HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հովակիմյան

Սոցցանցերի պրոֆիլների անվտանգության մի քանի հարցեր

Սոցկայքերում պրոֆիլների անվտանգությունն ու պաշտպանությունը շատ կարևոր են, քանի որ ոչ ճիշտ ընտրված կարգավորումները կարող են առիթ դառնալ անձնական տվյալների արտահոսքի, հրապարակայնացման՝ դրանցից բխող հետևանքներով։ Երբեմն նաև անզգույշ հայտարարությունը կամ այլ կերպ ասած՝ ստատուսը, նույնպես կարող է վտանգել տվյալ անձի տվյալները։ Մի քանի միլիարդ օգտատեր ունեցող ցանցերում հատկապես կարևոր է պահպանել զգուշություն, իմանալ մի քանի հասարակ կանոն։

Ստորև ներկայացնում ենք սոցկայքերի պրոֆիլների՝ անձնական տվյալներին վերաբերող բաղադրիչները, և թե ինչպես կարելի է պաշտպանվել ու միաժամանակ անվտանգ ներկայություն ունենալ կայքերում։

Քանի որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն առավել տարածված է հայերիս շրջանում, կարգավորումների հետ կապված խորհուրդները տրվում են առավելապես այդ սոցցանցի համար, սակայն կարող են կիրառվել նաև այլ հարթակների համար։

Եվ այսպես, պրոֆիլների անվտանգության երեք հիմնական բաղադրիչներն են՝

Ա․ Հրապարակումներ (Posts)

Բ․ Ծրագրեր (Apps)

Գ․ Պրոֆիլի հասանելիություն (Privacy options)

Հրապարակումների անվտանգությունը ոչ միայն կարգավորումների, այլ նաև բովանդակության խնդիր է։ Եթե հրապարակումը տեսանելի չէ բոլորին, այլ միայն հատուկ ընտրված անձանց կամ խմբի, դա դեռ չի նշանակում, թե այն կարող է անվտանգ համարվել․ երբեք պետք չէ այնպիսի բաների մասին գրել, որոնց մասին, օրինակ, փողոցում բարձրաձայն չեն հայտարարի։ Իսկ ընդհանուր առմամբ, մեդիագրագիտությունը հրապարակումների համար շատ կարևոր է հատկապես լուրեր տարածելիս և արդեն տարածած լուրերը կարդալիս։ Մասնագետները խորհուրդ են տալիս լուրը ստուգել մի քանի աղբյուրից ու գտնել ճիշտ տարբերակը, հետո նոր տարածել, հավանել կամ քննարկել այն։

Համացանցային խոսքի վարվեցողության կանոններին պետք է հատկապես ուշադրություն դարձնել, քանի որ օրինակ, բռնության, ատելության և այլ անցանկալի քարոզչությունները մեծապես տարածվում են ոչ միայն սկզբնաղբյուրից, այլ նաև այն քննարկողների ու տարածողների միջոցով։ Իսկ եթե օգտատերն առանց ստուգելու նյութեր հրապարակի ու տարածի, ապա կվտանգի սեփական պրոֆիլի հասանելիությունը, քանի որ տվյալ հրապարակման վերաբերյալ զեկուցումները (report) կասկածի տակ կդնեն պրոֆիլի տիրոջ իրական լինելը (fake accounts), և ի վերջո, կարող է լրացուցիչ հաստատում պահանջվել՝ վերաբացելու համար պրոֆիլը։

Դրանից խուսափելու համար հարկավոր է չանդամակցել կասկածելի անունով խմբերի, չընդունել ընկերության տարատեսակ հրավերները, չհավանել, չտարածել լրահոսում հայտնված ամեն մի սուտ ու սխալ լուր։

Ծրագրերի անվտանգության մասին նախորդ հրապարակումներից մեկում արդեն խոսվել է։ Հարկավոր է հասանելիություն տալ այն ծրագրերին, որոնք իսկապես խիստ անհրաժեշտ են և վստահելի, քանի որ ծրագրերի մեծամասնությունը կարող է հասանելիություն ունենալ օգտատիրոջ տվյալներին և գործածել ըստ հեղինակների հայեցողության։ Չգործածվող ծրագրերը հարկավոր է պարզապես ջնջել։ Ֆիշինգը՝ տվյալների գաղտնի և ոչ արտոնված հավաքագրումը, մեծ վնաս կարող է հասցնել պրոֆիլի կամ էջի տիրոջը և զոհ դարձնել անցանկալի նամակների ու առաջարկների հսկայական ալիքի։

Պետք է հաշվի առնել, որ ծրագրերն իրականում կարող են տվյալները մշակել և այլ նպատակների համար գործածել՝ առանց տեղեկացնելու պրոֆիլի տիրոջը։

Եթե ծրագրի մուտքի իրավունքը կապված է անձնական տվյալները հավաքելու, ամրագրելու, մուտքագրելու, համակարգելու, կազմակերպելու, պահպանելու, օգտագործելու, ուղղելու, ոչնչացնելու կամ այլ գործողությունների հետ, ապա դա համարվում է անձնական տվյալների մշակում: Ընդ որում, վերը նշված գործողություններից ցանկացած մեկի առկայությունը բավարար է անձնական տվյալի մշակման համար: Այսպիսով՝ հարկավոր է խուսափել տարատեսակ ծրագրերի անձնական տվյալներ տրամադրելուց։

Պրոֆիլի հասանելիությունը (Privacy options)

Հասանելիության խնդիրները կարգավորվում են համապատասխան բաժնում (Settings > Security)։ Նույն նպատակին են ծառայում անցանկալի օգտատերերի արգելափակման (Block users), հաղորդագրությունների արգելափակման (Block messages), Ծրագրերի հրավերների (Block app invites) և հարակից այլ բաժինների արգելափակման գործառույթները (Block event invites, Block apps, Block pages), որոնցից հարկավոր է ակտիվորեն օգտվել։

Երբեմն այս կարգավորումներին ուշադրություն չդարձնողների պրոֆիլները կոտրվում են, և էջի կամ պրոֆիլի տերը չի կարողանում մուտք գործել։ Այնուամենայնիվ, սոցցանցերը որոշակի օգնություն առաջարկում են այս դեպքում, և եթե օգտատերը որոշ ստուգիչ հարցերի ճիշտ է պատասխանում կամ հեռախոսի ու էլփոստի հասցեի միջոցով կարողանում է ապացուցել, որ պրոֆիլի կամ էջի տերը հենց ինքն է, ապա արդեն կարողանում է վերականգնել մուտքի հնարավորությունը։

Այսպիսով, սոցիալական ցանցերում և առհասարակ համացանցում հարկավոր է պահպանել մեդիագրագիտության գոնե տարրական կանոնները, պրոֆիլների կամ էջերի անվտանգությունը կարգավորել հնարավոր ամենաբարձր տարբերակով, սխալ ու չճշտված լուրեր ու հրապարակումներ չստեղծել, չտարածել ու չհավանել։