HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Լիդիան Արմենիա»-ի հերթական հայցն ակտիվիստի դեմ. կիրառվել է նաև հայցի ապահովման միջոց

Անի Խաչատրյանը «Հայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ է և 2012թ-ից պայքարում է Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ: Անին պատահմամբ է իմացել, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել իր դեմ՝ ֆեյսբուքյան անձնական էջում զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու, փոխհատուցման գումարի բռնագանձման և դատական ծախսի հարցի լուծման պահանջների մասին:

Օրերս էլ Անի Խաչատրյանը ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր Կատարող Գեղամ Վարդանյանի ստորագրությամբ ստացել է կատարողական վարույթ ավարտելու մասին որոշում: Ըստ այդ որոշման՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն, որպես հայցի ապահովման միջոց, պետք է Անի Խաչատրյանին արգելել հայցվոր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործարար համբավն արատավորող և իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ տարածել:

001 (1).jpg (225 KB)

Նշենք, որ «Լիդիան Արմենիա»-ն հայկական երկրաբանահետախուզական կազմակերպություն է: Ընկերությունը հիմնադրվել է 2005թ.-ին և երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայում իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարի ոսկու հանքը: Ընկերությունը 2006թ.-ից սկսած՝ երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Վայոց Ձորի մարզում` Ամուլսարի տարածքում: Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին է տեղակայված Ամուլսարի հանքավայրը:

Հանքի շահագործմանը դեմ են բնապահպաններն ու հարակից գյուղերի բնակիչները: Վերջիններս բողոքի ակցիաներ են իրականացնում, որպեսզի հանքը չշահագործվի, և դադարեցվեն աշխատանքները:

«Հայցադիմումը չունեմ, միայն ԴԱՀԿ-ի ծանուցումն եմ ստացել, մեկ էլ «Դատալեքս»-ով գտել եմ գործը, այդպես եմ իմացել որոշ մանրամասներ: Այսինքն, ինձ արգելում են մի բան, որից ես տեղյակ էլ չեմ, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: Բացի այդ, ապացուցված էլ չէ, որ դա զրպարտություն է, կարող է երկու տարի դատը տևի, վերջում պարզվի, որ զրպարտություն չէ, աբսուրդ բան է ստացվում: Հարկադիր կատարողն ասաց, որ եթե չենթարկվեմ՝ կտուգանվեմ 50,000 դրամով, իսկ հաջորդ անգամ արդեն քրեական գործ կհարուցվի»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Անի Խաչատրյանը:

Անին հավելեց, որ հիմա էլ, երբ տեղացիները փակել են հանք տանող ճանապարհները, հիմնականում այնտեղ է լինում, որ իրենց աջակցի: Ասում է, որ այդ ընթացքում տարբեր ձևերով փորձել են իրեն վարկաբեկել: «Ֆեյք» էջերով ու իր անձնական նկարներն օգտագործելով իր մասին գրառումներ են կատարվել, իր անձնական կյանքի մասին վիդեոներ են պատրաստվել ու գովազդի անվան տակ տարածվել: «Զգացին, որ չի ազդում, անցան այս մեթոդին էլի»,- ասում է Անին:

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Արմեն Մելքումյանը հայց էր ներկայացրել նաև Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Գնդեվազ գյուղի բնակիչ, ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի՝ հրապարակային ելույթի ընթացքում ընկերության գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար: Ընկերությունը պահանջում է 1 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաև զրպարտություն համարվող տվյաները նույն վայրում հրապարակային ելույթի և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքում:

Վերը թվարկածից բացի, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն մեկ այլ գործով հայցադիմում է ներկայացրել նաև 28 քաղաքացիների, այդ թվում՝ դարձյալ Թեհմինե Ենոքյանի դեմ, այս անգամ՝ վնասի հատուցման պահանջով: Հարակից գյուղերի բնակիչներն ու ակտիվիստներն ամիսներ շարունակ փակ են պահել հանքավայր տանող ճանապարհը, ինչը, ըստ ընկերության, հանգեցրել է լուրջ վնասների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter