
Գյումրու տիկնիկային թատրոնը ներկայացումներ բեմադրելու է նաեւ մեծահասակների համար
Երեկոյան ժամը 19-ն է, սակայն Աբովյան ճեմափողոցում գտնվող Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի մուտքի դռները փակվելու փոխարեն «կրնկի» վրա բաց դիմավորում են հանդիսատեսին: Դաստիարակչուհու ձեռքը բռնած մանկապարտեզի փոքրիկների ու նախադպրոցական տարիքի երեխաների փոխարեն՝ տիկնիկայինի ճեմասրահում լուրջ դեմքով մեծահասակներն են: Գյումրու տիկնիկային թատրոնում պրեմիերա է: Ճապոնացի պոետ Ռյունոսկե Ակուտագավայի «Զրույց խավարի մեջ» ստեղծագործության բեմականացման ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով հանդիսատեսին, վստահեցնում է, որ նմանատիպ հանդիպումները տիկնիկային թատրոնի տանիքի ներքո շարունակական են լինելու:
«Գուցե ռիսկային էր, սակայն ուզեցինք անպայման փորձել ու տիկնիկայինի բեմը տրամադրել նրանց, ովքեր կցանկանան ներկայացումներ անել՝ մոնո, դուետ,- ասում է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանը,- առայժմ մեր շատ սիրելի դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ ենք համագործակցում: Հույս ունենք, որ էլի ստեղծագործողներ կլինեն: Չենք ուզում բեմը պարապ թողնել: Կարող են գալ, բեմադրել, էքսպերիմենտներ անել: Թեեւ փոքր, սակայն դա նաեւ լրացուցիչ եկամուտ կբերի թատրոնին, կկարողանանք ինչ-որ փոքր հարցեր լուծել»:
Հայաստանում ամենահին տիկնիկային թատրոնի պրոբլեմներին «Հետք»-ն անդրադարձել է 2014թ-ին: Հոդվածում արծարծված խնդիրներից, անցած 4 տարիների ընթացքում լուծվել է միայն երկրորդ հարկի հատակից առաստաղ ձգվող մոտ 3 մետր բարձրության հին պատուհանները նորով փոխարինելու հարցը: Նախկին տնօրեն Լեւոն Բաղդասարյանի նպատակներից մեկը տիկնիկային թատրոնը նոր շենք տեղափոխելն էր՝ նորմալ բեմ, դահլիճ, աշխատանքային պայմաններ ունենալը: Ծրագրեր կային Գյումրու «Գորկա» այգում գտնվող նախկին ժողթատրոնի շենքի վերանորոգման վերաբերյալ: Լեւոն Բաղդասարյանին քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոստացել էր համայնքային ենթակայության թատրոնի շենքն այնտեղ տեղափոխել: Սակայն նշված կառույցը 2 տարի առաջ հատկացվեց Թումոյին, եւ տիկնիկային թատրոնի նոր շենքի հարցը կրկին մնաց օդում կախված:
«Տիկնիկային թատրոնի տեղը, եթե հաշվի առնենք, որ կենտրոնում ենք, շատ շահեկան է, պարզապես սա հարմարեցված կառույց է ու տարիների ընթացքում (տիկնիկային թատրոնը նախկին գարեջրատանը տեղավորել են 1984թ-ին) փորձ եղել է ինչ-որ բաներ ավելացնելու, բայց մեկ է, մենք անընդհատ զգում են առկա անհարմարությունները, մանավանդ որ խիստ հիմնանորոգման կարիք կա,- նկատում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը,- էդ տեղափոխման հարցն անընդհատ կա, բայց եթե շենք չկա, ուրեմն ճիշտ տարբերակը եղածը նորոգելն է»:
Արմենուհի Մանուկյանը տնօրենի պաշտոնը ստանձնել է այս տարվա օգոստոսին: Նախկին տնօրենը անցել էր թոշակի, եւ քաղաքապետը մտադիր էր տիկինիկային «գործուղել» քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանին, ում արդեն ազատել էր զբաղեցրած պաշտոնից: Սակայն տիկնիկային թատրոնի հանրույթն ընդվզեց այս նշանակման դեմ: Երկրում իրավիճակ էր փոխվել, եւ քաղաքապետ Սամվել Բալասանյանը զիջեց՝ թատրոնի աշխատակիցների առաջարկով ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը հանձնելով նույն թատրոնի 11-ամյա աշխատակից, ռեժիսոր Արմենուհի Մանուկյանին:
Առաջին առարկայական եւ խիստ անհրաժեշտ «բարեփոխումը», որ ձեռնարկվեց բարերար-աջակից գտնելուց հետո, նոր սանհանգույցի կառուցումն էր: Միակ, հին եւ անհարմար զուգարանից օգտվում էին թե´ թատրոնի աշխատակիցները, թե´ ներկայացման եկած փոքրիկ հանդիսատեսը:
Տիկնիկային թատրոնը համայնքային ենթակայության կառույց է: Քաղաքապետարանը կարողանում է հոգալ միայն 35 աշխատակցի աշխատավարձի հարցը: Աշխատավարձը մինիմալ է՝ 55-57 հազար դրամ: Արմենուհի Մանուկյանի փոխանցմամբ, իրենց մոտ նույն աշխատավարձը ստանում է և´ հավաքարարը, և´ վաստակավոր արտիստը, իսկ տնօրենի աշխատավարձն ընդամենը 5000 դրամով է ավել: Փոքրիկ նորոգումներ իրականացնելու համար ստիպված են ամեն անգամ բարերար փնտրել:
«Տարեկան խաղում ենք չորս նոր ներկայացում, տոմսի արժեքն ավագանին սահմանել է 400 դրամ, տարեկան պլանը 1 մլն 100 հազար դրամ է: Մենք ունենք շատ լավ, պրոֆեսիոնալ արվեստանոց՝ տիկնիկները մեզ մոտ են պատրաստվում, բայց չունենք էն պայմանները, որ ասենք ունի Երեւանի տիկնիկային թատրոնը: Շատ վատ ենք զգում, երբ ստիպված ենք լինում ներկայացումները խաղալ կաթող տանիքի ներքո, սիրուն չէ, երբ դահլիճում ինչ-որ տարաներ ենք դնում կաթոցների համար, եւ երեխաները նստած ներկայացում են նայում»,- նկատում է զրուցակիցս:
Գյումրի կատարած երկօրյա այցի ժամանակ, երկրի նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 5-ին եղել էր նաեւ տիկնիկային թատրոնում, փոքրիկ հանդիսատեսի հետ դիտել «Սուտլիկ որսկանը» ներկայացումը: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքերով՝ սա առաջին դեպքն էր, երբ պաշտոնյան տիկնիկայինում ներկայացում է նայում: Սա շատ ոգեւորիչ էր իրենց համար, մանավանդ որ այդ պաշտոնյան երկրի նախագահն էր:
«Նախագահը շրջեց տիկնիկայինում, տեսավ մեր պայմանները, որեւէ խոստում չհնչեցրեց, բայց կարծում եմ, որ այցն անհետեւանք չի անցնի,- նկատում է Արմենուհի Մանուկյանը,- մենք ցանկություն ունենք մեր արվեստը ցույց տալ Եվրոպայում: Նախնական խոսակցություններ կան Գերմանիայում եւ Ֆրանսիայում հանդես գալու վերաբերյալ, բայց դեռ հստակեցում չունենք: Ուզում ենք համագործակցել նաեւ Երեւանի տիկնիկային թատրոնի հետ, գաղափարներ ու ծրագրեր շատ ունենք, որ փորձելու ենք կյանքի կոչել»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել