HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Ես լսում եմ քեզ»․ նախագիծ, որ ոգեշնչում է

Լսողական հաշմանդամություն ունեցող մարդիկ Երեւանում առաջին անգամ ժեստերի լեզվով ունկնդրել են հայ երաժշտության գանձերից։ «Նաիրյան» վոկալ անսամբլի երգչուհիները չորս ամիս ուսումնասիրել ու սովորել են ժեստերի լեզուն, որոնցով վերծանվել են հայ դասական եւ հոգեւոր երաժշտության 13 նմուշներ։

Դեկտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում տեղի ունեցավ «Նաիրյան» անսամբլի «Ես լսում եմ քեզ» խորագրով համերգային նախագիծը։ Հանդիսատեսը մեծ մասամբ լսողական խանգարում ունեցող անձինք էին։  

«Շատ լարված էինք, որովհետեւ առաջին անգամ էինք հանդես գալիս ժեստերի լեզվով։ Շատ պատասխանատու պահ էր։ Մտածում էինք՝ չխառնել ժեստերի հերթականությունը»,- անկեղծանում է անսամբլի ղեկավար Նաիրա Մուղդուսյանը։

Հինգ հոգանոց անսամբլը կատարել է բազմաձայն երաժշտություն՝ ժեստերի լեզվով ցույց տալով միայն մեղեդու գիծը։ Ժեստերն ու տեքստը համապատասխանել են միայն սոպրանոյի պարտիայում։ Իսկ ահա մյուս չորս կատարողները երգել են իրենց պարտիաները՝ ժեստերի լեզվով ցույց տալով այլ մեղեդային գիծ։ «Սա մեզ համար մեծ մարտահրավեր էր»,- ասում են անսամբլի երգչուհիները։

Երգերը թույլ լսողություն ունեցող անձանց համար ժեստերի լեզվով վերծանելու գաղափարը «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի հիմնադիր, նկարչուհի Մարիամ Մուղդուսյանինն է։

Կենտրոնում սովորում են լսողական խանգարում ունեցող երեխաներ։ Ամեն ինչ սկսվել է նրանց հասկանալի լինելու ցանկությունից։ Մի փուլում երեխաները սկսել են չհաճախել կենտրոն, որովհետեւ, ըստ Մարիամի, չէին կարողանում իրենց մտքերը մյուսներին հասցնել, մյուս երեխաները նրանց չէին հասկանում։ Կենտրոնի ուսուցիչները ստիպված են եղել սաներին սովորեցնել ժեստերի լեզվի մի քանի բառ, որոնք կօգնեին հաղորդակցվել։ Կենտրոնի կազմակերպած համերգներից մեկում, Մարիամի առաջարկով, նրանց համար սուրդո թարգմանություն է իրականացվել։

«Այդ համերգից հետո միտք առաջացավ, որ պետք է արվեստը, երաժշտությունը հասանելի լինի բոլորին, այդ թվում՝ լսողության խանգարում ունեցող երեխաներին։ Ավելի ուշ միտքը սկսեց խմորվել, մշակվել, եւ ունեցանք այսպիսի նախագիծ։ Պրոցեսի ընթացքում ենք հասկացել, թե որքան բարդ է ամեն ինչ։ Մեզնից որեւէ մեկը չգիտեր՝ ինչ ծանր աշխատանք է սպասվում։ Մենք ունեցել ենք գաղափար, մտածել ենք, որ կարեւորը գաղափարն է։ Ծրագրից հետո հոգնածություն կա։ Բայց եւ շատ ենք ուզում շարունակել, որովհետեւ այս փորձն ափսոս է դեն նետել»,- պատմում է Մարիամ Մուղդուսյանը։

Երգչախմբի անդամները խոսում են այն մեծ ռիսկի մասին, որին գնացել էր անսամբլը։ Ծանրաբեռնված համերգային գրաֆիկի պայմաններում, երբ անսամբլի հինգ անդամներն էլ կոնսերվատորիայի ուսանողներ են, նոր հմտություններ սովորելը մեծ մարտահրավեր էր։

«Նախագծի մեկնարկը շատ-շատ դժվար էր։ Բայց արդյունքում այն ինձ շատ էմոցիաներ բերեց։ Ինձ լիարժեք զգացի՝ կարողանալով երաժշտություն հասցնել մեզ նման մարդկանց, որոնք, սակայն, լսողության խնդիր ունեն։ Մեզ համար սա այն չէր, որ ուղղակի ժեստեր ենք ցույց տալիս։ Լսողական խանգարում ունեցող մարդկանց մենք հասցրինք հայ դասական երաժշտություն։ Մեր հասարակության մեջ իրենց չպետք է նայեն որպես առանձին խմբի, որը հաշմանդամություն ունի»,- ասում է անսամբլի երգչուհի Ելենա Ազարյանը։

«Երբ դու նոր օտար լեզու ես սովորում, ապա նոր մշակույթ ես ճանաչում։ Նույնը կարող եմ ասել ժեստերի լեզվի մասին։ Այն նույնպես մշակույթ է։ Ստեղծագործական մարդու համար կարեւոր է մասնակցել նման նախագծի։ Եթե ես նախկինում ուղղակի գիտեի, որ կան նման մարդիկ, որոնք ունեն թույլ լսողություն եւ այլն, ապա նախագծից հետո փորձում եմ հասկանալ նրանց։ Կարծում եմ, որ ժեստերի լեզուն իմանալը զարգացնում է մարդուն՝ հիշողությունը, մոտորիկան։ Այն ներշնչում է։ Հետո դու հասկանում ես, որ բարի ու կարեւոր գործ ես անում։ Հուսով եմ՝ հետագայում նոր գաղափարներ կիրականացնենք։ Բայց այս փորձառությունը մեզ ամբողջ կյանքում պետք կգա»,- ասում է անսամբլի երգչուհի, մասնագիտությամբ խմբավար Դիանա Այվազյանը։

Անսամբլի ղեկավար Նաիրա Մուղդուսյանը ասում է, որ նախագիծը հնարավորություն էր թույլ լսողություն ունեցող մարդկանց սոցիալ-մշակութային կյանքում ներառել։ «Սա առաջին հերթին վերաբերմունք է, սա մտածողություն է։ Երբ առաջին անգամ անսամբլում խոսեցինք այս մասին, աղջիկների արձագանքը միանշանակ էր, որ այո, կարիք կա ժեստերի լեզվին անդրադառնալու։ Երբ գնում ես իրենց աշխարհ եւ ասում՝ «Ես լսում եմ քեզ», երկուստեք կապ ես հաստատում։ Հույս ունեմ, որ մյուս արվեստի կենտրոնների հետ մեր փորձով կիսվելով՝ նրանց կխրախուսենք՝ ներգրավել թույլ լսողությամբ երեխաների։ Որովհետեւ այս երեխաները դուրս են մնում մեր աշխարհից»,- նշում է Նաիրան։

Մարիամ Մուղդուսյանը համոզված է, որ ներառականությունը լիարժեք կազմակերպելու առումով քաղաքական կամք է պետք եւ նվիրում։ «Արվեստագետը պետք է սոցիալական արժեք ներկայացնի, որեւէ խնդիր բարձրաձայնի։ Բայց իրականում շատ քչերն են սոցիալական որեւէ խնդիր բարձրաձայնում։ Մենք այս նախագծով փորձել ենք լուրջ հարց բարձրացնել։ Փորձել ենք կարծրատիպերը կոտրել, գոնե այս ձեւով հասանելի դարձնել երաժշտությունը։ Ես դեռ չեմ հանդիպել, որ այս երգերը վերծանեն ժեստերի լեզվով։ Ուրախ կլինեմ, որ հետագայում այլ խմբեր կամ անհատներ գնան այս ճանապարհով»,- ասում է նկարչուհին։

Ծրագիրն իրականացվել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի քանդակագործության, նկարչության, վոկալի, խեցեգործության եւ կարպետագործության մասնագետները սովորել են ժեստերի լեզուն՝ լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ ավելի հեշտ հաղորդակցվելու համար։

Առաջիկայում «Նաիրյան» վոկալ անսամբլը ֆլեշմոբ է իրականացնելու հանրային վայրերում՝ հայկական խմբերգերը ժեստերի լեզվով ներկայացնելով ավելի մեծ թվով մարդկանց։ Նպատակը լսողական խանգարում ունեցող մարդկանց խնդիրների վրա քաղաքացիների ուշադրությունը հրավիրելն է։

Համերգային լուսանկարները՝ Մովսես Սմբատյանի

Դ․ Այվազյանի, Ե․ Ազարյանի եւ Ն․ Մուղդուսյանի դիմանկարները՝ հեղինակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter