
Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել. նրա կուսակցական գործունեությունը տևեց 2 տարի
Դեկտեմբերի 14-ին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Թադևոսյանի խոսքով՝ դիմումն արդեն ընդունվել է կուսակցության նախագահի կողմից, ուստի Կարեն Կարապետյանն այլևս ՀՀԿ անդամ չէ:
Հիշեցնենք, որ նախկինում Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն էր, սակայն հեղափոխությունից հետո նա հրաժարվել էր առաջին փոխնախագահի պաշտոնից, նրան այդ պաշտոնում փոխարինել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում էր ներկայացրել 2016 թվականի նոյեմբերի 24-ին: Նրա անդամակցությունից հետո ՀՀԿ-ին անդամակցեցին իր կառավարության մի շարք անդամներ, այդ թվում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, տրանպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Ավելին՝ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո մեկ օրում 7000 քաղաքացի դիմում է ներկայացրել կուսակցությանը անդամակցելու համար:
ՀՀԿ անդամների թիվը թավշյա հեղափոխությունից առաջ և հետո կարող եք կարդալ այստեղ:
Մեկնաբանել