HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը քննում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատելու վերաբերյալ միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, շուտով կսկսվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդության քննությունը: 

Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել էին դեկտեմբերի 26-ին՝ նշելով, որ թեև Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր առհասարակ չկան՝ ստեղծված իրավիճակում գրավի կիրառումն այս պահին միակ միջոցն է, որով դատարանը կարող է նվազագույնի հասցնել Քոչարյանի իրավունքների խախտումները:

Միջնորդության մեջ պաշտպանները գրավի չափ չեն նշել: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Քոչարյանը դատարանում չէ:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվեց:

Պաշտպանները Վերաքննիչ դատարանի այս որոշումն արդեն իսկ բողոքարկել են Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել:

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Դեկտեմբերի 7-ին դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշել էր ուժի մեջ թողնել Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ 1-ին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանը կալանավորվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter