HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Զարուհի Փոստանջյանը ստանձնում է ՊՊԾ գնդի գործով անցնող անձանց պաշտպանությունը

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն իրավունք է ստացել զբաղվելու փաստաբանական գործունեությամբ։ Այսօր նա եկել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ քննվում է ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող տասը անձանց վերաբերյալ քրեական գործը:

Լրագրողների հետ զրույցում Փոստանջյանն ասաց, որ ցանկանում է պաշտպանել ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներին։

«Դուք գիտեք դահլիճում գտնվող անձանց վերաբերյալ իմ կարծիքն ու դիրքորոշումը և մեր մտերիմ հարաբերությունները։ Ես ցանկանում եմ, որպեսզի իրենց իրավունքները պաշտպանեմ»,- ասաց Փոստանջյանն ու չբացառեց, որ կստանձնի ոստիկանների սպանության մեջ մեղադրվող անձանց՝ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի պաշտպանությունը:

Փոստանջյանի խոսքով՝ ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը պետք է ազատ արձակվեն։

«Կարիք չկա նրանց պահելու կալանքի տակ։ Անձի նկատմամբ նախնական կալանքը, որպես խափանման միջոց, պետք է լինի բացառիկ միջոց»,- ասաց Փոստանջյանը:

Ավելի ուշ ամբաստանյալներ Արմեն Բիլյանը և Պավել Մանուկյանը դատարանին հայտնեցին, որ ցանկանում են, որպեսզի իրենց պաշտպանությունը ստանձնի Զարուհի Փոստանջյանը, սակայն վերջինս այսօր համապատասխան փաստաթղթեր չէր բերել, ուստի այսօր չներգրավվեց գործում:

Նախկին պատգամավորը նշեց, որ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքն օրինական չէ, և որ նրանք այս ընթացքում չպետք է գտնվեին կալանքի տակ։

Փոստանջյանի խոսքով՝ թեև ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներից շատերի խափանման միջոցները փոխված են, սակայն նրանք գտնվում են քաղաքական հետապնդման մեջ։ Փոստանջյանը նշեց, որ իր նպատակը նրանց արդարացմանը հասնելն է։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter