HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդցիներն ընդդեմ «Հայէկոնոմբանկ»-ի․ «Մենք պետք է ատամներով պահենք Ալավերդու պատկերասրահի շենքը»

Բանկն ընդդեմ մշակութային օջախի. կարճ՝ այսպես կարելի է բնութագրել Ալավերդու պատկերասրահի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կառավարության որոշմամբ պատկերասրահին տրամադրվել է տարածք։ Այն այժմ Սուքիասյան ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկի» սեփականությունն է։

Դեկտեմբերի 22-ին Ալավերդու պատկերասրահում հավաքվածներն իրենց դժգոհությունը հայտնեցին  «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի  կողմից համայնքի  սեփականության գույք հանդիսացող պատկերասրահի շենքը յուրացնելու համար:  

«Պատկերասրահն իր հիմնադրման օրվանից տարածաշրջանի նկարիչներին միակ կապող օղակն է: Եթե այսօր այն փակեն, մեր կապն ընդհանրապես վերանալու է: Բայց փաստը մնում է փաստ, որ պատկերասրահը խիստ անհրաժեշտություն է մեր բնակչության կյանքում»,- ասաց  նկարիչ Վարդան Վարդանյանը:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանը հավաքվածներին առաջարկեց՝ խնդրին հանրային հնչեղություն տալու համար Հայաստանի մշակութային հայտնի գործիչներին նույնպես ներգրավել պատկերասրահի շենքի համար սկսված պայքարում:

«Մենք՝ որպես առանձին իրավաբանական անձ, գրություն կուղարկենք  նաև կառավարությանը»,- ասաց Օլեգ Դուլգարյանը։ Նա առաջարկեց  պատկերասրահի շենքի հարցը քննարկել նաև համայնքի ավագանու նիստում:

Ռեժիսոր Հրաչյա Պապինյանը հիշեց, թե ինչպես էին նախորդ դարի 80-ական թվականներին Ալավերդիում վերանում տնակային խանութները:

«Այդ ժամանակ քաղաքում կառուցեցին հանրախանութ, մի տեսակ Ալավերդին վերափոխվում և ուրիշ տեսք էր ստանում: Ու մեկ էլ միանգամից Ալավերդիում ազգային պատկերասրահի մասնաճյուղ բացվեց, ոգևորիչ էին այդ տարիները: Բայց ով կսպասեր, որ վերջում այսպիսի վիճակ կստեղծվի: Պատկերասրահը պետական միակ վերաբերմունքն է, որ Ալավերդիում  ստեղծագործող մարդու համար ինչ-որ բան արվել է: Սա եզակի դեպք է»,- ասաց Հ. Պապինյանը:

Պատկերասրահի շենքը փրկելու համար Հ․ Պապինյանն առաջարկեց  ալավերդցիների ստորագրությամբ դիմում ուղարկել կառավարություն՝ 1997թ.-ի մարտի 14-ի N51 որոշմամբ Ալավերդի համայնքի սեփականության գույք հանդիսացող պատկերասրահի շենքից «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղը հանելու և այլ տարածք հատկացնելու համար:  «Նաև խնդրենք ավագանուն՝ այդ մասին ուղերձ հղի կառավարությանը»,-ասաց  Հ. Պապինյանը: 

Ավագանու անդամ Արտուշ Աբելյանի ասելով՝ համայնքապետ Սասուն Խեչումյանը պատկերասրահի շենքի հարցն անցած 8 ամիսներին չի ներկայացրել ավագանու քննարկմանը:

«Պատկերասրահը մեր ինքնադրսևորվելու միակ հնարավորությունն է: Կարող եմ ավելացնել, որ Ալավերդին հանրապետությունում  եզակի քաղաքներից է, որն ունի ազգային պատկերասրահի մասնաճյուղ: Վախենամ` կորցնենք բարձր կարգավիճակ ունեցող մեր պատկերասրահը: Շենքը «Հայէկոնոմբանկի» ձեռքում հայտնվելու նախապատմությանը ես տեղյակ չեմ, բայց տեղյակ եմ, որ այս  շենքը 32 տարի մեր   պատկերասրահն է եղել: Եթե նկատում եք` անգամ տանիքն այնպես է վերանորոգվել, որ  լուսավորությունը վերևից լինի: Սա հատուկ է արված»,- ասաց  նկարիչ Արսեն Գրիգորյանը:

Քննարկման մասնակիցները որոշեցին պատկերասրահի շենքի հետ կապված անօրինությունը կանխելու համար տարածաշրջանի բնակիչների 300 ստորագրություններով բողոք ներկայացնել կառավարությանը: Որոշեցին նաև  ավագանուն խնդրել ուղերձով դիմել կառավարությանը:  

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին «Հետքը» ներկայացրել է, թե ինչպես է Ալավերդու պատկերասրահի շենքը դարձել «Հայէկոնոմբանկի» սեփականությունը։

Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը գրություն է ուղարկել ոստիկանության Թումանյանի բաժին՝ հրապարակման փաստերն ուսումնասիրելու և քրեական գործ հարուցելու նյութեր նախապատրաստելու համար: Հրապարակումից արդեն անցել է 23 օր, սակայն համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը և ավագանին   պատկերասրահի շենքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ չեն հայտնել իրենց  դիրքորոշումը: «Հետք»-ը  փորձել է պարզել, թե  համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը տեղյա՞կ է կառավարության 1997թ.-ի մարտի 14-ի N51 որոշումից, ըստ որի՝ Ալավերդու պատկերասրահի շենքն առ այսօր համայնքի սեփականության գույք է, ինչպես Ալավերդու կամուրջները, աղբավայրը,  մարզադպրոցը,  երաժշտական դպրոցները և այլն:

«Երբ թեման շոշափվել է, ես ինքս էլ եմ տեղյակ եղել «Հետք»_ի հրապարակման մեջ նշված փաստերից մի քանիսին: Բայց հրապարակմամբ շատ ավելի փաստերի եմ տեղեկացել: Ես ընդամենը պատկերասրահի շենքի սեփականության տեխնիկական անձնագիրն էի տեսել, որը շենքի սեփականության գույքաթերթն է: Հիմա հոդվածում նշված իրավական հիմքերի առկայության պայմաններում գտնում եմ, եթե անգամ այս պահին կա պատկերասրահի շենքի ապօրինի սեփականատեր, դա կարող է չեղարկվել միայն դատական կարգով»,- ասաց Ս. Խեչումյանը:

Վերջինս Ալավերդու քաղաքապետարանում նաև իրավաբան է աշխատել: Ս. Խեչումյանի խոսքով՝ որևէ համայնքապետ չի կարող փոխել ՀՀ կառավարության  1997թ.-ի մարտի 14-ի N51  որոշումը: Իրավական առումով կառավարության  որոշումը, կարգադրությունը և իրավական նորմատիվ այլ փաստաթուղթ կարող է փոփոխության ենթարկել միայն որոշումն ընդունող մարմինը, այս դեպքում` կառավարությունը:

«Բայց ես չգիտեմ` համայնքն ինչ սկզբունքով և ինչ իրավական հիմքով է շենքը տվել այլ իրավաբանական  անձի»,- ասաց Ս. Խեչումյանը, որից էլ պարզվեց, որ Ս. Խեչումյանը հոդվածն ուշադիր չի կարդացել: Պատկերասրահի շենքը ոչ թե համայնքն է տվել «Հայէկոնոմբանկին», այլ համայնքի սեփական գույք պատկերասրահի շենքը «Քաղառի» 3 մլն դրամ վարկի դիմաց Վանաձորի առաջին ատյանի դատարանի վճռով՝ որպես խանութ պետական գրանցում է ստացել «Հայէկոնոմբանկի» Ալավերդու մասնաճյուղի անունով: Ալավերդու այդ տարիների համայնքապետերն առանձնակի շահագրգռություն են ցուցաբերել շենքը «Հայէկոնոմբանկ»-ին հանձնելու գործում: Թե որն է եղել նրանց շահագրգռության պատճառը, դա պետք է պարզեն իրավապահ մարմինները:

Իսկ համայնքի ղեկավար Ս. Խեչումյանը, ով 8 ամսվա ընթացքում որեւէ բան չի արել  «Հայէկոնոբանկ»-ի մեքենայնությունները կանխելու համար, մեզ հետ զրույցում հայտնեց, որ «իր դիրքորոշումը պատկերասրահի կողմն է»:

«Ես տեղյակ չեմ եղել, որ կառավարության որոշումով պատկերասրահն իր շենքով Ալավերդի համայնքի սեփականության գույք է: Սա հրաշալի է, որովհետև այդ շենքը ինքնին շատ լավ շենք է, շատ լավ դիրք ունի և պատկերասրահի համար շատ հարմար է: Այսօր, ցավոք սրտի, քաղաքի մշակութային կյանքն անկում է ապրում, բայց ալավերդցին մշակութային մարդ է։ Մենք պետք է ատամներով պահենք  պատկերասրահի շենքը»,- ասաց ավագանու անդամ Հարութ Ձավարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter