քրեական օրենսգրքի 327 հոդվածի հատկանիշներով՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար: 

Հոդված 327. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը 1. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: 2. Նույն արարքը, որը կատարվել է՝ 1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, 2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝ պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:

Սահմանին բերման ենթարկելուց հետո նրանց քննչական մարմնին են հանձնում, որտեղ քաղաքացին հարցաքննվում է և ազատ արձակվում: Սակայն եթե քաղաքացիների նկատմամբ հետախուզում է հայտարարված, նշանակում է զինվորական ծառայությունից խուսափելու փաստով նրանց նկատմամբ կան հարուցված քրեական գործեր: Նաիրա Հարությունյանն ասաց, որ պետք է գրավոր հարցում կատարել իմանալու համար, թե քանի նման գործ կա հարուցված:

Նաիրա Հարությունյանը նշեց, որ երկքաղաքացիներին վերաբերող այս խնդիրը օրենսդրական բացի հետևանք է, և եթե երկքաղաքացիներն ուզում են հետախուզման մեջ չգտնվել և ՀՀ-ում չծառայել, ապա պետք է օրենսդրական փոփոխություններ կատարվեն «Երկքաղաքացիության մասին» օրենքում:

Միջպետական ճանապարհը քիչ առաջ բացվեց: Ջավախքցի երիտասարդներին վաղը առավոտյան ընդունելու են կառավարությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter