HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ոոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատելու միջնորդության քննությունը կշարունակվի ամանորյա տոներից հետո

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատելու վերաբերյալ միջնորդության քննությունն այսօր հետաձգվեց և կշարունակվի հունվարի 9-ին: Այս մասին դատարանի դիմաց գտնվող լրագրողներին ասաց Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը: Պաշտպանի խոսքով՝ քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը հայտնել է, թե գործեր ունի և միջնորդել աշխատանքային օրվա ավարտից՝ ժամը 18:00-ից հետո հետաձգել դատական նիստը: Մուշեղյանը հայտնել է նաև, թե հնարավոր է դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի:

Բանն այն է, որ օրեր առաջ Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ է ներկայացրել Մարտի 1-ի գործով անցնող մեկ այլ անձի հետ առնչվող միջնորդության քննության վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ մտերիմ հարաբերություններ ունի նրա հետ, ուստի Հրաչ Մուշեղյանը չի բացառել, որ ինքնաբացարկի վերաբերյալ որոշմանը ծանոթանալուց հետո դատավորին ինքնաբացարկի միջնորդության անհրաժեշտություն առաջանա: Ըստ Արամ Օրբելյանի՝ ակնհայտ է, որ այս հանգամանքը չէր կարող ինքնաբացարկի հիմք լինել:

Նշենք, որ ավելի ուշ մեզ հետ զրույցում Քոչաչյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ խոսքը Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության մասին է, այսինքն՝ դատավոր Բաղդասարյանը ինքնաբացարկ է ներկայացրել նրա կալանքի վերաբերյալ միջնորդության քննության շրջանակներում:

Անդրադառնալով աշխատանքային օրվա ավարտից հետո նիստը հետաձգելու վերաբերյալ քննիչի պահանջին` Արամ Օրբելյանն ընդգծեց, որ նմանատիպ միջնորդությունները մշտապես քննվել են անգամ կեսգիշերին և քննիչի գործողություններում գործի քննությունը ձգձգելու միտում տեսավ: 

Նշենք, որ գործը քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:

Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել էին դեկտեմբերի 26-ին՝ նշելով, որ թեև Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր առհասարակ չկան՝ ստեղծված իրավիճակում գրավի կիրառումն այդ պահին միակ միջոցն է, որով դատարանը կարող է նվազագույնի հասցնել Քոչարյանի իրավունքների խախտումները:

Միջնորդության մեջ պաշտպանները գրավի չափ չեն նշել:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվեց:

Պաշտպանները Վերաքննիչ դատարանի այս որոշումն արդեն իսկ բողոքարկել են Վճռաբեկ դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter