HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Քաղաքական ուժերը թաքցրել են քարոզչական ծախսերի մի մասը՝ ԿԸՀ-ի թույլտվությամբ

Նույնիսկ ընտրությունների ավարտից հետո, թերթելով սոցիալական ցանցերի ձեր էջերը՝ կարող եք հանդիպել թեկնածուների նախընտրական գովազդների։ Այո, քարոզչության մի զգալի հատված բաժին է ընկել սոցիալական մեդիային, ինչը նշանակում է, որ կուսակցություններն ու դաշինքները ֆինանսական զգալի ռեսուրսներ ուղղել են Ֆեյսբուքում, Ինստագրամում, Թվիթերում և այլ սոցիալական ցանցերում իրենց գովազդը տեղադրելուն։

Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու դաշինքները, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվությամբ, հանրությունից թաքցրել են սոցիալական մեդիայի գովազդների համար ծախսված գումարի չափը։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պետք է ապահովի նախընտրական քարոզչության ֆինանսական թափանցիկությունը, և ընտրողն իրավունք ունի իմանալ, թե որ կուսակցությունը որքան գումար է հավաքել և ծախսել քարոզարշավի նպատակով։ «Հետք»-ն արդեն գրել է ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթած 3 քաղաքական ուժերի նվիրատվությունների մասին, այժմ անդրադառնանք ծախսերին։

Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և դաշինքները կարող են նախընտրական քարոզչության համար նախատեսված հիմնադրամ մուտք անել ոչ ավել, քան 100 միլիոն, իսկ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն` ոչ ավել, քան 5 միլիոն դրամ (92-րդ հոդվածի 2-րդ կետ): Նույն հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (դաշինքը) քարոզչության ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսել ոչ ավել, քան 500 միլիոն դրամ:    

Եթե կուսակցության կամ դաշինքի քարոզչական ծախսը գերազանցել է օրենքով սահմանված առավելագույն չափը, ԿԸՀ-ն պետք է հարուցի վարչական վարույթ և սահմանի տույժ։ Առանձին դեպքերում՝ ԿԸՀ դիմումի հիման վրա դատարանն ուժը կորցրած կարող է ճանաչել տվյալ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը:

Օրենքը սահմանում է, բայց ԿԸՀ-ն «գործիքակազմ չունի»՝ վերահսկելու

Վերոնշյալ թվերն ու սահմանաչափերը որևէ նշանակություն չունեն, եթե դրանք չեն վերահսկվում։ Քաղաքական ուժերն ու թեկնածուները քարոզչության վրա ծախսված գումարների մի ստվար հատվածը ուղղակի թաքցրել են հանրությունից՝ չհայտարարագրելով այն ծախսերը, որոնք արել են սոցիալական մեդիայով գովազդ տարածելու համար։

«Հետք»-ն ընթերցողներից ստացել է մի շարք վկայություններ, որ թեկնածուները սոցիալական ցանցերում տեղադրել և տարածել են քարոզչական գովազդներ։ Դրանցից մի քանիսը՝ ստորև։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Տիգրան Բաբիկյանը «Հետք»-ին հայտնեց, որ իրենք են կուսակցություններին տեղեկացրել, որ սոցիալական ցանցերի գովազդների ծախսերը պետք չէ հայտարարագրել։  

- Սոցիալական ցանցերն անհնար է վերահսկել, որովհետև չկա դրա գործիքակազմը։ Անհնար է վերահսկել, թե սոցիալական ցանցում առկա գովազդը ով է պատվիրել և որտեղից է ֆինանսավորվել։ Այսինքն՝ եթե կուսակցությունը չհայտարարագրի գովազդը, մենք չենք կարող հասկանալ, թե տվյալ գովազդն արդյոք կուսակցությունը կամ թեկնածուն է պատվիրել, թե ոչ։

- Մեր ընթերցողներն ուղարկել են սոցիալական ցանցերում առկա գովազդի սքրինշոթեր՝ տարածված գրեթե բոլոր քաղաքական ուժերի թեկնածուների պաշտոնական էջերով, իրենց անուն-ազգանուններով։ Դուք այդ թեկնածուներին ասել եք, որ չհայտարարագրե՞ն, թե վերջիններս իրենց կամքով չեն արել։

- Չէ, կուսակցությունները տեղյակ են եղել, որ սոցիալական ցանցերի ծախսերը հայտարարագրման ենթակա չեն։

- Իրականում՝ սոցցանցերի գովազդների ծախսերը հնարավոր էր պարզել, եթե կուսակցություններից և դաշինքներից Ձեր ծառայությունը պահանջեր ներկայացնել թեկնածուների պաշտոնական էջերին կցված վճարային քարտերի քաղվածքները, որով պատվիրվել է գովազդը։

- Այսինքն, եթե պահանջեինք և չներկայացվեր, մենք կարո՞ղ էինք ապացուցել, որ այդ գովազդն իրենք են իրականացրել։

- Եթե պահանջեիք, կերևար, թե տվյալ թեկնածուի պաշտոնական էջի ծախսերն ում բանկային քարտով է վճարվել։

- Հասկացա, բայց եթե ինչ-որ բան պահանջում ես և չի ներկայացվում, դու պետք է գործիքակազմ ունենաս, որ պարզես՝ այդ մարդն է արել, չի ներկայացնո՞ւմ, թե՞ դա ուրիշ տեղից է իրականացվել։ Այսինքն, եթե չկա պայմանագիր և վճարման ծախսերը հավաստող փաստաթղթեր, ապա ինչպե՞ս մենք կարող ենք իրականացնել դրա վերահսկողությունը։

- Ինչպես արդեն գիտենք, օրենքը սահմանում է, որ թեկնածուն չի կարող քարոզչության համար նվիրաբերել ավելի քան 5 մլն դրամ։ ԲՀԿ-ական թեկնածու Արտյոմ Ծառուկյանն, օրինակ, նվիրաբերել է 4 մլն 995 հազար դրամ, բայց կա նաև վկայություն, որ վերջինս իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով պատվիրել է գովազդ, որը մի քանի տասնյակ անգամ վերատարածվել է, հարյուրավոր հավանումներ ունի, և երևացել է հազարավոր մարդկանց, ինչը նշանակում է, որ այդ գովազդի արժեքն անցնում է 5000 դրամը։ Այսինքն՝ տվյալ թեկնածուն հաստատ քարոզչությանը նվիրաբերել է ավելի շատ, քան սահմանված է օրենքով։  

- Բայց մենք չգիտենք՝ այդ գովազդն ի՞նքն է պատվիրել, թե՞ ոչ։ Օրինակ՝ դուք կարո՞ղ եք իմ անունով գովազդ պատվիրել։

- Կարող եմ իմ ֆեյսբուքյան էջով ամեն ինչ էլ գովազդել, բայց թեկնածուն իր պաշտոնական էջի հաշիվներին հաստատ տիրապետում է և կարող է ներկայացնել։

- Խնդիրն այն է, որ մենք ուղղակի գործիքակազմ չունենք՝ հասկանալու, թե ինքն է պատվիրել այդ գովազդը, թե՞ ուրիշ մարդ։ Բոլոր դեպքերում՝ սոցիալական ցանցերն անվերահսկելի են։

- Եթե նույնիսկ այլ մարդ է պատվիրել այդ թեկնածուի համար, դա նույնպես հաշվարկվում է՝ որպես տվյալ թեկնածուի կողմից նվիրատվություն։ Օրինակ՝ Ձեր կողմից ստորագրված և ԿԸՀ կայքում հրապարակված վերջին եզրակացությունում նշել եք, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը 60 հազար դրամով գերազանցել է նվիրաբերվող գումարի սահմանաչափը։ Նշել եք, որ Անդրանիկ Քոչարյանի անունից հիմնադրամ է մուտքագրվել 5 մլն դրամ, իսկ Արսեն Քոչարյանի անունից՝ ի աջակցություն Անդրանիկ Քոչարյանի, մուտքագրվել է 60 հազար դրամ։ Դուք նկատել եք, որ ոչ թե Անդրանիկ Քոչարյանն է անձամբ փոխանցել, այլ Արսեն Քոչարյանը։ Բայց և այնպես, Դուք Արսեն Քոչարյանի փոխանցումը համարել եք Անդրանիկ Քոչարյանի կողմից սահմանաչափի խախտում։ Արտյոմ Ծառուկյանի դեպքում էլ, եթե նույնիսկ նա անձամբ չի պատվիրել գովազդը, այդ գովազդը պատվիրվել է նրա քարոզչության համար։  

- Իսկ եզրակացության մեջ սանկցիան ո՞րն է եղել։

- Այդ 60 հազարը ուղղել եք պետբյուջե։

- Իսկ այս դեպքում ի՞նչը պետք է լիներ սանկցիան, եթե ինչ-որ մեկը գովազդ է պատվիրել՝ Արտյոմ Ծառուկյանի փոխարեն։

- Արտյոմ Ծառուկյանից պահանջում եք իր պաշտոնական էջի քաղվածքը․․․

- Դա ուղղակի հնարավոր չէ։ Չներկայացնելու դեպքում՝ գործիքակազմ չկա, որ հասկանանք այդ մարդը ծախս արե՞լ է, թե՞ ոչ այդ գովազդի վրա։ Եթե մարդն, օրինակ, պաստառ է տեղադրել և ասում է՝ ես չեմ տեղադրողը, ես կարող եմ հասկանալ, թե այդ պաստառը որտեղ է տպագրվել, և ունեմ գործիքակազմ՝ պարզելու, թե այդ ծախսն ինքն է կատարել, թե ոչ։ Վերջիվերջո, ունեմ նաև այդ պաստառը վերացնելու տարբերակ, բայց սոցիալական ցանցերում ոչ մի գործիքակազմ չկա՝ այդ ամենը ճշտելու։

- Իսկ որպես վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ, ի՞նչ եք կարծում, սոցիալական ցանցերը վերահսկելու գործիքակազմի բացակայությունը կարո՞ղ է պատճառ դառնալ թաքցված քարոզչական ծախսերի։

- Չեմ կարող դա մեկնաբանել։ Դրա գնահատականը կտա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

- Հաշվի առնելով այս ընտրությունների փորձը, չե՞ք պատրաստվում գալիք ընտրությունների համար ինտեգրել սոցցանցերը վերահսկելու գործիքակազմ, սովորել դրանց հաշիվներն ու քաղվածքները վերահսկելու գործիքներ։

- Սովորե՞լ։ Եթե կարծում եք, որ սոցցանցերը հնարավոր է հայտարարագրել, եթե կան մարդիկ, ովքեր ցույց կտան, թե ինչպես կարելի է դա իրականացնել, խնդիր չկա, այո, կարող են նախաձեռնությամբ հանդես գալ և առաջարկել Ազգային ժողովին, որ օրենքը փոխի։ Բայց ես կարծում եմ, որ նմանատիպ վերահսկողություն այս պահին հնարավոր չէ իրականացնել։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, համենայն դեպս, հրապարակել է ծախսերի այն հատվածը, որոնք համարել է հայտարարագրման համար պիտանի։ Այդ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Ընթերցեք նաև՝ Ովքե՞ր են ֆինանսավորել հաղթածների նախընտրական քարոզարշավը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter