HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բագրատաշենում մերժում են հանրապետական ղեկավարին. փակել են նրա աշխատասենյակի մուտքը

Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում ավագանու անդամ Մհեր Բաղդասարյանը նախաձեռնել է բողոքի ակցիա՝ ընդդեմ վարչական ղեկավար ՀՀԿ-ական Արկադի Մակյանի: Այս պահին նստարանով փակված է համայնքապետարանի մուտքը. Արկադի Մակյանին թույլ չեն տալիս գնալ աշխատասենյակ և պահանջում են հրաժարականի դիմում գրել: «Ստեղծել են» նաև դիմում գրելու համապատասխան պայմաններ. թուղթն ու գրիչը դրված է նստարանի վրա:

Մհեր Բաղդասարյանը համայնքում ամենաշատ ձայներ ստացած ավագանու անդամն է: Բագրատաշենը համայնքների խոշորացման ծրագրով ներառվել է Այրում համայնքում: Այսինքն` Արկադի Մակյանը ոչ թե ընտրված համայնքապետ է, այլ նշանակված վարչական ղեկավար Բագրատաշենից: Մհեր Բաղդասարյանի խոսքով՝ երբ գյուղում եղած խնդիրները չեն լուծվում, բնակիչները ոչ թե նշանակված պաշտոնյայից, այլ ժողովրդի կողմից ընտրված անձանցից` ավագանու անդամներից են բացատրություններ պահանջում:

«Բագրատաշենը համայնքի ամենամեծ գյուղն է, ամենամեծ բյուջեն ունի, բայց կոնկրետ մեր համայնքի համար ոչինչ չի արվում. փողոցներն ասֆալտապատ չեն, կեղտոտ են, գյուղի կարևոր մի քանի փողոցում չկա լուսավորություն»,- ասաց Մհեր Բաղդասարյանը: Վերջինիս խոսքով` ինքն ու ակցիայի մասնակից այլ անձինք, որոնց թիվն այս պահին շատանում է, պահանջում են, որ Արկադի Մակյանը դիմում գրի և հեռանա, որից հետո բնակիչները կորոշեն, թե ում են ցանկանում տեսնել համայնքի ներկայացուցչի տեղում:

Բաղդասարյանը նկատում է. ի տարբերություն մի քանի այլ փողոցների՝ այն փողոցում, որտեղ Մակյանն է ապրում, լուսավորության խնդիր չկա:

Բագրատաշենի բնակիչ, դերասան, սցենարիստ Վահե Հովհաննիսյանը մեզ հետ զրուցում ասաց, որ իրենց պահանջներին Արկադի Մակյանը պատասխանում է, որ լավ կլինի, իր ձեռքին ոչինչ չկա:

Թող Մակյանը հեռանա ու գա մեկը, ում «ձեռքին բան կա», կարող է ի նպաստ գյուղի քայլեր կատարել ու պահանջներ ներկայացնել. ահա այն, ինչ, Վահե Հովհաննիսյանի խոսքով, պահանջում են բնակիչները:

Մեզ հետ զրույցում Արկադի Մակյանը նշեց, թե մի երկու երիտասարդներ են իր դեմ բողոքողները, սակայն չհերքեց, որ գյուղում շատ խնդիրներ կան: Հարցին՝ ինչու խնդիրները չեն լուծվում,  Արկադի Մակյանը պատասխանեց, որ դրանք հերթով լուծվում են:

«Լուսավորության հարցն է, ճանապարհների, ջրի, հերթով պիտի լուծվեն այդ խնդիրները. ջրի հարցը լուծված է, շուտով ջրաչափեր կտեղադրվեն: Ինչ վերաբերում է ճանապարհների խնդրին, սպասում են, որ գարնանը սկսենք աշխատանքները, հիմա ցեխոտ է լինում: Այս տարի կլուծվի նաև լուսավորության հարցը»,- ասաց Մակյանը: Մեր հարցին՝ այսինքն՝ բնակիչներն անհի՞մն են բողոքում, Մակյանը պատախանեց, թե անհիմն չէ բողոքը, պարզապես նրանց պահանջներ են շատ:

Նշենք, որ Բագրատաշեն է եկել նաև Այրումի համայնքապետ Արայիկ Պարանյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները նրան ներկայացնում են համայնքի խնդիրներն ու իրենց բողոքի պատճառները:

«Մակյանը գալիս է, գյուղապետարանը բացում, նստում, գնում տուն ու աշխատավարձ ստանում: Մենք ասում ենք, որ գյուղի ճանապարհները պետք է սարքել, որ դեպի հողատարածքներ տանող ճանապարհներն առավել անմխիթար վիճակում են, որ կովերը խմելու ջուր չունեն, բայց խնդիրները չեն լուծվում. երեք ամիս առաջ ժողով արեցինք, դրանից հետո ընդամենը ներկվել են համայնքապետարանի դարպասները», - Արայիկ Պարանյանի հետ զրույցում ասաց Մհեր Բաղդասարյանը։

Նշենք, որ այս պահին համայնքապետի աշխատասենյակ տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ: Փոստային ծառայություն գնացող և թոշակ ստանալու նպատակով համայնքապետարան այցելած քաղաքացիների համար ակցիայի մասնակիցները բացում են մուտքի ճանապարհն ու պնդում, որ մուտքը փակ է միայն Արկադի Մակյանի համար: Վերջինս էլ պարբերաբար կրկնում է, որ ինքը կառչած չէ աթոռից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter