HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչից է եկամուտ ստանում հայաստանցին

Միջին վիճակագրական հայաստանցին, նախորդ տարվա տվյալներով, ամսական ստանում է 61 595 դրամ եկամուտ։ Դա ներառում է նրա աշխատավարձը, թոշակն ու նպաստը, արտերկրում ապրող բարեկամների ուղարկած փողը և այլն։ Սա տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական եկամուտն է՝ հաշվարկված Վիճակագրական կոմիտեի կողմից։ 2016 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 1905 դրամով կամ 3.2 %-ով։

Ընդ որում՝ որպես եկամուտ են հաշվարկվում նաև տնային տնտեսության կողմից սպառվող (օգտագործվող), սեփական տնտեսությունից ստացված սննդամթերքը` դրամով արտահայտված, եւ բարեկամներից կամ այլ անձանցից անվճար ստացված ոչ պարենային ապրանքները և ծառայությունները: Դա համարվում է ոչ դրամական եկամուտ։

Վերևում նշված 61 595 դրամից 58 474 դրամը քաղաքացու դրամական եկամուտներն են, իսկ 3 121 դրամը՝ ոչ դրամականը։ Տվյալները ներկայացված են Վիճկոմիտեի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2018» զեկույցում, որտեղ ամփոփված են 2017 թվականի արդյունքները։

Դրամական եկամուտների կեսից ավելին հայաստանցին ստանում է վարձու աշխատանքից։ Միջինում դա ապահովում է ամսական ընդհանուր եկամտի 52.2 %-ը։ Եկամտի 16.1 %-ը գոյանում է պետական թոշակներից ու նպաստներից, 9.1 %-ը՝ ինքնազբաղվածության արդյունքում, 9 %-ը՝ տրանսֆերտներից, որոնք ստացվում են հիմնականում արտերկրում ապրող բարեկամներից, 5.7 %-ն էլ ստացվում է գյուղմթերքի և կենդանիների վաճառքից, իսկ 4.5 %-ը՝ սեփական տնային տնտեսությունից ստացված սննդամթերքն է՝ դրամով արտահայտված։

Ինֆոգրաֆիկայում ներկայացված է, թե ինչպես է գոյանում միջին վիճակագրական հայաստանցու եկամուտը 2017 թվականի և տասը տարի առաջվա տվյալներով։

chart 1.png (226 KB)

Բնականաբար, խիստ տարբեր է քաղաքում և գյուղում ապրող քաղաքացիների եկամուտների կառուցվածքը։ Վարձու աշխատանքից ստացված եկամուտների կարևորությունը մեծ է հատկապես քաղաքաբնակների համար, որտեղ այն 2017 թվականին կազմել է ամբողջական եկամուտների 60.3 %-ը։ Իսկ գյուղաբնակների պարագայում վարձու աշխատանքից ստացված եկամուտների մասնաբաժինը շատ ավելի ցածր է՝ 36.3 %։

Մեկ այլ օրինակ՝ ոչ դրամական եկամուտների մասնաբաժինը 2017 թվականին կազմել է գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների 11.3 %-ը, այն դեպքում, երբ քաղաքաբնակների համար այն կազմել է միայն 1.9 %:

Ամենահարուստներն ապրում են աշխատավարձով, ամենաաղքատները՝ թոշակով ու նպաստով

Խիստ տարբեր է նաև մարդկանց եկամուտների չափն՝ ըստ խավերի։ Վիճկոմիտեն դրանք անվանում է դեցիլային խմբեր։ Վիճակագրությունը ներկայացվում է ըստ 10 դեցիլային խմբերի։ Առաջին դեցիլային խմբում ամենացածր եկամուտ ստացողներն են, տասներորդ դեցիլային խմբում՝ ամենաբարձր։

2017թ․ առաջին դեցիլային խմբում ներառվողների ամսական միջին եկամուտը մեկ շնչի հաշվով կազմել է ընդամենը 10 209 դրամ, իսկ տասներորդ դեցիլային խմբինը՝ 172 413 դրամ։ Խոսքը միայն դրամական եկամուտների մասին է։ Իսկ եթե դիտարկում ենք միջին խմբերը, օրինակ՝ հինգերորդ դեցիլային խումբը, ապա մեկ շնչի հաշվով միջին ամսական եկամուտը կազմում է 41 798 դրամ։

Ընդհանուր առմամբ, վերջին տասը տարիներին բոլոր խմբերի մասով էլ եկամուտների աճ կա։ Սակայն, այս ընթացքում ավելի բարձր խմբերի քաղաքացիների եկամուտները շատ ավելի արագ են աճել։ Եթե առաջին դեցիլային խմբի պարագայում 2008 թվականի համեմատ մեկ շնչի հաշվով եկամուտը 2017 թվականին աճել է ընդամենը շուրջ 5 հազար դրամով կամ  1.9 անգամ, ապա տասներորդ դեցիլային խմբի յուրաքանչյուր քաղաքացու միջին եկամուտն աճել է 96 հազար դրամով կամ 2.2 անգամ։ Հինգերորդ դեցիլային խմբի եկամուտն աճել է մոտ 22 հազար դրամով կամ 2 անգամ։

Ինֆոգրաֆիկայում կարող եք մանրամասն տեսնել, թե վերջին տասը տարիների ընթացքում ինչպես են աճել հայաստանցիների եկամուտները՝ ըստ տարբեր խավերի։  

chart 2.png (369 KB)

Թոշակներն ու նպաստները դրամական եկամտի հիմնական աղբյուրն են հենց առաջին դեցիլային խմբի տնային տնտեսությունների համար (2017թ.` 51.8 %)։ Նրանք սոցիալապես ամենախոցելի խումբն են։ Իսկ տասներորդ դեցիլային խմբում եկամտի այդ աղբյուրի մասնաբաժինը շատ փոքր է (5.7 %)։  Տասներորդ դեցիլային խմբի եկամուտների կազմում գերակշռում է աշխատավարձը (74.8 %):

Ստացվում է, որ ամենաաղքատները հիմնականում թոշակների ու նպաստների հույսին են, իսկ ամենահարուստները՝ աշխատավարձի։ Ընդ որում՝ վերջին տարիներին ամենացածր եկամուտ ստացողների կախվածությունը թոշակներից ու նպաստներից ավելի է մեծացել։ Եթե 2008 թվականին նրանց եկամուտների 48.7 %-ն է գոյացել նշված պետական տրանսֆերտներից, ապա 2017-ին՝ 51.8 %-ը։

Կարդացեք նաև՝

Վիճկոմիտե. «2017-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 25.7%»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter