HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Երեւանի քաղաքապետարանը խճճում է մանկական խաղասարքերի անվտանգության թեման

Այն բանից հետո, երբ «Հետքը»  անդրադարձավ Կոմիտաս 3 եւ Գյուլբենկյան 36 շենքերի բակում տեղադրված մանկական խաղասարքերին ու դրանցից բխած հետեւանքներին, արձագանքներ եղան անհատներից ու կազմակերպություններից։ Պարզվեց, որ խաղասարքերը գրեթե բոլոր տեղերում առողջական խնդիրներ են ստեղծում երեխաների համար։

Իրավիճակով անհանգիստ ծնողներից մեկը փորձել է Երեւանի քաղաքապետարանից ճշտել, թե արդյոք երկաթյա ճոճանակը թույլատրելի է համարվում մեր երկրի նորմատիվներով, ո՞վ կամ ո՞ր մարմինն է խաղասարքերի՝ նորմատիվներին համապատասխանության ստուգման համար պատասխանատու, արդյոք քաղաքապետարանը որևէ քայլ պատրաստվու՞մ է ձեռնարկել բակերում խաղահրապարակներն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ։

Քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Հարությունյանը բնակչին պատասխանել է, բայց ըստ էության՝ խուսափելով անդրադառնալ հարցման մեջ նշված ամենակարեւոր խնդիրներին։

Պաշտոնյան բնակչին վստահեցրել է, որ բակային տարածքների բարեկարգման աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանի ծրագրով, մրցույթում հաղթած, հավատարմագրված կազմակերպության կողմից՝ փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայն։

«Նախագծերում տեղադրվում է մանկական խաղերի գծագրերը, իրենց տեխնիկական պայմաններով, որի հիման վրա շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները ձեռք են բերում կամ պատրաստում են եւ տեղադրում խաղերը»,- նշված է Հարությունյանի գրության մեջ։

Պաշտոնյան նաեւ վստահեցրել է, որ «խաղերի նորմատիվային համապատասխանությունը ստուգում եւ հաստատում է նախագծի փորձաքննությունն անցկացնող ընկերությունը, իսկ տեղադրված խաղերի ստուգումը՝ տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունը»։

Գրիգոր Հարությունյանի պատասխանը կասկածներ էր առաջացրել բնակչի մոտ, քանի որ, ինչպես նշված է մեր նախորդ հրապարակման մեջ, մանկական խաղահրապարակները կառուցվում, իսկ խաղասարքերը տեղադրվում ու շահագործվում են առանց որեւէ նորմատիվ ակտի: Պետական ստանդարտներ չկան պարզապես։ Արդյունքում, մանկական հրապարակները Հայաստանում կառուցվում են որտեղ պատահի, փորձաքննություն կամ սերտիֆիկացում չանցած նյութերով՝ հաճախ առանց ցանկապատման եւ առանց պահպանելու անվտանգության ու սանիտարական նորմերը։ Շահագործման ընթացքում էլ չեն վերահսկվում, չեն վերանորոգվում:

Սա հաստատել է նաեւ «Անվտանգ խաղահրապարակ քո եւ իմ երեխաների համար» նախաձեռնությունը՝ իր կատարած ուսումնասիրության արդյունքում։

Քաղաքացին «Հետք»-ին տրամադրեց քաղաքապետարանի պաշտոնյայի և իր նամակագրությունը։ Այն ուսումնասիրելուց հետո Գրիգոր Հարությունյանից գրավոր կերպով փորձեցինք տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ո՞ր կազմակերպություններն են հավատարմագրվել Երեւան քաղաքի տարածքում մանկական խաղասարքեր տեղադրելու համար (որի մասին պաշտոնյան գրել էր քաղաքացուն ուղղված նամակում): Խնդրել էինք տրամադրել ամբողջական ցանկ։ Խնդրել էինք նաեւ տրամադրել նորմատիվային համապատասխանություն կամ փորձաքննություն, ինչպես նաեւ տեխնիկական համապատասխանություն իրականացնող ընկերությունների ցանկերը։

Հարցերից մեկն էլ այն էր, թե ո՞ր նորմատիվ իրավական ակտի/ակտերի հիման վրա է իրականացվում տեխնիկական համապատասխանություն։

Պատասխանը, որ ստացվեց քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատարից, ամբողջովին տարբերվում էր բնակչին ներկայացրած պատասխանից։ Պաշտոնյայի նախորդ հավաստիացումներից ու պնդումներից ոչինչ չէր մնացել։

Գրիգոր Հարությունյանը «Հետք»-ին հայտնել է, որ Երեւանի բազմաբնակարան շենքերի բակային հատվածներում առկա մանկական խաղերը տեղադրելու համար կազմակերպություններ չեն հավատարմագրվել եւ դրանց նորմատիվային համապատասխանության կամ փորձաքննության համար ընկերություններ չեն ներգրավվել, քանի որ նշված խաղերը հավաքվել են ըստ դրանցում առկա գործարանային գծապատկերների։

Քաղաքացուն եւ լրատվամիջոցին նույն հարցերի վերաբերյալ տարբեր պատասխաններ ուղարկելը շատ հարցեր է առաջացնում։

ԵՄ ընդհանուր ապրանքների Դիրեկտիվները (2001/95/EC) եւ եվրոպական ստանդարտները (European Standard series EN 1176 and EN 1177) տարածվում են մանկական խաղահրապարակների սարքավորումների եւ նյութերի վրա:

Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ, 2017թ. հաստատվել է «Մանկական խաղահրապարակների համալիրի անվտանգության մասին» հայեցակարգը: Նմանատիպ ստանդարտներ եւ իրավական կարգավորումներ գոյություն ունեն նաեւ այլ երկրներում:

Մոսկվայում, օրինակ, վերջին տարիներին արգելված է ոչ ճկուն նյութերից ճոճանակների տեղադրումը։ Նստատեղը պետք է լինի ճկվող եւ փափուկ պլաստմասսայից, ձողերը, որոնցից բռնվում են երեխաները, պետք է լինեն շղթաներից։ Շղթաներն իրենց հերթին պետք է ծածկված լինեն փափուկ կտորով։

Երեւանի քաղաքապետարանում լուծումներ գտնելու եւ երեխաներին սպառնացող ռիսկերը նվազեցնելու փոխարեն շարունակում են ցրել քաղաքացիներին ու խճճել խնդիրները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter