
Զինված ուժերից զորացրված կարիքավոր զինվորականների բնակարանային ապահովման խնդիրը կլուծվի
Կառավարության պահուստային ֆոնդից 5 միլիարդ 705 միլիոն դրամ կհատկացվի պաշտպանության նախարարությանը: Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Գումարը տրամադրվելու է զինվորական ծառայության ընթացքում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող և սահմանված կարգով 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար:
Նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարարի պատոնակատար Դավիթ Տոնոյանը: Վերջինիս խոսքով` գումարի շահառուներն են հերթում հաշվառված 1140 նախկին զինվորականները, որոնցից 326-ը` Երևան քաղաքում: Յուրաքանչյուր շահառուի տրամադրվելու է միջինում հինգ միլիոն դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր:
Հարցին արձագանքեց նիստը վարող առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը.
«Ստացվում է` այն զինծառայողները, ում նկատմամբ պետությունը ուներ բնակարանային պարտավորություն, և խոսվում էր, որ տարիներով սպասում են իրենց բնակարանային հերթին, կարելի է ասել` պատուհան է բացվել հարցի լուծման համար, և միջինում հինգ միլիոն տրամադրելով՝ կարող ենք հարցի լուծմանը նպաստել»,- ասաց Միրզոյանը:
«Լիովին ճիշտ եք` ուղղակի մի ճշտում. այն լինելու է առաջնահերթ այն զորացրվածների համար, որոնք կարիքավոր են, իրենց մեծ մասն արդեն զորացրվել է, սա մեծ առաջընթաց է»,- ասաց Տոնոյանը:
Խոսեց նաև արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը.
«Սա նշանակու՞մ է արդյոք, որ մարզերում նրանք կարող են այս գումարով գնել բնակարան, իսկ Երևանում դա լինելու է դրամագլուխ, համավճար, և մնացածը կարող են իրենց միջոցներով իրականացնել, և պետությունն այս մասով իր պարտավորությունը կատարում է»,- ասաց Զեյնալյանը:
Դավիթ Տոնոյանը համաձայնեց, ապա հավելեց, որ այս կերպ փորձում են բեռնաթափել Երևանի բնակարանային պահանջարկը և հնարավորություն ընձեռել այլ համայնքներում բնակարան ձեռք բերել կամ կառուցել:
Տոնոյանն ասաց, եթե նախագիծն ընդունվի, ապա ԶՈՒ-ն ու ՊՆ-ն շատ շնորհակալ կլինեն:
Նախագիծն ընդունվեց, Արարատ Միրզոյանն էլ ԶՈՒ-ին շնորհակալություն հայտնեց ծառայության համար:
Մեկնաբանել