HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտոնինա Մահարի. չխամրող յուշեր

սկիզբը

Տխուր յիշողութիւններ. հիւանդանոցում

Գուրգէն Մահարիի կեանքի վերջին տարին

Յաճախ եմ երազում տեսնում Գուրգէն Մահարիին. նա միշտ տխուր է, նեղսրտած, մտահոգ…

Անտոնինա Մահարի

1968 թուական: Մենք լրիւ կազմով՝ երկու Գուրգէնն ու ես, Լիտուայից վերադարձանք Երեւան: Գնացքում Գուրգէնի վիճակն անսպասելիօրէն վատացաւ: Բժշկական օգնութիւն է անհրաժեշտ: Ջերմութիւնը 40 աստիճան է: Ես տագնապի մէջ եմ: Յայտնեցի ուղեկցորդուհուն: Թբիլիսիում կանգնեցրին գնացքը, եկան բժիշկները եւ կատարեցին անհրաժեշտ  ամէն ինչ: Ամբողջը՝ մարդկայնօրէն: Յետոյ ասացին ինձ.«Երեւանում՝ անմիջապէս հիւանդանոց: Շտապ վիրահատութիւն է անհրաժեշտ: Մենք արդէն հաղորդել ենք այնտեղ»:

Ես եւ Գուրգէնչիկը սարսափի մէջ ենք: «Հայրի՛կ, հայրի՛կ, դու էլի հիւանդանո՞ց ես գնալու: Ինչո՞ւ մեր բախտը չի բերում»,-հեծկլտում էր 12-ամեայ տղան:

Երեւանում՝ կայարանում, «Շտապ օգնութեան» մեքենան արդէն մեզ էր սպասում: Մենք հրաժեշտ տուինք Գուրգէնին, եւ նրան տեղափոխեցին հիւանդանոց:

Տանը մնացինք երկուսով՝ ես եւ Գուրգէնչիկը: Չնայած սեպտեմբերեան տաք օրերին՝ մեր տունը ցուրտ էր եւ դատարկ: Հիմա ամէն օր ես եւ որդիս մեր հայրիկին այցելութեան ենք գնում  հիւանդանոց:

Գուրգէնին պատրաստում են վիրահատութեան: Նա շոյում է տղային եւ արցունքն աչքերին ասում.

-Որտեղի՞ց յայտնուեցիր  այսքան բարի, նուրբ, զգայուն. կարծես այս աշխարհից չլինես: Մեծացի՛ր խելացի, օժտուած, գեղեցիկ, բարձրահասակ եւ սլացիկ, ինչպէս բարդի: Չգիտեմ՝ ինչ է քեզ սպասում այս բիրտ աշխարհում: Միայն մի բան կարող եմ ասել, բալի՛կ ջան, որ դու զարդարում ես իմ ծերութիւնը: Շնորհակալ եմ ճակատագրին, որ ուղարկեց ինձ այս բարի հրեշտակին՝ քո մօրը. մայրդ փրկեց ինձ եւ  պահպանում է մինչեւ հիմա: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ տուեց քեզ, տղա՛ս:

-Հայրի՛կ, տո՛ւն գնանք: Առանց քեզ մեր տունը դատարկ է եւ  շատ տխուր,- աղաչում էր մեր տղան:

-Սպասի՛ր, սպասի՛ր, տեսնենք՝ բժիշկներն ինչ են ասում,- պատասխանեց հիւանդը տխրութեամբ:

Մի օր՝ վաղ առաւօտեան,  Լիտուայից բերեցին Կոստան Զարեանին:  Նա այնտեղ հանգստանում էր առողջարանում: Նրա հետ տեղի էր ունեցել նոյն պատմութիւնը, ինչ որ Մահարիի հետ: Նրան ուղեկցում էր մի երիտասարդ բժիշկ՝ բժշկական գիտութիւնների թեկնածու: Վերջինս  իմ հայրենակիցն էր, իսկական բժիշկ, իսկական մարդ:

Գուրգէն Մահարիին շտապ վիրահատեցին, այնուհետեւ կիսագիտակից վիճակում  բերեցին հիւանդասենյակ: Ահա թէ ինչ ասաց իմ հայրենակից բժիշկը, որ ներկայ էր եղել վիրահատութեանը.

-Ես զարմացած եմ, ցնցուած եւ վրդովուած բժիշկների անհոգի վերաբերմունքից: Նրանք վիրահատութիւն կատարեցին առանց անզգայացման, ծաղրում էին հիւանդին: Մեզ մօտ՝ Լիտուայում, հիւանդի հետ նման կերպ  վարուող բժշկին անմիջապէս կ’ազատեն աշխատանքից: Ահա իմ խորհուրդը, քո՛յր իմ: Եթէ ուզում ես՝ ամուսինդ այստեղից ողջ դուրս գայ, ոչ մի րոպէ մենակ մի՛ թող նրան: Հսկի՛ր օր ու գիշեր: Հնարաւոր է՝ դա փրկի հիւանդին: Բժիշկների վրա յոյս մի՛ դիր: Այստեղ, չգիտեմ ինչու, թշնամաբար են ընդունում Գուրգէն Մահարիին:

Իսկ ես գիտեմ…

Այս տխուր պատմութեանն ականատես լինելով՝  ամէն օր աղօթում էի Աստծուն, որ ազատի բժիշկներից, հիւանդանոցից, չեկիստներից եւ բանտից: Մինչեւ  հիմա անվերջ կրկնում եմ այդ աղօթքը…

Իմ սիրելի՛ Գուրգէն Մահարի, պարզւում է՝ դու հիմա ընկել ես «հայրենասէրների» ձեռքը: Երեւում է՝ քո դէմ պատերազմի են դուրս եկել անգամ  «սպիտակ խալաթները»: Հիմա պէտք է մտածել քեզ մենակ չթողնելու մասին: Գուրգէնչիկը 12 տարեկան է: Նրան նոյնպէս չի կարելի մենակ թողնել:

Փառք  Աստծոյ, Գուրգէնի ազգականը՝ Արամ Աճէմեանը, սովորում է Երեւանում՝ ճարտարապետական ֆակուլտետում: Շատ բարի, ազնիւ երիտասարդ է, քսան տարեկան: Այդ ծանր օրերին Արամը մեզ յենարան դարձաւ: Ցերեկը նա էր հերթապահում Գուրգէնի մօտ, մինչ ես գնում էի գնումներ կատարելու, կերակուր պատրաստելու եւ բնակարանը կարգի բերելու: Իսկ գիշերը հերթապահում էի ես. Արամը մնում էր Գուրգէնչիկի կողքին, օգնում նրան տնային յանձնարարութիւնները կատարելիս: Նրանք այնքան նման էին, կարծես երկու եղբայրներ լինէին: Հիմա ես երկու որդի ունէի: Գուրգէնը շատ էր սիրում Արամին:

Արամը  Կահիրէից էր եկել: Նա, հերթապահելով հիւանդի կողքին, պատմում էր նրան իր քաղաքի մասին, իր հօր՝ Գուրգէնի հօրեղբօր որդու մասին: Եւ Գուրգէնը աստիճանաբար ուշքի էր գալիս: Բայց, այնուամենայնիւ, նա ծանր հիւանդ էր, ջերմութիւնը չէր իջնում:

Վիրահատութիւնից երկու օր անց բժիշկներն ինձ յայտնեցին, որ Գուրգէն Մահարիի վիճակն անյուսալի է: Թող գան հարազատները եւ ընկերները՝ հրաժեշտ տալու: Այս ամէնը նրանք ասացին հրճուանքով, կարծես հարսանեկան արարողութեան էին հրաւիրում…

Գրողներից ոչ ոք չեկաւ: Ինչպէս ամէն օր, եկաւ Վարդան Աճէմյանը: Հաւատարիմ եղբայր, հաւատարիմ ընկեր: Նա շատ մտահոգ էր եւ տխուր, որ իր հարազատ մարդը հեռանում է այս աշխարհից: Ես որոշեցի նրան  զուարթացնել.

-Վարդա՛ն Նիկիտովիչ, ես մտածում եմ, որ դեռ ամէն ինչ կորած չէ: Ես ու Արամը կը հերթապահենք, կ’անենք ամէն ինչ, որ Մահարին դուրս գայ հիւանդանոցից:

-Սիրելի՛ Անտոնինա, ի՞նչ խօսքերով արտայայտեմ երախտագիտութիւնս այն ամէնի համար, ինչ որ արել ես յանուն իմ հիւանդ եղբօր: Շնորհակալ եմ քեզնից,- ասաց Վարդանը եւ  արցունքն աչքերին հեռացաւ:

Եկան Գուրգէնի հարազատները՝ Էմման, իր դուստր Նատաշան եւ փեսան՝ Արիկը: Հրաշալի մարդիկ: Նրանք ոգեշնչեցին եւ յոյս տուեցին ինձ:

Մի անգամ՝ վաղ առաւօտեան, երբ դեռ ես էի հերթապահում, Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Անտոն Քոչինեանը իր շքախմբով մտաւ Գուրգէն Մահարիի հիւանդասենեակը: Վերջինս ուրախացաւ, եւ երկար զրուցեցին: Քոչինեանը կատակում էր հիւանդի հետ, եւ դա ուժ էր տալիս տանջուած գրողին: Քոչինյանն ինձ նոյնպէս հաճոյախօսութիւններ արեց եւ նոյնիսկ երախտագիտութիւն յայտնեց: Յետոյ հրաժեշտ տուեց եւ գնաց: Աչքերում թախիծ ու ափսօսանք կար: Նա բարի մարդ էր:

Մի անգամ՝ ուշ գիշերով, Բայանդուրը եկաւ որդու՝ Աշոտի հետ: Գուրգէնը շատ ուրախացաւ՝ տեսնելով գրականութեան աշխարհի  մարդու: Բայանդուրն ասաց, որ ես կարող եմ տուն գնալ, իսկ ինքը կը մնայ եւ կը հերթապահի մինչ առաւօտ: Ես հանգիստ էի, որովհետեւ թողնում էի Գուրգէնին յուսալի ձեռքերում: Աշոտը ուղեկցեց ինձ: Մենք ոտքով էինք գնում: Ուշ գիշեր էր, եւ քաղաքային տրանսպորտն արդէն չէր աշխատում: 18-ամեայ պատանի Աշոտը, որը նկարիչ ուսանող էր, ինձ մխիթարում էր  հարազատ մարդու նման, եւ շատ հաճելի էր, որ Երեւանում դեռ կային այսպիսի զգայուն, հիանալի մարդիկ:

Ամէն օր Գուրգէնչիկը լինում էր հիւանդանոցում.

-Ես ուզում եմ տեսնել հայրիկին: Ես ուզում եմ լինել հայրիկի կողքին: Ինչո՞ւ նա չի գալիս տուն: Անվերջ այդ հիւանդանոցները…Օ՜յ, ինչպէ՜ս են նրանք յոգնեցրել ինձ…

Գուրգէնը, իհարկէ, չգիտէր, որ բժիշկները խաչ են քաշել իր վրայ: Ես ցոյց չէի տալիս, որ մեր գործերը վատ են: Բայց որպէսզի պարտքս կատարեմ մինչեւ վերջ, մի անգամ  Գուրգէնին ասացի.

-Հնարաւոր է՝ դու ուզում ես տեսնել կնոջը, որին  սիրել ես, ասա՛, եւ ես կը գտնեմ նրան:

Գուրգէնը պատասխանեց.

-Կինը, որին ուզում եմ տեսնել եւ որին սիրում եմ, այստեղ է՝ իմ կողքին: Իմ սիրելի՛ Անտոնինա, ոչ ոք չի կարող փոխարինել քեզ: Ինքը՝ Աստուած է ուղարկել այսպիսի բարի հրեշտակ իմ կեանքի ծանր օրերին: Դու երկրորդ կինն ես մօրիցս յետոյ, որը մայրաբար հոգ է տանում իմ մասին:

-Գուրգէ՛ն, իսկ գուցէ դու ուզում ես տեսնել Գրիգորի՞ն (արդէն երկու տարի էր՝ մեր անառակ որդին չէր երեւում), ասա՛, ես կը գտնեմ նրան եւ  կը բերեմ այստեղ:

-Եթէ նա չի փնտռում ինձ, ինձ էլ հարկաւոր չէ: Ինչի՞ս է պէտք նա: Յիմար էի այն ժամանակ, երբ ամուսնացայ: Երեսուներկու տարեկան էի, դեռ չէի ամուսնացել. թէ ինչո՞ւ իզուր այդ ժամանակ յիմարացայ,- բարկացած պատասխանեց Գուրգէնը: Իր համար տհաճ բաների շուրջ էլի շատ խօսքեր ասաց, որոնք տանջում էին շարունակ…Որպէսզի  փոխեմ հիւանդին տհաճութիւն պատճառող թեման, ես խօսակցութիւնը տարայ դէպի նրա «անիծուած գիրքը».

-Գիտե՞ս, Գուրգէ՛ն, քո գիրքը հանճարեղ է, քո թշնամիները նախանձից են վայում: Ապագայում ծառայութիւններիդ համար կը գնահատուես: Դու կարող ես հպարտանալ քո ստեղծագործութեամբ:

Գուրգէնը մտածեց եւ  ցաիով ասաց.

-Ես գիտեմ՝ գալու են ուրիշ ժամանակներ: Կը գտնուի եւ  «քաջ Նազարը» ( որքա՜ն մեծ է մեր գրող Թումանեանը, ինչպիսի˜  կերպարներ է ստեղծել) եւ իմ անունով հեռուն կը գնայ, նոյնիսկ հերոս կը դառնայ: Բայց այդ ամէնը նա չի վաստակել, որովհետեւ ծանր օրերին կողքիս չի եղել: Իսկ ինչ վերաբերում է իմ գրքին, ես համոզուած եմ, որ գրականութեան  մէջ կը գտնուեն բիզնեսմեններ, սպեկուլեանտներ, ովքեր իմ՝ արիւնով եւ սրտով գրուած ստեղծագործութիւնից մեծ շահոյթ կ’ունենան: Դու տեսնո՞ւմ ես, Անտոնի՛նա, ով է աշխատում, տանջւում, եւ ում են հասնում դափնիներն ու հոնորարները: Դու հո լաւ գիտես՝ ինչպիսի «երախտագիտութիւն» ես ստացայ այս գրքի համար: Քեզ՝ իմ ծանր  ճակատագրի ուղեկցուհուն էլ բաժին հասաւ: Հիմա ուշադիր լսի՛ր, թէ քեզ ինչ եմ խնդրում: Դու միակ մարդն ես ամբողջ աշխարհում, որը գիտի իմ մասին ողջ ճշմարտութիւնը եւ լաւ է հասկանում՝ ով է բարեկամ, ով՝ թշնամի: Գրի՛ր, սիրելի՛ս, ամէնը, ինչ որ գիտես, եւ ոչ ոքի մի՛ խնայիր: Ե՛ւ այս հիւանդանոցի մասին գրիր, ե՛ւ բժիշկների: Ես ուզում եմ, որ աշխարհն իմանայ՝ ինչպէս են վարւում տանջուած հիւանդ գրողի հետ: Գրի՛ր: Դա իմ ցանկութիւնն ու խնդրանքն է:

-Ոչ ոք  չպէտք է մոռացուի, ոչինչ չպէտք է մոռացուի,-խոստացայ ես:-Կը կատարուի՛:

Գնալուց առաջ իմ հայրենակիցը օգտակար խորհուրդներ տուեց, թէ ինչպէս հիւանդին զերծ պահեմ թոքերի բորբոքումից, որը յաճախ է լինում վիրահատութիւնից յետոյ: Ես ուշադրութեամբ  լսեցի նրա խորհուրդները եւ սրբօրէն կատարեցի: Նա գնաց՝ մեր բժիշկների վարքագծի վրայ զայրացած.«Նրանք խայտառակում են մեր մարդասիրական մասնագիտութիւնը, եւ ես երբեք չեմ մոռանայ դա:  Այդպիսի անհոգի վերաբերմունք մեր երկրում չեմ տեսել…»:

Գուրգէնն արդէն  գիտակցութեան եկաւ  եւ սկսեց ապաքինուել: Մի գեղեցիկ առաւօտ  բժիշկներն ասացին, որ Մահարիին կարող ենք տուն տանել: Այսպէս, ի հեճուկս   բժիշկների, յուրախութիւն ընկերների, ի երջանկություն ինձ եւ Գուրգէնչիկի՝ Գուրգէն Մահարին այսօր թողնում է հիւանդանոցը: Գիշերը հերթապահեցի, առաւօտեան զանգահարեցի տուն եւ յայտնեցի ուրախ լուրը: Իմ երկու որդիները երջանկացած եկան հիւանդանոց: Ես ասացի Արամին.

-Արա՛մ ջան, մենք յաղթեցինք: Այս գործում դու մեծ ներդրում ունես: Առանց քո օգնութեան ես գլուխս կը կորցնէի: Շնորհակալութիւն, մեծ շնորհակալութիւն քեզ:

-Մօրաքո՛յր Անտոնինա, ես արեցի ամէն ինչ, որ հօրեղբայրս  ապրի: Ես պատմում էի նրան Կահիրէի եւ հօրս մասին հետաքրքրական պատմութիւններ: Տեսնում էի, որ հօրեղբայր Գուրգէնը հետաքրքրությամբ է լսում պատմածներս:

-Շնորհակալ եմ, Արա՛մ ջան: Դու մեր երկրորդ որդին ես. Գուրգէնը սիրում  է քեզ. չէ՞ որ ծանր օրերին դու իր կողքին էիր:

Գուրգէնչիկը մնաց հօր կողքին. օգնում էր հագնուել եւ շտապեցնում էր.«Արա՛գ, արա՛գ, շո՛ւտ գնանք այստեղից»:

Մեր սիրելի Արիկը իր մեքենայով բոլորիս տուն տարաւ: Մեծ զգուշութեամբ մենք տեղափոխեցինք Գուրգէնին: Փառք Աստծոյ, դարձեալ բոլորս տանն ենք: Չեմ կարող նկարագրել մեր ուրախութիւնը:

Մեր դուրս գալուց առաջ՝ վերջին րոպէին, ինձ մօտեցաւ  սպիտակ խալաթով մի տարէց մարդ եւ ասաց.«Շնորհակալութիւն, տիկի՛ն Անտոնինա: Իննսուն տոկոսով Ձեր  շնորհիւ էր, որ Գուրգէն Մահարին այստեղից ողջ դուրս եկաւ»: Նշանակում է՝ նա «հայրենասէրների» կուսակցութիւնից չէ:  Յետոյ ես իմացայ, որ նա բժշկական գիտութիւնների դոկտոր է, յայտնի սրտաբան: Յաջողութիւններ նրան:

Մենք արդէն տանն ենք: Իհարկէ, Գուրգէնն անկողնում է, իսկ Գուրգէնչիկը հսկում է նրան: Արամը մեր տան անդամն է: Գուրգէնը սիրում է նրան իր որդու պէս: Վարդան Նիկիտովիչը գալիս է ամէն օր: Վահագն Դաւթեանն ու Համօ Սահեանը մինչեւ վերջ մնացին հաւատարիմ ընկերներ: Մեր ազգականներ Էմման, Նատաշան եւ Արիկը յաճախ  էին այցի գալիս:

1969-ի Նոր տարին այնքան աղմկոտ չէր, ինչպէս նախկինում: Հին ընկերներից եկան մի քանի մարդ: Մեր առանձնասենեակն այլեւս բոհէմ չէ: Տարօրինակ դատարկութիւն է: Բայց, փառք Աստծոյ, մենք բոլորս միասին ենք, եւ դա մեզ ուրախացնում էր:

Ամանորից առաջ Գուրգէնը լաւ չէր զգում. նրան դարձեալ բժշկական օգնութիւն էր պէտք: Ցաւօք, մեր պոլիկլինիկայի  բժիշկը մեկնել էր Տաշքէնդ՝ սեմինարի: Ինձ ասացին, որ միայն երկրորդ հիւանդանոցում կարելի է գտնել մեզ անհրաժեշտ բժշկի: Վաղ առաւօտեան ես շտապեցի այնտեղ: Հանդիպեցի մի բժշկի եւ խնդրեցի գալ ինձ հետ. խոստացայ վճարել: Երիտասարդ բժիշկը պատասխանեց, որ կը գայ գլխաւոր բժշկի համաձայնութեան դէպքում: Գլխաւորը  եկաւ, ես բացատրեցի, որ Գուրգէն Մահարին վիրահատութիւնից յետոյ վատ է զգում, եւ բժշկական օգնութիւն է հարկաւոր: Գլխաւոր բժիշկը դարձաւ խիստ եւ ջղային:«Ո՞վ է Գուրգէն Մահարին, որ ես նրա մօտ բժիշկ ուղարկեմ: Ո՞վ է նա»,- բղաւում էր սպիտակխալաթաւոր գազանը: Ես վախեցայ եւ հեռացայ: Չեմ կարող նկարագրել վիրաւորանքս: Գուրգէ՛ն Մահարի, պարզւում է՝ դու ոչինչ ես…

Տուն վերադարձայ ահաւոր վիճակում, բայց հիւանդին հո չե՞ս ասի ամէն բան: Յօրինում եմ, որ այնտեղի բոլոր բժիշկներն էլ են մեկնել Տաշքէնդ, բայց թող չյուզուի, ես հիմա կը կանչեմ մեր պոլիկլինիկայի բժշկին, եւ նա կ’օգնի: Այդպէս էլ եղաւ: Եկաւ բժիշկը՝ շատ բարի, ուշադիր. նա օգնեց հիւանդին, հանգստացրեց նրան: Պէտք է ասեմ, որ մեր պոլիկլինիկայում մեծ յարգանքով էին վերաբերւում Գուրգէն Մահարիին: Այնտեղ կային իսկական բժիշկներ, հիանալի մարդիկ:

Եկաւ  գարունը, եւ եկաւ պահը՝ Լիտուա մեկնելու: Ինձ անհանգստացնում էր Գուրգէնի վիճակը: Հոգուս մէջ ծանրութիւն կար, վատ նախազգացում ունէի:

-Գուրգէ՛ն, արի՝ այս տարի մնանք Երեւանում: Ես ուզում եմ տեսնել երեւանեան ամառը: Ճանապարհները յոգնեցրել են ինձ,-ասում եմ ես սրտի  ցաւով:

-Ինչե՜ր ես խօսում, Անտոնի՛նա: Ի՞նչ է, քո կարծիքով, ես՝ դատապարտուածս, պէտք է մնա՞մ:  Կը գնանք, ինչպէս միշտ,- պատասխանեց նա:

Մի անգամ Գուրգէնչիկը դպրոցից վերադարձաւ շատ բարկացած եւ վատ տրամադրութեամբ: Գուրգէնը քնած էր: Տղաս ինձ տարաւ  առանձնասենեակ:

-Մայրի՛կ, միայն խնդրում եմ՝ հայրիկին ոչինչ մի՛ ասա: Դպրոցում սարսափելի բաներ են խօսում Գուրգէն Մահարիի մասին: Ասում են՝ ափսոս, որ դեռ ողջ է այդ թուրքական շունը, դաւաճանը, հայրենիքի թշնամին:  Թող շուտ սատկի: Իսկ Պարոյր Սեւակը ելոյթներ է ունենում Գուրգէն Մահարիի դէմ: Բայց որքա՜ն լաւ ու բարի ընկեր էր: Հիմա թշնամի է դարձել: Ես չեմ հասկանում՝ այս ինչ է կատարւում: Իմ ընկերներն էլ են փոխուել: Չեն ուզում խօսել հետս, ընկերութիւն անել, ծաղրում են: Շուտ գնանք Լիտուա, այնտեղ սիրում են հայրիկին, յարգում…,- ասաց Գուրգէնչիկը ցաւով եւ սկսեց լացել:

Պէտք է ասեմ, որ մեր որդու մանկութիւնը շատ տխուր էր: Միշտ բժիշկներ, հիւանդանոցներ, սիրելի հօր կեանքի համար մշտական տագնապ: Գուրգէնչիկը շատ բարի էր, զգայուն այս դաժան կեանքի համար: Նա նման էր պայծառ ծիածանի սեւ երկնակամարում: Բոլորին սիրում էր, բոլորին խղճում:

Մեր գնալուց մի քանի օր առաջ մեզ մօտ եկաւ Նաիրի Զարեանը՝ ձեռնափայտը բռնած. նա ջղարմատների բորբոքում (ռադիկուլիտ) ունէր, եւ  ցաւերը տանջում էին նրան: Գուրգէնը շատ ուրախացաւ: Նրանք երկար գրկախառնուած էին: Քանի որ ես հայերէն չգիտեմ, Նաիրին սկսեց խօսել ռուսերէն: Նա շատ բորբոքուած էր, որ այդ «տղեկները» համարձակվել են ոռնոց սկսել Գուրգէնի գրքի շուրջ.

-Գուրգէ՛ն ջան, դու հրաշալի   ես գրել: Ամբողջը ճշմարիտ է եւ անկեղծ: Դա հզոր գիրք է, որ դարերում պիտի ապրի: Դրա համար էլ նման  վայրենի նախանձ է առաջացրել:

 Նաիրին խոստացաւ  նամակ գրել եւ վերցրեց մեր հասցէն.

-Դեռ չգիտեմ՝ ես ու Անժիկը որտեղ ենք հանգստանալու, բայց քեզ, Գուրգէ՛ն ջան, միշտ կը գրեմ:

Նա Գուրգէնին նուիրեց իր վերջին գիրքը՝ մակագրելով.«Սիրելի Գուրգէնին՝ մանկութեանս եւ ծերութեանս ընկերոջը»: Իսկ ինձ ասաց.

-Ես գիտեմ, Անտոնի՛նա, դու ինչեր ես արել Գուրգէն Մահարիի համար: Նրա համար, որ նա ապրում է եւ ստեղծագործում, շնորհակալ եմ քեզ:

Նրանք երկար զրուցեցին՝ յիշելով իրենց մանկութիւնը, «վճռելով» հայկական շատ հարցեր: Սակայն այդ ամէնի մասին արժի լռել… Եկաւ հրաժեշտի պահը. Նաիրին գրկեց իր ընկերոջը:  Նաիրին հզոր էր կաղնու նման, իսկ Գուրգէնը նիհար էր, տանջահար, դժբախտ: Նաիրիի աչքերում ես տեսայ, որ ընդմիշտ հրաժեշտ է տալիս: Նա շատ տխուր էր: Հրաժեշտի տեսարանը շատ սրտառուչ էր, ուզում էի լացել…

Նաիրի Զարեանին ես տեսնում էի երկրորդ անգամ: Երբ մենք բոլորս՝ Գուրգէն Մահարին, ես, Ալազանն ու Մարօն, Նորենցը, եկանք Կրասնոյարսկից, մոսկովեան կայարանում մեզ դիմավորեց Նաիրին: Նա նոր զգեստներ գնեց այս հերոսների համար եւ իւրաքանչիւրին 1000 ռուբլի տուեց: Այդ ժամանակ էլ ծանօթացայ այս հսկայի հետ: Իսկ հիմա տեսնում էի երկրորդ անգամ:

Հետաքրքիր է՝ մտածո՞ւմ էր Նաիրին, զգո՞ւմ էր արդեօք, որ այդ տարին իր համար վերջինն է, եւ ինքը կեանքից կը հեռանայ իր ընկերոջից չորս օր վաղ…

Գուրգէնը գիտէր, որ Նաիրին երբեք չի վնասել իրեն, իր մասին երբեք վատ բան չի գրել: Եւ «հայրենասէրներին» միանալը Նաիրին միշտ իր արժանապատւութիւնից ցածր է համարել:

Մենք արդեն Պալանգայում ենք: Գուրգէնն ուրախ է, որ նորից իր սիրելի քաղաքում է: Այժմ Գուրգէնչիկը միշտ հայրիկի հետ է.«Ես պէտք է հետեւեմ, որ մեր հայրիկը չընկնի: Նա շատ նիհար է եւ թոյլ…»:

Մենք երեքով քայլում ենք սիրելի վայրերով, վայելում հրաշալի բնութիւնը եւ փորձում ուրախանալ: Շատ էի ուզում, որ Գուրգէնը մոռանար իր չարաբաստիկ գրքի մասին:  Պատմում էի նրան տարբեր պատմութիւններ, բայց իզուր: Գրողը չի կարող մոռանալ իր գրական աշխատանքի պատճառով ստացած վիրաւորանքը, ստորացումը: Այս ամէնը ծուատում էր նրա սիրտը, նա մռայլ էր եւ մտահոգ: Գուրգէնը շատ էր զարմանում, որ Նաիրին չի գրում. չէ՞ որ խոստացել էր: Մեծ անհամբերութեամբ ընկերոջ  նամակին էր սպասում: Այն, որ ընկերը մոռացել է տուած խոստումը, շատ էր յուզում նրան: Եւ ահա մի օր նամակ ստացաւ Համօ Սահեանից: Կարդաց եւ գունատուեց:

-Ի՞նչ կայ,- հարցնում եմ:

-Գործերը շատ վատ են, Անտոնի՛նա: Համօն գրում է, որ Նաիրին պառկած է հիւանդանոցում, որտեղ ես էի բուժւում. ահաւոր ցաւեր ունի: Նա կաթուածահար է, չի կարողանում քայլել: Ցաւերից գոռում է, ինչպէս առիւծ: Թէեւ հինգերորդ յարկում  է, բայց ներքեւում լսւում են նրա սարսափելի բացականչութիւնները.«Օգնեցէ՜ք, օգնեցէ՜ք: Ի՞նչ է, չէ՞ք ուզում ինձ օգնել: Դուք այդքան ատո՞ւմ էք ինձ…»: Եւ այսպէս՝ օր ու գիշեր: Համօն գրում է, որ բժիշկներն սխալ են ախտորոշել. ռադիկուլիտը բուժում էին տաքացնող միջոցներով: Այնինչ նա ողնաշարի քաղցկեղ  ունէր: Իրենց բուժումով արագացրել են ահաւոր հիւանդութեան ընթացքը եւ անտանելի ցաւեր առաջացրել: Նոյնիսկ մորֆին չի օգնում: Աստուա՛ծ իմ, ազատի՛ր բժիշկներից,- վշտացած ասաց Գուրգէնը եւ սկսեց լացել: Ապա նայեց ինձ, ասաց բարկացած,-Ի՞նչ է, ուրա՞խ ես: Չհամարձակուե՛ս: Նա իմ ընկերն է…Ես ուզում եմ տեսնել նրան…

Իմ աչքերում ուրախութիւն չկար, ճիշդ եմ ասում: Միայն զարմանք: Ես զարմացած էի, որ նման հսկան ապրել է, ապրել, բայց, աւա˜ղ, տանջանքներով է հեռանում  այս աշխարհից: Իսկ Գուրգէնի բարկացած խօսքերը ասում էին, թէ Նաիրին որքան թանկ էր նրա համար, եւ թող ոչ ոք չհամարձակուի խեղաթիւրել երկու մեծ գրողների փոխյարաբերութիւնները: Նրանք այստեղից հեռացան որպէս ընկերներ:

Այս ամէնը ես գրում եմ խորին ցաւով եւ սրտնեղութեամբ: Եւ գրում եմ ոչ թէ  նրա համար, որ ինձ համար հաճելի է յիշելը, այլ գրում եմ, որովհետեւ ուզում եմ կատարել Գուրգէն Մահարիի կամքը.«Անտոնինա՛, դու միակ մարդն ես աշխարհում, ով գիտի իմ մասին ճշմարտութիւնը: Գրի՛ր: Ես ուզում եմ, որ բոլորն իմանան այդ մասին…»:

Եւ ես գրում եմ:

Իմ աչքում Գուրգէն Մահարին մեծ տառապեալ է, դժբախտ, լեգենդար մարդ: Եւ խիստ դժբախտ է նա, ով իր կեանքը  նուիրեց դաժան ճակատագիր ունեցող մարդուն: Ես մօր նման հոգատար էի նրա հանդէպ:

Գուրգէնը մահացաւ 1969 թուականի Յուլիսի 16-ին Լիտուայում՝ Պալանգայում: Ես այդ մասին արդէն մանրամասն գրել եմ:

Այդ տարին՝ 1969-ը, սարսափելի տարի էր: Հայաստանը կորցրեց տասը գրող, գրական գործիչ: Երբ մենք Երեւան բերեցինք Մահարիին, Նաիրիի շիրմի վրայ ծաղիկներն արդէն թօշնել էին: Նա մահացել էր չորս օր առաջ:

Երեւանը թմբիրի մէջ էր: Մարդիկ յոգնել էին յուղարկաւորութիւններից եւ տխրությունից: Գերեզմանատանը յաճախ էի հանդիպում Անժիկին:  Նա հաստատեց այն, ինչ գրել էր Համօն Նաիրիի հիւանդութեան մասին:

Ես յաճախ եմ յիշում նրանց վերջին հանդիպումը, վերջին անջատումը: Նաիրին, որը կաղնու նման ամուր էր, գրկել էր Գուրգէնին:  Իսկ Գուրգէնը շատ նիհար էր, թոյլ, տանջուած եւ դժբախտ:

Շատ եմ ուզում, որ նրանք հանդիպեն այնտեղ՝ Յաւերժի թագաւորութիւնում:

Լո՛յս իջնի գերեզմանիդ, լեգենդա՛ր մարդ, եւ թող պայծառ լինի յիշատակը քո ընկերների, ովքեր սիրում էին քեզ:                                                                                            

2007 թուական,Դեկտեմբեր

Երեւան

Ընկեր Մահարին եւ պարոն Ծառուկեանը

Կարծեմ դա 8-9 տարի առաջ էր: Մի անգամ Գուրգէնը տուն վերադարձաւ հրճուալից յուզմունքով եւ ասաց.«Գիտե՞ս, Անտոնի՛նա, Ծառուկեանն է եկել: Հնարաւոր է՝ անցնի մեզ մօտ: Ա՛յ, կը տեսնես՝ որքան գրաւիչ, հետաքրքրական մարդ է: Նա «Նաիրի» թերթի խմբագիրն է ու մեր մշակոյթի եւ սփիւռքի գրականութեան շատ խելացի գործիչներից մէկը: Հրաշալի գրող է»:

Եւ եկաւ  նա՝ պարոն Ծառուկեանը՝ գանգուր սեւ մազերով, աշխոյժով լի  աչքերով, որոնք նայում էին հեգնանքով եւ քննադատաբար: Ամէն ինչ հասկացող եւ ամէնքին գերող հայեացք…, եւ դու ակամայ  կորցնում ես քեզ նրա առաջ, զգում քեզ դասը չսովորած աշակերտ…

Ես յիշում եմ՝ պարոն Ծառուկեանն արդէն նստած էր մեր առանձնասենեակում, երբ ես ներս մտայ: Ծանօթացանք: Ես նրան ինչ-որ բան ասացի անգլերէնով, նա ինձ պատասխանեց ֆրանսերէնով, իսկ Գուրգէնն այդ ամբողջը թարգմանեց հայերէնի…

Յետոյ Գուրգէնը յաճախ էր սիրով ու յարգանքով յիշում Անդրանիկ Ծառուկեանին:

Պարոն Ծառուկեանը յաճախ էր գալիս Երեւան: Գուրգէնը հանդիպում էր նրան եւ միշտ լաւ էր զգում  նրա ընկերակցութեամբ: Նրանք շատ են լուսանկարուել: Այդ նկարներն այժմ փակցուած են Գուրգէն Մահարիի թանգարանի պատերին:

Կարճ ասած՝ ընկեր Մահարիի եւ պարոն Ծառուկեանի միջեւ հաստատուել էր լաւ, սրտաբուխ  ընկերութիւն : Վերջին անգամ Գուրգէնը տեսնուեց Ծառուկեանի հետ 1966-ին՝ Հայաստանի գրողների համագումարի ժամանակ, երբ մութ ուժերն ամէն կերպ ջանում էին սեւացնել Գուրգէն Մահարիի անունը: Գուրգէնի ընկերներից շատերն արդէն երես էին թեքել նրանից… եւ  լողում էին հոսանքին համընթաց: Բայց պարոն Ծառուկեանն այդ ծանր օրերին միշտ Գուրգէնի հետ էր:

Գուրգէնն այդ ժամանակ ինձ ասում էր.«Բոլորը կարող են ինձ ուրանալ, բոլորը, բայց Ծառուկեանը՝ երբեք»: «Մի՛ հաւատայ, Գուրգէ՛ն, ոչ ոքի մի՛ հաւատայ…Դու տեսնո՞ւմ ես՝ ինչ է կատարւում շուրջդ…բոլորը քթներն են տնկել…Եւ քո Ծառուկեանը, թէեւ լաւ մարդ է, բայց նոյնպէս կը գնայ բոլորի հետեւից: Քո պատճառով նա Երեւանում չի փչացնի իր յարաբերությունները նրանց հետ, ովքեր կարող են իրեն օգտակար լինել…»: Ես այնպէս  էի հիասթափուած բոլորից, որ այլեւս ոչ ոքի չէի հաւատում:

«Չհամարձակուե՛ս այդպէս խօսել, Անտոնի՛նա: Դու չես ճանաչում  Անդրանիկին, նա նման չէ միւսներին: Այդ մարդը սկզբունքներ ունի, լայն մտահորիզոն  եւ երբեք ինձ չի դաւի: Ա՛յ, կը տեսնես, կեանքը ցոյց կու տայ, որ դու ճիշդ չես»: «Ես ուզում եմ, որ քո ասածը լինի…»:

Այո՛, այսօր կարող եմ ասել, որ ես սխալւում էի: Բայց որքա՜ն հաճելի է այդպէս սխալուելը: Պարոն Ծառուկեանը  է՛ր եւ մնա՛ց Գուրգէն Մահարիի հաւատարիմ բարեկամը: Նա ունէր իր կարծիքը, որն անցկացրեց բոլոր փոթորիկների միջով՝ առանց վախենալու հետեւանքներից: Դրա համար պարոն Ծառուկեանն արժանի է մեծ յարգանքի:

«Ծառուկեա՜նն է եկել… Ծառուկեա՜նն է եկել…»: Անդրանիկ Ծառուկեանի գալուստը Երեւանում ընդունւում է որպէս նշանաւոր իրադարձութիւն…Նա՝ պարոն Ծառուկեանը, Երեւանի սիրելին է: Այստեղ նրան յարգում են եւ նրան հանդիպելը պատիւ են համարում:

Թէեւ Գուրգէն Մահարին հեռացել է մեզնից, բայց պարոն Ծառուկեանի համար թանկ է ընկերոջ յիշատակը…Եւ նա ջանում է յիշեցնել նրա մասին  այն մարդկանց, ովքեր արդէն մոռացել են Գուրգէն Մահարիին: Ախր շատերը, ովքեր ոչ այնքան վաղուց երգում էին Գուրգէն Մահարիի տաղանդը, այսօր գերադասում են չխօսել նրա մասին: Ախր այսօր Գուրգէն Մահարին մոդա չէ: Մեր ժամանակը դեռ չի եկել:

1970 թուական: Ծառուկեանը դարձեալ եկել է Երեւան: «Ծառուկեա՜նն է եկել…Գիտե՞ս, Անտոնի՛նա, որ Ծառուկեանը  եկել է: Եղե՞լ է քեզ մօտ»,- հարցնում են ինձ մեր մտերիմները: «Ինչպէ՜ս, նա մինչեւ հիմա չի՞ այցելել քեզ»,-զարմանում էին նրանք: «Նա չի եկել, բայց անպայման կ’այցելի իր ընկերոջ տուն»,- հանգստացնում էի ես:

Եւ  եկաւ նա՝ մեր յարգելի պարոն Ծառուկեանը: Բանիմաց, խելացի, բարի եւ…երբեմն ռոմանտիկ… Ահա հիմա ինձ հասկանալի դարձաւ, թէ ինչու են բոլորը նրան այդպէս սիրում:

Տխրութեամբ նա  դիտեց Գուրգէն Մահարիի թանգարանը, սիրով յիշեց նրան: Թախիծով նայեց լուսանկարներին. նա եւ Գուրգէնը լուսանկարուել էին  մի քանի տարի առաջ: Լուսանկարներից մեզ էր նայում մեր սիրելի, թանկ Գուրգէնը… Նայում էր եւ ժպտում մեզ…Կարծես ոչինչ չէր պատահել…Եւ նրա ժպիտն աւելի էր  դառնացնում …

Կարծիքների գրքում պարոն Ծառուկեանը գրեց.«Անմոռանալի եւ ֆիզիքապէս գոյութիւն չունեցող, բայց հոգով միշտ ներկայ սիրելի՛ Գուրգէն: Ես այստեղ եմ՝ քո տանը: Դու կաս  եւ չկաս… Հանգի՛ստ ննջիր, հայկական վերջի՛ն փարաւոն…»:

Ընկեր Մահարին եւ պարոն Ծառուկեանը լաւ բարեկամներ էին: Նրանք հասկանում էին միմեանց, գնահատում, յարգում…Նրանց յաւերժօրէն միացրել էր ընդհանուր գործը՝ սէրը ժողովրդի եւ իրենց հարազատ հայ գրականութեան  հանդէպ:

Պարոն Ծառուկեանը  դրական դեր խաղաց ընկեր Մահարիի կեանքում, եղաւ նրա բարոյական յենարանն այն ժամանակ, երբ Գուրգէնն այնքա՜ն կարիք ունէր պաշտպանութեան:

Գուրգէնը  հաւատում էր իր ընկերոջը, սիրում եւ երախտապարտ էր նրան, իսկ պարոն Ծառուկեանն արդարացրեց  նրա վստահութիւնը :

1970 թուական, Մոսկուա

Հեղինակի խնդրանքով ռուսերէնից  թարգմանեց Մարօ Խաչատրեանը

Տպագրուել է «Բագին» հանդէսում (Բէյրութ, 2008, թիւ 4)   

Մեկնաբանություններ (2)

Ջուլիետա Ներսիսյան
Միշտ հասկանում էի, որ, ինչ-որ անտեսանելի մի ուժ հետ էր պահել հայ ընթերցողին Մահարի գրողից։ Ամեն ինչ տեսանելի դարձավ։ Չեմ զարմանում, կարդալով ուրացող ընկերների,, թայֆաների,, մասին։Բոլշևիկյան ներարկված ուղեղներից ավելին ակնկալել հնարավոր չէր։ Ու, այդպես, հայի տեսակը դեգրադացվում է ց'այսօր։ Միակ բանը, որ կուզեմ անել, կանգնել դեմ առ դեմ սպիտակ խալաթավորների դիմաց ու հանրայնորեն թքել դրանց ճակատին։ Իբրև հայ ընթերցող, այսօրվանից սկսած իմ ուսանողներին և նտերիմներին կհորդորեմ կարդալ Մահարի և իրենց սրտում ունենալ Մահարու անկյունը։
Հասմիկ
Այո,ես և իմ դասարանի աշակերտները որոշեցինք հանդիպել Անտոնինա Մահարուն,այդ ժամանակ հասկացանք,թե ինչ դժվարությունների միջով էր անցել այդ ընտանիքը,իսկ աշակերտներս անդադար կրկնում էին.,,Ինչպես կարելի է ապրել այս պայմաններում,,։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter