HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտոնինա Մահարի. չխամրող յուշեր

սկիզբը

Մի անգամ Պարոյրը մեզ հրաւիրեց իր տուն: Կարծեմ իր ծննդեան օրն էր: Այնտեղ մենք հանդիպեցինք նկարչուհի Ռեգինա Ղազարեանին, Համօ Սահեանին, Հրաչեայ Յովհաննիսեանին, Էմինին՝ տիկնոջ հետ եւ էլի շատերին, ում չէի ճանաչում: Պարզուեց՝ Նելլին սիրալիր, լաւ տանտիրուհի է: Նա հիանալի հիւրասիրութիւն էր կազմակերպել: Մենք ճաշակեցինք  նրա պատրաստած համեղ խորտիկները, իսկ տղամարդիկ խմում էին ու ծխում եւ, ինչպէս միշտ, վիճում…

Դա անմոռանալի երեկոյ էր Պարոյր Սեւակի սիրալիր բարեկամական ընտանիքում:

Մեր տանը նոյնպէս ամէն ինչ լաւ էր: Գուրգէնը նոր գիրք էր  գրում: Մեր որդին սովորում էր դպրոցում, հակումներ ունէր օտար լեզուների նկատմամբ, ակադեմիական յիշողութիւն ունէր. երկու անգամ կարդում էր բանաստեղծութիւնը եւ սկսում արտասանել: Սակայն, ցաւօք, գործնական խելք չունէր. այս «ախտորոշումը» տուել էին ուսուցիչները: Իմիջիայլոց, ես նոյնպէս այդպիսին եմ՝ ոչ գործնական: Գուրգէն-խանը մեզնից այս առումով առաւել չէր: Այնպէս որ մեր բախտը չէր բերել: Գուրգէնչիկը լաւ ձայն ունէր: Նա երգում էր եւ շատ երգեր գիտէր: Երգեցողութեան դասին նա մեներգեր էր երգում: Բոլորը հիանում էին: Բարձրահասակ, սլացիկ տղա էր՝ խարտեաշ մազերով: Նա այդ ժամանակ տասնմէկ տարեկան էր: Գրում էր գեղեցիկ շարադրութիւններ, սիրում էր պոեզիա, գրականութիւն:

Մեր տանը տղամարդիկ զբաղւում էին լուրջ գործերով, իսկ ես, ինչպէս միշտ, հրահանգներ էի տալիս եւ փորձում դաստիարակել: Բայց, աւա՜ղ, ինձ ոչ ոք չէր լսում:

Պարոյրը յաճախ էր այցելում մեզ եւ միշտ մեղր էր բերում իր հայրենի գիւղից: Ինձ, այնուամենայնիւ, թւում էր, որ նա շատ է փոխուել: Օր ու գիշեր ծխելը թողել էր իր հետքը: Նա հազում էր, հազի բռնկումները սարսափելի էին, ուղղակի շնչահեղձ էր լինում, կարմրում, կապտում: Այդ պահերին Գուրգէնը սարսափով հետեւում էր ընկերոջը եւ ինձ հասկացնում, որ իրեն մենակ չթողնեմ, դուրս չգամ սենեակից: Նա վախենում էր ընկերոջ կեանքի համար: Այդ ճգնաժամային  պահերին էլ Սեւակը ձեռքից բաց չէր թողնում ծխախոտը: Երբ հազի նոպան անցնում էր, նա շարունակում էր ծխել: Յետոյ խօսում էր Գուրգէնի հետ եւ գնում: Մի անգամ Գուրգէնը պարծենալով ասաց, որ գիրք է գրում իր հայրենի քաղաքի մասին: Ինձ թուաց՝ Պարոյրն այնքան էլ ուրախ չէր… Մեր հիւրի գնալուց յետոյ ես ասացի Գուրգէնին.

-Տեսնո՞ւմ ես՝ ոնց է տանջւում մարդը: Թող քեզ դաս լինի: Թո՛ղ ծխելը: Ի՞նչ օգուտ կայ դրանից:

-Քեզ համար հեշտ է խօսելը: Իսկ ես չեմ կարող աշխատել առանց ծխախոտի: Մի՛ խմիր, մի՛ ծխիր, մի՛ զբօսնիր, թէ չէ կը մեռնես: Ահա քո քաղաքականութիւնը: Էլ ինչո՞ւ  եմ ապրում:

-Լա՛ւ, արա՛, ինչ ուզում ես: Էլ ոչինչ չեմ ասի:«Շտապ օգնութիւն» ինքդ կը կանչես:

Աստուա՛ծ, ո՞վ է ստեղծել այս խենթ տաղանդներին, որոնք այդպէս անգթօրէն խաթարում են իրենց առողջութիւնը: Ճիշդ են ասում, որ նրանք խելագար են, աննորմալ  եւ անմիտ: Որտե՞ղ եմ ես ընկել…

Ամէն անգամ, երբ գնում ենք Լիտուա, մենք կանգ ենք առնում Մոսկուայում, տարբեր հիւրանոցներում: Մոսկուայում Գուրգէնը հանդիպում էր իր ընկեր Աբրահամ Ալիքեանին: Նա եկել էր Ֆրանսիայից, շատ լաւ գիտէր ֆրանսերէն եւ թարգմանիչ էր:

Մի անգամ Աբրահամը ցոյց տուեց ֆրանսերէնից հայերէն կատարած իր թարգմանութիւնները եւ ասաց.«Հասկանո՞ւմ էք, Գուրգէն-խան, Պարոյրը խնդրեց ինձնից այս թարգմանութիւնները, եւ ահա, տեսէ՛ք, իր նոր գրքի մէջ հատուածներ է դրել ֆրանսիացի բանաստեղծի երկից, որը ես եմ թարգմանել»: Նա ցոյց տուեց Գուրգէնին Սեւակի գիրքը:

Գուրգէնը բարկացաւ.«Ախր սա գրագողութիւն է: Ինչպէ՞ս է համարձակուել: Մի՞թէ ամօթ չէ: Ես Պարոյրից չէի սպասում նման բան»:

Գուրգէնը՝ բարկացած եւ դառնացած, յօդուած գրեց՝ մոռանալով, որ գրում է սիրելի, թանկ ընկերոջ դէմ: Յօդուածը տարաւ ամսագրի խմբագրութիւն: Խմբագիրը կարդացել էր եւ տուել Սեւակին: Վերջինս սաստիկ բարկացել էր եւ չէր կարողանում ներել Գուրգէն-խանին, որին այդքան սիրում էր: Պարոյրը սարսափելի վրէժ լուծեց:

Արդէն լոյս էր տեսել «Այրուող այգեստաններ» գիրքը: Պարոյրն այնպիսի գրական աղմուկ բարձրացրեց, որ անհնար է նկարագրել: Նրան միացան շատ վիրաւորուածներ, որոնց Մահարին քննադատել էր: Վայրի ոռնոց բարձրացաւ: Դա ահաւոր ջախջախում էր, որ կազմակերպուեց հիւանդ, տառապած գրողի դէմ: Մանրամասն չեմ գրի, որովհետեւ այդ մասին գրել եմ մէկ այլ յիշողութեանս մէջ:

Լուրեր էին հասնում, որ Գրականութեան ինստիտուտում Սեւակը ելոյթներով հանդէս է գալիս եւ անողորմ քննադատում Մահարիի գիրքը, նրան անուանում դաւաճան, թուրքերի սպասաւոր, յայտարարում, թէ իբր «Այրուող այգեստաններ»-ը թարգմանւում է Հայաստանի թշնամիների կողմից եւ պէտք է տպագրուի: Նոյնիսկ ինձ է յիշատակում իմ սիրելի եղբայրիկը.«Այո՛, նա է մեղաւոր: Եթէ չլինէր Անտոնինան, Մահարին կը գրէր այլ կերպ…»: Այո՛, պարո՛ն Սեւակ, հենց ինքը՝ Գուրգէն-խանն էր Ձեզ ասել, որ եթէ չլինէր Անտոնինան, իր ոսկորները կը մնային Սիբիրում, ինչպէս դա եղաւ շատերի հետ…Իսկ եթէ Մահարիի ոսկորները մնային Սիբիրում, այդ գիրքը չէր գրուի, Գուրգէն Մահարին Երեւանում չէր յայտնուի…Ի դէպ, Գուրգէնը եւս ինձ էր մեղադրում.«Իզուր այն ժամանակ ջանացիր  ինձ դուրս գրել հիւանդանոցից: Հիմա հանգիստ պառկած կը լինէի այնտեղ, եւ չէր լինի ոչ մի տագնապ, ոչ մի վիրաւորանքի խօսք չէի լսի: Լաւ կը լինէր՝ յաւերժ քնէի»:

Մի անգամ Գուրգէնչիկը դպրոցից տուն   վերադարձաւ լացելով.

-Մայրի՛կ, բոլորն ասում են, որ Գուրգէն Մահարին ծառայում է թուրքերին, իսկ նրա գիրքը արդէն պէտք է տպագրուի թուրքերէնով: Այդ ամէնը ասել է Պարոյր Սեւակը իր ելոյթի ժամանակ: Մայրի՛կ, չի կարող պատահել: Սեւակ քեռին այնպէս սիրում էր հայրիկին: Մայրի՛կ, չեմ հասկանում՝ ինչ է կատարւում…

  Ի՞նչ կարող էի պատասխանել բարի, դիւրահաւատ տղային, որը զուրկ էր գործնականութիւնից եւ ի զօրու չէր հասկանալ մարդկային խորամանկութիւնն ու ստորութիւնը.

-Մի՛ յուզուիր, տղա՛ս: Այս կեանքում ամէն ինչ պատահում է: Փառք Աստծոյ, շուտով արձակուրդ է, եւ մենք գնալու ենք Լիտուա: Մեր ընկերները մեզ են սպասում:

Գուրգէնը շատ ծանր էր տանում այս ծաղրուծանակը.«Անտոնինա՛, չկայ աւելի դաժան ցաւ, երբ քո գրական աշխատանքը ցեխի մէջ են գցում: Եւ դա անում են սիրելի, հարազատ մարդիկ, քո հայրենակիցները: Իսկ ո՞ւր են այն գրողները, որ գինարբուքներ էին անում մեր տանը: Ոչ մի բառ չասացին՝ ի պաշտպանութիւն  իմ գրքի: Կարծես աշխարհը շուռ է եկել...»:

 Գիշերները շատ անգամ Գուրգէնը փորձել է ցած նետուել պատշգամբից: Ես անընդհատ հետեւում էի նրան:«Դու էլի այստե՞ղ ես,- ասում էր նա:-Աստուա՛ծ իմ, նոյնիսկ մեռնելո՞ւ իրաւունք չունեմ: Սա ի՞նչ ճակատագիր է: Բոլորը ուրացել են ինձ, մնացել ես միայն դու, իմ բարի՛ հրեշտակ: Գիտե՞ս՝ քեզ ինչ կ’ասեմ: Յիմար էինք մենք, որ եկանք այստեղ: Կը մնայինք Սիբիրում որպէս ազատներ: Այնտեղ ինչքա՜ն լաւ մարդիկ կային: Հենց հիմա՛ կը գնայի, բայց էլ ուժ չունեմ…»:

Պալանգայում իր կեանքի վերջին օրերին Գուրգէնը յաճախ էր կրկնում.«Բոլորին կը ներեմ, բայց Պարոյրին՝ երբեք: Ես սիրում էի նրան որդուս պէս: Ես նրա դէմ գրչով էի դուրս եկել, նա իմ դէմ՝ կացնով…»:

Այս բռնադատութիւնը տեւեց երեք տարի: Գուրգէնի առողջութիւնը վերջնականապէս քայքայուեց: Նա սարսափելի վատ էր զգում: Նիհարել էր, դարձել քառասուն կիլոգրամ:  Ոչ մի հոգատարութիւն, ոչ մի քնքուշ բառ չէին սփոփում վիրաւորուած գրողին: Ես նստում էի աջ կողմում, Գուրգէնչիկը՝ ձախ.

-Հայրի՛կ, մի՛ հիւանդացիր, մի՛ հեռացիր: Ամէն ինչ լաւ կը լինի: Ես ու մայրիկը քեզ շատ ենք սիրում,-մխիթարում էր հօրը մեր որդին:

-Գուրգէ՛ն ջան, սիրելի՛ս, իմ թա՛նկ մարտական ընկեր: Դու հպարտ եղիր քո գրքով: Ուրեմն դու հանճարեղ ես գրել, որ քո թշնամիները նախանձից վայում են: Կը գայ ժամանակը, եւ քո գիրքն իր արժանի տեղը կը գտնի հայ գրականութեան մէջ,- ասում էի ես:

-Ես գիտեմ, որ այդ ժամանակները կը գան: Կը գտնուեն ե՛ւ «քաջ Նազարը», ե՛ւ գրականութեան բիզնեսմենները, այս ոլորտի բազում սպեկուլեանտները: Նրանք իմ գրքից կը քամեն իրենց օգուտը, փառք կը ստեղծեն իրենց համար, բարեկեցութիւն: Այսօր իմ ստեղծածը գցել են ցեխի մէջ: Եւ ես գնում եմ այս աշխարհից դժբախտ, նեղացած, վիաւորուած: Դուք երկուսդ, ի՛մ սիրելիներ, տանջւում էք իմ պատճառով: Շնորհակալ եմ, իմ բարի՛ փերի, որ դու իմ կեանքի  վերջին օրերին կողքիս ես,- ասում էր եւ արտասւում:

Գուրգէնչիկը նոյնպէս լալիս էր: Նա շոյում էր հօրը, համբուրում, մխիթարում:

Մի անգամ Գուրգէնը կարծես ինչ-որ բան յիշեց եւ ասաց.

- Անտոնինա՛, աղաչում եմ քեզ, մի՛ թող Երեւանը: Դու միակ մարդն ես, որ կարող է պատմել իմ մասին ողջ ճշմարտութիւնը: Չէ՞ որ դու իմ դաժան կեանքի ուղեկիցն ես: Խնդրում եմ, գրի՛ր յուշեր մեր՝ միասին անցած ճանապարհների մասին: Գրի՛ր ու ոչ ոքի մի՛ խնայիր: Դա շատ կարեւոր է պատմութեան համար:

-Մի՛  յուզուիր, դառն օրերի ի՛մ ընկեր, քո յիշատակը պահելու համար ամէն ինչ կ’անեմ:Դու չես մոռացուի,- խոստացայ ես մեռնող բազէին:

Մեր տանը թագաւորում էր մռայլութիւնը, իսկ անողորմ մահը պտըտւում էր Գուրգէն Մահարիի շուրջը: Մեր որդին տեսնում էր այդ ամէնը, հասկանում, եւ այդ ողջ ցաւը ճզմում էր նրա մանկական սիրտը: Մեր տանը ծիծաղ չկար, ուրախութիւն չկար, լուսաւոր օրեր չկային: Շուրջը խաւար էր: Նախանձը, ատելութիւնը եւ անգթութիւնը շրջապատել էին մեզ:

Եկաւ վերջը, պատահեց ամէնից սարսափելին, այն, ինչից այդքան վախենում էինք: 1969 թուականի Յուլիսի 16-ին Պալանգայի հիւանդանոցում հանգաւ Գուրգէն Մահարին, նրա տառապած սիրտը դադարեց բաբախել: Բժիշկներն ամէն ինչ արեցին, բայց փրկել հիւանդին չհաջողուեց: Յետոյ նրանք ինձ ասացին.«Նման ծերերին չէր կարելի բերել այսքան հեռու: Նա հաւանաբար արդէն իննսուն տարեկան է»: Այդպէս էր երեւում տանջահար, անարգուած հայ դասական Գուրգէն Մահարին: Այդ ժամանաակ նա ընդամէնը 66 տարեկան էր:

Գուրգէնչիկը շատ ծանր տարաւ հօր կորուստը, նա պարզապէս թմբիրի մէջ էր: Ես էլ լաւ վիճակում չէի, բայց պարտաւոր էի սփոփել մեր տղային: Նա 14 տարեկան էր: Վտանգաւոր տարիքում:

Եւ այսպէս, մեր սիրելի Գուրգէնի խնդրանքով  մնացինք Երեւանում: Մենք՝ երկու որբեր, որոնք այստեղ ոչ ոքի պէտք չեն: Ոչ ոք ցաւակցութիւն չյայտնեց, չհարցրեց, թէ ինչպէս ենք ապրում: Յիշում եմ՝ անցեալում Սեւակը մեծ յարգանքով էր վերաբերւում ինձ. հիմա իմ անառակ եղբայրիկը նայում էր ինձ զայրացած, արհամարհանքով եւ չէր բարեւում: Նոյն կերպ էր վարւում կինը՝ Նելլին: Չէի հասկանում՝ որ մեղքիս համար են այդպէս ատում ինձ: Ես ինձ յանցագործ էի զգում:

Այդ ժամանակ Պարոյր Սեւակի փառքն աճում էր ոչ թէ օրերով, այլ ժամերով: Ամէնուր միայն ու միայն լսւում էր՝ Պարոյր Սեւա՜կ, Պարոյր Սեւա՜կ: Կարծես բոլորը յափշտակուած լինէին: Իսկ Գուրգէն Մահարիին առհասարակ վտարել էին հայ գրականութիւնից:  Պարզւում էր, նա ոչ մի լաւ բան չի գրել:

Հանգուցեալի քառասունքից յետոյ Համօ Սահեանի (թող պայծառ լինի յիշատակը) խնդրանքով Գրողների միութիւնը 15 օր Ծաղկաձորում հանգստանալու ուղեգիր տուեց մեզ: Որդուս հետ գնացի: Այնտեղ տեսայ շատ գրողների, որոնք հարբում էին մեր տանը, բայց նրանցից ոչ մէկը չմօտեցաւ՝ ցաւակցութիւն յայտնելու եւ Գուրգէն Մահարիին յիշելու: Մենք դարձել էինք «ժողովրդի թշամիներ»:

Կեանքը շարունակւում է: Ես փորձեցի ինչ-որ բան անել Գուրգէնի յիշատակին: Առանձնասենեակը, որտեղ ապրում էր եւ աշխատում գրողը, որտեղ հաւաքւում էին ընկերներն ու քննարկում «կարեւոր հայկական հարցեր», ես դարձրի մերժուած հայ գրողի  թանգարան: Ապա գրեցի յիշողութիւններ մեր անցած ուղիների մասին (այդ ամէնը գրուել էր 1972 թուականին, բայց հրատարակուեց 2003-ին՝ շնորհիւ Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանի: Շնորհակալութիւն մեր սիրելի նախագահին):

Ամէն դէպքում ես զգում էի, որ մեզ ատում են: Ուզում են, որ անհետանանք: Բայց մենք մնացինք Երեւանում՝ ի հեճուկս մեր թշնամիների:

Արդէն երկու տարի էր, որ մենք ապրում էինք երկուսով:  Ամբողջ օրը մորմոքում էինք եւ յիշում մեր հայրիկին: Ամէն ամառ  մեկնում էինք Լիտուա: Այնտեղ բուժում էինք մեր հոգու վէրքերը եւ ուժ հաւաքում յետագայում գոյատեւելու համար:

Մի անգամ՝ ամռանը, Պալանգայում մեր հարեւանը՝ մոսկուացի մի գրող, ցոյց տուեց ինձ «Իզվեստիա» թերթը, ուր տպագրուած էր հայ բանաստեղծ Պարոյր Սեւակի ընտանիքի հետ տեղի ունեցած ողբերգութեան լուրը:

Կարդացի: Դա ինձ համար մեծ հարուած էր: Հաւաքուեցին մեր հարեւան հանգստացողները, հետաքրքրուեցին, թէ ինչի՞ հետեւանքով է մահացել, հնարաւո՞ր է յատուկ  կազմակերպուած լինի: Իսկ ինձ համար պարզ էր, որ Սեւակին սպաննել է նա, ով տուել է նրան աւտոմեքենայի ղեկին նստելու իրաւունք, նա, ով տուել է նրան վարորդական իրաւունք:  Պարոյր Սեւակ մեծ բանաստեղծը քայքայուած նյարդերով, հազի նոպաներով, իհարկէ, իրաւունք չունէր մեքենա վարելու: Դա կորստեան մատնեց երկուսին, եւ մնացին երկու որբեր:

Նշանաւոր հայ բանաստեղծը բարդ բնաւորութիւն ունէր, երբեմն ինքն իրեն չէր կարողանում գտնել: Նա  միշտ լարուած էր, միշտ խառնուած, շտապում էր ինչ-որ տեղ: Նա շտապում էր ապրել, կարծես զգում էր, որ իրեն քիչ  ժամանակ է մնացել…

Պարոյր Սեւակը եթէ ընկեր էր, ապա իսկական, ուշադիր, նուիրուած ընկեր էր: Իսկ եթէ թշնամիդ դարձաւ՝ ազատուի՛ր: Անգթօրէն կ’ոչնչացնէր քեզ: Այսպէս Պարոյր Սեւակը ֆիզիքապէս ոչնչացրեց Գուրգէն Մահարիին, նրա գիրքը՝ «Այրուող այգեստաններ»-ը անուանեց ախտաւոր, արատաւոր, հայ գրականութեան խայտառակութիւն:

Մի անգամ Գուրգէն Մահարին ասաց փիլիսոփայօրէն.«Տե՛ս, Անտոնի՛նա,100 տարի յետոյ չեն լինի նոյնիսկ նրանք, ովքեր այսօր ծնուեցին: Ամենաշատը յիսուն տարի յետոյ չեն լինի ո՛չ իմ ընկերները, ո՚՛չ իմ թշնամիները…Որքա՜ն բարդ է կեանքը: Հարցնում եմ՝ ինչո՞ւ մեր մէջ այդքան շատ ատելութիւն, նախանձ եւ անխղճութիւն կայ: Բոլորս գնալու ենք այնտեղ, փառք Աստծոյ, ոչ ոք չի մնալու. ո՛չ մեր ղեկավարները, ո՛չ դեւի չեկիստ-սպասաւորները, որոնք տանջում էին մեզ եւ մինչեւ հիմա հետեւում են: Ընկերնե՛ր, մենք բոլորս հանդիպելու ենք այնտեղ՝ Յաւերժի թագաւորութիւնում: Յոյս ունեմ եւ իմ ընկեր Պարոյր Սեւակին այնտեղ տեսնել, որ այն աշխարհում հետը քննարկեմ «Այրուող այգեստանները»: Մինչ հանդիպում»:

Այնուամենայիւ, շատ ցաւալի է եւ վիրաւորական, որ երկու բանաստեղծների գեղեցիկ ընկերութիւնը նման ողբերգական աւարտ ունեցաւ:

20.07.2007թվական, Երևան

(շարունակություն)

Մեկնաբանություններ (1)

Մարիամ
Մեծ ցավ ապրեցի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter