HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանից արտերկիր ուղարկվող գումարները մեծ տեմպերով աճում են

Արտերկրից Հայաստան ուղարկվող գումարների ծավալը երկու ամիս նվազելուց հետո հոկտեմբերին կրկին աճել է։ Շարունակում է աճել նաև փողի արտահոսքը Հայաստանից։ Տարվա առաջին տասն ամիսներին Հայաստան է մտել 1 մլրդ 456 մլն դոլար, դուրս եկել՝ 951 մլն դոլար։ Ընդ որում՝ արտահոսքը շատ ավելի արագ տեմպերով է աճել, քան ներհոսքը։

Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տրամադրած տվյալները վկայում են, որ այս տարվա հոկտեմբերին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան են ուղարկել, ընդհանուր առմամբ, շուրջ 177 մլն դոլարի գումար։ 2017 թվականի նույն ամսվա համեմատ այս ցուցանիշն աճել է 14  մլն դոլարով կամ մոտ 9%-ով։

Ինչպես ավելի վաղ գրել ենք, այս տարվա օգոստոսին արտերկրից Հայաստան հոսող տրանսֆերտները նվազել են։ Անկումը շարունակվել է նաև սեպտեմբերին։ Այդ ամիսներին նվազումը պայմանավորված էր Ռուսաստանից փոխանցվող գումարների կրճատմամբ։ Իսկ մյուս երկրներից կատարվող փոխանցումներն այնքանով չէին աճել, որ լրացնեին Ռուսաստանից ստացվող գումարների անկումը։ Կենտրոնական բանկի տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հոկտեմբերին ևս Ռուսաստանից ստացվող գումարները պակասել են։ Սա նշանակում է, որ այդ երկրում այժմ տիրող ոչ այնքան բարվոք տնտեսական վիճակը շարունակում է բացասական ազդեցություն ունենալ այնտեղ արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների եկամուտների ու Հայաստան ուղարկվող գումարների վրա։  Հիշեցնենք, որ Ռուսաստանի տնտեսության համար այսօր գլխավոր մարտահրավեր են ԱՄՆ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցները։ Հոկտեմբերին Ռուսաստանից Հայաստան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 97 մլն դոլար՝ 11 մլն դոլարով պակաս, քան 2017-ի նույն ամսին։

Հոկտեմբերին, ինչպես նշեցինք, ընդհանուր առմամբ դրամական փոխանցումները կազմել են 177 մլն դոլար, որից 97 մլն դոլարը Ռուստատանից է։ Իսկ մնացած մոտ 80 մլն դոլարն այլ երկրներից է։ 2017թ. հոկտեմբերի համեմատ՝ այլ երկրներից փոխանցվող գումարների ծավալն աճել է 25 մլն դոլարով։

Այսինքն՝ տրանսֆերտների ընդհանուր ծավալի աճը պայմանավորված է ոչ թե դեպի Հայաստան դրամական փոխանցումների գլխավոր աղբյուր համարվող Ռուսաստանով, այլ՝ մյուս երկրներով։ Իսկ թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը, հայտնի չէ։ Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալներում առանձնացված են տասը երկրներ, մնացածը՝ «այլ երկրներ» տողով է։ Հոկտեմբերին գրանցված աճը հենց այդ «այլ երկրներից» է, որոնց անունները ԿԲ-ն չի հրապարակում։ Միայն կարելի է տեսնել, որ 4.3 մլն դոլարով աճել են ԱՄՆ-ից դրամական փոխանցումները և կազմել մոտ 21 մլն դոլար։

Փողի արտահոսքն աճել է նաև հոկտեմբերին

Արդեն երրորդ տարին է, ինչ անընդմեջ աճում է Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների ծավալը։ Այս տարվա հոկտեմբերին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստանից արտերկիր են փոխանցել 121.5 մլն դոլարի համարժեք գումար՝ մոտ 14 մլն դոլարով կամ 13%-ով ավելին, քան նախորդ տարվա հոկտեմբերին։ Մասնավորապես, դեպի Ռուսաստան փոխանցվել է մոտ 60 մլն դոլար, աճը՝ մոտ 16 մլն դոլար: Ստացվում է, որ ինչպես օգոստոսին և սեպտեմբերին, այնպես էլ՝ հոկտեմբերին Ռուսաստանից Հայաստան ուղարկվող գումարները պակասել են, իսկ Հայաստանից Ռուսաստան՝ աճել։

Տասն ամսում Հայաստան է մտել 1 մլրդ 456 մլն դոլար, դուրս եկել՝ 951 մլն դոլար

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին տասն ամիսներին՝ հունվար-հոկտեմբերին, արտերկրից Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 456 մլն դոլար։ 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այս ցուցանիշն աճել է 58.5 մլն դոլարով կամ 4.2%-ով։

Նույն ընացքում Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքը կազմել է 951 մլն դոլար, աճը՝ 172 մլն դոլար կամ 22 %: Ինչպես տեսնում եք, արտահոսքն այս ընթացքում շատ ավելի արագ տեմպերով է աճել, քան ներհոսքը։

Շատ կարևոր է նաև տրանսֆերտների զուտ ներհոսքի ցուցանիշը՝ ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը։  Այս հունվար-հոկտեմբերին այն կազմել է 505 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել է 113 մլն դոլարով կամ 18 %-ով։ Սա ևս մեր տնտեսության համար մտահոգիչ ցուցանիշ է։ Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը ցույց է տալիս ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, այսինքն՝ այն գումարները, որոնք, ըստ էության, մնում են երկրում։ Իսկ այդ գումարներն այս տարի պակասել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter