HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վանի արծաթը»` Թավրիզում

Թավրիզի հայկական թաղամասի Պարոն Ավագ փողոցը հատվում է կենտրոնական Շարիաթի փողոցին, որով զբոսնելիս միանգամից աչք է ծակում Van Silver անունը կրող փոքրիկ խանութը: Բացի անվանումից, այն առավել լուսարձակ է ցուցափեղկերին շողշողացող արծաթյա իրերի հաշվին, քան հարևան տաղավարներն են:

Հենրիկ Աբրահամյանը` խանութի տերը, խնամքով դասավորել է արծաթյա իրերը, որոնց մեծ մասն իր պատրաստած նմուշներն են: Արծաթագործությունը նա հորից է սովորել և ժառանգել:  

Փոքր ծաղկամաններ, պատի ժամացույցներ, մեծ թասեր, մոմակալներ, հայելիներ, հուշանվերներ և այլ արծաթյա իրեր է պատրաստում Հենրիկը: Պատմում է, որ իրանցիները սիրում են արծաթ և ոսկի, նրանք ավելի շատ են գնում այդ իրերը, քան հայերը կամ այլազգիները: Ասում է, որ երկու ծայրահեղություն են հայերն ու իրանցիները. իրանցիները սիրում են կուտակել զարդերը, ոսկին ու արծաթեղենը ապագայի կամ նեղ օրվա համար, իսկ հայերը սիրում են ծախսել, խնջույքներ կազմակերպել և վայելել ունեցածը:

Հենրիկն արծաթյա որոշ իրերի վրա հայկական զարդանախշեր է անում, իսկ որոշները զարդարում պարսկական մշակույթին հատուկ նախշերով: Ասում է` պետք է հաշվի առնել, որ այդ իրերի գնորդներն իրանցիներ են, հետևաբար` նրանց ճաշակին ու նախասիրություններին ևս պետք է համապատասխանեն:

Հենրիկը երկու որդի ունի և մեկ դուստր: Երբեմն ընտանիքով այցելում են Հայաստան: Ագարակում, Կապանում և Քաջարանում ընկերներ ունեն: Ամանորից առաջ նույնպես եղել են Կապանում և մասնակցել այնտեղ կազմակերպված նախաամանորյա միջոցառմանը: Կարոտով են խոսում Հայաստանի մասին:

Երևանը փոքր-ինչ հեռու է նրանց համար, չնայած եղել են նաև Երևանում: Հենրիկն ասում է, որ հաճախ Երևան գնալ-գալ չեն կարող արդեն, որովհետև իրանական ազգային դրամի արժեզրկման հետևանքները նաև իրենց ոլորտում են զգացել: Առևտրի ծավալները նվազել են:

Հենրիկն արծաթյա նմուշների պատրաստման համար բավականին ջանք ու ժամանակ է ծախսում: Երեք հիմնական փուլ է անցնում արծաթը մինչ որևէ իր դառնալը. սկզբից պատրաստվում են բարակ արծաթյա թերթիկներ, որից հետո դրանք ձեռքով փորագրում ու զարդանախշերով են պատում: Եվ որպեսզի արծաթյա իրը սպիտակի ու փայլի, ասել է, թե` առևտրային ու գրավիչ տեսք ունենա, պետք է համապատասխան նյութերով մշակել: Միայն այս գործընթացներից հետո, որը տևում է 2-3 շաբաթ, նմուշը կարելի է պատրաստ համարել: 

Հենրիկը պատահական չէ Van Silver անվանել իր խանութը: Արծաթագործության հիմքերը Թավրիզում դրվել են Վանի հայտնի արծաթագործների դպրոցի ավանդույթներով, քանի որ Վանն էլ եղել է հայկական արծաթագործության կենտրոնը: Կշարունակեն իր որդիները արծաթագործության ավանդույթները, թե՝ ոչ, Հենրիկ Աբրահամյանը չի կարող հստակ պատասխանել: «Տեսնենք, ինչպես ստացվի»,- ասում է նա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter