HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքե՞ր են ֆինանսավորել հաղթածների նախընտրական քարոզարշավը

Թեկնածուներն ունեն ավելի քիչ գումար, քան նվիրաբերել են։

Իմանալով, թե ովքեր են հոգում կուսակցությունների և դաշինքների քարոզչական ծախսերը, կարելի է հասկանալ տվյալ ուժի հետագա քաղաքական գիծը։ Քարոզարշավի ֆինանսավորման հանրայնացումը թափանցիկ կառավարման հենակետերից է։ Ընտրողն իրավունք ունի իմանալ, թե որտեղից են կառավարվում կառավարողները։

Քարոզչության ֆինանսավորման թափանցիկությունը կարգավորող տարբեր օրենսդրական դրույթներ կան աշխարհում։ Որոշ երկրներ հրապարակում են կուսակցությունների դրամական մուտքերն ու ելքերը, որոշները՝ նաև այն անձանց անունները, ովքեր գումար են փոխանցել այդ կուսակցության հաշվին։ Նման հրապարակումները, սակայն, միշտ չէ, որ ամբողջական են լինում։

Հայաստանում քարոզարշավ իրականացնող կուսակցություններն ու դաշինքները կարող են ֆինանսավորվել թեկնածուների, ընտրողների, և տվյալ թեկնածուներին առաջադրած կուսակցության կամ դաշինքի կողմից։

Քարոզարշավից առաջ կուսակցություններն ու դաշինքները բանկում բացում են ժամանակավոր հաշվեհամարներ, որին թեկնածուները և/կամ ընտրողները փոխանցում են նվիրատվություններ։ Բանկերը 3 աշխատանքային օրը մեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացնում կուսակցությունների ֆինանսական մուտքերն ու ելքերը, որն էլ, ամփոփ տեղեկանքի տեսքով, հրապարակվում է ԿԸՀ կայքում։

Ընտրարշավի ֆինանսական թափանցիկությունը կարգավորում է կառավարության N 125-Ն որոշումը, ըստ որի՝ ընտրությանը մասնակցող ուժերը պետք է հայտարարագրեն նախընտրական քարոզարշավի համար ստացված և ծախսված դրամական միջոցները։

«Հետք»-ը, ինչպես Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ, չբավարարվելով ֆինանսական մուտքերի ու ելքերի ամփոփ տեղեկանքով, դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ այդ տեղեկանքի բացվածքը ստանալու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տրամադրել է նոյեմբերի 28-ի և դեկտեմբերի 3-ի դրությամբ՝ կուսակցությունների դրամական շարժի վերաբերյալ փաստաթղթերը՝ տպագիր տարբերակով։ Չնայած նրան, որ մեզ տրամադրված տեղեկությունն ամբողջական չէ, և ընդգրկում է միայն նշված երկու ամսաթվերի դրությամբ արված ֆինանսական մուտքերն ու ելքերը, կարևոր ենք համարում հրապարակել դրանք՝ որպես խթանիչ քայլ՝ դեպի թափանցիկ կառավարում։

«Հետք»-ի տվյալների լրագրության թիմը լուսանկարել է ընտրությանը մասնակցող 11 քաղաքական ուժի՝ մոտ 460 էջ բանկային փոխանցման օրդերները, որտեղ երևում է, թե ովքեր են գումար նվիրաբերել այս կամ այն քաղաքական ուժին, և թե ինչի վրա է ծախսվել այդ գումարը։ Մանրամասն կներկայացնենք, սակայն, այն քաղաքական ուժերի ֆինանսական շարժը, որոնք ընտրվել են և պետք է ներկայացնեն բնակչության շահն ապագա խորհրդարանում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Ըստ մեր ձեռքի տակ եղած տվյալների՝ այս կուսակցության քարոզչության համար գոյացած ֆինանսական միջոցների մոտ 60 տոկոսը գոյացել է կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուների փոխանցումներից։ Այդ թեկնածուների կեսից ավելին, սակայն, ունեն ավելի քիչ գումար, քան նվիրաբերել են։ Օրինակ՝ ԲՀԿ-ական թեկնածու Ալեքսանդր Մանուկյանը հայտարարագրել է 160 հազար դրամ, բայց կուսակցության քարոզարշավին նվիրաբերել է 4 մլն 995 հազար դրամ։ Եթե անգամ Մանուկյանն իր մոտ եղած վերջին գումարը նվիրաբերեր քարոզարշավին, նա պետք է ինչ-որ մեկից նվիրատվություն ստանար ևս 4 մլն 835 հազար դրամ, որ կարողանար իրականացնել իր նվիրատվությունը։ Քանի որ Ալեքսանդր Մանուկյանի նման 10 այլ թեկնածուներ էլ կան, կարելի է ենթադրել, որ նրանք կամ նվիրաբերել են այլ անձանց պատկանող գումարն՝ իրենց անվան տակ, կամ էլ բարեխղճորեն չեն հայտարարագրել իրենց դրամական միջոցները։

Ստորև ներկայացնում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը գումար նվիրաբերած անձանց ցանկը, գումարի չափը և թե արդյո՞ք նրանք ունեին բավարար միջոցներ այդքան գումար նվիրաբերելու։

«Իմ քայլը» դաշինք

«Իմ քայլը» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ նույն մեխանիզմով էր իրականացրել քարոզչական նվիրատվությունները, ինչ ԲՀԿ-ն, որի մասին «Հետք»-ը գրել էր։ «Իմ քայլը» արձագանքել էր մեր հրապարակմանը՝ խոստանալով հրապարակել այն բոլոր անձանց անուններն, ովքեր ԻՐԱԿԱՆՈՒՄ գումար էին նվիրաբերել քարոզչությանը։ Դաշինքը, սակայն, մինչ օրս չի հրապարակել այդ անունները։

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզչության համար «Իմ քայլը» դաշինքը, հաշվի առնելով նախորդ հրապարակումը, բանկային փոխանցումներն իրականացնելու այլ մեխանիզմ է կիրառել։ Ըստ մեր ձեռքի տակ եղած տեղեկության՝ քարոզչությունը 75 տոկոսով ֆինանսավորվել է կրկին ցուցակում առկա թեկնածուների կողմից։ Թեկնածուները, սակայն, նվիրաբերել են իրենց հայտարարագրած դրամական միջոցների միջինում 20 տոկոսը։ Միայն թեկնածու Սիփան Փաշինյանն է նվիրաբերել 4 անգամ ավելի շատ գումար, քան հայտարարագրել է։ Վերջինիս ունեցած գումարը կազմում է 972 661 դրամ, բայց նվիրաբերել է 4 մլն դրամ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Լուսավոր Հայաստանի» նախընտրական քարոզչության գումարը գրեթե ամբողջությամբ գոյացել է միայն թեկնածուների փոխանցումներից, ինչպես երևում է ԿԸՀ-ի՝ մեզ տրամադրած փաստաթղթերում։ Այստեղ նույնպես գտնվել են թեկնածուներ, ովքեր նվիրաբերել են ավելի շատ գումար, քան հայտարարագրել են։ Օրինակ՝ Անի Սամսոնյանը հայտարարագրել է 204 հազար դրամ, բայց նվիրաբերել 1 մլն դրամ։ Նույն կերպ Աննա Կոստանյանը հայտարարագրել է 900 հազար դրամ, բայց նվիրաբերել 1 մլն դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter