HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը 2019 թվականը հռչակում է կովկասյան ընձառյուծի տարի

Հայաստանի կառավարությունը 2019 թվականը հռչակում է ընձառյուծի տարի: Զեկույցը ներկայացրեց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ 2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ»  պետական արգելոցում «Բնության համաշխարհային հիմնադրամի» ֆոտոթակարդներն, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանել են կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։

Դեռևս 2002 թվականից սկսած՝ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն (WWF Armenia) Հայաստանում իրականացնում են Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիր։ Ծրագրի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի, ինչպես նաև նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը:

Կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով:  Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը:

Տեղադրված ֆոտոթակարդների արձանագրած նյութերը ցույց են տալիս, որ անցյալ տարվա հրդեհից հետո բնությունը վերականգնվում է, եթե ընձառյուծը վերադարձել է արգելոց, դա նշանակում է, որ  նա ունի բավարար քանակությամբ որս։

Զեկույցում նշվում է, որ 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելը կնպաստի վեհաժողովների, ֆիլմերի, ցուցահանդեսների կազմակերպման միջոցով անհետացման եզրին գտնվող ընձառյուծի մասին առավել լայն լուսաբանմանը, ինչպես նաև հասարակության իրազեկման բարձրացմանը։ Այն նաև հնարավորություն կընձեռի զարգացնել և հզորացնել  հատուկ պահպանվող տարածքները թե՛ բնության պահպանության, թե՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։

2019 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ թողարկել Կովկասյան ընձառյուծի թեմայով նամականիշ, կազմակերպել Կովկասյան ընձառյուծի միջազգային վեհաժողով, նկարահանել Հայաստանի կենսաբազմազանության մասին ֆիլմ, կազմակերպել համապատասխան ցուցահանդեսներ և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter