HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սեսիայով հարց չի լուծվում». անավարտ մտքեր Ղարաբաղյան խնդրի շուրջ

Ավագ սերունդը կհիշի Կարեն Դեմիրճյանի՝ «Ղարաբաղը ջեբս չի, որ տամ» 1988-ին թևավոր դարձած խոսքը: Թե որքանով է դա բառացի փոխանցում Դեմիրճյանի ասածը, այդքան էլ կարևոր չէ տվյալ դեպքում. ի՛նչ էլ իրականում ասած լիներ Հայաստանի այն ժամանակվա առաջին դեմքը, քաղաքական բանահյուսության մեջ մնացել է «ջեբս չի»-ին:

Որքան էլ կոպիտ թվա այդ խոսքը, իրականում դա կարևոր ճշմարտություն է արտահայտում, որն արդիական է նաև այսօր, ինչպես և 88-ից անցած 30 տարիների ողջ ընթացքում՝ Ղարաբաղը ոչ մեկի ջեբը չէ, որ այն հնարավոր լինի տալ կամ առնել, ծախել կամ գնել: Պատկերացումը, որ ինչ-որ մեկը (այդ թվում՝ Հայաստանի որևէ առաջին դեմք) կարող է իր ցանկությամբ Ղարաբաղը տալ-առնել, ծախել-գնել և այլն, պարզունակ և գռեհիկ է: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում, ոչ ոք չի կարող նման կերպով «լուծել» Ղարաբաղի հարցը և առհասարակ որևէ նման հարց:

Նույն Դեմիրճյանն ունի ևս մեկ ձևակերպում, որը մեջբերում է իր հուշերում Ղարաբաղ կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը: Ըստ այդմ, 1988-ի փետրվարին հանդիպելով Ղարաբաղյան շարժման ներկայացուցիչների հետ, որոնք այն ժամանակ պահանջում էին Հայաստանի ԳԽ սեսիա՝ ղարաբաղցիների Հայաստանին միանալու դիմումը քննարկելու օրակարգով՝ Կարեն Դեմիրճյանը հռետորական հարց է տվել. «Դուք չե՞ք հասկանում, որ նման հարցերը սեսիայով չեն լուծվում»:

Այս երկու ձևակերպումներն էլ՝ «Ղարաբաղը ջեբս չի» և «նման հարցերը սեսիայով չեն լուծվում», որքան էլ տարօրինակ թվան, ցայսօր մնում են լավագույն ուղենիշներից Ղարաբաղյան հարցում, ցայսօր արտահայտած ամենակարճ և ամենադիպուկ, խնդրի էությունն արտահայտող բանաձևերից:

Ի՞նչ է նշանակում՝ նման հարցերը սեսիայով չեն լուծվում:

Նշանակում է, որ քաղաքական հարցերը չեն լուծվում «թղթով»՝ քվեարկությամբ, ստորագրություններով, պայմանագրերով, ընդհանրապես ձևական իրավունքով: Լայնացնելով այս ցանկը կարող ենք «սեսիայի» մեջ ընդգրկել նաև «միջազգային հանրությունը», «քաղաքակիրթ աշխարհը», «խաղաղապահ զորքերը» և, ինչպես սիրում էին ասել, «Վրեմյա» ծրագրում՝ «ողջ առաջադեմ մարդկությունը»:

Թվում է, թե այն, որ հարցերը ոչ թե թղթով են լուծվում, այլ իրական ուժային հարաբերակցությամբ՝ պարզ, բոլորի կողմից գիտակցված, հատկապես Հայաստանում մարսված ճշմարտություններ են: Իրոք, կա արդյոք մեկը, որ հավատում է, թե ասենք, Վանա լիճը կարելի է վերամիավորել Հայաստանին, ասենք Հայաստանի ԱԺ-ի քվեարկությամբ կամ հռչակագրով, կամ թեկուզ միջազգային պայմանագրով: Բայց իրականում միայն թվում է, որ այդքան լավ հասկացված է այս հարցը Հայաստանում: Վանա լճի մասով, թերևս բոլորը համաձայնեն՝ մեծահամբավ գործիչներից մինչև շարքային քաղաքացի: Բայց նույնը չէ, օրինակ, Ղարաբաղի հարցում կամ Ցեղասպանության ճանաչման հարցում: Մինչև հիմա մենք լուրջ հավատում ենք, որ Ղարաբաղի հարցը կարելի է լուծել ստորագրությամբ, իսկ Թուրքիային կարելի է պարտադրել Ցեղասպանության ճանաչումը, այսինքն՝ հավատում ենք, որ այդ հարցերը կարելի է լուծել «սեսիայով», թղթով:

Թվում է՝ հայ ժողովուրդը վերջին 100 և ավելի տարում շատ թանկ գին է վճարել «սեսիաներին» հավատալու դիմաց: Մենք ունեցել ենք 1878-ի Բեռլինյան դաշնագրի հոդվածներ՝ Տաճկահայաստանում բարեփոխումների խոստմամբ, որոնց առիթով և որոնց շուրջ սկսվել է մեր ազգային-ազատագրական պայքարը, ունեցել ենք 1912-14-ի բարեփոխումների միջազգային ծրագիր Արևմտյան Հայաստանի համար, ունեցել ենք վերջապես 1920-ի Սևրի պայմանագիր, որով անկախ Հայաստանի սահմանների մեջ էին արդեն հիշատակված Վանա լիճը, նաև՝ Կարինը, և նույնիսկ ելքը դեպի Սև ծով՝ Տրապիզոն նավահանգստով: Ցայսօր Հայաստանում նույնիսկ կան մարդիկ, որոնք վկայակոչում են Վիլսընի իրավարար վճիռը՝ կարծելով, որ դրա հիման վրա կարելի է կառուցել ինչ-որ քաղաքականություն հայկական հողերի վերամիավորման ուղղությամբ: Շատերը ծաղրում են այդ մոտեցումը: Բայց ծաղրելով՝ իրենք էլ հավատում են մեկ այլ «իրավարար վճռի»՝ Ղարաբաղյան հարցի կարգավորմանը միջազգային հանրության կողմից առաջարկվող թղթի ստորագրմամբ և «միջազգային» խաղաղարարների մուտքով Ղարաբաղ:

Հայ ժողովուրդը միջազգային ասպարեզում երբեք ավելիի մասին չէր կարող և այժմ, առավել ևս, չի կարող երազել, քան Սևրի պայմանագիրը: Այսօր հեշտ է խոսել, բայց մի պահ պատկերացնենք, թե ոչ միայն մեր՝ «աշխարհին» հավատացող, գավառական մտածողության համար, այլև ինքն իրենով ինչ էր նշանակում մի պայմանագիր, որը ստորագրած էր աշխարհի ամենահզոր տերությունների կողմից՝ Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ, ստորագրած էր նաև Հայաստանի Հանրապետության կողմից, վերջապես ստորագրած էր նաև Թուրքիայի պաշտոնական կառավարության կողմից: Պատկերացրեք, որ այսօր նույն այդ հզոր տերությունները նույն կազմով, դրան էլ գումարած Ադրբեջանի պաշտոնական կառավարությունը, ստորագրում են մի փաստաթուղթ, որով ճանաչվում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ ազատագրված տարածքներն էլ հետը ու դեռ մի բան էլ Գանձակը՝ որպես բոնուս, հայերին հանձնելով: Դժվար է նման բան պատկերացնել, բայց, այդուհանդերձ, նման բանի ականատես են եղել մեր պապերը, որովհետև Սևրի դաշնագիրը հենց այդպիսի մի փաստաթուղթ էր, որպիսին հայ ժողովուրդը ոչ նախորդիվ է տեսել, ոչ էլ մոտ ապագայում կարող է նվազագույն իսկ հույս ունենալ տեսնելու: Եվ այդուհանդերձ այդ պայմանագիրը, ստորագրումից ընդամենը մի երկու-երեք ամիս հետո, դարձավ թղթի կտոր: Կարող էր, իհարկե, և չդառնալ, բայց մի կարևոր պայմանով, եթե հայ վերնախավը ճիշտ հասկանար աշխարհի հինավուրց և հավետ անփոփոխելի կարգը՝ «հարցերը սեսիայով չեն լուծվում»:

Ամբողջ աշխարհում Սևրի պայմանագրին դեմ էր միայն մի ապստամբ թուրք բարձրաստիճան սպա՝ Մուսթաֆա Քեմալը, որը ապստամբել էր սեփական կառավարության դեմ, իր ոչ մեծաքանակ և վատ զինված բանակով հաստատվել էր Թուրքիայի արևելքում, և որոշել էր կռիվ տալ Օսմանյան կայսրության մնացորդների համար, հատկապես՝ հայկական և հունական հավակնությունների դեմ: Ի՞նչ պիտի ասեինք կամ մտածեինք, եթե արդեն բերված օրինակում, երբ «աշխարհը» ճանաչում է Ղարաբաղի անկախությունը և պաշտոնական Բաքուն էլ ստորագրում է այդ ճանաչման տակ, մի ադրբեջանցի գնդապետ ապստամբություն բարձրացներ և ամրանալով, ասենք, Քյուրդամիրում՝ պայքար սկսեր «աշխարհի» դեմ: Կարծում եմ՝ շատերիս համար դա զավեշտից ավելի, բան չէր նշանակի: Ինչպե՞ս կարող է սեփական կառավարության կողմից որպես խռովարար ճանաչված մի գնդապետ կռիվ տալ «աշխարհի» դեմ: Բայց ինքնիշխանության էությունն ի վերջո հենց աշխահի հետ «կռիվն է»՝ կռիվ, որի շնորհիվ էլ աշխարհում ազգերը ճանաչվում են անկախ, և դառնում են նաև իրենցից հզորների դաշնակիցներ: Կռիվը տվյալ դեպքում պարտադիր չի նշանակի պատերազմ կամ ապստամբություն. կռվի, այսինքն՝ պայքարի, շատ տարբեր միջոցներ կան, և բոլորն էլ ընդունելի են՝ արդյունավետ լինելու դեպքում:

Քեմալը հենց այդպիսի թուրք գնդապետ էր, որը «Քյուրդամիրում» կամ թուրքական գավառական մի «ջահանդամ-գյոռում» ինքնիշխանորեն որոշել էր, որ Օսմանյան կայսրության մնացորդները պետք է պահպանվեն, ու հասավ իր նպատակների մեծ մասին: Այստեղ չկա ոչ մի կաթիլ ռոմանտիզմ կամ «անհույս կռիվ»: Ճիշտ հակառակը՝ քաղաքական ռոմանտիզմն, այն էր, ինչի հետևից ընկել էին Քեմալի ժամանակակից հայ ղեկավարներից շատերը, հատկապես՝ Քաջազնունին (մասամբ), Խատիսյանի կառավարությունները, որոնց քաղաքականության իմաստն էր միջազգային հանրության, քաղաքակիրթ աշխարհի, այլ ոչ թե սեփական ուժերի վրա դրած հույսը: Քաղաքական ռեալիզմի հիմքերի հիմքը հենց սեփական ուժերին ապավինելն է, իսկ ռոմանտիզմը՝ «աշխարհում» «բարիություն» և «արդարություն» փնտրելն է: Այնպես որ Քեմալը մենակ, ապստամբ և կռվող աշխարհի ամենառեալիստ և պրակտիկ գործիչներից էր, ինչն ապացուցվում է նաև նրա հռչակած պայքարի հաղթանակով:

Իհարկե, Քեմալը գտավ հզոր դաշնակից՝ բոլշևիկյան Ռուսաստանին, և եթե չգտներ, միգուցե չհաջողեր, պարտվեր: Բայց ամբողջ հարցն այն է, որ դաշնակից գտնելու համար, նախ պետք է պայքար հռչակես: Եթե Քեմալն իր հուսահատ թվացող պայքարը չհռչակեր, բնականաբար ոչ ոք նրան չէր կարող օգնել, ու իրենք իրենցով էլ ռուսները առիթ չունեին միջամտելու Սևրի պայմանագրին՝ ի վնաս Հայաստանի: Բացի այդ, պետք է հիշենք, որ բոլշևիկյան Ռուսաստանն էլ այն օրերին անպարտելի ինչ-որ ուժ չէր ընկալվում, այլ նույն ապստամբն էր աշխարհ դեմ, և համարվում էր, որ բոլշևիկների իշխանությունը զուտ ժամանակավոր մի շեղում է: Նորից շարունակելով մեր օրինակը՝ պատկերացնենք, որ Ղարաբաղի անկախությունը ճանաչել են բոլորը, բացի՝ ռուսներից և «պայմանական» ադրբեջանցի գնդապետից: Չեմ կարծում, որ մենք, այդ երկուսին միասին վերցրած, էլ ավելի ուժեղ կհամարեինք, քան «աշխարհին» գումարած պաշտոնական Ադրբեջանը: Իսկ իրավիճակի նրբությունն էլ այն է, որ վճռորոշն այստեղ, այդուհանդերձ, Ռուսաստանն էլ չէր լինելու, այլ ադրբեջանցի գնդապետը: Սա է աշխարհի կարգը, որի մասին խոսում ենք: Մի գնդապետ կարող է որոշել, եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան: Այսօրվա Թուրքիայի սահմանները հենց մի ապստամբ «գնդապետի» կամքն են, որը, հասնելով իր նպատակներին, ստացել է միջազգային ճանաչում:

Մենք էլ, ի դեպ, մի այդպիսի «գնդապետ ենք» ունեցել ի դեմս Նժդեհի 1919-21 թթ.-ի Զանգեզուրում: Չէ որ «աշխարհը», սկզբում ի դեմս անգլիացիների, ապա ռուսների, ոչ միայն Ղարաբաղը, այլև Զանգեզուրը հորդորում էր զիջել Ադրեջանին՝ փոխարենը հայերին խոստանալով տարածքներ Տաճկահայաստանում: Բայց մի «գնդապետ» պահեց Զանգեզուրը Հայաստանի համար՝ ի հեճուկս «աշխարհի», իսկ «աշխարհի» խոստացած Արևմտյան Հայաստանը կորավ-գնաց երազի պես:

Այս բոլոր և սրանից տասնապատիկ ավելի դասերը պետք է քաղած լինեինք մեր պատմությունից: Ղարաբաղն էլ այսօր հայկական է ոչ այն պատճառով, որ Հայաստանի ԳԽ սեսիան ի վերջո, ուշացմամբ, կայացավ և ԼՂ-ն Հայաստանի մաս ճանաչեց: Այդ որոշումը ի վերջո թղթի վրա է մնացել ցայսօր: Ղարաբաղը հայկական է ոչ թե թղթերով, այլ՝ «կռվով»՝ քաղաքական պայքարով և ռազմական գործողություններով: Գոնե այսքանը պետք է սերտած լինեինք. դա մեր աչքի առաջ է տեղի ունեցել:

Հավատալ, որ Ղարաբաղի հարցը հնարավոր է լուծել ստորագրությամբ, միջազգային հանրությամբ, խաղաղապահ զորքերով, և ցանկացած այլ «սեսիաներով» ու «թղթերով», նույնն է, թե ժամանակին Սևրի և մյուս բոլոր միջազգային թղթերի վրա հույս դնելը, նույնն է, թե 1914-ին Անտանտի, հատկապես՝ ռուսների և ֆրանսիացիների անկախ Հայաստանի մասին խոստումերին հավատալը, որի գինը Մեծ Եղեռն էր, նույնն է, թե հավատալ, որ մի օր Թուրքիան հանուն «քաղաքակրթության» կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ավելի պարզ ասած՝ նույնն է, թե մեծ տարիքում հավատալ Ձմեռ Պապիի գոյությանը, այն էլ՝ միջազգային հարաբերությունների Ձմեռ Պապիին: Ընդհանրապես նշենք, որ «քաղաքակրթության» նկատմամբ նման սուրբ և միամիտ հավատքը գավառականության, «անքաղաքակրթության» թիվ մեկ ցուցիչներից է:

Մինչև հայկական քաղաքական գիտակցությունը ջարդուփշուր չանի իր կրոնական հավատը քաղաքակրթության, միջազգային հանրության և այլ Ձմեռ Պապիների նկատմամբ, մենք չենք ունենա քաղաքական գիտակցություն, որպես այդպիսին, այլ միշտ կմնանք քրիստոնյա աշխարհին և խաչակիր արշավանքին սպասելու միջնադարյան չհաղթահարված գիտակցության սահմաններում: Խաղաղապահ զորքն այլ բան չէ, քան միջնադարում սպասվող խաչակիր ազատարարների բանակը, որոնք հանուն Քրիստոսի խաչի պետք է ազատեին հայերին այլակրոն լծից:

Պատրանք է նաև մտածել, թե հնարավոր է մեկ անգամ կատարված պատմական ընտրությունը շրջելով՝ դուրս գալ խաղից: Երբ 1988-ին Կարեն Դեմիրճյանը տալիս էր իր հռետորական հարցը՝ «չե՞ք հասկանում, որ նման հարցերը սեսիայով չեն լուծվում», նա նկատի ուներ, որ նման հարցերը լուծվում են «կռվով»՝ քաղաքական պայքարով և/կամ պատերազմով: Հայ ժողովուրդը և Ղարաբաղյան շարժման ղեկավարությունն, այն ժամանակ կամա թե ակամա, գիտակցելով թե չգիտակցելով, կատարել է մի ընտրություն՝ հարցը լուծել կռվով, չնայած, եթե հարցնեին այն ժամանակվա ավագ սերնդին, ապա հստակ կարծիք կստանային, որ հնարավոր չէր հարցը այդ կերպ լուծել, քանի որ պայքարը ոչ միայն և ոչ այնքան Ադրբեջանի դեմ էր, որքան Ռուսաստանի, և ինչպես հետագայում էլ պարզվեց նաև՝ «աշխարհի», քանի որ վերջինս չէր պատրաստվում ճանաչել մեր պայքարի արդյունքները՝ ղեկավարվելով տարածքային ամբողջականության սկզբունքով: Կռվի տարբերակն ընտրել ենք սեփական կամքով. «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսն այլ բան չէր նշանակում, քան կռիվը՝ անկախ պայմաններից ու միջոցներից և դիմադրությունը, բացարձակ պայքարը՝ մինչև վերջին միջոցը:

Ճիշտ էր, թե սխալ այդ ընտրությունը՝ բացարձակ անիմաստ է այսօր քննարկել: Դա այլևս որևէ նշանակություն չունի, քանի որ նման ընտրությունը, մեկ անգամ արվելով, այլևս անշրջելի է իր բոլոր հետևանքներով: Ոչ ոք չի կարող հրաշքով վերադառնալ 1987 թվականի իրավիճակին, և նորից ընտրություն կատարել: Պատմության գնացքից չեն թռնում, ոչ էլ խաղի կեսից հնարավոր է այն լքել: Ղարաբաղյան շարժումն, ըստ էության, չի ավարտվել, քանի դեռ մնում է չլուծված դրա հիմնական նպատակը՝ Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորումը և դրա միջազգային իրավական ճանաչումը: Իսկ դա նորից հնարավոր չէ անել հռչակագրով, ինչպես շատերը մեզանում պատկերացնում են այսօր: Ոչ էլ արդեն հնարավոր է հետ կանգնել և հրաժարվել այդ նպատակից, ինչպես կարծում են մյուսները: Երկու տեսակետներն էլ դուրս են քաղաքական ռեալիզմից, պատմական փորձից և արտահայտում են իդեալիստական, ռոմանտիկ մոտեցումներ: Խաղաղության հնարավոր չէ հասնել «միջազգային կարգավորմամբ», մանավանդ, որ միջազգայինն ամենևին էլ խաղաղության նպատակ չի հետապնդում, ինչի մասին առիթ ունեցել ենք մանրամասն գրել:

Նույնպիսի պատրանք է մտածել, թե որևէ մեկն այս աշխարհում կարող է մեզ ստիպել «տալ» Ղարաբաղը: «Աշխարհն», իհարկե, մեզնից անհամեմատ ուժեղ է: Բայց հարցն այն է, որ քաղաքականությունը վերացական ուժի մրցույթ չէ, այլ շատ կոնկրետ պահի, իրավիճակի, հարաբերությունների ուժային հնարավորությունների հարց: Օրինակ, եթե Ռուսաստանն ունի ատոմային ռումբ, իսկ Հայաստանը չունի, դա չի նշանակում, որ մեր վրա ճնշում գործադրելու նպատակով, ռուսները կարող են օգտագործել ատոմային զենք: Այսինքն՝ հայ-ռուսական հարաբերություններում ատոմային զենքի գործոն գոյություն չունի: Եթե այդպես չլիներ՝ պատմության մեջ ցանկացած մեծ և փոքր տերությունների բախումը պետք է ավարտվեր փոքրի անխուսափելի պարտությամբ: Բայց դա այդպես չէ, որովհետև կարևոր է ոչ թե ուժն ընդհանրապես, այլ տվյալ իրավիճակում ուժի ճիշտ չափը կիրառելու կարողությունը: Որպես կանոն՝ որևէ մեծ պետություն այլևայլ պատճառներով սահմանափակված է ուժի կիրառման հարցում իրենից թույլի նկատմամբ: Եթե այդպես չլիներ, բնականաբար, Ղարաբաղն էլ երբեք հայկական չէր լինի, քանզի ի սկզբանե՝ 1988-ին, Հայաստանն ավելի թույլ է եղել և´ Ադրբեջանից, և´ Ռուսաստանից, և´ աշխարհից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter