HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Երեք որոշում, ընդհանուր 360 միլիոն դրամ՝ մարզերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի իրականացման համար

Կառավարության այսօրվա նիստին միանգամից երեք որոշում ընդունվեց մարզերում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի իրականացումն ապահովելու համար: Հարցերը զեկուցում էր տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

Գործադիրում ներկայացված նախագծերում ասվում է, որ 2018 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ համայնքների կողմից ներկայացվել են 230 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 182-ը:

Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես` փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը:

Առաջին որոշմամբ՝ Հայաստանի 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից 95 միլիոն 829 հազար դրամ տրամադրվեց հանրապետության բոլոր մարզերին՝ բացառությամբ Տավուշի և Լոռու:

Նշված գումարից ամենաշատը բաժին կհասնի Սյունիքի մարզպետարանին՝ 29 մլն 750 հազար դրամ, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձորի մարզպետարանին՝ 4 մլն 381 հազար դրամ:

Այս ծրագրերի ընդհանուր արժեքը մրցույթների արդյունքներով կազմել է 236 մլն 858 հազար դրամ, որից պետբյուջեի համաֆինանսավորման մասը՝ 95 մլն 829 հազար դրամ:

Նախագծի զեկուցումից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե կատարվող աշխատանքների որակի վերահսկողության ինչ մեխանիզմներ կան: Նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ ընթացիկ աշխատանքները մարզպետարանների կողմից վերահսկվում են, սակայն այս առումով որոշակի անելիքներ կան:

Տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հավելեց, որ «Հայավտոճան» լաբորատորիան ստուգել է մարզերում իրականացված ճանապարհաշինական աշխատանքները և դրանց վերաբերյալ հաշվետվություն է պատրաստվել, որն առաջիկայում կներկայացվի կառավարության ղեկավարին:

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն էլ Սուրեն Պապիկյանին խնդրեց դպրոցների և մանկապարտեզների վերանորոգման և գույքի ապահովման ծրագրերի մասով գույքագրել իր իսկ բնորոշմամբ՝ խնդրահարույց դպրոցներն ու մանկապարտեզները, որպեսզի հաջորդ տարի գումարներ հատկացնելիս առաջնահերթությունը դրանց տրվի, քանի որ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կան դպրոցներ, որտեղ նվազագույն կրթական պայմանները ապահոված չեն:

Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ սուբվենցիոն ծրագրերը համայնքների կողմից համաֆինանսավորվող ծրագրեր են, և եթե չլինի համայնքների նախաձեռնողականությունը և պատրաստակամությունը՝ վճարելու իրենց մասնաբաժինը, ապա կառավարությունը այս հարցում համայնքին օգնել չի կարող: Այնուամենայնիվ, Արայիկ Հարությունյանի առաջարկը կքննարկվի:

Երկրորդ որոշմամբ՝ կառավարության պահուստային ֆոնդից 57 մլն 246 հազար դրամ հատկացվեց Գեղարքունիքի, Արմավիրի և Վայոց ձորի մարզպետարաններին: Գումարի պատկառելի մասը կտրամադրվի Գեղարքունիքին՝ 49 մլն 754 հազար դրամ:

Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմակերպված մրցույթներով կազմել է 139 միլիոն դրամ, որից 57 մլն 246 հազարը կհատկացվի ՀՀ 2018 թվականի պետական բյուջեից:

Երրորդ որոշմամբ՝ կրկին 2018-ի պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից 206 մլն 207 հազար դրամ հատկացվեց Գեղարքունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզպետարաններին:

Այդ գումարից ամենաշատը բաժին կհասնի Վայոց ձորի և Արագածոտնի մարզերին՝ համապատասխանաբար 56 մլն 944 հազար և 53 մլն 209 հազար դրամ:

Ծրագրերի ընդհանուր արժեքը մրցույթների արդյունքներով կազմել է 496 մլն 389 հազար դրամ, որից պետբյուջեի համաֆինանսավորման մասը 206 մլն 207 հազար դրամ է:

Այսպիսով, գործադիրի ընդունած երեք որոշումներով՝ 2018 թվականի պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ընդհանուր 360 միլիոն դրամ հատկացվեց մարզերում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի իրականացումն ապահովելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։