HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Հատված միոտանու օրագրից. այսպես ապրումն ավելի հեշտ է

Նոյեմբերի վերջին մի գիշեր ոտքս վնասեցիարտաքին տեսքից ու արագ տաքացած մակերեսից հստակ էր՝ վնասվածքը լուրջ էգիշերը հիվանդանոց գնալս բացառեցի։ Աստիճանները մագլցելով բարձրացա 4 հարկ, ուժեղ լացս ու ծիծաղս խառնվել էին իրարհասկանում էի, որ առաջիկա օրերն իրենց բնույթը փոխելու են զանգերը փոխելու են բովանդակությունը, օրը փոխելու է սկիզբը, մտերիմները մտերմանալու են ավելի, օտարացածները մտերմանալու նոր փորձեր են անելու, նոր ծանոթները հոգատարություն պիտի դրսեւորեն։ Ինձ վնասելը լրիվ ուրիշ տեղ էր գցելծայրահեղ ուրիշ տրամադրության մեջ, որից սիրտդ թռթռում է։

Այդ տոնական, տրավմատիկ տրամադրության մեջ մի հիսուն գրամ ներս գցեցի «Lagavulin 16»-ը, կանաչ խնձոր կերա։ Հետո չեմ հիշում՝ ոնց ես ու Մորֆին՝ կատուս, տեղավորվեցինք անկողնում։ Որոշեցի չջեռուցել սենյակը։ Ոտքիս կրունկ-թաթ հատվածը ազդրիս չափ էրդուրըս եկավ իրեն առանձին բարձրացրի անկողնուս վրա, էնպես, ոնց որ ես ու ոտքս ուրիշ մարմիններ լինեինք, էնպես, որ ոտքս օբյեկտն էր, որին վնասելու համար պարտական էի լինելու ուրիշ օրերի համար։ Մորֆին էլ հասկացավդունչը դրեց վնասված տեղին ու Հայաստանի ժամանակով 4։10 էրքնեցինք։

«Չլինի՝ դեկտեմբերը սիրային գործով նստեմ»սա երկու տարի առաջ էրկանգառում մի ջահել մոտեցավ, թե բա «գուցե երկար նստենք, սիրահարվենք»։ Ծիծաղեցինք, տաքսի կանգնեցրի, արագ պոկվեցի, մի երկու քֆուր էլ քթիս տակ տվեցի, բայց մտա տուն թե չէ, գրեցի «Չլինի՝ ողջ դեկտեմբերը սիրային գործով նստեմ»․․․

Ի՞նչ կարող եմ անել եսկարող եմ իրավիճակային փոփոխությունը սահմանել նաեւ ինձ համար, ասել, որ փոխվեց, ասել, որ ես էլ մաս կազմեցի․․․ Կամ ես էի, որ մաս կազմեցի, եւ ամեն ինչ փոխվեց։ Ասել, որ հեղափոխություն եղավ կամ չէ, ասել որ պիտի սա փակվի, սա բացվի, ստատուս գրել, մի 20 քոմենթ ունենալ, ստիկեր փնտրել, գտնել, լայքերն առանձնացնել մյուս ռեակցիաներից։ Մեկ ձախ երեւալ, մեկ աջ, մեկ կորչել, չանհանգստանան, մեկ հայտնվել, բայց անհանգստություն չլինի ընդհանուր առմամբ։ Հա, երեւի․․․ Բայց դրանից ոչ մի բան չքանդվի, չսարքվի, ոչինչ մի բան դիրքային փոփոխության չենթարկվի, ոչ մեկ դրանից չմեռնի, առավել եւս ոչ մեկ չվերակենդանանա, էսքանին էլ դեռ գումարվի Արամ Մանուկյանի արձանը, նախընտրական քարոզարշավը, շներին պաշտպանելու ակտերը, Ֆրանսիայում ծավալվող գործողությունները, տեղական եւ միջազգային էլի որոշ բաներ ու բառեր։

Շարունակել գրել, շարունակել կարդալ, մաս կազմել, մաս դառնալ, մաս պոկել, մաս ձեւանալ, մաս «քերել»։ Հանգստացի՛չկպա՛վ։ Վաղն առավոտյան պիտի զանգես ամենահարազատիդ ու ասես՝ «ոտքս ջարդել եմ, արի, գնում ենք հիվանդանոց»․․․ Ինքը գալու է, մանրամասներ չի լսելու, քեզ ապահով հասցնելու է բժշկի սենյակ, էնտեղ սայլակը ներս է բերելու միջին տարիքի մի բուժքույր։ Դու կհուզվես, քո հարազատ մարդը կասի՝ ինքը վախ ունի սայլակից, բժիշկը ծուռ կնայի, դու կնստես, քեզ կիջեցնեն ռենտգենի սենյակ։ Այսքա՞նը։

Մորֆին գլուխը բարձրացել էմթության մեջ անգամ իր ամբողջական սեւության մեջ ուրվագծվում են սուր ականջներըանհանգստության նշան է, երբ դրանք ձգում ու հետ է քաշում, բայց հիմա ուղիղ ցցված են։ Մտածում եմ՝ Մորֆիին տանելու եմ հետս լավ է՝ պատվաստումն արեցի։ Բայց էս ու՞ր եմ գնում, որ իրեն տանելու մասին էլ հիմա մտածում եմ։

Գլուխս իջեցնում եմ, Մորֆին նորից նույն դիրքով պառկում է ոտքիս։ Գուցե պետք է մեկը, ով չգիտի վախերիդ մասին, ով չի կարող հոգ տանել, ով ուղղակի ասելու է՝ վեր կաց, գնում ենք, դու ասես՝ հո հիմար չես, չես տեսնում քայլել չեմ կարողանում։ Ասի՝ վեր կաց, դե վայ, ու աջ թեւիդ տակից բռնի, բարձրացնի, ձեռքդ գցի ուսերին, դու էլ ասես՝ կամաց, չես հիշում, որ աջ ձեռքս էլ վնասվածք ունի, ինքն ասի՝ ոնց պիտի հիշեի, երբ չգիտեմ․․․ Ու դու հասկանաս, որ ապրելդ նաեւ զգուշացում է, հիշեցում չէ։ Հասկանաս, որ ինչքան խոցելի ես, այնքան կարող ես պատմել։ Այդպես սիրուն է։

Ապակեգործն էլ չգիտեր, որ Բոդլերն իրեն բարձրացնում է, որ հետո թափով գլորի աստիճաններով ու ասի՝ մյուս անգամ չհամարձակվես աղքատների թաղերում պտտվել անգույն ապակիներով, արա՛։ Մյուս անգամ չհամարձակվես քայլել այդքան ուղիղ, այդքան մոռացվածիբր դու գիտես՝ ինչն է քեզ պահում, իբր կապիտալիզմի մաս ես, իբր հասկանում ես, իբր առհասարակ մաս ես։ Թու՜․․․

Երկխոսությունները երեւի չեն ստացվիես կպատմեմ վնասվածքիս մասին, ամեն անգամ նոր պատմություն կհորինեմ, որ չձանձրանամ, վնասվածքս տարբեր պատմությունների վրա կառուցված թղթե շենք կլինի, բոլոր բնակարանները վաճառված կլինեն, գիպսս հանելուն պես շենքը կայրվի, ու սաղ անտուն կմնան։ Ա՛հ, երանելի տեսարան։ Հանկարծ ձեզ չթվա, թե մյուսները, ովքեր իրար կողքի բարձրահարկեր են կանգնեցնում, անում են հաճույքից։ Չէ՛, ստիպված ու հորինված բան է․․ Ձանձրույթից հեռանալու, մի քայլ պոկվելու համար։ Միմյանց զայրացնելու, զարմացնելու, համ էլ ուրախացնելու ձեւ է։

Մտածում եմ՝ սարքածս թղթե շենքերն էլ են ավելացնում «անտունների» քանակը, նրանք հեռանում են, չարանում եմ, նոր տուն են կառուցում, պինդ հիմքեր են դնում, իբր կապիտալիզմի մաս են, իբր մաս են առհասարակ։ Նրանք փորձում են մոռանալ, նրանք նաեւ մոռանում են ինձ։ Ապահովությունը դառնում է «turn on» կոճակը եւ սահմանված ժամին «turn off»-ը, ու տունն ուղղակի չի այրվում, բայց կարգավորման կարիք ունի։ Նրանք մոռանում են, որ ես սիրում եմ իրենց առաջվա պես, որ կարող եմ վնասվել՝ նույն բանի մասին անընդհատ մտածելու ու անընդհատ նույն բանը տարբեր վարիացիաներով պատմելու հաշվին։ Ափսո՛ս։

(այդպես չլիներ, ուրիշ տեքստ էլ կխրեի էստեղ)։

Սիրելիներ կգան, կհարցնեն ոտքիս մասին, հետո կթիկնեն թախտին, կասեն՝ առիթից օգտվելով մի կես ժամ աչք կպցնենք ու դուրս գանք։ Իմ վնասվածքը կլինի նրանց հանգստությունը։ Մյուսները կմտնեն ներս՝ իրենց սիրած մրգերով, կկտրեն, կասեն՝ հիվանդի բաժնից պիտի ուտես, որ շուտ լավանա, կուտեն, կուրախանան իմ վնասվածքն իրենց ուրախության մի քանի վայրկյանը կլինի։ Սիրելիս կպառկի կողքս, զգուշություն կդրսեւորի, կհպարտանա իր հոգատար լինելու համար, ես կասեմ՝ ախ, կասի՝ ինչ եղավ, կասեմ՝ դու չէիր, ծուռ դրեցի ոտքս, սիրտը մի անգամ էլ կթռթռա, կփաթաթվեմ իրեն ես, ոտքս ու մյուսը՝ վնասվածը, որ երջանկացնում է։

Մտածում եմ՝ իմ ամբողջական, վերջնական անհետացման մասին, մտածում եմ՝ հիմա անընդհատ ինչ-որ բան անելու մտայնությունները ինձ հեռացրել են ոչնչացնելու գաղափարից, մտածում եմ՝ հանճարեղ է, երբ տեսնում ես ուրիշների հեռացումը, երբ չես կարող  երկխոսել, չես կարող լսելի դառնալ, չես կարող մարմինդ գցել բազմոցին ու ասել՝ սիրիր։ Ա՜խ, օծանելիքիդ հոտն ինչ ուժեղ է, երեկ գնումներ կատարեցի, զարմացա՝ այս տարվա խոզերն ի՜նչ վարդագույն են, կորցրեցի ժամացույցս, կոմունալի վճարս էսօր էլ չտամ, լույսն անջատելու են, մատանիդ հանիր, ձյուն չի գալու, տոնածառը թանկ նստեց, սեղանին բան կա խմելու, վերցրու բաժակդ, չը՛խկ, շնորհավո՛ր, ծիտ։ Ըհը՛․․․ Հետո՞։ Հետո պայմանագրեր, որոնք սահմանում են երկու կողմերի իրավունքները, պարտականությունները, տույժերն ու վախեր են ուրվագծում, որոնք ներառում են ֆորս-մաժորները, եւ դրանք տարերային բաներն են՝ ջրհեղեղները, երկրաշարժերը, մահը․․․ Մի խոսքով ամենը, ինչից հետո ընդամենը երկու օրինակ է պետք տապան բարձրացնելու համար։ Էս պարզության վրա բա արժե՞ էդքան գլուխ ջարդել, արժե՞ էդքան խորանալ, արժե՞ փնտրել ձկան գլուխը, աչքը դուրս եկած տեսնել, նոր հանգստանալ․․․ Եսիմ է։

Լույսը, երբ բացվի, հիվանդանոցի հոտն ընկնի քիթս, լրիվ ուրիշ բաների մասին եմ մտածելու։ Հաստատ էնտեղ կինո եմ սարքելու, ասելու եմ՝ մի ցավազրկեք, ես ուզում եմ միջամտությունն անմիջական զգալ, ես ուզում եմ ցավն էլ տեղը տեղին զգալ, գրողը տանի, ես գիտեմ, որ դրանից չեմ մեռնելու, դուք էլ կայֆ բռնեք, որ սենց մեկն ընկնել ա ձեռքներդ, ու ինչ ուզեք, կարող եք անել։ Հագնելու եմ ծաղիկներով կոմպինիզոնս, եղունգներս սեւ եմ ներկելու, պատրաստվելու եմ այնպես, ինչպես պատրաստվում եմ հանդիպումներից առաջ, ինչպես լցվում են բոլոր սրահները, ռեստորանները, սրճարանները, հյուրանոցները, հետո հեռանալու եմ, պտտեմ տան բանալին ու տկլոր ֆռֆռամ՝ ոտքս գիպսի մեջ։

Էհ հա մանրամասներն ինչի՞ս են, եթե պարտությունը լռված ա վարագույրի հետեւում, էդ վարագույրն ինչի՞ս է, եթե վարձով տանը բոյից բոյ կախվել է, ու, առհասարակ, ունեցածս ինչ է, որ վախենամ, չունեցածս ինչ է, որից նորից պիտի վախենամ։ Հա՛, ասում եմ, բայց հո չեմ անում։ Նստում եմ, ոչ էլ սիրային գործ կա, էլի եմ նստում։

Մտածում եմ՝ հարցազրույց տվեցի, ասեցի, որ համաներում բառից զզվում եմհնարավոր բան չէ վիրավորված չզգալ, երբ քեզ համաներման են արժանացնումէդ ո՞նց․․․ Հենց ըտենց։ Դու՛, քո՛ գործողությունը յուրահատուկ եք, դու արել ես կոնկրետ մի պահի, կոնկրետ մեկին ես սպանել կամ կոնկրետ մեկից ես գողացել, քո սիրտն ուրիշ ձեւ է աշխատել, քո մկանները լարվել են կամ թուլացել, սրտխառնոց ես ունեցել կամ չէ, անկյունում լացել ես կամ չէ, քայլել ես, ասես բան չի եղել կամ չէ։ Էդ ո՞նց, ո՞նց կլինի, որ հանկարծ մեկն իջնի աստիճաններով, քստքստացնի, ձեռքին էլ սուրճի բաժակ ու մտածի՝ բոլորին արժե ներել, վավերագրի իր ներումը, հռչակի համաներման ակտը, ու բոլորը դուրս պրծնեն։ Էդ վիրավորական է, էդ վիրավորում է բոլոր արարքներդ, հավասարեցնում է, իջեցնում է նույն կայարանում, ասում՝ դե՛, ցրվե՛ք տներով, վե՛րջ։ Ու դու նույն տեղում ես տարբերների հետ, նույն գծի վրա ես տարբերների հետ, նույն վախերով ես երեւի։

Չէ՛, ախպե՛ր ջան, դատարկե՛ք սաղ, սաղին ազատե՛ք, բայց ինձ մի՛ կպեք ես նստելու եմ։ Էդ համաներումը քաքի համը հանում ա։

1974 թվականին Բոյսը ինստալացիա արեց «Ցու՛յց տուր վերքդ» վերնագրովմի գերմանացի լուսանկարիչ հարցնում է՝ գիտեմ իրեն արդյոք։ Ոտքս շարժում եմ գիպսի մեջասում եմ՝ վերակենդանանում ես, ջանս, քեզ հարցեր են տալիս։ Ասում եմ՝ հա, ոնց չգիտեմ, մի լուսանկար ունի, ոնց որ մահից առաջ լինիդեմքը տպավորիչ է շատառաջին պլանում ծաղիկ է, ինքն էլ գլխարկով, մի աչքը ծածկված է մեխակով։

- Գիտե՞ս՝ մեխակը մեզ մոտ մահվան ծաղիկ էտանում ենք հոգեհանգստի տեղը կամ գերեզմանին,- գրում եմ գերմանացուն։

Հետո էդ նկարն եմ փնտրում, գտնում եմ, մեկ էլ տեսնում եմ` «The Guardian»-ում Բոյսի էդ լուսանկարի մասին կա գրված, ու վերնագիրն էլ «Joseph Beuys close to death»․․․

Մեխակը, Բոյսը, մահվան մոտ լինելը։ Ա՛խ, հոդվածի հեղինակ Դեյլն էլ է նույնը մտածել երեւի։ Ինքը հիմա մտերմացնում է ինձ ու գերմանացի լուսանկարչին՝ մեր արանքում էլ մի գիգանտ՝ իր սպիտակ մեխակով ու մի աչքով։ Սքանչելի՜ է Բոյսի մահը, որ կապում է ինձ ու գերմանացուն, հրաշալի է մեդիան, որ մեզ գետնով է տալիս, սատկացնում մեր «հայտնաբերումները», հրաշալի է, որ մեր փոխարեն մտածում են։

Թու՛, յա՛խք, զիբի՛լ․․․ Գլուխդ տուր քարերին, պատերին, պատառոտի քեզ, պատեր շարի, քանդի, մեկ ա, նույնն ա, բան էլ չի փոխվելու։ Գրավված տարածքներում պտույտներ տալը ինչիս ա, երբ կոճակները պիտի սահմանեն՝ մեռնեմ, թե չէ, պառկեմ, թե չէ, վրայից, թե տակից, բարձր, թե ցածր։ Էս պահերի համար միշտ ասում եմ՝ «մադրե՜», բայց էս վերջերս հասկանում եմ, որ «պադրե»-ն էլ պիտի խառնեմ, մի հատ ուրիշ համի փրկության պես բան գտնեմ, ասեմ՝ ի վերջո գուցե խոսենք չլուծենք, չմանրամասնենք, չառաջարկենք, չտարանջատենք, ուղղակի խոսենք, որովհետեւ սաղ լուծած ա, սաղ մանրամասնած ա, սաղ առաջարկած ա ու սաղ տարանջատած ա։ Հը՞։

Մաման էկավ ու առավոտվա համար ինչ-որ բան ա սարքում։ Խոհանոցը լցվել ա մամայի, դեղերիս ու գազի հոտով։ Իրականությունն էս ա շատ պարզմաման մտածում ա իմ վաղվա նախաճաշի մասին, ես Բոյսի մեխակի մասին, գերմանացին ինձ հետ սիրախաղ անելու մասին, Մորֆին՝ սեւ կատուս, չի մտածում, բայց ուզում ա նորից ուտի, սիրելիս գրում ա, որ շուտով կգա, հայրս մի անգամ զանգելով հանգստանում ա, ընկերներիցս մեկը ձեռնափայտի համար հայտարարություն ա դրել, գիպսիս մնացել ա երկու օր, ու ես դրանից տխրում եմ։

Ու կատաղության պահին «ա»-ով գրելուց բացի ուրիշ ձեւ չկա։

Գլխավոր լուսանկարը՝ Դըրք Սքիբայի։ Բոյսի լուսանկարի հեղինակ՝ Ալասթեյըր Թեյն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter