
Կկասեցվի՞ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն-news.am դատավարությունը
Այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, կայացավ news.am լրատվական-վերլուծական գործակալության դեմ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի` պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության հայցով նախնական դատական նիստը:
Այսօրվա նիստին հայցվորի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը միջնորդեց կասեցնել գործի քննությունը, քանի որ քաղաքացի Հովհաննես Կաթրջյանը դիմել է ոստիկանություն՝ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի դեմ քրեական գործ հարուցելու համար: Սակայն պատասխանողի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը առարկեց հայցվորի միջնորդությանը՝ պատճառաբանելով, որ տվյալ քրեական գործը որևէ ազդեցություն չի կարող ունենալ սույն գործի ելքի վրա, քանի որ Հ.Կաթրջյանը մեղադրում է Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնին իրեն խաբելու և գումար իրացնելու մեջ, իսկ սույն գործով քննվում է news.am-ի կողմից հայցվորի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին վնաս հասցնելու հարցը:
Հիշեցնենք, որ news.am-ի դեմ ներկայացված հայցի համար հիմք է հանդիսացել լրատվական գործակալության՝ 2010 թ. նոյեմբերի 23-ին տպագրած նյութը: Այն վերաբերում էր Հայաստանի քաղաքացի Հովհաննես Կաթրջյանին, ով news.am-ի թղթակցի հետ զրույցում մեղադրել էր վերոնշյալ բժշկական կենտրոնին` իրեն խաբելու և 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն վիրահատությամբ մեկ այլ` էժանագին սարք տեղադրելու մեջ: Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնը լրատվամիջոցից 2 միլիոն դրամ է պահանջում իր պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին հարված հասցնելու համար:
Դատավոր Մ. Հարթենյանը հայցվորին հարց ուղղեց առ այն, որ հայցվորը եթե պնդում է, որ news.am լրատվական-վերլուծականը վիրավորել և զրպարտել է Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, ինչպես նաև նշում, որ Հ. Կաթրջյանն է զրպարտել հայցվորին, ապա այստեղ ի՞նչ կապ ունի news.am-ը: Հայցվորը պատասխանեց, որ Հ. Կաթրջյանը հայտնել է այդ մասին պատասխանողին, իսկ նրանք էլ հրապարակել են այն, ուրեմն պատասխանատվությունը նրանք են կրում:
Դատավոր Մ. Հարթենյանը հայտնեց, որ միջնորդության վերաբերյալ իր որոշումը կհայտնի փետրվարի 2-ին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել