HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Սեյշելյան գործակալները Հայաստանին նաև գույքահարկ են պարտք. ՊԵԿ-ը խոստանում է քննություն իրականացնել

Օֆշորային հիմնադիրներ ունեցող ընկերության «բախտը» անընդհատ կարող է բերել Հայաստանում: Հարկային ոլորտում նրանք արտոնյալներ են: Ոչ թե օրենքն է նրանց արտոնյալ դարձնում, այլ նրանց իրական հիմնադիրներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու՝ պետական մարմինների թույլ գործիքակազմը:

Պետական եկամուտների կոմիտեն արդեն մեկ տարի է, ինչ քրեական գործ է հարուցել ու փորձում է հետ բերել «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերության չվճարած ավելացված արժեքի հարկը, որ կազմում է շուրջ 166 միլիոն դրամ: Տարին արդեն փակվում է, բայց առանձնապես խոշոր չափի հարկերը պետական բյուջե չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը` ոչ:

Արաբկիրի թաղապետարանից ստացած տվյալների համաձայն՝ այս ընկերությունը խուսափել է նաև գույքահարկից՝ մոտ 4.5 մլն դրամի չափով։

«Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ն գույքահարկի պարտքեր է կուտակել այն շենքի համար, որի վաճառքից գոյացած շուրջ 166 միլիոն դրամ ԱԱՀ-ն չվճարելու պատճառով հարուցվել էր վերոնշյալ քրեական գործը:

Խոսքը Հրաչյա Քոչարի 4/9 մասնաշենքի մասին է, որի նկատմամբ «Լիմասոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերության սեփականության իրավունքը գրանցվել է 2012թ. դեկտեմբեր ամսին: Հիշեցնենք, ընկերությունը Հայաստանում հայտնվեց 2012թ., երբ «Ամերիաբանկ»-ում աճուրդի էր հանվել գործարարներ Փայլակ Հայրապետյանի և Գագիկ Ղարիբյանի գույքը՝ Հրաչյա Քոչարի 4/9 մասնաշենքը։ «Լիմասսոլ»-ը կարողացավ գնել այն գնահատված արժեքից շուրջ 1 միլիոն դոլար էժան գնով։

Ընկերությունը ամեն կիսամյակ պետք է վճարեր գույքահարկը, որը կազմել է մոտ 630 հազար դրամ: Վճարումները սակայն արվել են մինչև երրորդ կիսամյակը ներառյալ: Ընկերությունը չի վճարել գույքահարկը 2014թ. երկրորդ կիսամյակից սկսած (որը պետք է վճարվեր 2015-ի տարեսկզբին), և դրանից հետո սկսել կուտակել պարքերը: Այժմ ընկերության պարտքը կազմում է շուրջ 4,5 միլիոն դրամ՝ ներառյալ տույժերը:

Արաբկիր վարչական շրջանի եկամուտների հավաքագրման բաժնից «Հետք»-ին տեղեկացրին, որ այս դեպքերում սկսվում է վարչական վարույթ․ թաղապետարանի իրավաբանական բաժինը վարչական վարույթի մասին որոշում է կայացնում և ուղարկում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն: Այսինքն` «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերությունից գույքահարկը հետ բերողը պետք է լիներ ԴԱՀԿ-ը: Իսկ սա չէր լինելու, քանի որ «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ն առնչվում է ԴԱՀԿ-ի նախկին աշխատակից Յուրի Աբելյանին, և ի դեմս նրա, ենթադրվում է, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին:

2016թ-ին «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ն գույքը վաճառել է Փառանձեմ Պարգևի Հանեսյանին, որը, ըստ Արաբկիրի թաղապետարանի մեզ փոխանցած տեղեկանքի, կուտակել է ևս 2 միլիոն դրամի գույքահարկի պարտավորություն: Փաստորեն, ընդհանուր առմամբ Քոչարի 4/9 շենքի համար մինչ այսօր չի վճարվել շուրջ 6,5 միլիոն դրամ գույքահարկ: Արդեն գրել ենք, որ Փառանձեմ Հանեսյանը պատահական անձ չէր. նա բարեկամական կապ ունի «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ի հայաստանյան ներկայացուցչի հետ, առնչվում է այն անձանց, որոնք ի սկզբանե եղել են ընկերության հետևում:

ՊԵԿ-ը խոստանում է գույքահարկ չվճարելու հանգամանքը դարձնել քննության առարկա

Արաբկիրի թաղապետարանից վերը նշված տվյալները ձեռք բերելուց հետո հարցում ուղարկեցինք Պետական եկամուտների կոմիտե` պարզելու, թե արդյոք քրեական գործի շրջանակում քննվում է նաև գույքահարկը չվճարելու դրվագը, և արդյոք ՊԵԿ-ը պատրաստվում է հետ բերել շուրջ 6,5 միլիոն դրամը:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ քանի որ գույքահարկը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից, համաձայն գործող օրենսդրության՝ լիազոր մարմինը անշարժ գույքի կադաստր վարող մարմինն է, իսկ հաշվառողը՝ տեղական ինքնակառավարման մարմինները:

Միաժամանակ հայտնում են, որ ՊԵԿ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով քննության առարկա կդառնա նաև «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ Փի» և Փառանձեմ Պարգևի Հանեսյանի կողմից գույքահարկ չվճարելու հանգամանքը:

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է մոտ 166 միլիոն ԱԱՀ-ն չվճարելու դեպքի առթիվ՝ ՔՕ 205 հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» հիմնադիրները Սեյշելյան օֆշորում գրանցված երկու ընկերություններ են, որոնք Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքի միևնույն հասցեում այդպիսի հարյուրավոր ընկերություններ են հիմնել․ նրանք օֆշորային գործակալներ են։

ՊԵԿ-ը հարցում էր արել Միացյալ Թագավորության իրավապահ մարմիններին, սակայն դեռևս պատասխան չի ստացել։ Հայտնի չէ, թե որքան է ՊԵԿ-ը սպասելու։

«… Այն անհրաժեշտ է ստանալ, քանի որ ակնկալվող պատասխանը կարող է էական նշանակություն ունենալ քրեական գործի նախաքննության ընթացքը լուծելու համար», - գրված է  ՊԵԿ-ի պատասխանում:

Տես նաև՝ 

Օֆշորային գործակալները Հայաստանին պարտք են 166 միլիոն դրամ. ի՞նչ կապեր ունեն նրանք այստեղ

ՊԵԿ-ը իրավական օգնություն է խնդրել Միացյալ Թագավորությունից. օֆշորային գործակալների չվճարած հարկերը հետ չեն բերվել

 


առաջին լուսանկարում (ձախից)՝ Յուրի Աբելյանը և Միհրան Պողոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter