
Հայաստանում աղքատների կեսն իրեն աղքատ չի համարում
Պարզվում է՝ Հայաստանում վիճակագրորեն սահմանված չափանիշներով աղքատ համարվող քաղաքացիների ուղիղ կեսն իրեն բոլորովին էլ աղքատ չի համարում։ Եթե 2017 թվականին պաշտոնական տվյալներով աղքատ է Հայաստանի բնակչության 25.7 %-ը, ապա ըստ քաղաքացիների սուբյեկտիվ գնահատականների՝ իրեն աղքատ է համարում բնակչության ընդամենը 13.1 %-ը։
Ինչպես ավելի վաղ գրել ենք, ըստ Վիճակագրական կոմիտեի, 2017 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 25.7 %: Սա նշանակում է, որ աղքատ է համարվում երկրի ամեն չորրորդ բնակիչը։ Նշված 25.7 %-ից 1.4 %-ը ծայրահեղ աղքատներն են։
Աղքատությունը բազմաբնույթ է։ Այն կարող է չափվել և´ օբյեկտիվ, և´ սուբյեկտիվ մոտեցումներով: Վիճկոմիտեն այն չափում է ըստ սպառման և հետևյալ սկզբունքով՝ աղքատ է համավում այն քաղաքացին, ում ամսական սպառումը 41 612 դրամից ցածր է։ Իսկ ծայրահեղ աղքատ է նա, ով ամսական սպառում է 24 269 դրամից քիչ։ Սպառումը ներառում է սննդի, ծառայությունների վճարները, կոմունալները և այլն։
Վիճկոմիտեն սրան զուգահեռ նաև հետազոտություն է անցկացրել, որի շրջանակներում ուսումնասիրվել է մարդկանց կարծիքը իրենց բարեկեցության վերաբերյալ։ Այսինքն՝ քաղաքացուն հարցրել են՝ ինքն իրեն աղքատ համարու՞մ է, թե՞ ոչ։
Եվ պարզվել է, որ հարցվածների միայն 13.1 %-ն է իրեն համարել աղքատ, որից՝ 1.1 %-ը կարծիքով ինքը ծայրահեղ աղքատ է։ 41.8 %-ը իրեն աղքատ չի համարվում, բայց գտնում է, որ իր կենսամակարդակը միջինից ցածր է։ Ճիշտ այդքան էլ կազմել է իր կենսամակարդակը միջին գնահատող քաղաքացիների տոկոսը։ Եվ միայն 3.2 %-ն է կարծում, որ ապրում է միջինից բարձր կենսապայմաններով, իսկ 0.1 %-ը՝ իրեն համարում է հարուստ։
Այսինքն՝ քաղաքացիների մի մասը, ում ամսական սպառումը չի գերազանցում 41 612 դրամը, չի համարում, որ ինքն աղքատ է, և դա այն դեպքում, երբ վիճակագրությունը իրեն դասում է աղքատների շարքին։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների
Քաղաքացիներին նաև հարցրել են, թե ամսական մեկ շնչի հաշվով որքան գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։ Միջինում ստացվել են հետևյալ արդյունքները՝ Հայաստանում շատ լավ ապրելու համար ընտանիքի յուրաքանչյուր անդամին հարկավոր է մոտ 873 հազար դրամ, լավ ապրելու համար՝ 341 հազար դրամ, իսկ գոյատևելու համար՝ 93.5 հազար դրամ։
Վիճկոմիտեն «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» պարբերականը կազմելիս 2017թ. իրականացրել է 7 776 տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտություններ։
Բնակարանի խնդիրն ամենատարածված հիմնահարցն է
Նշված հետազոտության արդյունքներով՝ Հայաստանի բնակչության համար այսօր ամենառաջնային խնդիրը բնակարանային հիմնահարցն է։ Տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամների 29.6 %-ի գնահատմամբ, բնակարանային հիմնահարցը համարվում է ամենակարևոր հիմնախնդիր: Հարցվողների 26.1 %-ի համար ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2017 թվականին կարևոր հարցերից մեկը ոչ պարենային առաջնային կարիքներից բավարարվածությունն է: Տնային տնտեսությունների 10.1 % անդամների համար ամենաառաջնային խնդիր է առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունից զուրկ լինելը: Սննդի ապահովման հարցն առաջնային խնդիր է համարել 10.3 %-ը։ Հարցվողների 3.3 %-ը որպես առաջնային խնդիր նշել է երեխաներին բավարար կրթությամբ ապահովելու անկարողությունը, իսկ 20.6 %-ը նշել է այլ առաջնային խնդիրներ:
«Ինձնից ոչինչ կախված չէ, կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով և լավ պայմաններով»
Բնակչության մի զգալի հատված էլ համարում է, որ իր կյանքի որակը բարձրացնելու հարցում իրենից ոչինչ կախված չէ, և կառավարությունը պետք է «գործի անցնի»։
Այսպես, 2017թ. հետազոտության ընթացքում կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրենց ակնկալիքների վերաբերյալ 16 և բարձր տարիքի քաղաքացիների 31.7 %-ը պատասխանել է՝ «ինձնից ոչինչ կախված չէ, կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով և լավ պայմաններով»։ 23.7 %-ը պլաններ չունի, 16.1 %-ը փնտրում է եկամտաբեր աշխատանք Հայաստանում։ Բնակչության մի մասն էլ խնդրի լուծման ճանապարհները չի գտնում. հարցվածների 9.3 %-ը պատասխանել է «չգիտեմ ինչպես դուրս գալ այս իրավիճակից»։ 8 %-ի կենսամակարդակն էլ իր համար ընդունելի է։ 4.4 %-ը պատասխանել է, որ սպասումներ չունի ընդհանրապես և ստիպված է հեռանալ Հայաստանից։ 4.3 %-ն էլ փնտրում է եկամտաբեր աշխատանք Հայաստանից դուրս: Հարցվածների 1.9 %-ը նշել է, որ ցանկանում է սկսել սեփական գործ Հայաստանում, իսկ Հայաստանից դուրս սեփական գործ ուզում է սկսել միայն 0.6 %-ը:
Քաղաքացիների մի մասը լավատես է եկող սերնդի կենսամակարդակի հարցում, մի մասը՝ վատատես։ Ըստ վիճկոմիտեի՝ հարցվածների 31.9 %-ի կարծիքով նոր սերունդն ավելի լավ կապրի։ Վատատես է 27.2 %-ը, որը կարծում է, որ նոր սերունդն ավելի վատ կապրի։ 14.2 %-ի կարծիքով էլ նրանք կապրեն նույն ձևով։ Իսկ հարցվածների 26.7 %-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին:
Մեկնաբանել