HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեխանիկա՝ առանց երջանկության, կամ երբ «գիտության պոչը կտրվում է»

Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի ինստիտուտներին անդրադարձող շարքի այս հոդվածը Մեխանիկայի ինստիտուտի մասին է, որը մեր հոդվածաշարում մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի վերջին ինստիտուտն է: Մինչ այս անդրադարձել ենք նաեւ ԳԱԱ բնական գիտությունների, քիմիական եւ Երկրի մասին գիտությունների, ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքներին:

2008 թ. Բաղրամյան 26-ում որոշել էին, որ ազգային անվտանգության խորհուրդը պետք է շենք ունենա: Իշխանություններին ասել էին, որ Բաղրամյան 24-ում գտնվող ԳԱԱ-ի կազմում ընդգրկված Մեխանիկայի ինստիտուտում մարդ չկա, կարող են վերցնել տարածքի մի մասը: Այս մասին պատմում է ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Վահրամ Հակոբյանը: Վերջինս հիշում է, որ այն ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանն այցելել էր ինստիտուտ, որպեսզի ճշտի իրենց հասած տեղեկությունների իսկությունը, թե այստեղ մարդ չի աշխատում: Տնօրենը նրան ուղեկցել է  աշխատասենյակներ: Աբրահամյանը, ըստ Վ. Հակոբյանի, զարմացել էր՝ ասելով, թե «բա ասում էիք, որ շենքում մարդ չի աշխատում»:

DSC_5670.jpg (243 KB)

Արդյունքում ինստիտուտի շենքը մնաց գիտնականներին, բայց նրանցից 30 միլիոն դրամով վերցրեցին արհեստանոցը, որի տեղում էլ կառուցվեց ԱԱԽ շենքը: Դոկտոր Հակոբյանն ասում է, թե կառավարության որոշում կար, եւ իրենք որեւէ բան չէին կարող անել դրա դեմ:  Արհեստանոցի ողջ գույքը՝ 12 հաստոցներ ու տարբեր սարքավորումներ, ստիպված  տեղափոխել են Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի տարածք՝ հուսալով, թե մի օր հետ կբերեն: Վահրամ Հակոբյանն ասում է, թե գույքն այնտեղ ժանգոտում է, ու մի մասը կրկին ստիպված հետ են բերել, բայց դրանց համար էլ ազատ տարածք է հարկավոր: Այսօր ինստիտուտում փոքր արհեստանոց ունեն, որտեղ նեղվածք է, բայց, տնօրենի խոսքով, գոնե կարողանում են հոգալ նվազագույն կարիքները:

*Քարտեզի վրա նշված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտները: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել տվյալ ինստիտուտի անունն ու դրան վերաբերող «Հետքի» հոդվածի կարճ հղումը: 

1943-ին Հայաստանում գիտությունների ակադեմիա հիմնադրելուց հետո սկիզբ է դրվել մեխանիկայի ոլորտի հետազոտություններին՝ սկզբից ակադեմիայի մաթեմատիկայի եւ մեխանիկայի բաժնում, ապա նույնանուն ինստիտուտում, որը կազմավորվել է 1955-ին: Չնայած հայ մեխանիկոսներն ու մաթեմատիկոսներն իրարից առանձնացել են 1971-ին, որը համարվում է Մաթեմատիկայի ինստիտուտի հիմնադրման տարեթիվ, Մեխանիկայի ինստիտուտի կազմավորման տարի է համարվում 1955-ը: Միացյալ, ապա արդեն առանձնացված Մեխանիկայի ինստիտուտի տնօրենն ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանն էր:

ԳԱԱ շենքի հարեւանությամբ գտնվող Մեխանիկայի ինստիտուտի շենքը, ինչպես պատմում է Վ. Հակոբյանը, ֆիզիկոսների համար կառուցել էին Ալիխանյան եղբայրները, որոնք հետո տեղափոխվել են՝ իրենց տեղը զիջելով մեխանիկոսներին ու մաթեմատիկոսներին: 1971-ից այս երկու ճյուղերի գիտնականները կիսում են շենքը:   

ՄԻ-ն ակադեմիական այն քիչ ինստիտուտներից է, որի շենքում վարձակալությամբ մասնավոր սեկտորին են հանձնված մի քանի սենյակներ: Ստացվող գումարն ուղղվում է ինստիտուտի կարիքները հոգալուն, երբեմն նաեւ խրախուսական վճարներ հատկացնելուն: Բայց պարզ է, որ գիտական հիմնարկի տարածքը այլ նպատակներով վարձակալության տալը լավ օրից չի արվում:  

DSC_5667.jpg (119 KB)

Վահրամ Հակոբյանը հիշում է, որ Հայաստանի անկախացումից հետո իշխանությունները որոշեցին դադարեցնել գիտության բազային ֆինանսավորումը՝ անցնելով թեմատիկ ֆինանսավորման, այսինքն՝ գիտնականը ներկայացնում էր իր ոլորտի նոր թեմա՝ ստանալով ֆինանսավորում: 2005-ին, սակայն, բազային ֆինանսավորումը վերականգնվեց. դոկտոր Հակոբյանն ասում է, թե իշխանությունները հասկացան, որ պարտադիր չէ, որպեսզի գիտնականը նոր թեմա ներկայացնի եւ դրա համար ստանա ֆինանսավորում: Բայց թեմատիկ ֆինասնավորումը մնաց, որն, այդուհանդերձ, սահմանափակ է՝ պետությունն ամեն տարի գումար է հատկացնում ընդհանուր 150-160 թեմայի համար, եւ սովորաբար յուրաքանչյուր ինստիտուտ ֆինանսավորվում է 2-3 թեմայի համար: Բայց ըստ Վահրամ Հակոբյանի՝ եղել են տարիներ, երբ իրենք ստացել են 4 թեմայի ֆինանսավորում:

Ահա Մեխանիկայի ինստիտուտի ֆինանսավորումը պետբյուջեից՝ համաձայն բյուջեի մասին օրենքների հավելվածների:

ՄԻ
Infogram

Տնօրենի՝ մեզ ներկայացրած տվյալներն այսպիսին են.

MI-finance-1.jpg (102 KB)

Ակադեմիայի ինստիտուտների երկու գլխավոր խնդիրներն են սերնդափոխությունն ու ոչ բավարար ֆինանսավորումը, որոնք անմիջական կապ ունեն իրար հետ: Վ. Հակոբյանն ասում է, որ երիտասարդներն ասպիրանտուրայից հետո աշխատում են գիտական կառույցներում, սակայն դա հաճախ երկար չի տեւում՝ որոշ ժամանակ աշխատելուց հետո հեռանում են կա՛մ արտասահման, կա՛մ մասնավոր ընկերություններ:

Ինստիտուտի տնօրենը պատմում է, որ ամիսներ առաջ երիտասարդ գիտնականներից մեկը մոտեցել էր իրեն՝ խնդրելով ստորագրել դիմումը կես հաստիքով աշխատանքի անցնելու համար: Պատճառն այն էր, որ երիտասարդը «Թումոյից» աշխատանքի առաջարկ էր ստացել, որտեղ, ըստ Հակոբյանի, ամսական վարձատրվելու էր այնքան, որքան ինստիտուտում տարեկան: «Ես ի՞նչ կարող եմ ասել կամ ինչպե՞ս կարող եմ ասել՝ հրաժարվի եւ արի գիտությամբ զբաղվի»,- նկատում է տնօրենը:

Ինստիտուտում, ինչպես շատ այլ գիտական հիմնարկներում, տարիքային փոս կա՝ 35-50 տարեկան գիտնականներ գրեթե չկան: ՄԻ-ում նույնպես այդ տարիքի գիտնականներին կարելի է հաշվել մատների վրա: Երիտասարդներին պահելու լուծման ճանապարհներից մեկն, ըստ տնօրենի, թեմատիկ ֆինանսավորման համակարգն է, որն ինչ-որ ձեւով օգնում է մի քանի հոգու պահել:

«Եթե երիտասարդ գիտաշխատողն ասպիրանտուրան ավարտելուց հետո ցանկություն ունի աշխատելու ակադեմիական ցանկացած ինստիտուտում, մաքուր աշխատավարձը մոտ 90 հազար դրամ է կազմում: Բնական է, որ ոչ մի երիտասարդ այդ գումարով չի գա ու ամբողջ օրը նստի այստեղ: Ժամանակին նեղվում էի, թե ինչու երիտասարդները չեն գալիս, բայց երբ մտածում ես, թե կյանքն ուր է գնացել, հասկանում ես»,- նշում է դոկտոր Հակոբյանը: Հիշում է, որ երբ ինքն էր աշխատանքի ընդունվել այստեղ, սկզբից 140 ռուբլի էր ստանում, ինչը շատ չէր երիտասարդի համար, բայց փոխարենը առաջընթացի ճանապարհ կար, ասպիրանտուրայից հետո աշխատավարձը բարձրանում էր՝ դառնալով 190, իսկ ավագ գիտաշխատող դառնալուց հետո՝ 300 ռուբլի: Այսինքն, ըստ տնօրենի, երիտասարդ գիտնականը ճանապարհը շարունակում էր՝ տեսնելով հեռանկար: Մյուս կողմից, ըստ Վ. Հակոբյանի, իրենց սերունդն այն ժամանակ գիտական հովերով էր տարված, ավելի ռոմանտիկ էր, այնինչ այսօրվա երիտասարդությունը պրագմատիկ է: Բայց հավելում է, որ երիտասարդներին չես էլ կարող մեղադրել, քանի որ գիտնականի ցածր աշխատավարձով հեշտ չէ ընտանիք պահել:

DSC_5661.jpg (132 KB)

«Ոնց որ մեր հանրապետությունն է ծերանում, այնպես էլ գիտությունն է ծերանում»,- նշում է ինստիտուտի տնօրենը`ավելացնելով, որ Հայաստանի 100 արդյունավետ գիտաշխատողներից 4-ն իրենց ինստիտուտից են, բայց միայն մեկն է երիտասարդ՝ 35 տարեկան, մյուսները 72, 78 եւ 84 տարեկան են:

Հայաստանում մեխանիկոսները քչանում են

ՄԻ-ն այս տարի երկու ասպիրանտ ունի, որոնք եկող տարի կպաշտպանեն իրենց ատենախոսությունները: Ինստիտուտում 2007-ից մագիստրատուրայի ծրագիր է գործել, որը, սակայն, 4-5 տարի է տեւել: Տնօրենն ասում է, որ այդ տարիներին մի քանի ուսանողների նաեւ աշխատանքի էին ընդունել, սակայն տարեցտարի նրանց թիվը պակասել է, մեխանիկան էլ դարձել է ոչ պոպուլյար: Ըստ Վ. Հակոբյանի՝ քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինֆորմատիկայի ուղղությունն արագ զարգանում է, ու այդտեղ ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գտնելու հնարավորություն կա, երիտասարդները գնում են այդ ուղղությամբ: Օտար լեզուներն էլ ցատկահարթակ են այլ երկրներ գնալու համար: Բացի դրանից՝ բանկեր կան, որոնք ֆինանսավորում են մագիստրանտ տնտեսագետներին, որ ավարտելուց հետո աշխատանքի անցնեն իրենց մոտ:

«TOEFL» քննությունը՝ խոչընդոտ ասպիրանտուրա ընդունվելու համար

Ասպիրանտուրա ընդունվելու խոչընդոտներից մեկը Վահրամ Հակոբյանը համարում է անգլերենի «TOEFL» քննության հանձնումը: «Դա մտցրեցին, որպեսզի ուսանողները օտար լեզվի տիրապետեն եւ կարողանան ընթերցել արտասահմանյան մասնագիտական գրականություն: Դրան զուգահեռ ուսանողները՝ անկախ առկա թե հեռակա ուսուցումից, աշխատում են: Իսկ աշխատելն ու «TOEFL» պարապելը շատ դժվար է: Բայց եթե դա չհանձնեն, ապա գործերը չեն ընդունի: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ասպիրանտուրա ընդունվելիս «TOEFL» չհանձնեն, բայց ավարտելուց հանձնեն»,- առաջարկում է դոկտոր Հակոբյանը:

Մյուս խոչընդոտն, ըստ գիտնականի, տարկետման բացակայությունն է: Ասում է, թե պարտադիր զինծառայության 2 տարին գիտությամբ զբաղվող երիտասարդին հետ է գցում, ավելին՝ դրանից հետո դժվար թե երիտասարդը վերադառնա գիտություն: «Ցանկացած գիտնական իր փորձից զգացել է, որ եթե մի քանի ամիս չզբաղվի գիտությամբ, դժվար է, անգամ արձակուրդի ժամանակ, այսպես ասած, ֆորմայից ընկնում ես, ինչին վերադառնալու համար ջանքեր են անհրաժեշտ: Էլ ուր մնաց 2 տարի բանակում»,- ասում է ինստիտուտի տնօրենը:

«Գիտության պոչը կտրվում է»

Ինստիտուտի 111 աշխատակիցներից 25-30 տոկոսն է երիտասարդ, որոնց մեծ մասն աշխատում է կա՛մ կես, կա՛մ քառորդ հաստիքով: Այս հաստիքներն էլ, ըստ տնօրենի, հազիվ են պահում, քանի որ մտածում են, թե գուցե ֆինանսավորման վիճակը լավանա, եւ երիտասարդները մնան ՄԻ-ում:

Մեխանիկայի ինստիտուտն աշխատակիցների կայուն թիվ ունի: Անգամ ամենալավ տարիներին նրանց թիվն առավելագույնը 130 էր:

ՄԻ աշխատողներ
Infogram

ՄԻ-ում նվազագույն՝ 55.210 դրամ «մաքուր» աշխատավարձ է ստանում 5 հոգի (հավաքարարներ): Գիտաշխատողների շրջանում ամենաքիչը ստանում են 4 կրտսեր գիտաշխատողները՝ 69.775 դրամ («մաքուր»), 29 գիտաշխատողներն էլ վարձատրվում են 77.225 դրամ (կրկին «մաքուր»):

Ամենաբարձր «մաքուր» աշխատավարձը 186.500 դրամ է: Բարձր վարձատրվող աշխատակիցներն են տնօրենը, փոխտնօրենը, գիտական քարտուղարը եւ բաժինների վարիչները:

DSC_5651.jpg (136 KB)

«Գիտության պոչը կտրվում է, իսկ առանց երիտասարդների այն չի կարող զարգանալ: Դրան հանգեցրել է իշխանությունների վարած քաղաքականությունը, որովհետեւ պետության ֆինանսական հնարավորությունները քիչ էին, պետությունը բլոկադայի մեջ էր եւ այլն, բայց ամեն դեպքում այդ քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ գիտությունը քիչ-քիչ վերանում է, շատ դեպքերում ասում են՝ գիտությունն ինչի՞ն է պետք, մեխանիկան մեզ ոչ մի օգուտ չի տալիս՝ մոռանալով, որ երբ աշխարհում ներկայանում ենք, ասում ենք, որ մենք ինտելեկտուալ ժողովուրդ ենք, հիշում ենք մեր պատմությունը, մեր հեղինակավոր գիտնականներին»,- նշում է Վահրամ Հակոբյանը՝ շարունակելով, որ այսօր էլ հպարտությամբ ենք ասում, թե երբ Լոնդոնում Վիկտոր Համբարձումյանը դասախոսություն կարդաց, Նյուտոնի թիկնոցը բերեցին-գցեցին նրա ուսերին:

Խորհրդային տարիներին ՄԻ-ն համագործակցում էր պաշտպանական կառույցների հետ, որոնց համար պայմանագրային հիմունքներով հաշվարկներ ու նախագծեր էր իրականացնում: Այսօր նմանատիպ հաստատությունների հետ գործակցությունը դժվարացել է. մեր զրուցակիցն ասում է, որ իրենք թեմաներ առաջարկել են, սակայն մյուս կողմը նպատակահարմար չի գտել իրագործումը:

Սակայն ՄԻ-ն փոխարենը համագործակցում է արտասահմանյան ընկերությունների հետ: Օրինակ՝ Հայաստանի ԳԱԱ-ի եւ Ռուսաստանի «Միացյալ ինքնաթիռաշինական կորպորացիայի» միջեւ կնքված հուշագրի շրջանականերում ինստիտուտը եւ «ՄԻԿ»-ի կողմից հիմնադրված «Աէրոկոմպոզիտ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել ինքնաթիռաշինության մեջ մեծ կարեւորություն ունեցող մետաղ-կոմպոզիտային միացությունների հոգնածային ամրության հաշվարկի մեթոդոլոգիական հիմքեր ստեղծելու նպատակով:

Չնայած այսօր հայ մեխանիկոսները նոր սարքավորումներ չեն կարող գնել, դրանք նախագծում են հենց իրենք՝ աշխատակիցները, ապա պատրաստել տալիս արհեստավորների մոտ:

Ինստիտուտի առաջին հարկում գտնվող փորձարարական լաբորատորիա ենք մտնում, որտեղ հսկա սարքավորումներ կան: Վահրամ Հակոբյանն ասում է, որ բոլորն էլ ժամացույցի պես աշխատում են: Արտասահմանյան մի ծրագրի շրջանակներում ոչ քաղցկեղածին նոր նյութ են ստացել, որը նախատեսված է օգտագործել առանց ասբեստի արգելակման կոճղակների (тормозные колодки) համար, բացի դրանից՝ տարբեր տեխնոլոգիաներով թափոնների մշակմամբ նոր շինանյութեր են ստացել:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter