HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտոնինա Մահարի. չխամրող յուշեր

Այսօր, երբ շարունակւում  է «նոր ժամանակների ասպետների» շքերթը՝ հայրերի դէմ մղուող պայքարի յուրօրինակ լուծումներով (հայրերի դէմ որդիների միամի՜տ ու անմիտ պայքար), երբ ճշմարիտ գեղարուեստը, այնուամենայնիւ, կուլ է գնում համաշխարհը շրջափակող ցինիզմին, երբ վաղուց հող դարձած անուններին ցեխ շպրտելու համա՛ր են դափնիների արժանանում կամ ա՛յդ կերպ դառնում նշանաւոր, երբ անցեալի արժէքները վերագնահատւում են նյարդայնացնող «արդարամտութեամբ», երբ գրականութիւնն է դառնում այն անփոխարինելի տեղը, ուր կարողանում են ազատ հայհոյել, բանսարկել և իրագործել «բիզնես պլաններ»՝ օգուտ քաղելով ժամանակին արհամարհուած դասականների այրուած գրքերից, աւելի անհրաժեշտ է դառնում արդարութեան փնտռտուքը:

Մեր կողքին այսօր ապրում են մարդիկ, ում յիշողութեան մեջ տակաւին նւում է անցեալը: Սպաննուած մանկութեան, պատանեկութեան, երիտասարդութեան, երիտասարդութեան սեմին  տանուլ տրուած սէրերի եւ երջանկութեան մասին «գազան Սթալինի բռնացումներու» (բնորոշումը Արամ Հայկազինն է) չար հէքիաթը նոյնիսկ հիմա չի թողնում՝ մարդկային հոգիների մէջ պատերազմն աւարտուի…

Չապրուած կեանքի համար մղուող պատերազմը շարունակւում է Անտոնինա Մահարիի սրտի մէջ: 85-ամեայ լիտւուհին, նստած Երեւանի Կասեան փողոցի իր բնակարանում՝ ականաւոր ամուսնու առանձնասենեակում (Անտոնինան թախծախառն ժպիտով է յիշում  այդ առանձնասենեակը Մահարիի կենդանութեան օրօք. կատարեալ բոհէմ էր, ուր հայոց Պառնասի անմահները հարբո՜ւմ էին մինչ արեւագալ՝ բա՜րձր երգելով և պատճառաբանելով՝ մահկանացուները երբեք իրենց չեն հասկանայ), կաթիլ-կաթիլ թղթին է յանձնում ամէնը, ինչ պահել է յիշողութեան գզրոցներում:

Անտոնինա Մահարիի յուշերը, «Իմ ոդիսականը» վիպակը և մի շարք պատմուածքներ հրատարակուել են Երեւանում (ռուսերէնով): «Իմ ոդիսականը» վիպակը թարգմանուել  (հեղինակի հաւաստմամբ՝ ոչ ամբողջութեամբ) եւ լոյս է տեսել Բէյրութում:

 Յուշերը լոյս են սփռում ողբերգական դրուագներով հարուստ 20-րդ դարի 50-ականներին հայ գրական կեանքում տեղի ունեցած այն խմորումների եւ մութ էջերի վրայ, որոնք մեզ են հասել արդէն խեղաթիւրուած եւ այսօր էլ գրական բուռն վէճերի, անձնական վիրաւորանքների եւ լուտանքների անսպառ աղբիւր են: «Անտոնի՛նա,- մահից առաջ պատուիրել էր Գուրգէն Մահարին,- գրի՛ր այն ամէնը, ինչ տեսել ես ու զգացել, պատմի՛ր ճշմարտութիւնը. թերեւս քեզ է բաժին ընկել արդարութեան մունետիկի դերը: Միակ մարդն ես աշխարհում, որն ինձ լաւ է ճանաչում եւ գիտի իմ խոհերն ու ապրումները…»: Անտոնինան գրիչ վերցրեց Մահարիի մահը սգալուց յետոյ:

 Իրաւունք չունենք համեստ յուշագրողից պահանջելու բարձրարուեստ գրականութիւն, սակայն պարտաւո՛ր ենք նրա յուշերին վաւերաթղթի արժէք տալ՝ արթնութեան կոչելով սերունդների…խիղճը…

 Անտոնինա Պովիլայտիտէ-Մահարիի խնդրանքով ստորեւ ներկայացնում ենք յիշողություններից երեքը:

Մարօ Խաչատրեան  

Տպագրուել է «Բագին» հանդէսում (Բէյրութ, 2008, թիւ 4)     


Երկու բանաստեղծների ընկերութիւնը. Գուրգէն Մահարին եւ Պարոյր Սեւակը

Տէ ՛ր, փրկի՛ր ինձ ընկերներից:

Թշնամիներից ես ինքս կ’ազատուեմ:

(ժողովրդական առած)

Առաջին անգամ Պարոյր Սեւակին տեսայ Սիբիրից վերադառնալուց յետոյ «Ինտուրիստ» հիւրանոցում: Չնայած այն բանին, որ նա նման էր աֆրիկացու, պարզեցի, որ իսկական ջենտլմէն է, բարձր խորագիտակութիւն եւ քնքուշ հոգի ունեցող մտաւորական:

Մահարիի եւ Սեւակի հանդիպումը շատ բուռն էր. նրանք երկար գրկախառնուել էին, համբուրւում էին եւ դառնութեամբ խօսում անցեալի մասին: Յետոյ Սեւակը շտապեց տուն՝ կնոջ՝ Մայայի եւ փոքրիկ  որդու՝ Հրաչիկի մօտ: Այդ օրերին Սեւակը սովորում եւ աշխատում էր Մոսկուայում, իսկ Երեւան էր գալիս համարեա ամէն շաբաթ:

Այս երկու բանաստեղծներին կապում էր իսկական ընկերութիւնը: Յաճախ էր Պարոյրը գալիս մեզ մօտ՝ հիւրանոց, երբ Մոսկուայում էր: Գուրգէնը սիրով էր յիշում իր երիտասարդ ընկերոջը, նրան համարում էր տաղանդաւոր բանաստեղծ, նաեւ ասում էր, որ բարդ բնաւորութիւն ունի, չի յոգնում եւ անվերջ ինչ-որ տեղ է շտապում:

Մեր բազում արկածներից յետոյ վերջապէս տեղափոխուեցինք  Կասեան փողոցի այս շէնքը, ուր ստացանք երեքսենեականոց բնակարան: Ահա հենց այդ բնակարանում կազմաւորուեց կատարեալ բոհէմ: Այստեղ հաւաքւում էին Գուրգէնի ընկերները, երկար զրուցում, վիճում: Նման կենսաձեւին Գուրգէնը չդիմացաւ եւ ծանր հիւանդացաւ: Բժիշկները նրան ուղեգիր տուեցին՝ բուժուելու Մոսկուայում՝ Բուժական սննդի ինստիտուտում:

Մենք մայրաքաղաք Մոսկուա հասանք Ապրիլին: Գուրգէնը հաղորդեց Պարոյրին մեր իջեւանելու վայրը: Իսկ տեղաւորուել էինք «Ուկրաինա» հիւրանոցում: Ես եւ Գուրգէնչիկը տաքսիով մեր հայրիկին տարանք հիւանդանոց, եւ բժիշկները որոշեցին նրան այնտեղ պահել քառասուն օր: Ես  որդուս հետ մնացի հիւրանոցում: Այդ ժամանակ տղաս ընդամէնը հինգ տարեկան էր՝ գեղեցիկ, կենսուրախ, խարտեաշ գանգուրներով: Շատ բարի երեխայ էր: Յիշում եմ՝ արտասահմանցի հիւրերը նրան շատ էին ուշադրութիւն դարձնում, փորձում էին խօսել, կատակել նրա հետ:

Ահա այդ օրերին Սեւակը ցոյց տուեց իր իսկական, անկեղծ ընկերութիւնը: Նա շատ ուշադիր էր հիւանդ Գուրգէն Մահարիի հանդէպ: Ամէն կիրակի (իսկ դա հիւանդի հետ տեսակցելու օրն էր) գալիս էր հիւրանոց, զանգահարում, ես ու Գուրգէնչիկը իջնում էինք, իսկ այնտեղ կանգնած էր լինում  բանաստեղծը՝ վարդերի հսկայական փնջով: Պարոյրը համբուրում էր ձեռքս.«Տիկի՛ն Անտոնինա, գնանք Գուրգէն-խանի մօտ»: Մենք նստում էինք տաքսի եւ գնում մեր սիրելի Մահարիին այցելութեան: Գուրգէնչիկն ամբողջ ընթացքում բռնած էր պահում Սեւակ քեռու ձեռքը. կարծես վախենում էր կորցնել նրան:

…Մենք հիւանդանոցում ենք: Այդ օրը մեր տղան ծաղիկները մեկնեց հօրը եւ ասաց.«Սիրելի՛ հայրիկ, սա քեզ համար է: Դու ե՞րբ ես վերադառնալու: Մենք տխրում ենք առանց քեզ: Իսկ այս ծաղիկները Սեւակ քեռին է բերել»: Երբ Գուրգէնն իմացաւ, որ իր ընկերը շատ փող է ծախսում մեզ համար, խստօրէն ասաց.«Պարո՛յր ջան, այլեւս նման բան մի՛ արա: Ախր դու ուսանող ես…Վարդերը շատ շքեղ են, շատ  շնորհակալ եմ»: Գուրգէն-խանը համբուրեց երեքիս, Պարոյրից վերցրեց թերթերը եւ ասաց մեզ.«Իսկ հիմա դուք կարող էք զբօսնել այգում (ինքը նոյնպէս նստած էր այգում), իսկ ես ուզում եմ զրուցել ընկերոջս հետ»:

Ես եւ Գուրգէնչիկը սկսեցինք ուսումնասիրել գեղեցիկ ծաղկաթմբերը, բժշկուհիները զարմացած հայեացքով  հետեւում էին մեզ:

Պարզուեց, որ Սեւակն արդէն հասցրել է լինել Երեւանում եւ բերել է տարբեր նորութիւններ, թարմ թերթեր, ամսագրեր: Գուրգէնը երջանիկ էր. մենք լսում էինք նրա  քրքիջը, եւ ես շատ ուրախ էի, որ նա լաւ է զգում: Իսկ Գուրգէնչիկը տրամադրութիւն չունէր.

-Մայրի՛կ, արի՛ գնանք հայրիկի մօտ: Մենք եկել ենք, որ նրա կողքին լինենք:

-Հիմա չի կարելի, տղա՛ս: Այնտեղ Սեւակ քեռին է, նրանք կարեւոր խօսակցութիւն ունեն:

  Այո՛, այդ երկու Դոն Ժուանները, երկու սրտակերները, երկու խենթ բանաստեղծները լաւ էին հասկանում միմեանց եւ երջանիկ էին, երբ միասին էին:

Իսկ երբ աւարտուեց տեսակցութեան ժամը, Գուրգէնը կանչեց մեզ եւ ասաց.«Հիմա, սիրելի՛  Անտոնինա, վերադարձէք հիւրանոց, կը գնաք ռեստորան, թող Պարոյրն իր համար խմիչք պատուիրի, որքան ուզում է: Ափսօսում եմ, որ ձեզ հետ չեմ լինելու: Բարի ախորժակ եւ ցտեսութիւն  մինչ միւս կիրակի»:

Նա նորից համբուրեց  մեզ, շոյեց Գուրգէնչիկին եւ ասաց.

-Բալի՛կ ջան, տղա՛ս, մի՛ տխրիր, շուտով ձեզ հետ կը լինեմ:

-Հայրի՛կ, հիմա  գնանք, հերիք է այստեղ մնաս: Դու անվերջ հիւանդանոցներում ես…Առանց քեզ տխուր է: Մայրիկը միշտ լալիս է…

-Շուտով, շուտով, բալի՛կ ջան:

Տրտմութեամբ մենք մեր հայրիկին թողեցինք հիւանդանոցում, գնացինք հիւրանոց, ռեստորան: Սեւակը իր համար օղի թէ կոնեակ պատուիրեց, լաւ ճաշեցինք, իսկ յետոյ գնացինք զբօսնելու հիւրանոցի շուրջը՝ Մոսկուա գետի եզերքին: Եղանակը հրաշալի էր, շուրջն այնպէ՜ս գեղեցիկ էր: Գուրգէնչիկն ամուր բռնել էր Սեւակ քեռու ձեռքը.«Թող չգնայ: Նրա հետ հետաքրքիր է: Նա հայրիկի ընկերն է, բանաստեղծ: Ես սիրում եմ Սեւակ քեռուն»:

 Նա ինքն էլ չէր շտապում տուն: Պատմում էր կնոջ՝ Մայայի, որդու՝ Հրաչիկի մասին, որը Գուրգէնչիկից մի քանի տարով մեծ էր: Պարոյրը շատ էր սիրում իր ընտանիքը եւ կարօտում էր: Նա երկար խօսում էր Գուրգէն-խանի մասին, հիանում էր նրա տաղանդով, հումորով, պատմում էր՝ ինչպէս է սպասել նրա վերադարձին եւ որքան ուրախ է, որ Գուրգէն Մահարին վերջապէս Երեւանում է:

-Շնորհակալութիւն, տիկի՛ն Անտոնինա, որ այնտեղ ծանր օրերին միայնակ չէք թողել հիւանդին եւ փրկել էք նրա կեանքը: Գուրգէն-խանն ինձ ասել է, որ եթէ չլինէր Անտոնինան, իր ոսկորները կը մնային սիբիրեան հողում, ինչպէս դա եղաւ շատ-շատերի հետ: Շնորհակալ եմ, որ Դուք, հերոսակա՛ն բնաւորութիւն, արել էք ամէն ինչ՝ նրան մահուան ճիրաններից ազատելու համար: Դրա համար, տիկի՛ն Անտոնինա, ես յարգում եմ Ձեզ, հիանում եւ երախտապարտ եմ, որ Դուք  փրկել էք հայ գրողին, այդպէս խնամքով հոգ էք տանում նրա մասին: Ամէն մէկը չէր կարող կեանքը կապել նման հիւանդ մարդու հետ…

Եւ այսպէս՝ ամէն կիրակի:

Գուրգէնչիկը մեծ հիացմունքով նայում էր Սեւակ քեռուն.«Հայրիկն ասում է, որ Պարոյրը մեծ բանաստեղծ է: Երեւի ես նոյնպէս բանաստեղծ դառնամ: Գուցէ՝ օդաչու. չգիտեմ, դեռ չեմ որոշել: Բայց հնարաւոր է՝ ոստիկան. նա էլ կարեւոր դէմք է: Եւ այնքան գեղեցիկ գլխարկ է կրում…»:

Պարոյրը մեծ յարգանքով էր վերաբերւում ինձ, իսկ ես նրան համարում էի «անառակ եղբայր» (նա ինձնից փոքր էր մէկ տարով): Մի անգամ ես ուզում էի «դաստիարակել» իմ եղբայրիկին, որ նա այդքան շատ  չծխի: Իսկ նա ամբողջ օրը ծխում էր ու ծխում: Լաւ էր, որ մենք թարմ օդում էինք: Պարոյրն ասաց, որ նոյնիսկ գիշերն է ծխում:

-Իսկ ե՞րբ էք քնում,- հարցնում եմ:

-Ինքս էլ չգիտեմ: Ես այնքան հոգսեր ունեմ, որ քունս չի տանում…

Ահա այսպիսի անմոռանալի ժամեր ենք  անցկացրել հայ մեծ բանաստեղծի հետ:

Մի անգամ ահա թէ ինչ  «սարքեցի»: Ռեստորանում  ընթրելուց յետոյ դուրս եկանք զբօսնելու Մոսկուա գետի ափին: Բոլորս բարձր տրամադրութիւն ունենք: Շուրջը հէքիաթային  բնութիւն է: Պարոյրը շատ ուրախ է: Նա արտասանում է ինչ-որ հայերէն բանաստեղծութիւն: Գուրգէնչիկը հիացած նայում է բանաստեղծի դէմքին եւ բռնել է ձեռքը: Իսկ Սեւակը՝ ինքն արդէն հայր, կախարդել է մեր տղային:

Ահա այդ պահին ես սկսեցի.

-Պարո՛յր, հիմա ես Ձեզ հետաքրքիր բան կը պատմեմ: Դուք հաճոյքով կը լսէք այդ մասին: Երբ մենք Մոսկուա ենք գալիս, ամէն տարի հիւրանոցում մեզ այցի է գալիս Յասմիկը Ձեր դստեր հետ: Ի՜նչ լաւ երեխայ է: Ի՜նչ գեղեցիկ աղջիկ: Մենք շատ ենք սիրում Ձեր դստերը, իսկ Գուրգէնչիկը երջանիկ է զգում, երբ նրանք գալիս են, որովհետեւ խաղում է նրա հետ: Ես եւ Գուրգէն-խանը հիանում ենք՝ նայելով նրանց:

Պարոյրը կանգ առաւ: Մռայլուեց: Ճակատին ու դէմքին կարմիր հետքեր յայտնուեցին: Ես հիմա էլ տեսնում եմ այդ ամէնը: Չեմ կարող մոռանալ:

-Նշանակում է՝ Գուրգէն-խանը  նոյնպէս գիտի այդ մասին: Եւ ի՞նչ է ասում նա,- հարցրեց բարկացած:

-«Ապրես, Պարո՛յր: Այսպիսի լաւ երեխա. իսկական հրաշք: Եւ ինչքա՜ն նման է հօրը: Մենք նրան շատ ենք սիրում, որովհետեւ մեր հրաշալի բանաստեղծի դուստրն է»:Հենց այսպէս էլ ասում է Գուրգէնը,- ասացի ես:

-Հա՛, նա խայտառակում է ինձ: Երեխային բերում է ինստիտուտ, որտեղ աշխատում եմ: Հասցրեց ինձ այն բանին, որ հիւանդացայ եւ պառկեցի հոգեբուժական հիւանդանոցում. երեք ամիս չէի կարողանում խօսել: Կարճ ասած՝ կորցրել էի խօսելու ունակութիւնս: Ճիշդ է, ինձ այնտեղ բուժեցին: Բայց նյարդերս քայքայուած են,- ասաց Պարոյրը ցաւով:

Այդ պահին ես հասկացայ՝ ինչ սարսափելի սխալ եմ թոյլ տուել՝ դիպչելով նրա ցաւոտ տեղին: Ես բառեր էի փնտրում, որ սփոփեմ նրան:

-Պարո՛յր ջան (առաջին անգամ նրան այդպէս դիմեցի), ես դրանում ոչ մի խայտառակութիւն չեմ տեսնում: Դուք բանաստեղծ էք եւ աւելին, քան բանաստեղծը: Հեշտ սիրահարուող էք: Դուք սիրել էք մի կնոջ, նա էլ՝  Ձեզ, եւ ծնուել է սիրոյ պտուղը: Դուք հրաշալի աղջիկ ունէք: Իմիջիայլոց, Յասմիկը մինչեւ հիմա սիրում է Ձեզ…

-Հարկաւոր չէ ինձ նրա սէրը: Նա թունաւորել է ողջ կեանքս…,- մեր բանաստեղծը երկար խօսեց բարկացած. ամբողջ ընթացքում ծխում էր, կարծես դրա մէջ էր փնտռում մխիթարութիւնը:

-Ես ներողութիւն եմ խնդրում, որ Ձեր ցաւոտ կէտին դիպայ: Բայց ես չգիտէի: Խնդրում եմ՝ Գուրգէնին ոչինչ մի՛ ասէք…

-Կարծես դա շատ հաճելի թեմա է, որ ես էլ կիսուեմ Գուրգէն-խանի հետ: Տհաճ է այդ մասին յիշելը:

-Բայց ներեցէ՛ք ինձ, խնդրում եմ: Յոյս ունեմ, որ միւս կիրակի նորից կը գաք: Այլապէս Գուրգէնը կարող է յուզուել:

-Ինչպէ՞ս կարող եմ չգալ Գուրգէն –խանի մօտ: Նա ինձ կը սպասի: Մահարիի հետ շատ հետաքրքիր է: Նա պայծառ անհատականութիւն է: Իմ հոգեւոր հայրը:

Հիւանդանոց գնալուն մնում էր մէկ կիրակի: Պարոյրը հրաժեշտ տուեց բարեկամաբար: Համբուրեց ձեռքս.«Ներեցէ՛ք, տիկի՛ն Անտոնինա, շատ տաքացայ: Աստուա՛ծ իմ, որքա՜ն շատ սխալներ եմ գործել»: Խոստացաւ գալ, Երեւանից բերել լուրեր, թարմ թերթեր, ամսագրեր: Դա իր պարտքն էր համարում: Խառնեց Գուրգէնչիկի մազերը, իսկ վերջինս ուրախացաւ, որ Պարոյր քեռին այդպէս սիրում է իրեն:

Այս պատմութիւնից ես հետեւութիւն արեցի: Այդ անվերջանալի կապերը տարբեր կանանց հետ, այդ սիրային պատմութիւնները տղամարդկանց կեանքում ծնում են իրարանցում եւ քաոս, խաթարում են առողջութիւնը, հոգեւոր աշխարհը, յաճախ՝ ընտանիքը: Բայց կը սթափուե՞ն երբեւէ այս կնամոլները: Անլուծելի խնդիր է:

Երբ մենք մտանք մեր համարը, Գուրգէնչիկը սկսեց ինձ հանդիմանել.«Մայրի՛կ, կարծես թէ դու վիրաւորեցիր Սեւակ քեռուն: Ես տեսայ, թէ ինչպէս բարկացաւ եւ կարմրեց: Ես ցաւում եմ նրա համար, վախենում եմ, որ կը հիւանդանայ: Ես սիրում եմ Սեւակ քեռուն: Նա հայրիկի ընկերն է»:  Պէտք է ասեմ, որ մեր որդին ինձ նման է: Ինչպէս ես, սիրում է դաստիարակել: Շատ անգամ է ասել հօրը.«Հայրի՛կ, օղի խմելը յիմար սովորութիւն է եւ շատ վտանգաւոր է առողջութեան համար: Ծխելն էլ է վտանգաւոր: Մայրիկն է ասել»: Ուրիշ անգամ.«Հայրի՛կ, ես եւ մայրիկը նրա՛ համար ենք քեզ դաստիարակում, որովհետեւ վախենում ենք, որ կը հիւանդանաս: Յոգնել ենք «Շտապ օգնութիւն» կանչելուց»:

Ահա այսպէս: Երկու դաստիարակ Գուրգէն-խանի գլխին: Բայց վերջինս իսկական հայ էր. չէր յանձնւում: Դրա համար էլ հիւանդանում էր: Ասում էր.«Աւելի լաւ է հիւանդանամ, քան ձեզ ենթարկուեմ»:

 Յաջորդ կիրակի Պարոյրը դարձեալ զանգահարեց մեզ: Մենք իջանք եւ հանդիպեցինք բանաստեղծին: Նա բարձր տրամադրութիւն ունէր: Այս անգամ ծաղիկները ես գնեցի: Վերջին անգամ էինք գնում հիւանդանոց: Երկուշաբթի օրը Գուրգէնին դուրս են գրելու հիւանդանոցից:  Ինչպէս միշտ, Գուրգէնչիկը հօրը յանձնեց ծաղիկները: Նա մեզ համբուրեց եւ ուղարկեց զբօսնելու: Պարոյրի հետ շատ հետաքրքրական էր: Բայց մենք չէինք վիրաւորւում. ուրախ էինք, որ լաւ է զգում:

Երբ աւարտուեց տեսակցութեան ժամը, Գուրգէնը գրկեց ինձ եւ որդուն, իսկ Պարոյրին ողջագուրուեց աւելի ջերմ: Շնորհակալութիւն յայտնեց անկեղծ ընկերութեան համար, ուրախ հանդիպումների համար: Սեւակը խոստացաւ այցելել մեզ Լիտուայից մեր վերադարձից յետոյ: Նա շատ ջերմ հրաժեշտ տուեց: Համբուրեց ձեռքս.«Տիկի՛ն Անտոնինա, ես ուրախ եմ, որ Գուրգէն-խանը Ձեր ձեռքերում է: Շնորհակալ եմ ամէն ինչի համար, մինչ հանդիպում Երեւանում»: Գուրգէնչիկին համբուրեց հօր նման: Տղան ուրախ է, որ Սեւակ քեռին այդպէս բարի է իր հանդէպ:

Ահա այսպէս ամառն անցաւ, բոլորիս մնացին ուրախ յիշողութիւններ…

Երկուշաբթի օրը ես եւ որդիս գնացինք՝ հայրիկին հիւանդանոցից տուն տանելու: Գուրգէնչիկը երջանիկ էր: Գուրգէն-խանը՝ նոյնպէս: Իսկ ես ողջ գիշեր չէի քնել ուրախութիւնից:

Ինստիտուտում, ըստ էութեան, բուժել էին հիւանդին: Գուրգէնը լաւ էր զգում:

Տոմսերը գնուած էին, եւ յաջորդ օրը մենք մեկնեցինք Լիտուա: Փառք Աստծոյ, նորից բոլորս միասին ենք: Պալանգայում Գուրգէնը հանդիպեց ընկերներին, լիտուացի գրողներին: Ես ու տղաս լողում էինք ծովում, երկար զբօսնում էինք եւ վայելում հրաշալի բնութիւնը: Կարճ ասած՝ ամառը հիանալի անցկացրինք: Սեպտեմբերի սկզբին Երեւանում էինք:

Գուրգէնը մտածում էր գիրք գրել իր հայրենի Վան քաղաքի մասին եւ վերադարձից յետոյ  սկսեց աշխատել:

 …Հիմա Պարոյրը ապրում է մեր հարեւանութեամբ՝ կողքի մուտքում: Նա արդէն երկրորդ կնոջ՝ Նելլիի՝ Յասմիկի ընկերուհու   հետ է ապրում: Իսկ Մայան (յետագայում Մայան ինքն է ինձ ասել), իմանալով, որ ամուսինը ապօրինի դուստր ունի Մոսկուայում, չի կարողացել ներել, եւ նրանք բաժանուել են, թէեւ Մայան շարունակում էր սիրել Պարոյրին:

 Սեւակի նոր ընտանիքում արդէն որդի կայ՝ Արմէնը: Կեանքը շարունակւում է…

(շարունակություն)  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter